Իրան-Հայաստան երկաթուղուց ձեռ քաշեցին. 3.2 մլրդ դոլարանոց ծրագիրը փոզմիշ եղավ

ՀՀ կառավարությունը վաղը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես վերջակետ կդնի Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրին:

Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը: Այս ՓԲԸ-ն 100 տոկոսով պետական ընկերություն է, որի հիմնադիրը եւ սեփականատերը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Այս ընկերության պաշտոնական խնդիրներն ընդհանուր բնույթի են` երկաթուղիների նախագծման աշխատանքների կազմակերպում, շինարարության նկատմամբ վերահսկողություն, երկաթուղիների կառուցման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ընտրություն եւ այլն եւ այսպես շարունակ: Սակայն այս ՓԲԸ-ի ստեղծման հիմնական, եթե ոչ միակ նպատակն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կազմակերպումն էր:

Նույնիսկ կառավարության նիստի օրակարգում հայտնված այս որոշման նախագծի հիմնավորման մեջ է նշված, որ ՓԲԸ-ն ստեղծվել է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի շրջանակներում: «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման եւ կառուցման նկատմամբ վերահսկողությունից  չունի այլ գործառույթներ»,- նշված է հիմնավորման մեջ:

Եվ ահա այս ընկերությունը լուծարվում է, ինչը ուղղակի ակնարկ է, որ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը այլեւս գոյություն չունի: Իհարկե, լուծարման մասին որոշման նախագծի հիմնավորման մեջ սա ավելի մեղմ է ձեւակերպված: «Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ  «Ռասիա» ՖԶԷ ընկերության  հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարել»,- նշված է հիմնավորման մեջ:

Ինչի մասին է խոսքը: «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը 2008 թ. հոկտեմբերին: Դրանից հետո Իրան Հայաստան երկաթուղին, կամ այլ կերպ ասած «Հարավային երկաթուղին» դարձավ Հայաստանի փայլուն ապագայի մասին իշխանությունների քարոզարշավի հիմնական պաստառներից մեկը: Իրոք, տեսականորեն եթե լինի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, դա շատ լավ է: Սակայն տնտեսական բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ այդ երկաթուղին տնտեսապես խիստ անշահավետ է եւ ահռելի ֆինանսական վնասներ է տալու: Չնայած դրան, իշխանությունը համառորեն փորձում էր ապացուցել, որ երկաթուղին շահավետ է ու ուր որ է ֆինանսավորման աղբյուր կգտնվի:

Սկզբում այն գնահատվում էր մոտ 2 միլիարդ դոլար, հետո 2.5, իսկ ամենավերջում` 3.2 միլիարդ դոլար: Մեր պաշտոնյաները հայտարարում էին, թե ծրագիրը ցանկանում է ֆինանսավորել Ռուսաստանը, հետո ասացին, թե Չինաստանն է պատրաստ ֆինանսավորել: Նույնիսկ հայտարարություններ եղան, թե հնարավոր է, որ Համաշխարհային բանկը ֆինանսավորի...: Ու չնայած ֆինանսավորողը այդպես էլ չէր գտնվում, մեր պաշտոնյաները շարունակում էին իմիտացիա ստեղծել, թե ծրագիրը յոթմղոնանոց քայլերով առաջ է գնում: Նույնիսկ հայտնվեց մի օտարերկրյա ընկերություն` «Ռասիա ՖԶԵ» անունով, որը դարձավ կոնցեսիոներ:

Այս ընկերությունը պետք է հավաքագրեր ամբողջ տեղեկատվությունը ծրագրի վերաբերյալ, գտներ ֆինանսավորող, ու ինքն էլ ֆինանսական օգուտներ ստանար ծրագրի իրականացումից: Եվ «Ռասիա ՖԶԵ»-ն լուծարվող «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի հիմնական գործընկերն էր:  Լրագրողները, իհարկե շատ արագ պարզեցին, որ «Ռասիա ՖԶԵ»-ն օֆշորային կազմակերպություն է` ժամանակակից լեզվով ասած՝ «ֆեյք» եւ ընդամենը օգտագործվում է քարոզչական նպատակներով, ծրագրին իրականության զգացողություն հաղորդելու համար: 2014 թ. փետրվարից հետո այս «ֆեյքը» այլեւս կենդանության նշաններ ցույց չէր տալիս:

Առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյաներից Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը հրապարակայնորեն կասկածի տակ դրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 2015 թվականի փետրվարի 26-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը հարց ուղղեց այն ժամանակվա տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Վերջինս նիստի ժամանակ ներկայացնում էր որոշման մի նախագիծ, ըստ որի՝ երկու ամսով հետաձգվելու էր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը ներկայացնելու ժամկետը: Ու այստեղ տեղի ունեցավ վարչապետի ու նախարարի հետեւյալ պատմական երկխոսությունը.

- Բեգլարյան, հույս ունե՞նք էս հարցով մենք ընդհանրապես:

- Հույս միշտ ունենք, պարոն վարչապետ:

- Բայց կոնկրետ, գործնական: Հույսով հո չե՞նք ապրելու 100 տարի:

- Աշխատում ենք, որ իրականացվի:

Վերջին շրջանում Իրան-Հայաստան երկաթուղու թեման ավելի զգուշորեն է շոշափվում, առանց առանձնակի պաթոսների: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` մի քանի շաբաթ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում երկաթուղու անունն ընդհանրապես չտրվեց: Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի համատեղ հայտարարության մեջ միայն ընդհանուր ձեւակերպումներ կային այդ մասին: «Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Որքան է նստել մեր պետական բյուջեի վրա Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի այս դատարկ քարոզը, դժվար է հաշվել: Հայտնի է միայն, որ 2009 թվականին ստեղծված եւ վաղը լուծարվող «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ստեղծելու համար 2009 թվականին բյուջեից հատկացվել է 27 միլիոն դրամ: Թե անցած 7-8 տարիների ընթացքում էլ ինչ գումարներ են հատկացվել, դեռ կպարզենք:

Տպել
8225 դիտում

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Գյումրու դրամատիկականում մեծարել են ՀՀ վաստակավոր արտիստ Յուրիկ Ոսկանյանին

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Աշնանը Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահն ու մի խումբ լիբանանցի գործարարներ