Ինչու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր անձնական միջոցները ներդնում Գյումրիում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շաբաթօրյա այցը Գյումրի, պետք է նկատել, հիշարժան է: Եվ ոչ այնքան այն պատճառով, որ վարչապետը խորհուրդ տվեց լրագրողներին «դիլխոր» չմնալ, կամ վերցրեց լրագրողի խոսափողը ու նրան հորդորեց պատասխանել իր տված հարցին:

Այդ այցի ժամանակ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թերեւս աննախադեպ է Հայաստանի համար: Գործող վարչապետը հաստատեց, որ ինքը պատրաստվում է իր անձնական միջոցներից ներդրում կատարել բիզնեսի մեջ: Ներդրումը կատարվելու է պաշտոնապես, առանց դրածո անձանց մասնակցության, եւ այդ մասին հայտարարել է հենց վարչապետը: Սա չլսված բան է: Մինչ այժմ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ չեն հայտարարել, առավել եւս չեն էլ գովազդել, որ այս կամ այն բիզնեսում ներդրում են կատարել: Սովորաբար լրագրողներն են տարբեր եղանակներով ու հազարավոր փաստաթղթեր քրքրելով գտնում պաշտոնյաների ներդրումները կամ բիզնեսները, իսկ պաշտոնյաներն էլ ամեն կերպ փորձում են դա հերքել: Կամ էլ պարզվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան մի որեւէ բիզնեսից, ասենք՝ լոլիկ աճեցնելուց միլիոնավոր դոլարների շահույթ կարող է ստանալ:

Կարեն Կարապետյանի այս քայլը, մեղմ ասած, ստանդարտից դուրս է: Եվ դա պատկերացնելու համար սկսենք նրանից, թե ինչ բիզնեսի մեջ եւ որքան գումար է ներդնելու Կարեն Կարապետյանը: Հայտարարվել է, որ նա ներդնելու է կես միլիոն դոլար: Կարապետյանի համար սա խնդիր չէ` նրա ունեցած դրամական միջոցները բավարարում են: Ըստ հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանն անձամբ ունի 3.7 միլիոն դոլար, 850 հազար եվրո, 120 միլիոն դրամ եւ 55 միլիոն ռուսական ռուբլի: Ընդհանուրը՝ ավելի քան 5.5 միլիոն դոլար: Դրա 10 տոկոսն է փաստորեն Կարապետյանը մտադիր ներդնել Գյումրիում:

Ամենաուշագրավն այն բիզնեսն է, որը գրավել է վարչապետի ուշադրությունը:  Գյումրիում մտադիր են իրականացնել մի ներդրումային ծրագիր: Նախատեսվում է «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի տարածքում գտնվող երկու՝ Շիրազի եւ Ռուսթավելի փողոցների պատմական շինություններում ստեղծել մշակութային, ժամանցային, սննդի եւ ուսումնական կենտրոններ: Ընդհանուր ծրագիրը գնահատվում է 200 միլիոն դոլար: Թե կոնկրետ ինչ է ընտրել Կարեն Կարապետյանը, դեռ չի հստակեցվում: Ամենայն հավանականությամբ, իր անձնական գումարները նա կներդնի մի որեւէ կոլորիտային շենք հյուրանոցառեստորանային համալիրի վերակառուցելու մեջ:

Ասել, որ դա շատ արագ կծախսածածկվի եւ առաջիկայում մեծ շահույթներ կապահովի, թերեւս չենք կարող: Ընդհակառակը, կարող ենք պնդել, որ սա բավականին ռիսկային ծրագիր է Գյումրիի համար: Տեղի բնակչությունը շատ աղքատ է: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի ամենաաղքատ մարզը հենց Շիրակն է, իսկ ամենաաղքատ քաղաքը Շիրակի մարզկենտրոնը` Գյումրին:  Բնակչությունն էլ բացի աղքատ լինելուց, նաեւ շատ քիչ է մնացել: Հարուստ գյումրեցիներ իհարկե կան` երեւի մի քանի տասնյակ ընտանիք: Բայց եթե բոլոր հարուստ գյումրեցիներն ամեն օր «մի կտոր հաց ուտեն» այդպիսի ռեստորանում, միեւնույն է, դա չի դառնա շահութաբեր բիզնես: 

Եթե հույսն այն է, որ Գյումրին կդառնա զբոսաշրջային կենտրոն, ապա սպասումները բավականին տեսական են: Քաղաքը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով, սակայն դրանք կորած են այնպիսի «տեսարժան վայրերով», որոնք ուղղակի կարող են վանել զբոսաշրջիկներին: Այսինքն՝ Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար քաղաքի ամբողջական հատվածներ պետք է վերակառուցվեն ու «մաքրվեն»: Դա 1-2 օրվա գործ չէ` դրա համար կպահանջվեն երկար տարիներ ու հսկայական ներդրումներ: Ու դեռ պարզ չէ՝ ակնկալվող 200 միլիոն դոլարի ներդրումները կլինե՞ն, թե ոչ:

Եվ ուրեմն, ինչու է վարչապետը որոշել իր անձնական միջոցներով մասնակցել մի ներդրումային ծրագրի, որը բավական ռիսկային է: Հաշվարկը, թերեւս հետեւյալն է: Ինչպես նշել էինք նախկինում, ներդրում անելով այս ծրագրում, վարչապետը ցանկանում է «շախի գցել» նաեւ այլ ներդրողների: Դա էր թերեւս պատճառը, որ նա իր հետ Գյումրի էր տարել 2 տասնյակ գործարարի:  Եթե բոլորը ոգեւորվեն այդ ծրագրով, ուրեմն մեծ է հավանականությունը, որ վարչապետի ներդրումը ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված, թեկուզեւ երկար ժամանակահատվածում:  

Բացի այդ, ներդնելով բավականին խոշոր գումար, Կարեն Կարապետյանը «սեփականաշնորհում է» գրեթե մոռացության մատնված, ոչ մի կերպ  ոտքի չկանգնող, հուսահատության մեջ ապրող բնակիչներով քաղաքում իրականացվելիք խոշոր ներդրումային մի ծրագիր, որը թեկուզ դանդաղ, բայց այդուհանդերձ կարող է բարոյահոգեբանական վիճակ փոխել Գյումրիում: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը կարող է գրավել գյումրեցիների համակրանքն այնպես, ինչպես դա մինչ օրս չի հաջողվել այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու Գյումրիում նա կարող է դառնալ «թիվ մեկը»: Դրա արդյունքում նա բարձր վարկանիշ ձեռք կբերի նաեւ ամբողջ Հայաստանում: Ու այս տեսանկյունից ներդրումների համար ընտրված ծրագիրը շատ դիպուկ է: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչ բացահայտ ու թաքուն նպատակներ է հետապնդում Կարեն Կարապետյանը, նրա նախաձեռնությունն, իհարկե ողջունելի է, եւ կարելի է ասել, որ սա նրա վեցամսյա գործունեության ընթացքում կատարած այն քայլերից է, որոնց նկատմամբ վերապահումներ ունենալը բավականին դժվար է:

Միեւնույն ժամանակ չի կարելի հաշվի չառնել, որ կան հնարավոր խութեր: Օրինակ, կառավարությունը կարող է ընդունել նորմատիվ ակտեր, որոնք չհիմնավորված բարենպաստ պայմաններ կստեղծեն այն բիզնեսի համար, որտեղ ներդրում է արել վարչապետը: Կամ էլ, օրինակ, Հայաստան այցելող պաշտոնական կամ ոչ պաշտոնական պատվիրակություններին կուղեկցեն ծախսեր անելու հատկապես վարչապետի օբյեկտում: Կամ տեղացի մեծահարուստներին «կհամոզեն» հարսանիքներն ու կնունքներն անցկացնել այդ օբյեկտում եւ այլն: Դեպքերի նման զարգացման հավանականությունը թերեւս այնքան էլ մեծ չէ, բայց բացառել, իհարկե, չի կարելի:

Տպել
6471 դիտում

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան