«ՍԱՍ»-ի ձայնագրությունը ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին ավելի շատ օգուտ կտա, քան ՀՀ ոստիկանապետի փեսային

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած սկանդալային ժողովի ձայնագրության հետ կապված քրեական գործ է հարուցվել:

Սա լուրջ իրադարձություն է: Հայաստանում նման իրավիճակներում սկանդալները մարում են նույնքան արագ, որքան բռնկվում են: Ամենաարագը դրանց մասին մոռանում են իրավապահ մարմինները, որոնք այդպես էլ ընթացք չեն տալիս լուրջ քրեական հանցակազմ պարունակող տարբեր արարքների, եթե, իհարկե, այդ արարքները կատարվել են իշխանությունների մտերիմների կամ հովանավորյալների կողմից: Այս անգամ սկանդալը մոռացվելու շեմին էր, երբ ՀՔԾ-ն հաղորդեց քրեական գործ հարուցելու մասին:

Ո՞րն է նման սկզբունքայնության պատճառը: Կարող է թվալ, որ գործի հնչեղությունն է: Սակայն «ՍԱՍ»-ի ձայնագրությունների հրապարակումից երկու շաբաթ առաջ կրկին ընտրությունների հետ կապված ոչ պակաս հնչեղ գործ էր ծավալվել. դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների հետ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ-ի գաղտնի ձայնագրությունները, որոնք պարունակում էին վարչական ռեսուրսը  իշխող կուսակցության օգտին  ծառայեցնելու հանցակազմ:

Որպես հետեւանք՝ 100-ից ավելի ձայնագրություններից միայն մեկի հիմքով քրեական գործ հարուցվեց, իսկ իշխող կուսակցությունը որեւէ պատասխանատվություն չկրեց վարչական ռեսուրսի անօրինական օգտագործման համար: Ավելին, սկանդալը շրջվեց նշված ՀԿ-ի ղեկավարի դեմ` ՀՀԿ-ական տնօրենների քաղհայցի տեսքով:

Նույն տրամաբանությամբ, «ՍԱՍ»-ի ձայնագրությունը կարող էր, օրինակ, խոտան ճանաչվել, քրգործ հարուցվեր սուտ մատնության հոդվածով, գործարարի բարի համբավին վնաս հասցնելու կամ զրպարտության հանցակազմերով: Բայց ոչ, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154Ա-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Ճիշտ է, սա այն մինիմում հոդվածն է, որն, ըստ իրավաբանների, տվյալ պարագայում կիրառելի էր, քանի որ  նրանց գնահատմամբ՝ գործ ունենք Քրեական օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, Սահմանադրության մի շարք այլ հոդվածների կիրառման անհրաժեշտության հետ: Բայց եւ այնպես առնվազն սուտ մատնություն էլ չէ:

Կախված գործի հետագա ընթացքից՝  պարզ կլինի, թե որն էր ՀՔԾ-ի քիչ թե շատ համարժեք արձագանքի պատճառը: Դա կարող է լինել, օրինակ, նշված գործի հետ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի` Արթուր Գեւորգյանի առնչությունը: Ըստ գոյություն ունեցող վարկածներից մեկի, սկանդալային ձայնագրության թիկունքում կանգնած են  ոստիկանապետը կամ նրա փեսան, որը Արտակ Սարգսյանի հետ նույն տարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու էր, եւ եթե հիմա Արտակ Սարգսյանը այդ ձայնագրության հիմքով զրկվի մանդատից, ապա այն բաժին է հասնելու Արթուր Գեւորգյանին:

Մյուս կողմից, այդ ձայնագրության շնորհիվ «միս ու արյուն» ստացավ ապրիլի 2-ի ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գնահատականի այն հատվածը, որ դիտորդներն արձանագրել են նաեւ ձայների ուղղորդման, ընտրողների վրա ճնշումների դեպքեր: Ձայնագրության իրական արժեքը երեւաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից:

 «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի եւ միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները»,-ասվում է օրեր առաջ դեսպանատան տարածած հայտարարությունում, որով ԱՄՆ-ն ողջունում էր ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, թե հրապարակված նյութի հիման վրա քննություն է սկսվել:

Մի բան է, երբ ԱՄՆ-ն եւ միջազգային կառույցները ընդամենը հայտարարում են, որ խիստ արժանահավատ հաղորդումներ են ստացել ընտրողների նկատմամբ ճնշումների եւ ուղղորդելու վերաբերյալ, բոլորովին այլ բան, երբ այդ արժանահավատ հաղորդումները ապացուցող փաստ է ի հայտ գալիս:

Այս հանգամանքը եւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը մի պահ նույնիսկ կասկած են առաջացնում`այդ ձայնագրությունը ո՞ւմ կարող էր ավելի օգտակար լինել, Վլադիմիր Գասպարյանի փեսայի՞ն, թե՞ ԱՄՆ-ին եւ միջազգային կառույցներին: Վերջիններս ակամայից մաս կազմեցին Հայաստանի իշխանությունների` լավ ընտրություններ կազմակերպելու գործընթացին, բայց քանի որ ընտրություններն այնքան էլ լավը չեղան, պոստֆակտում բոլոր հիմքերն ունեին իրենց «հիմարացված» զգալու համար:

«Ընտրական գործընթացների վրա բիծ թողած» երեւույթների վերաբերյալ փաստերի վերհանումը կարող է այդ հիմարացված վիճակից դուրս գալու լավ հնարավորություն լինել: Եվ բացի այդ, հիմա, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը դեռ  մշակման փուլում է, «ՍԱՍ» գրուպի ժողովը հիանալի գործիք է Հայաստանի իշխանությունների դեմ կիրառելու համար:

Շնորհիվ այդ ձայնագրության,  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը կարող է էապես տարբերվել դիտորդների բանավոր նախնական գնահատականից, եւ Սերժ Սարգսյանի` լավ ընտրությունները վերածել այդպես էլ չիրականացած երազանքի:

Տպել
10755 դիտում

Արեւի խավարումն ԱՄՆ-ում (լուսանկարներ)

«Փոխանցումների մարդ». Պոգբան խոսել է Մխիթարյանի մասին

Արթուր Ալեքսանյանն այսօր ԱԱ-ում հաղթեց վրացուն, որին Թբիլիսիում զիջել էր սկանդալի պատճառով

Ահաբեկիչները թանկարժեք իրեր են վաճառել Բարսելոնայում ահաբեկչություն կազմակերպելու համար

Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում

Երեւանի Ռոստոմի փողոցի թիվ 97 տան բակում գազի բալոնից արտահոսք է եղել

Դոնի Ռոստովում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 45 մարդ է տուժել

Ավտոլվացման կետի աղմուկի հարցը կլուծվի. տնտեսվարողը լուծում է գտել (տեսանյութ)

Մերկելը պատասխանել է «YouTube-երների» հարցերին

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի 2017թ չեմպիոն. 3-րդ չեմպիոնությունն աշխարհի առաջնություններում

Ավանեսով եւ Աթոյան փողոցների խաչմերուկի մոտակայքում վթար է տեղի ունեցել, կա զոհ

Բալահովիտում վրաերթի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել

Մալաթիա տոնավաճառում հրդեհ է. դեպքից 1 ժամ ուշ հայտնում է ԱԻՆ-ը

Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել. Կարեն Կարապետյան

Ավստրիան ստուգումներ է իրականացնում Իտալիայի հետ սահմանին

Կարապետ Չալյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար. ԱԱ-ում հայ ըմբիշների այսօրվա արդյունքները

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղամարդուն սպանելու համար

Մարսելի մարդասպանը հոգեկան խնդիրներ ունի

Պարզից էլ պարզ է՝ ինչ նպատակով եմ գնում աշխարհի առաջնություն. ԵԱ չեմպիոն Հովհաննես Բաչկով