Պետությունը խանգարում է սիրել հայրենիքը

21/04/2017 schedule14:37

«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին հայրենասիրությունը՝ իբրեւ ՀՀ քաղաքացիների պարտականություն ներկայացնելը չափազանց տարօրինակ էր: Ընդ որում, բոլորիս առաջարկում են հայրենիքը սիրել պաշտոնյաներ, որոնց ղեկավարած ոլորտները հենց հայրենիքից փախչելու պատճառն են: Նախ՝ բանակում տիրող ոչ կանոնակարգային, անհավասար պայմանները. սահմանին կամ ապրիլյան պատերազմի բոլոր զոհերը անապահով ընտանիքներից են: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա միայն վերջին բացահայտումը՝ հանրապետության դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ներգրավվածությունը իշխանությունների համար ձայն բերելու գործընթացին, պիտի որ Լեւոն Մկրտչյանին ստիպեր ամաչել մարդաշատ վայրերում երեւալ:

Իսկ նա ոչ միայն երեւում է, այլեւ հայրենասիրական թեմայով հրապարակային խոսք ասում. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը լինելու է ազգային դպրոցի դաստիարակչական հենասյունը»: Չի ասում, թե ինչ իրավունքով են այդ տնօրենները նվաստացնում աշակերտներին՝ նրանց ստիպելով նախընտրական հանդիպումներին աղուհաց առաջարկել վարչապետ Կարեն Կարապետյանին կամ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված, այժմ՝ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին: Ի դեպ, դեռ հաջողությամբ շարունակվում է դպրոցների տնօրենների ռեկետը. նրանք  աշխատանքի ընդունվող ուսուցչից կաշառք են պահանջում 3000-5000 դոլարի չափով: Պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանի ինքնավստահությանը. երկու  անգամ նախագահ դառնալ՝ առանց լեգիտիմության, ու խոսել հայրենասիրությունից, խիզախ քայլ է:

Հռետորները միաբերան կարեւորեցին կրթական համակարգը: Կա հայտնի պատմություն. մ.թ.ա. 7-րդ դարում, երբ սպարտացիներն աթենացիներից ռազմական աջակցություն են խնդրում,  աթենացիները զինվորական գնդի փոխարեն Սպարտա են ուղարկում կաղ ուսուցիչ Տիրտեոսին: Ուսուցիչը սպարտացիների ռազմական ոգին այնքան է բարձրացնում, որ անգամ զինվորական աջակցության անհրաժեշտություն չի լինում: Կաղ Տիրտեոսին Հայաստանում փոխարինում են պճնված, հիմնականում՝ շիկահեր, փարթամ սանրվածքներով, ՀՀԿ-ի ու նրա արբանյակ կուսակցությունների համար ձայն բերող կանայք: 

«Մեր համալսարանականների համար կարեւորագույն փորձաքննություն էր ապրիլյան հերոսամարտը, եւ եթե համալսարաններ ունենք, որտեղ հարյուրավոր կամավորներ ցուցակագրվեցին հերոսամարտին եւ ունեցանք կամավոր զոհեր, սա նշանակում է, որ իրենց կրթական որակի մեջ այս համալսարաններն արձանագրել են լուրջ հաջողություններ»,-ասում է ԿԳ նախարարը: Բայց այս մարդկանց ինքնազոհողությունը պետք չէ վերագրել կրթական համակարգի հաջողություններին: 

Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս է, որ, դիցուք, ապրիլյան պատերազմին բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում, հանդուրժում ենք ոչ լեգիտիմ, պետական գանձարանից գողություն անող, հասարակությանը նվաստացած պահող իշխանություններին:

Ի՞նչ է ստացվում. սահմանների պաշտպանությունը ոչ թե հայրենասիրություն է, այլ անհանգստություն սեփական կյանքի կամ մերձավորների կյանքի համար: Նշանակում է, որ մենք կռվում ենք միայն հանուն ֆիզիկական անվտանգության, մեր գոյությունը պաշտպանելու, իսկ կյանքի որակի համար կռվելում անզոր ենք:

Ինչո՞վ է տարբերվում դաշնակցական նախարարը հանրապետական Ա. Աշոտյանից (վերջինս եւս ԿԳ նախարար էր): Դեռեւս 2015-ի բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Աշոտյանը նկատեց, թե դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար պետբյուջեից հատկացվել է  65 մլն դրամ: Նա էլ, ինչպես Լեւոն Մկրտչյանն այսօր, այն ժամանակ հայտարարում էր. «Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր»: Դպրոցներում բացվեցին «Պատանի երկրապահ» խմբակներ. հայրենասիրությունը սկսեց սերմանվել պետական բյուջեի հաշվին:

Պետական չինովնիկներն ապրում են իրենց հայրենասիրության հաշվին՝ պետությունից աշխատավարձ են ստանում, ծառայողական մեքենա, ճամփորդություններ բիզնես կլասով, էլիտար հարսանիքներ, ծնունդներ: Որեւէ մեկը առաջնագծում սեփական զավակի համար անհանգիստ օրեր ապրե՞լ է: Իսրայելում աշխատող ազգ-բանակ փիլիսոփայության օրինակը Վիգեն Սարգսյանի դեպքում մեջբերելը նույնն է, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում՝ Սինգապուրի՝ տնտեսական հրաշքի օրինակը: Կա՞ Հայաստանում զինվորի հանդեպ այն վերաբերմունքը, որ կա Իսրայելում: Եվս մեկ անգամ վերհիշենք, թե ինչպես 2011-ին  պաղեստինցիների կողմից գերեվարված հրեա կապրալ Հիլադ Շալիթին Իսրայելի իշխանությունները փոխանակեցին 1000 պաղեստինցի զինյալների հետ, որոնք Իսրայելի բանտերում էին: Ընդ որում, 1000 պաղեստինցիներն ամենեւին խաղաղ բնակիչներ չէին, այլ զինյալներ, որոնք հայրենիք վերադառնալով՝ դարձյալ զենքը ձեռքն էին վերցնելու:

Պաղեստինցիները տոնեցին Իսրայելի հանդեպ իրենց հաղթանակը՝ 1:1000: Իսկ Իսրայելը ոչ միայն կարեւորեց իր քաղաքացու, իր զինվորի կյանքը՝ պատրաստ լինելով դրա համար վճարել հազարապատիկ, այլեւ անհավասար այս փոխանակումով հազարապատիկ բարոյական լիցք տվեց իր քաղաքացիներին ու զինվորներին:

Ո՞ր  օրինակի վրա կարող են «Ազգ-բանակ 2017»-ի հռետորները բարձրացնել մեր զինվորների ոգին: Հետմահու մեդալների՞ ու դպրոցների անվանակոչությունների՞: Ոչ թե հետմահու փոխհատուցումներ կամ բնակարան, այլ կյանք, արժանապատիվ կյանք. միայն սա պետք է առաջարկի իր քաղաքացիներին պետությունը:

Մարդուն առհասարա՛կ հատուկ է սիրել հայրենիքը: Եվ դրա համար պետական ծրագրեր, այսպիսի ելույթներ անհրաժեշտ չեն: Հայրենիքի հանդեպ սերն իռացիոնալ է ու հրաշալի, ինչպես սերն՝ առհասարակ: Երբ բացում ենք մեր աչքերը, մենք արդեն սիրում ենք մեր ծնողներին. ոչ թե, որ նրանք բոլորից լավն են, այլ որովհետեւ նրանք մեզ հարազատ են, մեզ համար անփոխարինելի: Եվ ինչ-որ պահից հասկանում ես, որ սիրում ես նաեւ հայրենիքդ ու չես պատրաստվում փախչել այստեղից: Ոչ թե նրա համար, որ այստեղ լավ է, այլ որովհետեւ այստեղ ամեն ինչ քեզ հարազատ է:

Պետությունը պետք է դադարի մեզ հայրենասիրության ինդուլգենցիաներ վաճառել, որոնք տպվում են մեր իսկ գրպանի փողերով: Պետությունը պետք է աշխատի այլ ուղղությամբ՝ երկրում արդարություն հաստատելու, քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու, մեր հարկերը անհեթեթությունների վրա չմսխելու ուղղությամբ: Իսկ հայրենիքի հանդեպ սերը թողնի մեզ:

Եթե կուզեք՝ պետությունը մեզ խանգարում է սիրել հայրենիքը:

Լիլիթ Ավագյան

Տպել
3717 դիտում

Բրիտանական նավը խորտակվել է կետի հետ բախումից հետո

Ալեքսիս Սանչեսի գործակալը և «Բավարիան» սկսել են բանակցել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

Գերմանացի պատգամավորները չեղարկել են իրենց այցը Թուրքիա

Իշխան Զաքարյանի կինը ակտիվացրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին

Չինաստանում որոշել են աղքատության դեմ պայքարել սարդերի միջոցով

Մայրական մահացության 11 դեպք. հրապարակված փաստերը` մեկ տեղում

Միշել Տեր-Զաքարյանը կգլխավորի ֆրանսիական «Մոնպելյե» ակումբը

Թալիշում ծնունդիս օրը խրամատ էի փորում. գյումրեցի հերոս Ռաֆայելն այսօր դարձավ 21 տարեկան

Զովունի գյուղում փախուստի դիմած ցլին բռնելու համար փրկարարների հատուկ ջոկատ է ժամանել

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է մանչեսթերյան ահաբեկչության մեջ կասկածվողի անունը

Շահեն Հարությունյանը երեք օր կմնա հոգեբուժարանում

«Արաբկիրում» երեխան մահացել է սրտի արատի պատճառով. տնօրենն ասում է` բժիշկը մարդասպան չէ

Մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«ՒՊ»-ը Մանչեսթերի ահաբեկչությունը անվանել է վրեժ «մուսուլմանների հողեր ներխուժելու համար»

Վարորդները իրավախախտումների մասին որոշումները կստանան SMS հաղորդագրության միջոցով

Նորածնին սպանելու մեջ կասկածվում է մայրը. նա երկու անչափահաս երեխա ունի

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ եւ մեկ մեքենա է գնել

800 հազար դրամ է հատկացվելու սիրիահայ ձեռագործ վարպետներին

Շիրակի մարզպետը հորդորում է գյուղապետերին դատի տալ գյուղացիներին