Աշխարհի ամենաթանկ ռազմական ուսումնարանը. «Լամբորջինիով» դեպի խրամատներ

Եթե Գինեսի ռեկորդների գրքում սահմանված լիներ աշխարհի «ամենաթանկ ռազմական ուսումնարան» անվանակարգը, ապա երեկ Հայաստանը միանշանակորեն կգրանցվեր այդ գրքում:

ՀՀ կառավարությունը երեկ որոշում ընդունեց Դիլիջանի անտառներում տեղակայված Պետեկամուտների կոմիտեի համար կառուցված տխրահռչակ «ուսումնական կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին: Այդ կենտրոնը այսուհետ կծառայի որպես ռազմական ուսումնարան: Ինչ կապ ունի սրա հետ Գինեսի ռեկորդների գի՞րքը... Կապը հետեւյալն է: ՀՀ ռազմական տարեկան բյուջեն կազմում է մոտ 400 միլիոն դոլար: Նշված ուսումնական կենտրոնի նույնիսկ հաշվեկշռային արժեքը կազմում է 32 միլիոն դոլար, կամ մեր ռազմական բյուջեի մոտ 7 տոկոսի չափով: Եթե համադրելիությունը պահպանելով՝ սա տարածենք ԱՄՆ-ի ռազմական բյուջեի վրա, ապա այդ երկրում պետք է լինի գոնե մեկ ռազմական ուսումնարան, որի գինը կազմի 44 միլիարդ դոլար: Պատկերացնո՞ւմ եք որեւէ շենք, որի կառուցման ինքնարժեքը լինի 44 միլիարդ դոլար: Չկա աշխարհում նման որեւէ շենք: Համեմատության համար Երեւանի բոլոր բնակարանների շուկայական գները եթե գումարենք իրար, դա չի գերազանցի 14-15 միլիարդ դոլարը: 

ՊԵԿ-ի արդեն նախկին` Դիլիջանի «Ուսումնական կենտրոնի» պատմությունը թերեւս բոլորին է հայտնի: Այդ գերճոխ օբյեկտը կառուցելու նախաձեռնության հեղինակը ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա նաեւ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էր: 6-7 տարի շարունակ կառուցվում էր այդ «կենտրոնը», եւ 6-7 տարի շարունակ մամուլը, անհատ քաղաքացիներ, տնտեսագետներ ահազանգում էին, որ պետեկամուտների կոմիտեի համար նման օբյեկտ կառուցելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ: Բայց 6-7 տարի շարունակ կառավարությունը գլուխը կախ պետբյուջեից աստղաբաշխական հատկացումներ էր անում ու դա համարում խիստ նպատակային: Ախր այդ գումարը պահանջում էր այն ժամանակ սուպեր, մեգա նախարար Գագիկ Խաչատրյանը: Բայց անցած տարվա հոկտեմբերին հանկարծ պարզվեց, որ իրոք աննպատակահարմար է այդ օբյեկտը ՊԵԿ-ին տալը ու սկսեցին մտածել, թե ինչ կարելի է անել այդ «ոսկեջրած» ու «ադամանդակուռ» օբյեկտի հետ: Ուզում էին վաճառել, բայց չստացվեց: Նույնիսկ փորձում էին Գագիկ Խաչատրյանին համոզել, որ ինքը գնի իր իսկ նախաձեռնությամբ կառուցված այդ օբյեկտը, բայց էլի չստացվեց: Ու այստեղ հայտնվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ առաջարկեց այն հատկացնել ՊՆ-ին որպես ռազմական ուսումնարան:

Նման ճոխ օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու գաղափարը այնքան արտառոց է, որ ստիպեց մի քանի ամիս մտածել, եւ ահա վերջ` երեկ կառավարությունը արեց դա:  Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ ենք հասկանում գերճոխ օբյեկտ ասելով, ներկայացնենք որոշ հատվածներ կառավարության որոշմանը կցված մի փաստաթղթից:

Դրանում ներկայացված է վարչական այն գույքի ցանկը, որը ռազմական ուսումնարանին է տրամադրվելու շենք շինություններից բացի: Այդ գույքի ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է: Գնացինք. «Ատամի խոզանակի պատից կախվող ապակե տարա, կախիչի ծածկույթը` փայլուն քրոմ, իտալական արտադրության» 103 հատ (մեկ հատի գինը 10 հազար դրամ): «Ձեռքերը չորացնող թղթի համար նախատեսված մետաղական տարա, իսպանական արտադրության»   50 հատ (մեկ հատի գինը` 69 հազար դրամ): «Անձեռոցիկների մետաղական տուփ, ծածկույթը` փայլուն քրոմ, իտալական արտադրության» 114 հատ (մեկ հատի գինը 41 հազար դրամ): «Ապակյա սիգարի աման կլոր» 6 հատ (մեկ հատի գինը` 34 հազար դրամ): «Մետաղյա մսի մուրճ մետաղյա բռնակով 34 սմ» 3 հատ (մեկ հատի գինը 32 հազար դրամ):  «Մետաղյա   սիգարի կտրիչ» 4 հատ (մեկ հատի գինը` 32 հազար դրամ): «Խոշորացույցով հայելի` պատից ամրացվող, ծածկույթը` փայլուն քրոմ, իտալական արտադրության» 95 հատ (մեկ հատի գինը) 39 հազար դրամ.... ու այսպես ավելի քան 220 անուն ապրանքներ, մեկը մեկից իտալական, մեկը մեկից գերմանական ու ավստրիական:  Երկտեղանոց մահճակալները, 1.8 միլիոն դրամանոց քրոմապատ «գանտելը» եւ 2.5 միլիոն դրամանոց զարդաքանդակն էլ վրադիր:

Ահա այսպիսի շքեղության մեջ են սովորելու մեր ապագա սպաները: Շարունակելով այդ շքեղ ուսման տրամաբանությունը, ծառայության ժամանակ մեր սպաները պետք է հագնված լինեն բացառապես «լաբուտեն» ոճի «Ստեֆանո Րիչիի» սմոքինգ, ծխեն բացառապես սիգարներ, որի ծայրը պետք է կտրեն 70 դոլարանոց քրոմապատ սիգարի կտրիչով: Ամեն անգամ թշնամու դիրքերը հեռադիտակով ուսումնասիրելուց հետո պետք է նայեն 80 դոլարանոց քրոմապատ, իտալական արտադրության խոշորացույցով հայելու մեջ, ուսից պետք է կախված լինի քրոմապատ ավտոմատ, իսկ դիրքեր պետք է գնան «Լամբորջինիներով»...: Չնայած սրա մեջ որոշակի տրամաբանություն կա թերեւս` թշնամին սա տեսնելով՝ զարմանքից ու նախանձից կնահանջի կամ կհանձնվի: 

Ինչպես է հնարավոր հիմնավորել 7 աստղանի նման օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու որոշումը, նույնիսկ դժվար է կռահել: Բայց այս որոշումը ունի մեկ այլ հմայք եւս: Նշված օբյեկտը շատ թանկ ու հարմարավետ «հանգստյան տուն է» եւ տեղակայված է զբոսաշրջային կենտրոնում: ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է գերակա ճյուղ եւ փորձում է ներդրումներ ներգրավել հենց այսպիսի «հանգստյան տներ» կառուցելով: Այսինքն, ամենատրամաբանականը կլիներ այն, որ այս գերճոխ օբյեկտը դիտարկվեր որպես ներդրումային ծրագիր եւ առաջարկվեր վաճառքի, վարձակալության, կառավարման եւ այլն: Եթե զբոսաշրջությունը իրոք հեռանկար ունի Հայաստանում, եւ այդ ճյուղում ներդրումների պոտենցիալ իրոք կա, ապա մեծ է հավանականությունը, որ ներդրողը նոր օբյեկտ կառուցելու փոխարեն գնի արդեն կառուցված, բոլոր կոմունիկացիաներով հագեցած այս օբյեկտը: Սա տրամաբանական է: Բայց եթե կառավարությունը որոշում է կայացնում այս օբյեկտը օգտագործել բոլորովին այլ նպատակներով, նշանակում է ինքն էլ չի հավատում ներդրումների հեռանկարներին: Կառավարությունը թերեւս առաջնորդվում է «միեւնույն է, ներդրողներ չեն լինելու, իսկ էս գյոզալ օբյեկտն էլ արեւի ու անձրեւի տակ քայքայվելու է» տրամաբանությամբ: 

Տպել
9524 դիտում

Պուտինը օրենք է ստորագրել, մարդկանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար

Տոնական, հաղթական Գյումրի

Հանրահավաքին վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել,4 մարդ հիվանդանոցում է

Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար. Սերժ Թանկյան

Արդեն ազատության մեջ է նաեւ Դավիթ Սանասարյանը

Սպիտակի երկրաշարժի դասերը ողջ աշխարհի համար. քննարկում ԱԻՆ-ում

Քիչ առաջ ազատ է արձակվել Արմեն Գրիգորյանը

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք և զսպվածություն. հայտարարություն

Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի անկեղծ հրճվանքը՝ Ս. Սարգսյանի հրաժարականից հետո

Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով. Մակրոնը Պուտինի մասին

Հուզմունքս մեծ է, հիացմունքս՝ անսահման, սերս՝ տիեզերական, դուք իմ ընտանիքն եք. Հայկո

Վանաձորի Հայքի հրապարակում նշում են վարչապետի հրաժարականը (լուսանկարներ, տեսանյութեր)

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ

Էդվարդ Նալբանդյանը Յուհո Էէրոլայի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվի գործողություններին

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Լեւոն Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը. նրան ազատ արձակելու որոշում դեռ չկա

Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

Գյումրի. երթի մասնակիցները մարզպետից պահանջեցին միանալ ժողովրդին

Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, դուք հաղթող, դուք հաղթած ազգ եք. Նիկոլ Փաշինյան. թարմացվող

Պետք է դուրս գալ պայթյունավտանգ իրավիճակից. Արցախի նախագահը հանդիպել է Տեր-Պետրոսյանին