Ինչու են կրակում բերքաբերի սահմանագլխին

16/06/2017 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 18-ի համարում

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում ցերեկային ժամերին ամեն ինչ խաղաղ է, բայց որեւէ մեկը չի կարող նախապես ասել, թե երեկոյան եւ գիշերն իրավիճակն ինչպիսին կլինի. վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի փոխհրաձգությունները դարձել են սովորական, իսկ մի քանի օր առաջ դրանց արդյունքում ունեցանք նաեւ մեկ զոհ՝ հունիսի 14-ի գիշերը նշանառուի գնդակից զոհվեց դասակի հրամանատար, լեյտենանտ, 1982թ. ծնված Սամվել Գեւորգի Վշտունցը: Այս օրերին եւս երեք հայ զինվորականներ ադրբեջանցիների արձակած գնդակներից վիրավորվել են: Մեր այն հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Բերքաբերում, տեղի զինվորականները կեսկատակ, կեսլուրջ պատասխանեցին՝ գիշերը մնացեք այստեղ, կտեսնեք: Ընդհանրապես զինվորականներն իրենց բնորոշ քչախոս են եւ հրաժարվում էին պաշտոնական տեսակետներ ներկայացնելուց:

Սակայն սա այն դեպքերից չէ, երբ պաշտոնական ինֆորմացիա է պետք տիրող իրավիճակը հասկանալու համար: Բավարար է լինել տեղում ու այդ ամենը տեսնել սեփական աչքերով: Ուստի, փորձենք ներկայացնել այն ամենն, ինչը պարզեցինք Բերքաբերում կամ ականատես եղանք տեղում: Գյուղը տեղակայված է Ջուղայի ջրամբարի ափին, որը ոչ վաղ անցյալում վերանվանվել է Բերքաբերի ջրամբար: Ջրամբարի մյուս ափին է գտնվում ադրբեջանական Մազամ գյուղը: Բերքաբերի վարելահողերի մեծ մասը ջրամբարի դե ֆակտո ադրբեջանական կողմում է՝ Մազամից ոչ այնքան հեռու: Ներկա վիճակում ՀՀ վարչական սահմանում գտնվող մի քանի 100 հեկտար տարածքներ փաստացի ադրբեջանցիների հսկողության տակ են: Բացի այդ, ողջ գյուղը եւ ջրամբարի հարավային ափին գտնվող մեր հողերի գերակշիռ մասն ադրբեջանցիների տեսադաշտում են: Ինչպես բերքաբերցիներն են ասում՝ իրենց գյուղը ադրբեջանական կողմից տեսանելի է՝ ինչպես ձեռքիդ ափի մեջ:

Բերքաբերի անվտանգությունն ապահովող Հայաստանի ԶՈւ ստորաբաժիննները տեղակայված են ջրամբարի հայկական կողմում՝ ամբարտակի հարեւանությամբ: Իսկ ադրբեջանցիների զինված ուժերը մինչ այդ տեղակայված են եղել ջրամբարից մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող դիրքերում, այսինքն` ՀՀ վարչական սահմանից դուրս: Հունիսի առաջին օրերին բերքաբերցիները եւ մեր զինվորականներն անակնկալ արձանագրել են, որ ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից առաջ են եկել մի  քանի 100 մետր` լեռան փեշից իջնելով ջամբարի ափ, հասնելով ամբարտակին: Դրանից առաջ էլ դեպքեր են արձանագրվել, երբ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվել նշված տնակի մոտակայքում, բայց դա ժամանակավոր է եղել: Այս անգամ ադրբեջանցիները, գիշերներն իրենց դիրքերում խրամատներ փորելով, հատել են վարչական սահմանը եւ փաստորեն՝ խրամատավորվել մեր տարածքում:

Չնայած այդ տարածքը գտնվում է լճի հակառակ ափին, այնուամենայնիվ՝ ՀՀ-ին է պատկանում, եւ ադրբեջանցիները նախկինում միշտ խուսափել են այդտեղ հաստատվելուց: Սակայն, այս անգամ նրանք կարծես որոշել են հիմնովին հաստատվել ջրամբարի ափին, ինչը, բնականաբար, միտված է ջրամբարը բերքաբերցիներին անհասանելի դարձնելուն: Ամեն դեպքում, նման պայմաններում բերքաբերցիները միայն սեփական կյանքը վտանգելու գնով կարող են գործնականում համոզվել՝ ադրբեջանցիները յուրաքանչյուր լճի ափին շարժվող «օբյեկտի» ուղղությամբ կրակ կբացե՞ն, թե՝ ոչ: Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ ստորաբաժինները միջոցներ են ձեռնարկել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը կանխելու համար, հակառակորդը կրակ է բացել, եւ այլեւս ակնհայտ է դարձել, որ նրանք որոշակի նպատակով են առաջ եկել:

Բերքաբերի գյուղապետ Վլադիմիր Թամրազյանը հստակ պարզաբանեց ադրբեջանցիների առաջխաղացման նպատակը: Բանն այն է, որ հարեւան բոլոր հայկական գյուղերի ջրամատակարարումն ապահովվում է ջրամբարից մղվող ջրով: Իսկ ջրամբարի վրա հաստատվելու դեպքում ադրբեջանցիները կարող են խափանել պոմպակայանի գործունեությունը՝ Բերքաբերին եւ հարեւան գյուղերին զրկելով ոռոգման ջրից: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից մինչ օրս խոշոր տրամաչափի գնդացիր օգտագործելու վերը նշված միակ դեպքն արձանագրվել է հատկապես պոմպակայանի գնդակոծման ժամանակ. հակառակորդը փորձել է խափանել պոմպերի աշխատանքը: Բարեբախտաբար, նրանց չի հաջողվել դա անել, եւ հուսով ենք՝ ապագայում էլ չեն կարողանա:

Ի պատիվ մեր զինվորականների՝ հարկ է նշել, որ նոր իրավիճակի ստեղծման պահից առաջին գծում են, եւ Բերքաբերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները իրականացնում են ՀՀ ԶՈւ Իջեւանի գնդի սպայական անձնակազմի ներկայացուցիչներն ու մարտական փորձ ունեցող զինվորականները, իսկ ժամկետային զինծառայողներն այս օրերին ետ են քաշված: Վերջին 10 օրերին Իջեւանի գնդի հրամանատար Օնիկ Գասպարյանը եւ հրամանատարության մեծ մասը մշտապես գտնվում են Բերքաբերում ու անձամբ են կազմակերպում իրականացվող միջոցառումները: Պարբերաբար Բերքաբեր են ժամանում նաեւ ՀՀ ԶՈւ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, ինչը եւս մեկ անգամ փաստում է իրավիճակի ողջ լրջությունը: Ներկայումս մեր զինվորականները հատուկ միջոցառումներ են իրականացնում, որոնք ադրբեջանական կողմին ստիպելու հնարավորություն կընձեռեն, որպեսզի նրանք իրենց հեռահար նպատակներից հրաժարվեն:

Եւ քանի որ մեր եւ նրանց զինվորականների միջեւ բաց տարածություն է, ցերեկային ժամերին որեւէ գործողություն հնարավոր չէ՝ կարող է նկատվել հակառակ կողմից: Արդյունքում, վերջին 10 օրերին մեր զինվորականները ցերեկային ժամերին հիմնականում սպասողական վիճակում են, եւ միայն մութն ընկնելուն պես են զբաղվում պաշտպանական դիրքերի ամրապնդմամբ: Այս ամենը գիտակցում են նաեւ ադրբեջանցիները, եւ դրա համար է, որ երեկոյան ժամերին ու գիշերները պարբերաբար հնչում են կրակոցներ, որոնք ավելի շատ աննպատակ են՝ միտված տեղում պաշտպանական դիրքերն ամրապնդող հայ զինվորականների աշխատանքները խոչընդոտելուն: Գյուղի ուղղությամբ մինչ օրս բարեբախտաբար կրակոցներ չեն հնչել. հիմնականում կրակում են փոքր տրամաչափի ավտոմատ հրազենից: Այս երկշաբաթյա փոխհրաձգությունների ընթացքում ընդամենը մեկ անգամ է գործի դրվել խոշոր տրամաչափի գնդացիր:

Ինչպես է ապրում բերքաբերցին

Գյուղն ունի մոտ 130 տնտեսություն, մոտ 500 բնակիչ, իսկ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է շուրջ 90 աշակերտ: Բերքաբերում ընդամենը մեկ հեռախոսահամար կա, որը զուգահեռ միացված է գյուղապետի աշխատասենյակին եւ փոստի բաժանմունքի խոսակցական կետին: Ըստ գյուղապետ Վլադիմիր Թամրազյանի՝ չնայած գյուղի աշխարհագրական դիրքի պատճառով, 1988թ. սկսած, իրենք ստիպված են իրենց օրը կրակոցների ներքո անցկացնել, եւ մարտական գործողություների ժամանակ գյուղացիներից բազմաթիվ մարդիկ են զոհվել, բայց Բերքաբերից զգալի արտագաղթ չկա: Իրենց գյուղի «կայունությունը», ըստ գյուղապետի, պայմանավորված է նրանով, որ բերքաբերցիները չեն կարող հեռանալ, որովհետեւ համապատասխան միջոցներ չունեն կամ եթե նույնիսկ ինչ-որ տեղից պարտքով գումար հայթայթեն՝ գնալու տեղ չունեն:

Բերքաբերցիների խոսքերով՝ ամիսը կամ մի քանի ամիսը մեկ հնչող ավտոմատ հրազենների կրակահերթերը իրենց համար սովորական են դարձել: Դրանք ավելի շատ հնչում են աննպատակ եւ՝ ոչ գյուղի ուղղությամբ. այդկերպ՝ ադրբեջանցիներն ավելի շատ փորձում են հիշեցնել, որ իրենք շարունակում են մնալ լճի հակառակ կողմում: Սակայն, վերջին փոխհրաձգությունները բերքաբերցիների շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Հնարավո՞ր է նորից պատերազմ սկսվի՝ հարցը Բերքաբերում կրկին արդիական է դարձել: Մարդիկ օրն անցկացնում են առանց պատկերացում ունենալու, թե հաջորդ օրն ինչպիսին կլինի, եւ արդյո՞ք մի օր էլ ավտոմատները կամ՝ որ ավելի վտանգավոր է, խոշոր տրամաչափի զենքերը չեն ուղղվի իրենց գյուղի, այսինքն՝ խաղաղ բնակչության ուղղությամբ: Իհարկե, նրանք նաեւ վստահ են, որ հաջորդ պահին ադրբեջանցիները կրկնակի ուժգնությամբ պատասխան կստանան, սակայն, ինչպես ասում են, այս դեպքում իրական հաղթողներ չեն կարող լինել, քանի որ երկու կողմից էլ կլինեն զոհեր, իսկ թե հատկապես ովքեր կլինեն՝ կորոշի ճակատագիրը: Մի խոսքով՝ պատերազմը պետք է բացառվի:

Ըստ Բերքաբերի գյուղապետի՝ վերջին տարիներին գյուղը մի կերպ սկսել էր բնականոն կյանքով եւ ընդհանուր հոգսերով ապրել, իհարկե՝ չմոռանալով իրենց գյուղի առանձնահատուկ իրավիճակի մասին: Բանն այն է, որ Բերքաբերի վարելահողերի 80 տոկոսը՝ մոտ 500 հեկտար, գտնվում է ջրամբարի հակառակ կողմում` ադրբեջանական Մազամ գյուղի հարեւանությամբ: Արդյունքում, գյուղը ստիպված է բավարարվել մնացած 20 տոկոսից կամ 80 հեկտարից եւ տնամերձ այգիներից ստացված բերքուբարիքով: Այս տարի, սակայն, իրավիճակն առավել քան բարդ է, քանի որ գարնանային ցրտահարությունների հետեւանքով բերքաբերցին որեւէ պտղի բերքի հույս չունի՝ ամբողջը ոչնչացել է: Անցած տարիներին բերքաբերցիները օգտվել են նաեւ ջրամբարի բարիքներից: Ըստ մեր զրուցակից բերքաբերցի տատիկի՝ իրենց համագյուղացիներին հաջողվել է մինչեւ 15 կգ քաշով սազան որսալ լճից:

Երբեմն գյուղացիները որսած ձուկը տարել-վաճառել եւ այդկերպ են իրենց հացի խնդիրը հոգացել, սակայն այս կրակոցներից հետո բերքաբերցիները չեն համարձակվում ջրամբարի ափը գնալ, քանի որ որեւէ երաշխիք չկա, որ նշանառուի գնդակի չեն արժանանա: Բերքաբերը պետբյուջեից տարեկան ստանում է ընդամենը 1 մլն 900 հազար դրամ դոտացիա, ինչը, ըստ գյուղապետի, չի բավարարում անգամ գյուղապետարանի 5 աշխատակիցների կենսաթոշակային վճարները եւ աշխատավարձերը վճարելուն: Իսկ ամենատարօրինակ կամ ավելի ճիշտ՝ զայրացնող փաստն այն է, որ մարզի բյուջետային մուտքերը պլանավորելիս՝ հողահարկեր են հաշվարկվում նաեւ ջրամբարի հակառակ կողմում ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող հողերից: Արդյունքում, Բերքաբերում ակնկալվող հողահարկերի չափերն արհեստականորեն մեծանում են, սակայն գործնականում՝ այդ հողերից ոչ մի լումա չի ստացվում, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո դրանք մշակվել եւ այդտեղից բերք է հավաքվել միայն մեկ անգամ՝ 1993-ին, երբ ադրբեջանցիների հետ պայմանավորվել են այդ հողերում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու ընթացքն ապահովել զինվորականների համատեղ հերթապահության միջոցով: Սա չնայած հաջողվել է, սակայն՝ առաջին եւ վերջին անգամ:

Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ դժվար է ասել, բայց Բերքաբերի գյուղապետը վստահ է, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները կառաջարկեն զինադադարը վերահաստատել, քանի որ մի քանի օրից ջրամբարի հակառակ կողմում գտնվող ադրբեջանական գյուղերում պետք է սկսվի բերքահավաքը, իսկ որքան այս կողմում են մարդիկ ահաբեկված, նույնքան էլ՝ այն կողմում: Այսինքն՝ ոչ մի երաշխիք, որ եթե հակառակորդը  մեր գյուղացու վրա կրակի, այս կողմից եւս նույն կերպ չեն վարվի: Ըստ գյուղապետի՝ առաջիկայում ադրբեջանցիներն իրենք՝ իրենց զինվորականներին կստիպեն, որպեսզի նրանք մերոնց հետ զինադադար կնքեն եւ վերադառնան հին դիրքերը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1445 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել