Հետահայաց դիտարկում. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

08/04/2017 schedule15:38

Հայաստանում ավարտվեցին ընտրությունները, որոնք Սերժ Սարգսյանի կարծիքով ավելին էին, քան «բոլոր նախկին ընտրությունները, որ ունեցել էինք անկախությունից ի վեր»։ Դժվար է ասել՝ ինքը իրո՞ք այդպես է կարծում, թե՞ ասում է ավելի տպավորիչ լինելու համար։ Քանի որ նախկինում շահագործված «մի քայլ առաջները» այլեւս կորցրել են իրենց ազդեցությունը։ Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլի 2-ին։ Բոլորը ջանասիրաբար գնացին ընտրության (մոտ մեկուկես միլիոն քաղաքացի), հետո մի պահ լռություն տիրեց, հետո բոլորը բոլորին սկսեցին մեղադրել։ Կարեւոր չէ՝ ինչի համար՝ ՀՀԿ-ին ընտրելու, ընդդիմությանը վստահելու, ընտրակաշառքով ծախվելու, ինչ-որ մեկի պրոյեկտը լինելու, խաբելու, խաբվելու, վախենալու, վախեցնելու ու մնացած ամեն ինչի մեջ։

Հետահայաց դիտարկմամբ, սակայն, պարզ է, որ տեղի ունեցածը առավել քան բնական ու սպասելի էր, որովհետեւ, ինչպես Դուլյանն էր պնդում երկուշաբթի երեկոյան, մենք բոլորս շատ վարժ ենք տեղի ունեցածը հիմնավորելու մեջ։ Ինչ-ինչ, բայց տեղի ունեցածը մեկնաբանելիս մեզ ոչ ոք չի հասնի։ Երբ արդեն գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, հազար ու մի պատճառ կարող ենք գտնել, թե ինչու դա պիտի տեղի ունենար հենց այդպես եւ ո՛չ թե մի այլ կերպ։ Հետահայաց դիտարկմամբ մենք ամեն ինչ շատ լավ ըմբռնում ենք, հասկանում ենք եւ, որ ամենացավալին է, արդարացնում ենք։

Պատճառ 1. անհաջող քարոզարշավը

Այն, որ խորհրդարան անցնելու հայտ ներկայացրած 9 ուժերից հաջողություն գրանցեցին միայն 4-ը, մեծ մասամբ նաեւ քարոզարշավի արդյունք էր։ Մինչ բոլորը, այդ թվում նախկինում միաձայն հեռուստաալիքներին քննադատողները, համաձայնում էին, որ այս ընտրություններում նրանք անհամեմատ ավելի լավ էին աշխատում, կուսակցություններին ու դաշինքներին լուսաբանելով հավասարաչափ ու հիմնականում չեզոք դիրքերից, հեռուստատեսային քարոզարշավից տպավորություն էր ստեղծվում, որ ուժերի մի մասը իրենց «թանկ եւ կարճ» րոպեները եթերում օգտագործում էին ոչ արդյունավետ եւ նրանց մեծ մասի ռեյտինգն այդ քարոզարշավի ընթացքում բոլորովին չաճեց, եթե չասենք հակառակը։

Այսինքն, ընտրողի համար քարոզարշավի վերջին օրերը նույնն էին, ինչ առաջին օրերը, ավելին. ուժերի մի մասը ասես ամեն ինչ անում էին, որ քաղաքացին ոչ մի պարագայում իրենց չընտրի ու դա անում էին գիտակցաբար։ Ասես ընտրարշավի էին մասնակցում միանգամից մի քանի կոմկուս, որոնք կանգնում էին, բարձրախոսով ինչ-որ տեքստեր էին արտասանում քաղաքների ու գյուղերի հրապարակներում ու գնում էին իրենց գործին։ Ընտրողի հիշողության մեջ այդ տեքստերից ոչինչ չէր պահպանվում, քանի որ ակնհայտ էր, որ անգամ արտասանողները չեն հավատում դրանց խելամտությանն ու իրագործելիությանը։

Կոմկուսի ու ՀԱԿ-ի պատմական ակնարկները կարող էին հեռուստադիտողի ուշադրությունն իրենց վրա պահել 1-2 րոպե, որից հետո այն շեղվում էր այլ ուղղությամբ, ՕՐՕ դաշինքի ոչ խարիզմատիկ լիդերի տոնայնությունը ոչ մի կերպ ի զորու չէր ոգեշնչել պոտենցիալ ընտրողին, որքան էլ որ նա լուրջ ու տեղին մեղադրանքներ ներկայացներ։ Իրենց կուսակցության համար շահեկան չէր նաեւ ՕԵԿ քարոզարշավի մտահղացումը, երբ Արթուր Բաղդասարյանը 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճով երկար «դասախոսություններ» էր կարդում այս կամ այն լուծման արժանի հիմնախնդրի մասին՝ գրքերով լի պահարանի ֆոնին նստած։ Տարբերությունը, սակայն, այն էր, որ Տեր-Պետրոսյանին հաջողվում էր ստիպել պոտենցիալ ընտրողին համակ ուշադրությամբ լսել իրեն, եթե անգամ իր հետ համաձայն չես, հիպնոսում է, իսկ Արթուր Բաղդասարյանին դա չի հաջողվում։

Առհասարակ այս ընտրությունները մի շարք առումներով խիստ տարօրինակ էին ու հերքում էին ընդունված օրենքները. որոշ ուժեր քարոզարշավից դուրս եկան ավելի ցածր վարկանիշով, քան մտել էին։ Օրինակ, «Ազատ դեմոկրատները»։ Որովհետեւ քաղաքական սերնդափոխությունը լավ բան է, բայց մի տեսակ լավ չի ընկալվում, երբ երիտասարդ, անփորձ աղջնակները, որոնց որեւէ մեկը չի ճանաչում, ողջ քարոզարշավի ընթացքում երիտասարդության մասին օրենք են պահանջում (թե դա ինչ թռչուն է եւ ինչի հետ են այն ուտում, երեւի միայն իրենք են պատկերացնում), կամ սահմանամերձ գյուղերի տարեց բնակչությանը բարձր նոտաներով բացատրում են, թե նրանք ինչ կարեւոր են երկրի համար, ինչպես պիտի վարվեն եւ ինչպես չպիտի՛ վարվեն որեւէ պարագայում։

Դաշինքների մեջ մտնելով՝ եւս ուժերի մի մասը կորցրին ռեյտինգ, չնայած ըստ դասական օրենքների, պետք է որ այդ ռեյտինգն ավելանար (ՕՐՕ-ին անդամակցած «Ժառանգություն» կուսակցության օրինակը դրա վառ ապացույցն է)։ Քարոզարշավում գրանցված միակ հաջողությունը թերեւս Կարեն Կարապետյանի գտած կերպարն էր ՀՀԿ-ի համար, որը ակնհայտ մանիպուլյացիայով կարողացավ բարձր տոկոսներ ապահովել՝ ետ քաշելով իր այն դեմքերին, որոնցից ժողովուրդը արդեն հոգնել է եւ առաջ մղելով մեկին, որը բոլորովին ընդգրկված չէր ՀՀԿ ցուցակում եւ ըստ այդմ չպետք է այդքան ակտիվորեն ներգրավվեր ընտրական քարոզարշավում։ Եվ մի հետաքրքիր դետալ է հիշվում նաեւ ՀԱԿ քարոզարշավից, երբ հոլովակի վերջում հաղորդավարը տեղեկացրեց, որ մինչեւ քարոզարշավի այդ թողարկման ավարտը Հայաստանը կլքի եւս 6 մարդ։

Սա հիշեցրեց ռուս լրագրողներից մեկին, որը ամեն հերթական թողարկումը ավարտում էր հետեւյալ բառերով. «Բոլոր նրանց, ովքեր կմահանան մինչեւ մեր հաջորդ հաղորդումը, ես ասում եմ՝ մնաք բարով, իսկ մյուսների հետ կհանդիպենք հաջորդ շաբաթ»։ Իրականում, ուշադիր լինելու դեպքում, ՀԱԿ հոլովակի այս հատվածը պիտի որ լուրջ հարցեր առաջացներ բոլոր նրանց մեջ, ովքեր պատրաստվում էին օրեր անց քվեարկել հանուն նրա, որ եւս 5 տարի երկրում ամեն ինչ մնա նույնը եւ մարդիկ շարունակեն հեռանալ երկրից, որտեղ չեն ուզում ապրել, մինչդեռ մարդիկ երբեք ուշադիր չեն մանրամասների նկատմամբ եւ ընտրության արդյունքները մտահոգիչ ու հիասթափեցնող ստացվեցին անգամ նրանց համար, ովքեր ի սկզբանե գիտեին, որ «դե, արա՛, բան էլ չի փոխվելու, ոնց ուզելու են, ընենց էլ գրելու են», բայց հոգու խորքում ամեն դեպքում ինչ-որ հույս, այնուամենայնիվ, փայփայում էին։

Պատճառ 2. ինդուլգենցիա

Մարդիկ ընտրեցին ընտրակաշառքով, եւ սա ընտրությունների ավարտից հետո նույնքան դժգոհություն առաջացրեց, ինչքան որ բնական էր թվում ընտրություններից առաջ։ Գրեթե նույն մարդիկ, որ շաբաթներ առաջ խորհուրդ էին տալիս ժողովրդին գնալ, վերցնել ընտրակաշառք (հա, լա՛վ էլ վերցնել ընտրակաշառք) ու գնալ քվեարկել՝ ում ուզում են, բոլոր նրանք՝ այն քաջ, համարձակ քաղաքական գործիչներն ու մտավորականները, որոնք «մտնում էին ընչազուրկ մարդու վիճակի մեջ», որ հասկանում էին նրան, որ «ընբռնումով էին մոտենում», ընտրություններից հետո սկսեցին նեղանալ, որ ժողովուրդը հերթական անգամ ծախվեց։

Շաբաթներ առաջ գրած նյութերիցս մեկում պնդում էի, որ շատ վտանգավոր է այսքան բացահայտ խոսել ընտրակաշառքի մասին հրապարակավ ու հեռուստաեթերից, որ դա տպավորություն է ստեղծում, որ ընտրակաշառքը թույլատրելի, սովորական մի բան է, որ դա փողոցում գցված սեղան է, որից կարելի է եւ օգտվել, որ դա մեղք չէ, քրեական հանցագործություն չէ, այլ կենցաղային հասարակ մի չարաշահում, բայց թեման այդպես էլ բաց էր մինչեւ քվեարկության օրը։ Ու միայն այն բանից հետո, երբ սկսեցին հաշվարկվել ձայները, բոլորը հանկարծ հիշեցին, որ մարդիկ իրենց 5 տարին, իրենց երեխաների ապագան, իրենց հայրենիքը, պատիվն ու չգիտեմ էլ ինչ կարեւոր բաներ վաճառել են ընդամենը 10 հազար դրամով, եւ դա անթույլատրելի է։

Բայց հարցեր կան, որ նույնիսկ այս օրերին չեն քննարկվում. կա՞ն արդյոք տարբերություններ գաղափարով ՀՀԿ-ին ընտրողի եւ ընտրակաշառքով ՀՀԿ-ին ընտրողի միջեւ։ Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ իրոք հավատա՞լ (կամ ինքդ քեզ հավատացնել), որ վստահում ես, որ ՀՀԿ-ն եւ միայն ՀՀԿ-ն է ի զորու ստանձնել Հայաստանում իշխանության պատասխանատվությունը, թե՞ համեստորեն վերցնել քեզ մեծահոգաբար առաջարկվող գումարը եւ, որպես ազնիվ ու պարկեշտ մարդ, գնալ եւ քվեարկել այդ փողը տվողի օգտին։

Վերջաբան

Կրքերը, որ փոթորկում էին ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո մի քանի օր, աստիճանաբար տեղը զիջում են այլ, ավելի մարդամոտ թեմաների։ Մոտ 43000 ձայն ստացած Սամվել Ալեքսանյանը անշեղորեն բարձրացնում է շաքարի գինը, Միքայել Մինասյանը խնդրում է չխանգարել իր աշխատանքային գործունեությանը ստահոդ մեղադրանքներով։ Արմեն Ամիրյանը առաջարկում է Օպերայի շենքում ռեստորան, շոգեբաղնիք ու մարզասրահ ունենալ։ Մինչդեռ նախորդ գիշեր ԱՄՆ-ն մոտ 60 «Տամագավկ» հրթիռ է արձակել սիրիական Հոմսի վրա։ Գարնանային օդից էլի պատերազմի հոտ է  փչում։ 

Ռուզան Ազիզյան

Տպել
2229 դիտում

Օլանդը Ֆրանսիայի հաջորդ նախագահին հորդորել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Հայտնի է Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողը

Ափսոս, որ Օբամայի աշխատակազմում աշխատելու ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը

«Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում». Ֆրանսուա Օլանդ

Թրամփի հայտարարությունը համահունչ էր նախկին վարչակազմերի կիրառած լեզվի հետ. Սփայսեր

Թուրքիան ԵՄ-ից պահանջում է իր հետ հաստատել առանց վիզային ռեժիմ

«Հին երեւան» ներդրումային ծրագրի հեռանկարները աղոտ են

Չինացի զույգը իրենց տունը վերածել է դամբարանի (Լուսանկար)

Գյումրիում ջահերով երթի ժամանակ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոն

Հովիկ Աբրահամյանը չի լքել Հանրապետական կուսակցությունը

Նալբանդյանը չի բացառում, որ առաջիկայում կհանդիպի ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Հյուսիսային Կորեային,եթե շարունակվեն հրթիռների փորձարկումները

ԵԽԽՎ նախագահը հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում. նա պետք է հրաժարական տա

Վրաստանի նախագահը հանդիպել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չպետք է լինեն. Փաշինյան

Թուրքերը մեծ քանակությամբ Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի տոմսեր են գնում

Քաղաքացու երկու կենսաթոշակի վճարումը արագորեն դադարեցրել են, իսկ վերականգնել չեն շտապում

Դոնալդ Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ