ՀՀԿ-ն ընտրակաշառքի դեմ պայքարի խնդիր իր առջեւ չի դնում. Աշոտյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության նոր հուշագրին, Երեւանի ավագանու ընտրություններին եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀԿ-ի փոխհարաբերություններին:

- Պարոն Աշոտյան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինում չէր բացառում որեւէ պաշտոնում լինելու հեռանկարը, սակայն երեկ նշեց, որ նման մտադրություն չունի: Այս ընթացքում իր հետ համագործակցելու հարց քննարկվե՞լ է:

- Աշխատանքային հարաբերությունները դադարել են այն պահին, երբ պարոն Աբրահամյանը դիմում գրեց կուսակցությունից հեռանալու մասին: Անձնական հարաբերությունները որքանով խորն էին եւ խիտ, այս պահին գոնե սառեցված են: Վստահ եմ, որ եթե որեւէ տեղ մեր ճանապարհները խաչվեն, Երեւանում լինի, թե այլ վայրում, շատ անմիջական եւ անձնական կոնտակտ է լինելու երկու կողմից: Բայց աշխատանքային հարաբերությունները, քաղաքականություն կոչվածը դադարեցման պահից գոյություն չունի:

- Հովիկ Աբրահամյանը Ծիծեռնակաբերդում տված հարցազրույցում ասաց, որ ինքը Հանրապետականի հետ է:

- Ես չեմ նայել պարոն Աբրահամյանի այդ հարցազրույցը, բայց մեր կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Թադեւոսյանը, կարծեմ անդրադարձել է այդ հարցին:

- Հիմա Հովիկ Աբրահամյանը կուսակցության անդա՞մ է, թե՞ ոչ:

- Անդամությունը դադարեցված է, դրա մասին մամուլին հայտնել ենք վաղուց:

- Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Հաղթանակ զբոսայգում հայտարարեց, որ իր համար ընդունելի է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Դա նրա անձնակա՞ն կարծիքն է:

- Ես չեմ նայել վարչապետի երեկվա հարցազրույցը, չգիտեմ ինչ ձեւաչափով է արծարծվել իմ գործընկերոջ անունը, բայց վստահ եմ, որ եթե ձեւաչափերը տարբեր լինեին, ապա մի շարք անուններ վարչապետը կարող էր չբացառել: Որպես քաղաքական որոշում չի քննարկվել, որեւէ անվան հետ որեւէ պաշտոն չի շաղկապվում: ՀՀԿ գործադիր մարմինն այդ հարցին կանդրադառնա ԱԺ անդրանիկ նիստից օրեր առաջ: 

Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ է վաղուց, շատ շատերը, եւ ես ունեմ շատ դրական կարծիք պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին: Նրա մասին կարծիքը կուսակցությունում շատ դրական է, ինչպես շատ շատերի հանդեպ:

- ՀՅԴ-ի հետ քաղաքական համագործակցության բանակցությունները գրեթե ավարտված են: Ինչո՞վ է այս ձեւաչափը տարբերվելու գործող ձեւաչափից:

 - Տեքստն, իրոք, պատրաստ է: Կարծում եմ, սկզբունքային փոփոխության այն այլեւս չի կրի մինչեւ ստորագրման պահը: Չեմ ուզում առաջ ընկնել, որովհետեւ տեքստը կհրապարակվի ստորագրումից հետո: Դուք ինքներդ էլ կկարողանաք համեմատական վերլուծություն անել: Երկու խոսքով կարող եմ բնութագրել, որ այն շարունակական համագործակցային հերթական փուլն է, որը բխում է նախորդ հուշագրից եւ ամրապնդում է այն քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան նախորդ հուշագրի ստորագրումից հետո: Սա բովանդակային, պետության ներսում խորքային փոփոխությունների, նոր ուղենիշներ ամրագրող եւ ուղղություններ ենթադրող փաստաթուղթ է:

- Տեսակետ կա, որ այս նոր համագործակցությամբ ՀՀԿ-ն իր ղեկավարով փորձում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության վերահսկիչ փաթեթը վերցնել նրա ձեռքից:

- Նման տեսակի լրատվական մանիպուլյացիաներ ակնկալում էի դեռ ընտրարշավի ընթացքում: Ի զարմանս ինձ, ընդդիմադիր մամուլը եւ փորձագետները երեւի զբաղված էին սեփական քարոզարշավով, եւ այս սյուժետային գիծը ասպարեզ նետված չէր: Սակայն վերջերս այն ավելի ակտիվ էր շրջանառվում մեր լրատվական եւ քաղաքական շրջանակների կողմից: Ակնհայտ է՝ ՀՀԿ-ն իր 26-ամյա պատմության ընթացքում նմանատիպ ապատեղեկատվական հոսքերի շատ է ենթարկվել, եւ երբեք թույլ չի տվել, որպեսզի լրատվական, քաղաքական արհեստական հոսքերը փոփոխեն մեր քաղաքական օրակարգը կամ թելադրեն որեւէ գործողություն: Ինչ վերաբերվում է հակակշիռներին, ապա հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը սահմանադրական նորմ է, այստեղ որեւէ անհատականացված կամ միտումնավոր կամ մանիպուլյատիվ գործողություն իշխանությունների կողմից պետք չէ գտնել: Պետք չէ փնտրել, հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն ՀՀԿ-ական է, այլ նաեւ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է կուսակցությունում: Այս տեսակետից մեր քաղաքական որոշումները եւ մինչ այս պահը, եւ վստահ եմ՝ այս պահից հետո, լինելու են ժողովրդավարական քննարկումների շրջանակներում կայացված` ի կատարում մակագրությամբ որոշումների:

- Խոսքը նաեւ ներկուսակցակա՞ն իշխանության մասին է:

- Սերժ Սարգսյանը բավականաչափ ուժեղ ներկուսակցական առաջնորդ է նաեւ, որպեսզի իր առաջնորդության համար արտաքին ռեսուրսի ներգրավման կարիք չունենար: Հատկապես, եթե նման հարց օրակարգում չկա էլ, որովհետեւ այդ հարցը գոյություն չունի:

- Գործադիրում ՀՅԴ-ն ազդեցություն կունենա՞ որոշումների կայացման գործընթացում:

- Երբ հրապարակվի տեքստը, կտեսնեք, որ այն բավականին բալանսավորված է, հարգված են մասնակից կողմերի իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրական ձեւաչափ է, որպեսզի մենք կարողանանք առնվազն 60 տոկոսանոց շեմ հաղթահարել խիստ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ: Իսկ գիտեք, որ միայնակ ՀՀԿ-ն դա անել չի կարող, անկախ նրանից, որ ստացել է ձայների մեծամասնություն: Ինչը նաեւ չի բացառում, որ մյուս երկու քաղաքական ուժերը խորհրդարանական աշխատանքի այնպիսի ձեւաչափ կնախընտրեն, որը թույլ կտան առանց վարանելու, երկմտելու, ամաչելու աջակցել կառավարության, կուսակցության կամ կոալիցիայի այն նախաձեռնություններին, որոնք բխում են պետության առաջնահերթություններից: Նախորդ խորհրդարանը նման դեպքեր ուներ, երբ Էդմոն Մարուքյանը կողմ էր քվեարկում ՀՀԿ-ի ներկայացրած պետական բյուջեին կամ Նիկոլ Փաշինյանը կողմ էր քվեարկում, այսպես կոչված, «1000 դրամների մասին» օրենքին: Ինձ համար այս դեպքերն ուրախալի են, որովհետեւ քաղաքական մշակույթի կայացման ճանապարհին պետք է հասկանանք, որ իշխանություն-ընդդիմություն սահմանը սեւ ու սպիտակ չէ:

- Հուշագրի ստորագրման օրը հայտնի՞ է:

- Ստորագրումից առաջ կազդարարվի, դեռ որոշված չի, չեմ կարող հստակեցնել:

- Պարոն Աշոտյան, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի եզրափակիչ փուլում «Ելք» դաշինքն առաջարկեց 15 հազար դրամ տալ այն ընտրողին, որը «Ելք»-ի հաղթանակից հետո կգնա քաղաքապետարան եւ կասի, որ հրաժարվել է ընտրակաշառքից: ՀՀԿ-ն չի արձագանքել այս առաջարկին, ինչո՞ւ:

-  Հերթը չհասավ մեր քննադատությանը, որովհետեւ այդ առաջարկության հրապարակման առաջին իսկ պահից այնպիսի հակազդեցություն եղավ քաղաքական, փորձագիտական, սոցիալական ցանցերում, որ ՀՀԿ-ի կողմից քաղաքական քննադատությանը հերթը չհասավ: Քննադատության չդիմացող առաջարկություն է: Ես հասկանում եմ, որ առաջարկության հեղինակների մտահղացումը ազնիվ է, բայց չի կարելի անազնիվ ճանապարհով պայքարել ազնվության համար, եւ սա է մարդկանց մոտ, քննադատների մոտ առաջացրել տարակուսանք: Անարդարության, անազնվության դեմ չպետք է պայքարել ավելի անարդար մեթոդներով: Գիտեմ, որ հարցը ԿԸՀ-ի ուշադրության տիրույթում է՝ որքանով է իրավական դաշտում համադրելի այդ առաջարկությունները:

Քաղաքական տեսակետից ասեմ, որ գուցե մղումն ազնիվ էր, բայց կատարումը շատ վատն էր: Դրան հետեւած քննարկումներն ապացուցում են, որ լավագույն քայլը չէր: «Ելք»-ը նորմալ քարոզարշավ էր անում, ընդդիմադիր էլեկտորատին մոբիլիզացնելու տեսակետից կարող էր հասնել մեծ ցուցանիշների, քան «Երկիր ծիրանին»: Առաջարկությունը վերջին երեք օրերի ընթացքում, հետո նաեւ քաղաքական PR-ի գրքերում, կարծում եմ, կարող է գրվել որպես անհաջող քայլ:

- Ըստ ձեզ,  ինչպե՞ս պետք է պայքարել ընտրակաշառքի դեմ: Իրենք թիրախավորում են հենց ՀՀԿ-ին եւ նրա թեկնածուին:

- Քաղաքապետի ընտրություններում ընտրակաշառքի մասին որեւէ հաղորդագրություն, լուր կամ տեսանյութ կամ որեւէ փաստական տվյալ չկա, ինչպես չկար խորհրդարանական ընտրությունների ժամանակ` բացառությամբ մեկ-երկու տեսաերիզներից, որոնք շրջանառվում էին, եւ կարող էին մեկնաբանվել որպես ընտրակաշառք: Ընտրակաշառքը դարձել է մի ուրվական, որին մասսայական տեսակետից ոչ ոք չի տեսել, բայց բոլորը քննարկում են: Ուրվականների դեմ պայքարելու համար, կարծում եմ, այդ մեթոդը լավագույնը չէ, մանավանդ, որ անգամ իրենց կողմից ընտրակաշառքով պիտակավորվող խորհրդարանական ընտրություններում «Ելք»-ն այնուհանդերձ պատկառելի քվեներ էր ստացել:

- ՀՀԿ-ն ինչպե՞ս է պայքարում ընտրակաշառքի դեմ:

- ՀՀԿ-ն չի դնում նման խնդիր իր առջեւ, որովհետեւ մենք քաղաքական գործընթացներում գնում ենք երկու հիմնական ուղղություններով՝ հաշվետվություն եւ նոր ծրագիր: Մենք վստահ ենք, որ ժողովուրդը տեսել է մեր թեկնածուի, մեր թիմի աշխատանքը, անգամ մեր ընդդիմախոսները, անգամ «Ելք»-ը իր նախընտրական արշավը մեկնարկեց գեղեցիկ, մաքուր Երեւանի տեսարանին կատարված Երեւանի օրհներգով: Չգիտես ինչու այդ ժամանակ չէին հիշում կոտրած վերելակների, աղբակույտերի մասին: Ի դեպ, վերելակների եւ մնացածի մասին պարզվեց, որ «Ելք»-ի նախընտրական ծրագիրը չի պարունակում բազմաթիվ դրույթներ, որոնք հետագայում հրապարակային ելույթներով նշում են: Դա վկայում է ծրագրի թուլության եւ հապճեպության մասին: Ի դեպ, մամուլը նաեւ գրեց պլագիատի որոշակի կտորների մասին Հրանտ Բագրատյանի եւ ՀԱԿ-ի ծրագրից: Գուցե Նիկոլ Փաշինյանը դա չհամարի պլագիատ, այլ համարի, որ ՀԱԿ-ի ծրագրի մի մասն էլ ինքն է իրավասու օգտագործել որպես ՀԱԿ-ի նախկին անդամ: Երկրորդ մասը մեր ասելիքի այն ծրագիրն է, որի հավաքական անունը «Հանուն Երեւանի է», այն ենթադրում է Երեւանի զարգացման հայեցակարգ գալիք 5 տարվա համար:

- «Ելք»-ում կարծում են, որ եթե իրենց առաջարկը գործի, ապա Երեւանում իրենք հաղթանակ կտանեն: Մտավախություն չունե՞ք այս հեռանկարից:

- Ես վստահ եմ, որ մեր ընտրողը կատարելու է իր ընտրությունը այնպես, ինչպես կթելադրի իր կրթվածության մակարդակը, խիղճը, որոշակի սոցիալական խավերը: Ուստի, այս առաջարկությունը, ես ասացի, որ կարծում եմ, հետո քաղաքագիտական տեխնոլոգիաների գրքում կարելի է գրել անհաջող քայլ`  քայլ ընտրություններից օրեր առաջ: Այսպիսի պատմություններ շատ կան համաշխարհային քաղաքագիտության մեջ: Այնպես չի, որ այս քայլի պատճառով է «Ելք»-ը պարտվելու, բայց այդ պարտվել բառն էլ շատ հարաբերական իմաստով եմ օգտագործում, որովհետեւ «Ելք»-ն արդեն շահած է: Եվ «Ելք»-ը, եւ «Երկիր ծիրանին» արդեն շահած են, որովհետեւ գործող օրենսդրությունը երաշխավորում է իրենց համար տեղեր ավագանիում: «Ելք»-ը նաեւ դիրքավորվում է քաղաքում` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ եւ հավակնությունները քաղաքական դաշտում՝ դառնալու ընդդիմության, այսպես ասած, մենակատար կամ առաջնորդ, շատ մեծ է:

Կստացվի դա, թե չէ, հավատացեք, կախված չէ Երեւանի գալիք ընտրություններում իրենց ստացած ձայներից: Կարող է լինել 20-25 տոկոս, դա մեծ տարբերություն չի տալու քաղաքական կշռի տեսակետից, այլ ավելի է կարեւորվելու իրենց ունակությունը՝ դաշինքից դառնալու միասնական քաղաքական ուժ: Այ,  դա կստացվի, թե` չէ, ես չգիտեմ, որովհետեւ «Ելք»-ի ամբողջ քարոզարշավը երկու միտում ունի՝ ձեւավորել «Ելք»-ը` որպես առաջնորդող ընդդիմադիր ուժ առնվազն Երեւանում, դիրքավորել Նիկոլ Փաշինյանին` որպես ընդդիմադիր ուժի առաջնորդ, հատկապես հետընտրական զարգացումների մեջ: Իհարկե, փորձելու է նաեւ օգտագործել այն փաստը, որ ինքն իր ուսերի վրա վերցրեց ամբողջ քարոզարշավի ծանրությունը եւ հավակնելու է «Ելք»-ում ավելի մեծ դերակատարության, քան այն երրորդ տեղը, որ ինքն ուներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Տպել
17239 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին