Համմե՞...

Ասում եք` գերակատարե՞լ եք

Հեղինակ՝ Արզօ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ մի քանի տողանոց տեղեկատվություն է տեղադրել իր պաշտոնական կայքում:

«Բյուջեի մուտքերը հունվար-մայիսին» վերնագրով տեղեկատվությունը հետեւյալն է. «2012թ. առաջին հինգ ամիսների արդյունքներով, Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե է ապահովվել 322 մլրդ 756 միլիոն դրամ հարկեր, տուրքեր եւ վճարներ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 14,6 միլիարդ դրամով: Ընդ որում, այս տարվա մայիսի ցուցանիշը նախորդ տարվանը գերազանցել է 6,7 միլիարդ դրամով` կազմելով 74 միլիարդ 42 միլիոն դրամ»: Ինչո՞վ է սա ուշագրավ: Խնդիրն այն է, որ սա, թերեւս, առաջին անգամ է, որ ՊԵԿ-ը այսպիսի տեղեկատվություն է տեղադրում իր կայքում: Ի՞նչ է պատահել, ինչու՞ ՊԵԿ-ը հանկարծ որոշեց հանրությանը տեղեկացնել, թե որքան հարկ է հավաքվել տարվա առաջին հինգ ամիսներին:

Մի տարօրինակ պատահականությամբ, երեկ բյուջեի կատարման վերաբերյալ հարց է շոշափվել նաեւ կառավարության նիստի ժամանակ, եւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրապարակել է նույն թվերը: Սա էլ է առաջին անգամ, երբ վարչապետը նիստը սկսել է այսպես. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել` խոսքը տրամադրելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, ով մեզ կներկայացնի հիմնական ցուցանիշները հինգ ամսվա կտրվածքով»: Դե՛, ֆինանսների նախարարն էլ վեր է կացել ու ժարիտ արել: Ասել է, որ բյուջեն կատարել ենք ու դեռ մի կես միլիարդ դրամով էլ գերակատարել: Ճիշտ է, նրա ներկայացրած թվերը մի երկու միլիոն դրամով տարբերվել են ՊԵԿ-ի ներկայացրած թվերից, արտահանման ու ներմուծման թվերն է մի քիչ խառնել, բայց դա էական չէ: Էականն այն է, թե ինչու է կառավարությունը այսպես խառնվել իրար: Տո՛, շատ էլ լավ է արել: Բա չխառնվի, ի՞նչ անի: Երեւի մի տասը օրից «նոր» կառավարությունը պետք է «նոր» ծրագիր ներկայացնի Ազգային Ժողով, ու այնտեղ կգտնվեն պատգամավորներ, որոնք կասեն ողջ ճշմարտությունը: Իսկ ողջ ճշմարտության բաղադրիչ մասերից մեկն էլ այն է, որ առնվազն առաջին հինգ ամիսների կտրվածքով պետական բյուջեն չի կատարվել: Կառավարությունն էլ հիմիկվանից ընդամենը քարոզարշավ է սկսել ապացուցելու համար, թե բյուջեն կատարվել է: Իր ներկայացրած թվերում կառավարությունն ընդամենը շուստրիություն է անում: Բյուջեն կատարվել է, եթե հաշվարկում ենք դրամով: Դոլարով հաշվարկելու դեպքում բյուջեն ոչ միայն թերակատարվել է, այլեւ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ ավելի է պակասել: Ինչո՞վ է սա կարեւոր: Խնդիրն այն է, որ, ասենք, Համաշխարհային բանկը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնց գնահատականներն այդքան կարեւորում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկրների տնտեսությունների վերաբերյալ ցուցանիշները ներկայացնում են ոչ թե դրամով, տուգրիկով, լարիով, դոնգով, գուրդով, կվաչայով, այլ դոլարով: Եւ ահա ինչ պատկեր կստացվի, եթե մեր «կատարված» բյուջեն դիտարկենք դոլարով: Անցած տարվա առաջին հինգ ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 308 միլիարդ 156 միլիոն դրամ: Այդ ժամանակահատվածում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 369 դրամ: Եւ ուրեմն, պետբյուջեի մուտքերը անցած տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է ավելի քան 835 միլիոն դոլար: Այս տարվա առաջին հինգ ամիսներին բյուջեի եկամուտները կազմել են, ինչպես ասում է ՀՀ ֆինանսների նախարարը, 322 միլիարդ 756 միլիոն դրամ: Սա նույնպես վերածենք դոլարի ու կստանանք 817 միլիոն դոլար: Այսինքն, այս տարվա առաջին հինգ ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 817 միլիոն դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 835 միլիոն դոլար: Այսինքն, այս տարվա եկամուտները 18 միլիոն դոլարով ավելի քիչ են, քան անցած տարվանը: Համմե՞, ասում եք բյուջեն կատարվել եւ գերակատարվե՞լ է: Համմե՞: Հաշվի առնելով դրամի հունիսյան արկածները, պետք է սպասել, որ առաջին կիսամյակի տվյալներով բյուջեն ավելի շատ «կգերակատարվի», բայց` դրամով: Ի դեպ, նույնը կատարվում է մեր 4.7 տոկոսով աճած համախառն ներքին արդյունքի պարագայում: Դրամով ՀՆԱ-ն աճել է, դոլարով` նվազել: Ա՛յ, եթե դրամը մի քիչ էլ արժեզրկեն, մեկ դոլարի գինը դառնա, ասենք, մի հազար դրամ, բյուջեն կարելի է կրկնապատկել: Լավ միտք է, չէ՞:

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter