Մարալիկում ապրող ընտանիքի երեխաները տարիներ շարունակ դպրոց չեն հաճախում. տուն չեն ունեցել

Սեպտեմբերի մեկը մոտենում է: Շատ երեխաների համար դա լինելու է ուսումնական տարվա սկիզբը: Բայց կան նաեւ դպրոցահասակներ, որոնց դեպքում այդ օրը չի տարբերվի մյուսներից ու հիշարժան չի դառնա:

Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը բարձրաձայնում են նաեւ պատկան մարմինները: Արդեն նույնիսկ խոսվում է խոչընդոտ հանդիսացող ծնողներին 30 հազար դրամով տուգանելու անհրաժեշտության մասին: Այդ հնարավորությունը նախատեսում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, որն առայժմ միայն թղթի վրա է եղել:

Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու ծրագիր նախաձեռնելու մասին: Իսկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ օրինակ Լոռու մարզում իրականացված փորձնական հետազոտության ժամանակ պարզվել է, որ 2014-2015 ուսումնական տարում դպրոց չի հաճախել շուրջ 200 երեխա:

Մեր հարցին պատասխանելով` նա վստահեցրեց, որ ընտանիքների հետ տարված համապատասխան աշխատանքի շնորհիվ երեխաների 98 տոկոսը հաճախել է դպրոց:

Ուսումնառությունը հետաձգելու երեւույթը գերակշիռ դեպքերում հատուկ է 6 տարեկան երեխաների ծնողներին:

«Երեխային դպրոց չուղարկելը ծնողները հիմնականում պատճառաբանում են նրա ֆիզիոլոգիական վիճակով` փոքրամարմին է, միգուցե չհասցնի, եթե դպրոց հաճախի 7 տարեկանից, ավելի լավ կսովորի եւ այլն»,- պատասխանեց վարչության պետը:

Հանրակրթական հաստատություն չհաճախող երեխաներ կան նաեւ Շիրակի մարզում, ընդ որում, ոչ միայն 6 տարեկան:

Մեզ հաջողվեց պարզել, որ Մարալիկ քաղաքում ապրող ընտանիքի երկու երեխաներն էլ` 16 եւ 15 տարեկան, դպրոց չեն գնում: Եվ արդեն տարիներ շարունակ: Նրանց մայրը հաստատեց այդ տեղեկությունը, բայց եւ ասաց, որ չի ցանկանում հրապարակայնացնել խնդիրը, ու ներկայանալ հանրությանը:

«Իմ երեխաներից մեկը արհեստի է գնում, մյուսը` կոմպյուտերի, ինչ կարեւոր է` դպրոց չեն գնացել կամ գնում են: Այլեւս իմաստ չունի դպրոց այցելել, որովհետեւ այսքան տարի դպրոց չեն այցելել, հիմա էլ ի՞նչ պարտադիր է, որ գնան»,- ասաց նա` նշելով, որ խանգարել են սոցիալական բարդ պայմանները:

«Այսքան տարի չեն գնացել ընդհանրապես, որովհետեւ բնակվելու տեղ չեմ ունեցել: Հիմա էլ ուրիշ տեղ եմ տվել գործերը, պիտի գնան: Մասնավորի մոտ արհեստ պետք է սովորեն»,- նշեց դեռահասների մայրը` այդքանով ընդհատելով մեր զրույցը:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, մեր հարցմանը պատասխանելով, ասաց, որ օրինակ 2014 թվականին դպրոցահասակ, բայց կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը մարզում եղել է 14, 2015-ին` 3, 2016-ին` 10:

Նշեց, որ բոլոր այդ ընտանիքների հետ, բացառությամբ մեկի, աշխատել են, ուղղորդել են, եւ երեխաները գնացել են դպրոց:

«Մարալիկում ապրող երեխաների մայրը կտրականապես դեմ է, եւ երեխաներին թույլ չի տալիս դպրոց հաճախել: Բոլոր համապատասխան կառույցների հետ աշխատել ենք երեխաներին դպրոց ուղղորդելու համար, բայց արդյունքի չենք հասել»,- ասաց Լիլիթ Գորգինյանը: Հավելեց, որ եթե ծնողը խոչընդոտ է հանդիսանում եւ համագործակցության չի գնում, իրենց գործը բարդանում է, բայցեւայնպես այս երեխաների հետ կապված հարցը չեն համարում փակված ու այս տարի նույնպես փորձելու են փոխել իրավիճակը:

Բաժնի պետն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ երեխաներին դպրոց չուղարկելու պատճառների մեջ սոցիալականն ամենեւին էլ վճռորոշ չէ:

«Սոցիալականը պսեւդո պատճառ է: Հիմնական պատճառը միշտ թաքցվում է սոցիալականի տակ»,- ասաց նա: Նշեց, որ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են, ու ասենք օրինակ պարզվում է, որ իրականում ծնողը նպատակահարմար է գտնում երեխային դպրոց ուղարկել ոչ թե վեց, այլ յոթ տարեկանից, կամ իր նախընտրած դասվարը առաջին դասարան կարող է ընդունել միայն հաջորդ տարի, հայրն արտագնա աշխատանքի է, սպասում է գա, միասին ընտրեն երեխայի դպրոցը եւ այլն:

Այս ամենը, սակայն միայն առաջին դասարանցիներին է վերաբերում: Ու կարելի է եզրակացնել, որ երբ կրթությունից դուրս մնալու պատճառը փոքր համարվող տարիքն է, պատասխանատու պետական մարմիներին հաջողվում է հայտնաբերված դեպքերում ազդեցություն գործել ծնողների վրա, ու երեխաներին ուղղորդել դպրոց: Իսկ երբ խնդիրը խորը սոցիալական է, լուծումներ գտնելու առանձնակի ջանասիրություն չի դրսեւորվում:

Տպել
1496 դիտում

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին