Տխուր մարդիկ. հարուստներն էլ են լաց լինում

12/05/2017 schedule09:30

Լրագրողների հետաքրքրության նյութը այս օրերին ԲՀԿ-ի ներքին խոհանոցն է, որը քաղաքական գործընթաց համարելը չափազանցություն է: Օրվա լրահոսի հերոսները մարդիկ են, որոնք աչքի են ընկնում հրաշալի, չեմ վախենա ասել` եզակի՝ կյանքի ոչ մի պարագայում չամաչելու կարողությամբ:

Բոլոր լրատվամիջոցների առաջին լուրերը սկսվում են այդ մարդկանց լուսանկարներով. նրանք պատմում են, թե ինչպես ոչ այն է՝ ստորագրել են, ոչ այն է՝ չեն ստորագրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Մի հին կինոնկար կար՝ «33-րդ ատամը»: Գլխավոր հերոսը (Եվգենի Լեոնով) ոչնչով աչքի չընկնող, գորշ, միջակ մեկն էր, որը մի օր հանկարծ պարզում է, որ բնությունն իր հանդեպ շռայլ է գտնվել՝ պարգեւելով ոչ թե 32 ատամ (ինչպես մյուս մարդկանց), այլ ամբողջ 33: Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվում է ավանով, հասնում մայրաքաղաք: Լրագրողները նրա տան առաջ հերթ են կանգնում, դպրոցներում նրա հետ հանդիպումներ են կազմակերպում: Բոլորին հետաքրքրում է այս մարդու կարծիքը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նա էլ իր հերթին անհրաժեշտ է համարում պատմել գողտրիկ պատմություններ իր մանկությունից: Փառքը տեւում է մինչեւ ատամնաբույժի մոտ հաջորդ այցելություն: Ատամնաբուժարանում պարզվում է, որ 33-րդը ոչ թե ատամ է, այլ ինչ-որ գոյացություն, որը ենթակա է անհապաղ հեռացման:

Նայեք հանրապետականների, ԲՀԿ-ականների, դաշնակցականների դեմքերին. բոլորն ապահովված, իրենց երազանքին հասած մարդիկ են՝ ստանում են բարձր աշխատավարձ, կողմնակի շատ այլ եկամուտներ ունեն, լրագրողների ուշադրության կենտրոնում են, սակայն դարձյալ դժգոհ են, լարված, կասկածամիտ: Մշտապես խոժոռ ու դժգոհ է այս ողջ թատրոնի գլխավոր ռեժիսոր Սերժ Սարգսյանի դեմքը: Ինչո՞ւ գոհ չէ. քաղաքականություն մտած մարդկանց հասցրել է մի վիճակի, երբ ինքնանվաստացումը նրանց այլեւս անհարմարություն չի պատճառում:

2013 թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունը մի ֆիլմ էր նկարել՝ «Երեխաների դեսպանը Հայաստանում»:

Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր՝ Մարինե Քոչարյան: Ֆիլմը Խարբերդի մասնագիտացած մանկատան մասին է: Այնտեղ՝ ծնողների կողմից լքված, մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաներն են: Ամեն շարժումը նրանց համար անմարդկային ճիգ է ու ցավ: Նրանց կողքին խաղաղ ու բարի դեմքով մի մարդ է՝ Մարիո Մատուսը:

Նա Հայաստան էր եկել կնոջ հետ, որը Հայաստանում Բրազիլիայի դեսպանն էր: Պարոն Մատուսը մասնագիտությամբ համաճարակաբան է: Հայաստանում ընկերները խորհուրդ են տվել այցելել Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ինչն էլ արել է՝ հետը տանելով 4-5 կգ շոկոլադ: Այն, ինչ Ամանորին, հունիսի 1-ին կամ ցուցադրական այցերի ժամանակ ընդունված է անել Հայաստանում: Սակայն այս երեխաների կյանքը դժվար է քաղցրացնել անգամ աշխարհի բոլոր շոկոլադե կոնֆետներով: Եվ դա պարոն Մատուսը հասկացել է` երեխաներին տեսնելուն պես. «Բոլոր երեխաները հատակին էին, մի կերպ էին տեղաշարժվում, երբեմն՝ ուղղակի սողալով: Ասացի՝ ո՛չ, մենք կարող ենք փոխել այս իրավիճակը»: Պարոն Մատուսը սկսել է ուսումնասիրել տարբեր երկրների փորձը:

 Մի երկաթագործի խնդրում է հատուկ քայլակներ պատրաստել, որոնք երեխային հնարավորություն են տալիս աշխատեցնել մկանները: Ապա նոր սարքավորում է նախագծել, որի վրա երեխան կորցնում է ծանրության զգացողությունը եւ կարող է մարզվել. «Մի երեխա կար, անընդհատ լաց էր լինում: Դրեցինք այդ սարքավորման մեջ, սկսեց ծիծաղել, երջանկացավ, թռվռում էր»: Պարոն Մատուսը երեխաների համար համակարգչային դասարան էր ստեղծել՝ հատուկ հարմարեցված աթոռներով, քանի որ այս երեխաներից շատերն ինքնուրույն նստել չեն կարող. վայր կընկնեն:

Մարիո Մատուսը եւ նրա դեսպան կինը հաճախ մանկատան երեխաների համար ընդունելություններ էին կազմակերպում բարձրաշխարհիկ նույնպիսի կանոններով, որով ընդունում են իրենց գործընկեր դիվանագետներին՝ ճերմակ սփռոց, գեղեցիկ սպասք, ընտրովի ուտեստներ, երաժիշտների քառյակ:

Պարոն Մատուսը այսօր Հայաստանում չէ: Ավարտվել է նրա կնոջ պաշտոնավարման ժամկետը: Սակայն նրա դեմքը մոռանալ չի լինում: Հատկապես հիմա, երբ ականատես ենք այս տարօրինակ, անպատիվ գզվռտոցի, մասնավորապես, ԲՀԿ-ի մանդատների համար, որը սկսվեց նախընտրական շրջանով եւ կրկեսի վերածվելով՝ շարունակվում է: Լավ, այսքա՞ն կարճամիտ: Ի՞նչ են ցանկանում՝ երջանի՞կ լինել, կառչել կյանքից, ճանկել այն հնարավորը, ինչը կարելի է, որ հանկարծ մեկ ուրիշին բաժին չհասնի: Լարված, անհանգիստ դեմքերով շրջում են տեղից տեղ, հանդիպումներ են ունենում…

Այս մարդիկ՝ հանրապետականները, ԲՀԿ-ականներն ու լուսանցքում մնացած մյուս ուժերի ներկայացուցիչների նախատիպը Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ի պարոն Մարուքեն է: Վերջինս թղթախաղում գումար էր պարտվում, որի մի մասը չէր կարող վճարել: Անհանգիստ միջոցներ էր փնտրում՝ ինչպես դուրս գա անելանելի վիճակից, երբ լսում է բարեբաստիկ լուրը՝ սկսվել է առաջին համաշխարհայինը: Ողջ աշխարհն իրար է խառնվել, հետեւաբար պարոն Մարուքեն կարող էր վստահ լինել, որ իր պարտքի մասին ոչ ոք չի էլ հիշի:

Պարոն Մարիո Մատուսի դեմքը լարված չէր եւ ոչ էլ ջղային, թեեւ նա ամեն օր շփվում էր ֆիզիկական անմարդկային ցավեր ունեցող, սեփական ծնողներից մերժված երեխաների հետ: Նրա դեմքը չափազանց խաղաղ էր: Գուցե այն պատճառո՞վ, որ մտքով չի անցկացրել դառնալ պատգամավոր: Կամ չունի փեսա՞, որին պետք է պատգամավոր դարձնել կամ աշխատանքի տեղավորել հարկայինում կամ մաքսայինում… Կամ գուցե պարզապես Մա՞րդ էր:

Լիլիթ Ավագյան

Տպել
2709 դիտում

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Ես այս պայքարում եմ դրել հոգիս, ինձ եմ դրել, մենք հիմա ազատ ենք, քան երբեւէ. Ս. Միքայելյան

«Ես դավաճան կնոպկա չեմ սեղմի, թեկուզ՝ կյանքիս գնով». տոնին միացավ Վարդան Ղուկասյանը

Պուտինը օրենք է ստորագրել, մարդկանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար

Տոնական, հաղթական Գյումրի

Հանրահավաքին վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել,4 մարդ հիվանդանոցում է

Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար. Սերժ Թանկյան

Արդեն ազատության մեջ է նաեւ Դավիթ Սանասարյանը

Սպիտակի երկրաշարժի դասերը ողջ աշխարհի համար. քննարկում ԱԻՆ-ում

Քիչ առաջ ազատ է արձակվել Արմեն Գրիգորյանը

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք և զսպվածություն. հայտարարություն

Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի անկեղծ հրճվանքը՝ Ս. Սարգսյանի հրաժարականից հետո

Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով. Մակրոնը Պուտինի մասին

Հուզմունքս մեծ է, հիացմունքս՝ անսահման, սերս՝ տիեզերական, դուք իմ ընտանիքն եք. Հայկո

Վանաձորի Հայքի հրապարակում նշում են վարչապետի հրաժարականը (լուսանկարներ, տեսանյութեր)

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ

Էդվարդ Նալբանդյանը Յուհո Էէրոլայի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվի գործողություններին

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Լեւոն Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը. նրան ազատ արձակելու որոշում դեռ չկա

Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը