Կայունությունը շարունակում է շարունակվել…

30/06/2017 schedule14:25

«Այդ ֆիլմի («Մայրիկ»-Լ.Ա.) առաջին տեսարանները ցույց են տալիս, թե ինչպես էին ունեզրկված հայերը, ովքեր անգամ տանիք չունեին գլխներին, Մարսելի նավահանգստում հետեւում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը:

Բեռլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջեւանած հայերի մեջ: Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը: Դա ոչ թե վրեժի, այլ արդարության, ցնծության լուր էր http://www.president.am/hy/foreign-visits/item/2011/12/07/news-344/:

Սա Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված է, որը նա արտասանել է 2011-ին, Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Այս մեջբերումը էական է այն առումով, որ, փաստորեն, մարդասպանությունը, որն իրականացրել էր Սողոմոն Թեհլերյանը, ապա եւ՝ Թեհլերյանի արդարացումը գերմանական դատարանի կողմից, ոչ միայն «Մարսելի նավահանգստում» գտնվող հայերն են ընկալել իբրեւ «արդարության ցնծության լուր», այլեւ Սերժ Սարգսյանը:

Հունիսի 8-ից սկսվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նկատում են, որ «Սասնա ծռեր» խմբի գործողություններում «քրեական հանցակազմ» կա. «մենք ունենք սպանված մարդիկ, մենք ունենք ապօրինի զենքի շրջանառություն»:

Այդպես է: Պարզապես, ինչպես «Մայրիկ» ֆիլմը դիտած Սերժ Սարգսյանը հանցակազմ չէր տեսել Թալեաթին սպանած Թեհլերյանի արարքում, նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաեւ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները՝ դրանք չառանձնացնելով կոնտեքստից:

ՊՊԾ գնդի գրավումը պետք է քննել, կոնկրետ պատասխանելով հարցերին՝ ինչու՞ «Սասնա ծռեր» խմբի կազմում Արցախի ազատամարտի հերոսներ կային եւ նրանցից մեկն էլ՝ Պավլիկ Մանուկյանն այնտեղ էր որդու հետ: Եվ որո՞նք էին ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկների քաղաքական պահանջները: Այսինքն՝ հստակ պետք է զատել՝ ՊՊԾ գնդի գրավումը քաղաքակա՞ն քայլ էր, թե՞ քրեական:

 Սպանությու՞ն է տեղի ունեցել: Այո, ոստիկան է զոհվել:

Նրա մահվան համար անպայման պատասխանատվություն պիտի կրի սպանողը:

Բայց ինչու՞ Քրեական օրենսգրքում այդպես էլ որեւէ հոդված չգտնեց մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացիներին սպանած հանցագործների համար:

2015-ի հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած վայրագությունն ու թշնամանքը Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների հանդեպ, մեքենաների ապակիներն ուղեւորների, այդ թվում՝ կանանց ու երեխաների վրա ջարդելը քրեական հանցակազմ պարունակո՞ղ գործողություն էր, թե՞ ոչ: Եթե այո, ու՞ր են հանցավորները:

Կյանքի բոլոր իրավիճակների համար իշխանություններն ունեն սենտիմենտալ մի արդարացում՝ ապակայունացնում եք երկիրը՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին:

Այս դեպքում տեղին է տալ նաիվ մի հարց՝ կայունությունը լա՞վ է, թե՞ վատ:

Կայունությունը տարբեր է լինում: Եթե խոսքը Շվեյցարիայի մասին է, ապա իհա՜րկե լավ է: Բայց ճահիճներում եւս սարսափելի կայուն է: Կայուն է նաեւ Հայաստանում:

Հայաստանի իշխանությունները կայուն հարստանում են: Կայուն է մեր երկրում հասարակության անվստահությունն իշխանությունների, պետական բոլոր ինստիտուտների հանդեպ: Կայուն են արտագաղթի ծավալները: Կայուն է սահմանին զոհված տղաների մասին տեղեկատվությունը: Կայուն է աղքատության ցուցանիշը: Կայուն է տնտեսության անկումը:

Եթե այս կայունությունն այնքան հարազատ է, որ հնարավոր չէ բաժանվել նրանից, դա եւս կայուն դիագնոզի մասին է խոսում: Ի դեպ, չափազանց կայուն վիճակում է նաեւ մահացած մարդը. ավելի կայուն երեւի չի լինում:

«Սասնա ծռեր» խմբի՝ գոնե մեզ հայտնի անդամները մինչեւ ծայրահեղ ու հուսահատ այս քայլը փորձել են պայքարել բացառապես իրավական ճանապարհով: Նրանց երբեւէ խարդախության, փողի յուրացման, կեղծիքներին մասնակցելու, ընտրակեղծարարության, կոռուպցիայի մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նրանց գործողությունները դատապարտող շատերին:

Անզորության գիտակցությունը երիտասարդներին եւ, առհասարակ, մտածող մարդկանց, կարող է հասցնել ծայրահեղ քայլերի:

Բռնությունը երբեմն ինքնապաշտպանության դրսեւորում է: Հասկանալի է, ոչ միշտ: Բռնությունը նաեւ քրեական հանցագործություն է, տեռորիզմ, մարդասպանություն՝ տնտեսական դրդապատճառներով (այս մասին առավել մանրամասն կարող են պատմել ՀՅԴ անդամները): Այսինքն՝ մարդասպանության ծանրագույն մեղադրանքները շալակած այս կուսակցության անդամները եւս զայրացած են ՊՊԾ գնդի գրավումով:

Առհասարակ, զինված հարձակումը դատապարտելի գործողություն է:

Եվ «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես հետո դատապարտեցին քաղաքական գրեթե բոլոր ուժերն ու հասարակական կազմակերպությունները, հայտնի դեմքերը: «Մի խումբ մտավորականներ» ստորագրությամբ տեքստն անմիջապես հայտնվեց շրջանառության մեջ՝ «Ծռերին» դատապարտող տեքստով:

Հետաքրքիր էր «Արցախի ազատամարտիկների միություն» կազմակերպության դատապարտումը: Ըստ այդմ՝ պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականը, վստահության կառավարության ստեղծում, բացառելով ԼՂՀ բանակցություններին ՀՀ իշխանությունների կողմից ազատագրված տարածքները հանձնելը՝ «Սասնա ծռերը» «թուլացնում է Հայաստանը՝ վտանգելով նաեւ Արցախի ապագան»:

Բայց կա կարեւոր մի հարց եւս. ի՞նչ փոխեց «Սասնա ծռեր» խմբի գործողությունը: Կոնկրետ իշխանությունների մակարդակում՝ բացարձակ ոչինչ: ՊՊԾ գնդի գրավումից ՀՀԿ-ականներից մի քանիսը կցկտուր խոսքեր հնչեցրին դասեր քաղելու մասին, սակայն տակավին վերջերս խորհրդարանական, ապա եւ՝ Երեւանի ավագանու ընտրությունները ամեն ինչ իրենց տեղը դրեցին:

Այն, որ ոչինչ չի փոխվել, օրերս հաստատեց նաեւ պատկառելի տարիք ունեցող ԱԺ նախագահը. «Հավանաբար ինձ էլ կարող էին հարց տալ, թե պարոն Բաբլոյան, արդյոք 2018-ին դուք լինելո՞ւ եք ԱԺ նախագահ, թե՞ ոչ: Ես լինելու եմ իմ ժողովրդի ծառան եւ կանեմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա, այնտեղ, որտեղ կլինեմ պիտանի, այնտեղ էլ կաշխատեմ: Այս ծրագիրը մեր կուսակցության եւ մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է եւ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը»:

Կարճ ասած՝ երկրում կայունությունը շարունակվում է…

Լիլիթ Ավագյան

Տպել
26860 դիտում

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

ՀՀ-ն, սփյուռքն ու Արցախը պետք է միասնական կարողանան կյանքի կոչել դարավոր իղձերը. պնախարար

Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ

25 տարվա ընթացքում առաջին անգամ Նիդերլանդների սենատի նախագահը Հայաստանում է

Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին Brexit-ի բանակցություններն արգելակելու մեջ

Դի-Կապրիոն,Թոմ Հենքսը, Քլոե Քարդաշյանը եւ այլք`«Հայաստանի մանուկներ»-ի այս տարվա աջակիցներ

Լավրովի այցից առաջ. ռուս փորձագետները խոսում են ԼՂ հակամարտության անլուծելի լինելու մասին

«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իրեն ու իր տեղակալներին պարգեւատրել է

Մոսկվան հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները. Ջեյմս Քոյլ

«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել

Վաղվանից Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Անգլիայի երկնքում բախվել են ուղղաթիռն ու ինքնաթիռը. կան զոհեր. տեսանյութ

ԵՄ-ՀՀ համաձայնագրին ընդառաջ` դիմում ՀՀ իշխանություններին` ազատել բոլոր քաղբանտարկյալներին

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվողները չեն պահպանել հիգիենայի, տեխնոլոգիայի նորմերը

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 7 ՃՏՊ, արդյունքում` 2 զոհ, 7 վիրավոր