Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ողջ օրը խախտեց ՀՀ 1,5 մլն ընտրողների իրավունքը

Ընտրական օրենսգրքի պահանջով պայմանավորված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մինչեւ ժամը 12:00-ը իր կայքում պիտի հրապարակեր ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակները: ԿԸՀ-ն այն հրապարակեց 5 րոպե շուտ, բայց երեկ ողջ օրը հնարավոր չէր դրանք բացել:

ԿԸՀ-ից մեզ պարզաբանեցին, որ սույն ցուցակները PDF ֆայլով են, որակյալ փաստաթղթեր են, դրա համար էլ ծանր են, եւ դրանց բացելն ու ներբեռնելը դժվար է:

Ընտրողների ստորագրված ցուցակները սկանավորելու եւ հրապարակելու պահանջն անցած տարի ոչիշխանական ուժերը ներկայացրին, իշխանություններն էլ դրանք ընդունեցին ու ԸՕ-ում համապատասխան փոփոխություններ իրականացրին: Ընդդիմությունը տարիներ շարունակ ահազանգում է, որ Հայաստանում չգտնվող ՀՀ 500-600 հազար հայերի փոխարեն իշխանությունները քվեարկություն են իրականացնում ու այդպես ապահովում են իրենց վերարտադրությունը: Ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջն ընդդիմությունը երկար տարիներ էր ներկայացնում իշխանություններին, բայց վերջիններս այն ընդամենն անցած տարի ընդունեցին: Ընդդիմությունը գտնում էր, որ միայն այդ ցուցակների հրապարակումը էականորեն կնվազեցնի ընտրակեղծիքների հնարավորությունը, քանի որ այդպիսով հնարավոր կլինի հայտնաբերել, թե երկրում չգտնվող որ ընտրողի փոխարեն է քվեարկություն կատարվել:

Վերջին յոթ-ութ տարիներին Հայաստանից յուրաքանչյուր տարի 40-50 հազար մարդ է արտագաղթել, բայց ընտրողների քանակը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է: Օրինակ, եթե 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 392 հազար ընտրող, ապա 2012 թվականին այդ թիվն ավելացել էր մոտ 180.000 ընտրողով: Իսկ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ էլ այս ընտրություններին քվեարկությունների մասնակիցների թիվը 200 հազարով է ավելացել՝ կազմելով մոտ 1 միլիոն 575 հազար: Սա եւս մեկ անգամ կասկածի տեղիք է տալիս, որ միգուցե իշխանությունները որեւէ կերպ հավելյալ քվեարկություն են ապահովել: Իսկ ստորագրված ցուցակների հրապարակումը դա ստուգելու հնարավորություն էր տալիս, ինչը երեկ օրվա մեծ մասը հնարավոր չէր իրականացնել: Իսկ դա է՛լ ավելի էր խորացնում կասկածը, թե խոչընդոտում են նաեւ ստուգելու հնարավորությունը:

Ընդ որում, այդ հնարավորությունը խիստ սահմանափակ է: Նույն ԸՕ-ի համաձայն, ընտրությունների մասնակիցները կեղծիքների եւ անճշտությունների վերաբերյալ փաստեր հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովներ կարող են դիմել միայն մինչեւ այսօր ժամը 11:00-ն: Այսինքն, երեկ ողջ օրը ԿԸՀ-ն այդպես էլ չապահովեց այդ ցուցակների հասանելիությունը: Երեկ այս իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաեւ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց նույնպես հասանելի չեն եղել այդ ցուցակները: «Իսկ այն եզակի անձինք, ովքեր այդուհանդերձ կարողացել են բացել ցուցակները, հայտնում են, որ դրանք ամբողջական չեն: Այսինքն 2000 ընտրող ունեցող տեղամասերի ցուցակներից 5 կամ մի քանի էջերն են հրապարակված եղել: Իսկ ԿԸՀ-ի հրապարակված՝ 1 միլիոն 575 քաղաքացիների մասնակցության վերաբերյալ թիվը կասկածահարույց է մեզ համար, դրա համար էլ անհրաժեշտ է ճշտումներ կատարել: Դա կարեւոր է նաեւ ընտրողների համար, քանի որ ընտրական գործընթացների նկատմամբ առկա է վստահության պակաս: Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ստուգել իր կամ իր հարազատի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ տվյալները: Բայց ըստ էության ԿԸՀ-ն ստորագրված ցուցակները հասանելի դարձնելու իր պարտավորությունը չի կատարել: Մինչդեռ հանձնաժողովներ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն այսօր ժամը 11:00-ին լրանում է: Այս ժամանակը գնում է յուրաքանչյուրիս ժամանակից»,- ասաց Լուսինե Հակոբյանը: Վերջինս նաեւ հավելեց, թե քաղաքացիների ու իրենց այդ իրավունքը իրացնել չկարողանալու կամ ցուցակների անհասանելիության պատճառով իրենք համապատասխան գործողությունների ծրագիր են քննարկում: «Բնականաբար, բողոքներ կներկայացնենք»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչ են անելու:

Երեկ աշխատանքային օրվա ավարտին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ մեզ հետ զրույցում, համաձայնելով, որ նման խնդիր կա, ասաց, թե իրենք համակարգիչներ են առանձնացրել եւ ցանկացողները կարող են մոտենալ ու իրենց մոտ ծանոթանալ այդ ցուցակներին: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր ընտրող կցանկանար ստուգել Հայաստանից բացակայող իր հարազատների, ընկերների, հարեւանների տվյալները: Եվ բոլորը չեն գա ԿԸՀ: «Հիմա փորձում ենք հասկանալ, թե լրացուցիչ էլ ինչ եղանակներ կարող ենք գտնել, որ ցուցակները հասանելի լինեն»,- ասաց նա:

Ամեն դեպքում, ժամեր շարունակ այդ ցուցակներն անհասանելի էին, եւ այդպիսով ԿԸՀ-ն խախտել էր քաղաքացիների իրավունքն ու չէր կատարել այդ պարտավորությունը: Եվ եթե անգամ ինչ-որ պահի այդ ցուցակները հասանելի լինեն, ապա արդեն ուշ կլինի դրանք ստուգելու եւ խախտումներ հայտնաբերելու կամ այսօր մինչեւ ժամը 11:00-ը ներկայացնելու հանձնաժողով: «Եթե կներկայացվեն դիմումներ, որտեղ փաստեր կլինեն, հանձնաժողովները միանշանակ հաշվի կառնեն դրանք եւ միջոցներ կձեռնարկեն: Եթե այդ ժամկետից էլ ուշ ներկայացվեն, միայն ժամկետի ուշացման պատճառով դիմումները չեն անտեսվի»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

«2015 թվականի հանրաքվեից հետո «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմակերպությունները խախտումների վերաբերյալ շատ փաստեր էին հավաքել եւ ներկայացրել ԿԸՀ: Եվ մենք միջնորդել էինք, որ քվեարկության արդյունքների ամփոփումը հետաձգի, որպեսզի հասցնեն դրանք քննել: Տ.Մուկուչյանը պատասխանել էր, թե ինքը պետական մարմին է եւ չի կարող չպահպանել օրենքի պահանջը: Եվ եթե ԸՕ-ն սահմանում է, որ իրենք պետք է քվեարկության 7-րդ օրը ամփոփեն արդյունքները, ուրեմն պետք է այդպես անեն: Հիմա նա ինչպե՞ս պետք է չպահպանի օրենքի պահանջը եւ խախտումների վերաբերյալ դիմումներն ընդունի սահմանված ժամկետից ավելի ուշ»,- հակադարձում է Լուսինե Հակոբյանը:

Տպել
12842 դիտում

Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին

Ծառուկյանի հետ դժվար էր աշխատել. «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել

Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում. Հովհաննիսյան

Սանչեսն այսօր մարզվելու է ՄՅՈՒ-ի կազմում. մնաց Մխիթարյանը. թարմացվող

Երեւանում կառուցապատման թույլտվությունների տրամադրման ուղեցույց է մշակվել

Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ, Կարեն Կարապետյանը՝ մեկնել Դավոս

Եթե ապագա վարչապետի անունն այսօր հայտարարվի, մինչեւ ապրիլ նրան «կուտեն». Իսկանդարյան

Կարեն Կարապետյանը՝ Դավոս մեկնելու ճանապարհին (լուսանկարներ)

Սահմանին ադրբեջանական դիպուկահար խմբեր են գործել, ադրբեջանցի գնդապետն էլ «շարքից հանվել է»

Այժմ ՀՀ-ում ներդրումներ կատարելու լավագույն ժամանակն է. վստահեցնում է վարչապետը

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին վիզային ծառայություններ տրամադրել

Գայլերի հերթական հարձակման դեպքը Լոռու մարզի Դեբեդ գյուղում

Համացանցում ծաղրում են Քիմի 3-րդ երեխայի անունը

Սոչիում դրամ շորթելու գործով ձերբակալվել է «Ռոբսոն»-ից հարցազրույց վերցրած բլոգերը

Երեւանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է