Ապստամբության իրավունք. «Սասնա ծռերի» ու հանցակազմի մասին

21/06/2017 schedule14:41

Վերջին օրերին առավել ակտիվ են դարձել «Սասնա ծռեր» խմբի գործողություններում հանցակազմ լինել-չլինելու քննարկումները: Փորձենք տեսնել եւ գնահատել այդ գործողությունների համատեքստը եւ որոշ համեմատականներ տանել:

Ռեւանշ

2015թ. հունվարի 31-ին Բերձորի մոտ ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին Հիմնադիր խորհրդարանի անդամներին, ովքեր «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկման ավտոերթ էին կատարում դեպի Լեռնային Ղարաբաղ: Բռնության ենթարկված անձանց թվում էին Ժիրայր Սեֆիլյանը, նրա կինը եւ որդին, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ այլ անձինք: Ծառայողական քննության արդյունքում 10 ոստիկան ազատվեց աշխատանքից, 9-ին հայտարարվեց նկատողություն, սակայն նրանցից ոչ ոք քրեական պատասխանատվության չենթարկվեց՝ չնայած ակնհայտորեն հանցակազմ պարունակող արարքին:

Այսինքն, իշխանությունը ոստիկանության միջոցով բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ այն բանի համար, որ քաղաքացիները դժգոհ են իրենից եւ իրեն հեռացնելու նպատակով փորձել են խաղաղ գործողություններ ձեռնարկել: Իշխանությունը փորձել է բռնության միջոցով «հարցեր լուծել»:

2016թ. հուլիսի 17-ի առավոտյան իրենց «Սասնա ծռեր» կոչող մի խումբ անձինք, որոնց թվում էին նաեւ վերոնշյալ Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամներ, գրավեցին ոստիկանության պարեկապահակային ծառայության Էրեբունի թաղամասում տեղակայված գունդը, ներկայացնելով հետեւյալ պահանջները՝ կապված Հայաստանի ժողովրդավարացման եւ Արցախի հարցերի հետ:

Խումբը ՊՊԾ գունդն իր ձեռքում պահեց մինչեւ հուլիսի 31-ը, երբ խմբի անդամները հանձնվեցին ոստիկաններին:

Այս դեպքում, ի տարբերություն Բերձորում բռնություն գործադրած ոստիկանների, «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ քրեական գործ հարուցվեց օրենսգրքի մի շարք հոդվածներով:

Այսինքն, քաղաքացիները ոստիկանական ապարատի նկատմամբ բռնության միջոցով իշխանությանը հեռացնելու ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: Քաղաքացիները փորձել են բռնության միջոցով «հարցեր լուծել»: ... Էական տարբերությունն այն է, որ այս անգամ զոհեր եղան:

Ապստամբության իրավունքը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում ասվում է, որ անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որ նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ:

Արդյո՞ք Հայաստանում օրենքի իշխանությամբ պաշտպանված են մարդու իրավունքները: Հանրության ճնշող մեծամասնության պատասխանը կլինի՝ ոչ (կամ, առնվազն, ոչ միշտ): Արդյո՞ք ընդվզումը վերջին միջոցն է: Ավանդաբար գոյություն ունի իշխանափոխության երկու տարբերակ՝ ընտրություններ եւ հեղափոխություն (վերջինս կարող է լինել զենքով եւ առանց զենքի): Հայաստանում դեռ ոչ ոք գործով չի ապացուցել, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխության հասնել: «Սասնա ծռերը» փորձեցին զինված հեղափոխական ճանապարհը, որը նույնպես հաջողության չհասավ:

ՊՊԾ գնդի գրավման շրջանում Հայաստանում, ի աջակցություն «Սասնա ծռերի» տեղի ունեցած բազմահազար ցույցերը վկայությունն են այն բանի, որ նրանց ընտրած ճանապարհը համախոհներին մոբիլիզացնելու առումով արդյունավետ էր, թեեւ վերջնական հաջողության չհասավ: Մինչ այդ նույն Հիմնադիր խորհրդարանի նմանատիպ պահանջներով խաղաղ հավաքները նման հանրային աջակցություն չէին վայելում: Այս առումով հարկ է ընդգծել, որ «Սասնա ծռերի» պահանջները միայն իրենց անհատական պահանջները չէին, այլ հանրության մի ստվար զանգվածի:

Հարկ է նշել նաեւ, որ Բերձորի դեպքը միայն մեկ օրինակ է ոստիկանական այն բռնություններից, որոնք հայտնի են հանրությանը: Ոստիկանական բռնություններն, իրենց հերթին, իշխանություններից հանրության դժգոհության միայն մեկ պատճառն են: Մարդիկ դժգոհ են անպատժելիությունից, ապօրինություններից, սոցիալական անարդարություններից, արտաքին քաղաքականությունից եւ այլն:

Ինչեւէ, «Սասնա ծռերի» գործողություններում սոսկ հանցակազմի վրա ուշադրություն դարձնելն այնքան անհեթեթ է, որքան ինչ-որ ուժի՝ սոսկ խորհրդարանում փոքրամասնություն կազմելու հիմքով անարդյունավետությանը ուշադրություն դարձնելը: Նրանց գործողությունները դիտարկել սոսկ օրենքի հարթությունում եւ նրանց անվանել հանցագործներ այն պարագայում, երբ իշխանությունը եւ ոստիկանությունը օրենքի հարթությունից դուրս է, առնվազն անհամաչափ մոտեցում է:

Համենայնդեպս, «Սասնա ծռերին» մեղադրելիս պետք է նախ պատասխանել հետեւյալ հարցին. արդյո՞ք Հայաստանում կա իշխանափոխության այլ (ավելի անցավ) տարբերակ, քան «Սասնա ծռերի» ընտրածը:

Հավելենք, որ ապստամբության իրավունքը ընդգծված է նաեւ հայոց պատմության դասագրքերում, ուր Արաբական Խալիֆայության կամ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների դեմ ապստամբություն բարձրացնողները որակվում են որպես հերոսներ եւ ոչ այդ երկրների օրենսդրությունը խախտող անձինք (օրինակ՝ Օսմանյան կայսրության օրենսդրությամբ հայ ֆիդայիները ապօրինի զենք կրող հակապետական կազմակերպված խմբեր էին): ... Նույնը կարելի է ասել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Բաստիլը գրավողների մասին, կամ Սովետական իշխանությունների դեմ ապստամբող Գարեգին Նժդեհի մասին:

Հ.Գ. Հետաքրքրական է, որ ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու ջատագով ուժերին հաճախ մեղադրում են կոմպրոմիսի գնալու, իշխանությանը լեգիտիմացնելու եւ նույնիսկ իշխանությանը «ծախված լինելու» մեջ: Իսկ հեղափոխական ճանապարհով փոփոխությունների հասնելու ջատագով ուժերին մեղադրում են բռնության, հանցանք գործելու մեջ: Փաստն այն է, որ երկու դեպքում էլ մեղադրանքներ հնչում են, քանի որ դեռ որեւէ մեկն իր ընտրած ճանապարհով հաջողության չի հասել:

Դանիել Իոաննիսյան

Տպել
28969 դիտում

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

ՀՀ-ն, սփյուռքն ու Արցախը պետք է միասնական կարողանան կյանքի կոչել դարավոր իղձերը. պնախարար

Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ

25 տարվա ընթացքում առաջին անգամ Նիդերլանդների սենատի նախագահը Հայաստանում է

Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին Brexit-ի բանակցություններն արգելակելու մեջ

Դի-Կապրիոն,Թոմ Հենքսը, Քլոե Քարդաշյանը եւ այլք`«Հայաստանի մանուկներ»-ի այս տարվա աջակիցներ

Լավրովի այցից առաջ. ռուս փորձագետները խոսում են ԼՂ հակամարտության անլուծելի լինելու մասին

«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իրեն ու իր տեղակալներին պարգեւատրել է

Մոսկվան հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները. Ջեյմս Քոյլ

«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել

Վաղվանից Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Անգլիայի երկնքում բախվել են ուղղաթիռն ու ինքնաթիռը. կան զոհեր. տեսանյութ

ԵՄ-ՀՀ համաձայնագրին ընդառաջ` դիմում ՀՀ իշխանություններին` ազատել բոլոր քաղբանտարկյալներին

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվողները չեն պահպանել հիգիենայի, տեխնոլոգիայի նորմերը

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 7 ՃՏՊ, արդյունքում` 2 զոհ, 7 վիրավոր