«Ավանակի որդի կապիկ» . Թբիլիսիում շուտով քաղաքապետ կընտրեն

20/04/2017 schedule13:25

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների եւ Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոի ընտրություններ: Մոտ մեկ ամսից պարզ կլինեն Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների անունները: Այժմ  կուսակցություններում խորհրդակցություններ են ընթանում եւ քաղաքապետի թեկնածուները, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան ընտրություններից 6 ամիս առաջ:

Ներկայիս քաղաքապետի արկածները

2014 թ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քվեների մեծամասնությանը արժանացավ «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Նարմանիան: Պաշտոնավարման տարիներին Նարմանիայի շուրջ մի շարք հակասական գործընթացներ են տեղի ունեցել, բանը հասել է նրան, որ ընդդիմությունը պահանջել է, որ նա լքի պաշտոնը: Այսպիսով, 2016 թ. մայիսին խոսվում էր, որ «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի բուսաբանական այգու հաշվին ընդլայնել է իր տան տարածքը: Մայիսի 3-ին Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարած աճուրդի ընթացքում, Իվանիշվիլիի հետ ուղիղ կապ ունեցող «Համաներդրումային հիմնադրամ» կազմակերպությունը ավելի քան 6 միլիոն լարիով գնել է բուսաբանական այգու հարակից 29 հա հողատարածք: Մինչ այդ, Իվանիշվիլին ձեռք է բերել նաեւ բուսաբանական այգու շուրջ 4 հա տարածք: Ընդդիմությունը հողատարածքները Իվանիշվիլիին վաճառելու որոշումը համարում է անօրինական:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի կարծիքով` Նարմանիան դավաճանել է մայրաքաղաքի շահերին: Էլիսաշվիլին հայտարարել է, թե քաղաքապետ Նարմանիան կատարում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ցանկությունները` ի վնաս քաղաքացիների շահերի: Նույն թվականի օգոստոսին, երբ մայրաքաղաքում ծառահատումներ էին տեղի ունեցել, քաղաքապետի եւ բնապահպանների հանդիպման ժամանակ հնչած սկանդալային արտահայտությունը սոցիալական ցանցերում ծաղրի առարկա էր դարձել: Երբ բնապահպանները պահանջել են աշխատանքից հեռացնել կանաչապատման ծառայության ղեկավարին, Նարմանիան նրանցից մեկի հասցեին ասել է. «Ավանակի որդի կապիկը խոսում է վերջնագրերով»: Այս արտահայտությունից հետո «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին, աշխարհահռչակ սոպրանո Անիտա Ռաչվելիաշվիլին եւ այլք քաղաքապետից պահանջեցին հրապարակավ ներողություն խնդրել, իսկ ինքը` քաղաքապետը, ծառերի հատման մեջ որեւէ խնդիր չէր տեսնում:

2017 թ., «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դատական գործով դատավոր Նատա Նազղաիձեի եղբորը Թբիլիսիի քաղաքապետարանը 1 միլիոն լարի էր փոխհատուցել հողակտորի դիմաց, որը 2013 թ. Թբիլիսիում տեղի ունեցած աղետի գոտում է գտնվել: Այդ ժամանակ ընդդիմադիր հեռուստաալիքը եւ «Միացյալ ազգային շարժումը» հայտարարում էին, թե «այս ամենը կաշառք է»: Դավիթ Նարմանիան հայտարարում էր, թե տեղյակ չէ վերոնշյալի մասին, սակայն ընդդիմադիրները պնդում էին, որ քաղաքապետարանն է որոշել մեկ միլիոն փոխանցել դատավորի եղբորը, իսկ կառավարությունը եւ քաղաքային խորհրդի մեծամասնությունը` ընդունել որոշումը: Միաժամանակ, ըստ Ռուսթավի 2-ի հրապարակած փաստաթղթերի` հողակտորը, որի դիմաց պետությունը 1 մլն լարի է փոխանցել, հիպոթեքով է եղել, իսկ սեփականատերը չի կարողացել վերադարձնել պարտքերը:

Թբիլիսիի քաղաքապետը գոհ է իր աշխատանքից, իսկ ընդդիմադիրների մեղադրանքները նա համարում է քաղաքական շոու: Ամփոփելով 2016 թ. իր աշխատանքը եւ տարեկան զեկույց ներկայացնելով քաղաքային խորհրդին, Նարմանիան հայտարարել էր. «Այսօրվա քաղաքական խաղը հաղթեցինք 41:0 հաշվով («Վրացական երազանքը» ընտրություններին մասնակցում է 41 համարի ներքո): Զեկույցի ժամանակ Քաղաքային խորհրդի հիմնական հարցերը վերաբերել են դատավորի եղբորը տրված փոխհատուցմանը: Նարմանիայի խոսքերով` ինքը պատասխանել է, որ քաղաքապետարանը «օգնել է աղետից տուժած քաղաքացու, որից քաղաքային իշխանությունները չէին կարող հրաժարվել»: 2016 թ. տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո Նարմանիան հայտարարել է, թե նախկին բոլոր քաղաքապետներից ինքը տարբերվում է նրանով, որ հաշվետու քաղաքապետ է:

Ո՞վ կպայքարի քաղաքապետի աթոռի համար

Ոչ պաշտոնական տեղեկության համաձայն` Նարմանիան ցանկանում է մասնակցել ընտրություններին երկրորդ անգամ, սակայն, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նրան այս հարցում չեն աջակցում «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամները: Խոսվում է, թե Վրաստանի մայրաքաղաքի ղեկավար պաշտոնի համար կպայքարի Վրաստանի Էներգետիկայի նախարար, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կապիտան Կախի Քալաձեն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան չի բացառում, որ երկրորդ անգամ կմասնակցի ընտրություններին: «Միացյալ ազգային շարժում»-ում վերջնական որոշումը հնարավոր է ընդունեն ներքին ընտրության համաձայն, որտեղ ներկայացված կլինի 3 թեկնածու, այդ թվում Նիկա Մելիայի եւ կուսակցության քաղխորհրդի անդամ, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն: Քաղաքապետի թեկնածու չի ընտրել նաեւ «Միացյալ ազգային շարժումից» անջատված «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Ըստ որոշ տեղեկությունների` կուսակցությունում քննարկվում են Իրակլի Աբեսաձեի եւ Էլենե Խոշտարիայի թեկնածությունները:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
2303 դիտում

ՀՀԿ-ական պատգամավորները նախարարից ու 12 մլն. եվրոյից են բամբասում, քննադատում նախագիծը

ՍԱՊԾ-ը կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ արտգործնախարարը կայցելի Բրյուսել

Անդրիաս Ղուկասյանի գործով տեսանկարահանումը կարգելվի՞. միջնորդել է դատախազը

«911»-ը ուժգին քամու հետ կապված ահազանգեր է գրանցել Իջեւանից, Դիլիջանից, Ստեփանավանից

Եվրոպական կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը թեժ է լինելու

ԱԻ նախարարը մասնակցել է ՀԱՊԿ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստի

Ապրիլին ադրբեջանցիները գրավեցին հայկական դիրքերը, բայց չկարողացան մոտենալ դրանց. Իվանով

Մադրիդի ավիաբազայում ընկել է F-18 ավիակործանիչը, զոհվել է օդաչուն

Վարչապետ Կարապետյանն աշխատանքից ազատել է իր օգնական Նարեկ Ադոնցին. վերջինս նրա սանիկն է

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա. Սահակյանը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Ղազախստանի հետ կոնֆլիկտը շարունակվում է. ԵՏՀ-ից հետո Ղրղզստանը դիմել է ԱՀԿ

Չսահմանված վայրում աղբ թափելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու. Տարոն Մարգարյան

Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ 20 լրագրող եւ բլոգեր

Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը»

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի, իսկ հետո աստիճանաբար կբարձրանա

Կառավարությունը «Ելք»-ի պատգամավորներին առաջարկում է խաղատների մասին օրենքը չփոխել

Սերժ Թանկյանը մասնակցեց իր սիմֆոնիայի փորձին

Կպարզվի, որ իմ պաշտպանյալը կաշառք չի վերցրել. «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը չի ընդունում մեղադրանքը

Շուրջ 50 ծրագիր. կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված քայլերը