Սերժ Սարգսյանը հայրաբար խորհուրդներ տվեց նոր խորհրդարանին. ցավոք, բացականեր կային

Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի գրեթե մեկ ժամից ավելի տեւողությամբ ելույթը 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում: Դա ոչ թե ելույթ էր այլ, ինչպես պաշտոնական փաստաթղթում է նշված ուղերձ` «Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը վեցերորդ գումարման Ազգային ժողովին»:

Իսկ իրականում Սերժ Սարգսյանը հայրաբար խորհուրդներ էր տալիս խորհրդարանին` ինչպես պետք է աշխատել, ինչպես պետք է պատգամավորներն իրար հետ հարաբերվեն, ինչպես պետք է խորհրդարանը հարաբերվի մյուս պետական կառույցների հետ, որոնք են Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները, որն ինչպես պետք է լուծել եւ այլն:

Օրինակ, ըստ Սերժ Սարգսյանի, կարեւոր է, որ խորհրդարանը պայքարի ներքին թշնամու, մասնավորապես` անարդարության դեմ: «Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները:

Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել եւս դատավորի թույլ տված անարդարությունը:

Գուցե մի փոքր էմոցիոնալ ստացվեց ասելիքս, բայց երեւի այլ կերպ հնարավոր չէ»,-ասաց նա:

Ըստ Սերժ Սարգսյանի, նոր խորհրդարանի ուսերին է մի մեծ առաքելություն` պետական կառավարման համակարգի ձեւափոխումը: Այդ առաքելությունը պատշաճ կատարելու համար նույնպես Սարգսյանը մտածել է, թե ինչ պետք է անել.

«Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն եւ լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան:

Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թեւերի ներդաշնակ փոխգործակցությունը եւ փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:

Պատկերացնում եմ Ազգային ժողովի եւ պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու եւ նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:

Ես դա անելու եմ նաեւ վաղը, առնվազն մինչեւ իմ՝ որպես նախագահի պաշտոնավարման ավարտը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ կարեւորում է, որպեսզի խորհրդարանի դահլիճում հարգանքի մթնոլորտ տիրի, ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորը մոռանան քարոզարշավի փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները: Ընդ որում, Սերժ Սարգսյանը հարկ համարեց գոհունակություն հայտնել այն կապակցությամբ, որ այս ընտրություններում այդ մեղադրանքները ավելի չափավոր էին, քան նախորդ ընտրություններում: Սարգսյանը ակնկալում է, խորհրդարանում ոչ թե սրամտություններ լսել, այլ լուրջ եւ հիմնավոր քննադատություն:

«Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, այն բոլոր մարդկանց առջև, ովքեր այստեղ նստածների օգտին քվեարկելով, նրանց հետ հույս են կապել, ավելի լավ հայրենիք ունենալու հույս, ավելի անվտանգ ու ավելի արդար հայրենիք ունենալու հույս: Ու մենք՝ այստեղ գտնվողներս, իրավունք չունենք հուսախաբ անելու այդ մարդկանց:

Իսկ հուսախաբ չանելու համար մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այս դահլիճում տիրի փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության մթնոլորտ, որ այս դահլիճում տարաձայնությունները լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր նեղ անձնական, շրջապատի և, վերջապես, իր կուսակցության շահից վեր դասի պետության ու հայրենիքի շահը:

Հուսախաբ չանելու համար պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները. արդար լինելու համար պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ դրանք ավելի չափավոր էին, քան նախկինում:

Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը:

Պառլամենտական բանահյուսությանը միգուցե և բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել: Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա»:

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչպես պետք է լինեն քվեարկությունները: Մասնավորապես, նրա կարծիքով ճիշտ չէ, որ ընդդիմադիր պատգամավորը պետք է միշտ եւ ամեն ինչին դեմ քվեարկի, հակառակ դեպքում կնշանակի, որ նա ծախված է:

«Երբ ծանոթանում ես քվեարկություններին, տեսնում ես, որ որոշ պատգամավորները օրենքների 95 և ավելի տոկոսին դեմ են քվեարկել: Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլևս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է: Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի: Ես ուզում եմ, որ քվեարկելիս ոչ թե այս տրամաբանությամբ առաջնորդվեք, այլ քվեարկության հիմքում դնեք մի պարզ ճշմարտություն. այդ որոշումն ինչ օգուտ ու ինչ վնաս է տալու մեր պետությանը, մեր հայրենիքին»,- ասաց նա:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորները, սակայն բոյկոտել էին Սարգսյանի ուղերձը եւ խորհրդարանի դահլիճ մտան միայն այն բանից հետո, երբ նա հեռացավ: Այնպես որ, չի բացառվում, որ ընդդիմադիրների քվեարկությունները Սերժ Սարգսյանի ցանկություններին համապատասխան չլինեն, որքան էլ որ դա ցավալի է:

Շատ կարեւոր ես մեկ խորհուրդ հնչեց Սերժ Սարգսյանի կողմից.

«Ցանկանում եմ նաև ընդգծել, որ այդպիսի համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ»,- ասաց նա:

Բարեբախտաբար, սույն ուղերձի հասցեատերերի ողջ աստղաբույլը դահլիճում էր եւ շատ ուշադիր լսում էին ՀՀԿ առաջնորդի խոսքը, ինչը նշանակում է, որ առաջիկայում ականատես կլինենք, թե ինչպես է կյանքի կոչվում չափազանց դիպուկ այս բանաձեւը:

Տպել
17080 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը