Ոչինչ չի փոխվելու. առանց Հաց բերողի

17/03/2017 schedule11:33

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան լուրը լսելուց հետո առաջին արձագանքը սա է՝ սա մահ չէր, սպանություն էր: Իբրեւ մարդասպան տալիս ենք իշխանությունների անունները՝ նախագահ, կառավարության ղեկավար՝ իր արդարադատության նախարարով, ԱԺ այն պատգամավորները, որոնք ավելի վատն են, քան իրենց շեֆը: Հանրապետականները, դաշնակցականները, Ծառուկյանը չստորագրեցին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ, իսկ Սերժ Սարգսյանը Արթուր Սարգսյանի մահից «հինգ րոպե առաջ» խափանման միջոցը հրահանգեց փոխել:

Հաց բերողը մեր հասարակության համար շատ էր: Մեր մեջ նա տեղ չուներ: Ու ոչ թե սենտիմենտալ բառեր են, սա շատ կոնկրետ զգացողություն է: Հաց բերողի մահը (սպանությունը, ինքնազոհողությունը) արձանագրում ենք իբրեւ չափազանց ցավալի իրողություն: Բայց ի՞նչ էր փոխում նրա ներկայությունը: Եվ ի՞նչ փոփոխություն ենք ակնկալում նրա մահից: Մենք դարձանք ավելի՞ լավը: Սկսեցինք մտածել, որ մեզնից յուրաքանչյուրն իրենից կարեւոր ուժ, արժե՞ք է ներկայացնում, մեզնից յուրաքանչյուրը կարող է իրադրությու՞ն փոխել: Հասարակական փոխհարաբերություններում ոչինչ չփոխվեց բացարձակ: Հիմա սգում ենք Հաց բերողի մահը, նահատակությունը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ սգում էինք 100-ից ավելի երիտասարդ զինվորների մահը: Եվ ի՞նչ փոխեց այդ սարսափելի կորուստը մեր կյանքում: Բառացիորեն օրեր անց, ապրիլի 17-ին, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ. մարդիկ փող վերցրին ու քվեարկեցին հանրապետական քաղաքապետի օգտին: Սահմանը պաշտպանելու փող չունեցող իշխանությունը ընտրակաշառք բաժանեց, երիտասարդների մահը ողբացող ընտրողները՝ արցունքներն աչքերին, վերցրին ընտրակաշառքն ու ձայնը տվեցին հանրապետականներին:

Երբ ընտանիքի անդամներից մեկը ծանր կամ անբուժելի հիվանդություն է ունենում, փոխվում է այդ ընտանիքի կյանքի ռիթմը, փիլիսոփայությունը, արժեւորվում են շատ բաներ, որոնք նախկինում կարեւոր չէին թվում: Հիվանդ մարդն իր ներկայությամբ թույլ չի տալիս ընտանիքի մյուս անդամներին ստորություն անել, կորցնել զգոնությունը: Մեր հասարակության մեջ «ընտանիքի հիվանդ անդամի» գործոնը հաշվի չի առնվում:

Ինքներս հիանում էինք Հաց բերողի քայլերով, սակայն նրա քայլը որեւէ գործնական հետեւանք չունեցավ մեր կյանքում: Մենք շարունակում ենք վստահ լինել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձին իրենից ոչինչ չի ներկայացնում, որ քանի դեռ մեզպեսների մի ստվար խումբ չկա յուրաքանչյուրիս շուրջը, ո՞վ ենք մենք: Ոչինչ:

Հաց բերողը կոտրեց այդ կարծրատիպը, ասաց. «Այդ մեկը ես եմ»:

Հետեւաբար, իշխանությունը փողոց է հանել իր ներկայացուցիչներից գեղեցիկներին, ֆոտոգենիկներին, մյուսներին թաքցրել վարագույրի ետեւում: Գործող համակարգը հասարակությանը վերաբերվում է որպես տկարամիտ, անկարող զանգվածի, որին բավական է ցույց տալ ժպտացող, դանակ-պատառաքաղից օգտվող վարչապետ, ու բոլորը կվազեն ձայնը իշխանությանը տալու՝ նախապես ծոցագրպանը դնելով ընտրակաշառքը:

Բայց Հաց բերողը նաեւ այդ առումով էր տարբերվում. առողջական լուրջ խնդիրները նրա մարմինը կորացրել էին, դեֆորմացրել, սակայն որեւէ մեկին դա չէր խանգարում հավատալ, վստահել ու սիրել նրան:

Հաց բերողն իր մահով նաեւ քաղաքական շատ ուժերի ազատեց բարոյական ճնշվածությունից: Արթուր Սարգսյանի ներկայությունը ճնշող էր, հասարակության ներկայությունը չի ճնշում, անգամ ոգեւորում է: Մենք այնպիսին ենք, ինչպիսին քաղաքական բոլոր ուժերն են: Հասարակությունն ու քաղաքական գործիչները նույն համակարգի մեջ են, հարմարված են նույն համակարգին ու գործում են նույն համակարգի կանոններով:

Մեր երկրում մարդիկ, որոնք այսօր պատրաստ են հրապարակներում կազմել կրիտիկական զանգված, ունեն նույն մտածողությունը. նույն արժեքների կրողն են, ինչ իշխանությունները: Պաշտոն տվեք ցանկացածին` իշխանությունից բողոքող ընդդիմադիր քաղաքական գործչին, մտավորականին, եւ նա կարճ ժամանակում անճանաչելի կդառնա. կվերածվի կոռումպացված, հայկական չինովնիկության բոլոր արատները կրող մեկի: Անգամ ազատ (այս բառը մեր երկրում պայմանականորեն ենք գործածում) լրագրողը, երբ հայտնվում է որեւէ կուսակցության շարքերում կամ դառնում է լրատվական որեւէ ծառայության ղեկավար, անմիջապես վերածվում է մարդ-ռոբոտի:

Այսինքն, մեզնից յուրաքանչյուրը լուրջ տարաձայնություններ իշխանությունների հետ, խոշոր հաշվով, չունի: Նա, ով ունի (ում որդին բանակում զոհվել է, խելագարվել է, ում հարազատին անօրինական վճռով ազատազրկել են, ում տունը ձեռքից խլել են` ստորադասելով պետության գերակա շահին), միայնակ է: Նրանցից յուրաքանչյուրը փոքրիկ խմբով փորձում է լուծել իր խնդիրը: Հասկանալի է` ապարդյուն: Հասարակական այս կամ այն շարժումը ժամանակ առ ժամանակ զբաղվում է այս մարդկանց խնդիրը հրապարակ հանելով: Սակայն ոչ մեկի անձնական ողբերգությունը հասարակության բողոքի մեծ ալիք բարձրացնելուն չի ձգում:

Եթե ընտրողների ինտելեկտուալ վարկանիշն իշխանությունների համար այսքան ցածր է, ուրեմն կարելի է ՀՀ-ում դեմոգրաֆիկ աննախադեպ աճ նկարել՝ 2,5 միլիոն ընտրողներով: Հարմար ձեւակերպում էլ կա՝ ստիպված ենք կեղծել ընտրությունների արդյունքները, քանի որ նման անգիտակից հասարակությանը չի կարելի վստահել այնպիսի պատասխանատու գործողություն, որպիսին է՜ ընտրելը: Աստված գիտի, ում կընտրի, ում կբերի իշխանության:

Իսկ սա նշանակում է` քանի դեռ խանութներում սննդամթերք կա, մոլերում` հագուստ, հեռուստատեսությունը սերիալներ է ցուցադրում, մեր երկրում քաղաքական լուրջ ընդվզում, որը փոփոխությունների կբերի, դժվար է կանխատեսել: Ցավոք, ոչինչ չի փոխի նաեւ Հաց բերողի մահը:

Լիլիթ Ավագյան

Տպել
4424 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ