Արդարադատության իմիտացիա. ճոպանուղու զոհերն ու մեղավորները

21/09/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 21-ի համարում

Ապրիլի 2-ին Երեւանի ճոպանուղու վագոնների վար ընկնելը սոսկ ողբերգական պատահար չէր. հինգ մարդկային զոհ, 6 վիրավոր, կորուստ, ցավ, տառապանք, վատնված նյութական միջոցներ: Դեպքից առաջացած շոկը հաղթահարելուց հետո բնականաբար հարց ծագեց՝ ո՞վ է մեղավոր: Կատարվածից վրդովված հասարակությունը, տուժողները, զոհերի հարազատները պահանջում էին գտնել մեղավորներին եւ պատժել: Միանգամայն արդարացված պահանջ: Սակայն, ինչպես մեզանում սովորաբար լինում է, մեղադրյալի աթոռին նստեցին ոչ բոլոր պատասխանատուները, կատարվածի պատճառներն ամբողջությամբ վեր չհանվեցին, գործը քննվեց մակերեսորեն եւ ուղարկվեց դատարան մի նպատակով՝ ցուցադրական դատավարություն անելու եւ արդարադատության իմիտացիա ստեղծելու համար:

Մեղադրյալի աթոռին նստեց «Երեւանի ճոպանուղի» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանը, որին մեղադրանք առաջադրվեց 245 հոդվածի 3-րդ մասով՝ «Տրանսպորտային միջոցներն անորակ վերանորոգելը կամ դրանք տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելը»՝ 4-10 տարի ազատազրկում: Նա այժմ ազատության մեջ է՝ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը: Ջանյանը, որը մոտ 30 տարի աշխատում է ճոպանուղում, իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ավելին, չսպասելով, որ գործի քննությունն ավարտվի եւ պարզվի մեղավորների շրջանակը, դեպքից անմիջապես հետո իր վրա է վերցրել կատարվածի ողջ պատասխանատվությունը եւ փոխհատուցել տուժողների վնասները:

Դրա համար վաճառել է իր բնակարանը եւ տուժողների մեծ մասին տվել այնքան գումար, որքան նրանք իրենից պահանջել են: Մինչդեռ, եթե նա չշտապեր ու չփակեր այդ վնասները, դրանք դրվելու էին ոչ թե անձամբ նրա, այլ «Երեւանի Ճոպանուղի» ԲԲԸ-ի վրա, որի սեփականատերը Ռոբերտ Եղիազարյանն է: Ի դեպ, վերջինս գործով անգամ չի հարցաքննվել եւ որպես վկա չի ներգրավվել: ԲԲԸ-ն փոխհատուցել է միայն վիրավորների հիվանդանոցային բուժումը՝ 1300 դոլարի չափով: Գրիգոր Ջանյանը, ի տարբերություն ընկերության, տուժողների վնասները փոխհատուցել է ըստ իրեն դիմելու կարգի, եւ քանի որ իր բնակարանի վաճառքից ստացված գումարն անսահմանափակ չէր, ուստի չի կարողացել բավարարել իրեն ուշացումով դիմած երեք տուժողներին՝ գումարը չի բավականացրել:

Այն տուժողները, ովքեր ստացել են փոխհատուցում եւ թերեւս հասկացել են, որ Ջանյանի մեղքը կատարվածի մեջ մեծ չէ, գրավոր դիմել են դատարանին եւ նշել, որ «խնդրում են գործը քննել իրենց բացակայությամբ՝ իրենք ամբաստանյալից որեւէ պարտք ու պահանջ չունեն»: Երեկ դատարան էին ներկայացել փոխհատուցում չստացած երեք տուժողները՝ Վրաստանի բնակիչ Նուրսունյանի իրավահաջորդը, իրանցի Ալի Աքբար Զարեհի իրավահաջորդը (երեք իրանցի է եղել վագոնում՝ երկուսը զոհվել են, մեկը՝ վիրավորվել) եւ Գագիկ Մանուկյանը՝ իր ներկայացուցչի հետ: Նրանք իրենց պահանջները ներկայացրին դատարանին: Նուրսունյանի իրավահաջորդը 6 հազար 600 դոլարի քաղհայց ներկայացրեց, իրանցին՝ 20 հազար 800 դոլարի: Այս գումարի մեջ էին մտնում դիակը Հայաստանից Իրան տանելու, թաղման ու հոգեհանգստի, նաեւ կերակրողին կորցնելու ծախսերը:

Դատարան ներկայացած մյուս տուժողի՝ Գ.Մանուկյանի քաղհայցը 3 միլիոն դրամից ավելի էր: Նա 800 հազար դրամ էր գնահատել իր հագուստը, որը դեպքի օրը եղել է հագին, մոտ 2 միլիոն դրամ՝ բուժման եւ դեպքից հետո ամբողջ ժամանակաընթացքում իր ընդունած սննդի արժեքը: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ պատրաստ է աշխատել ու վճարել այդ բոլոր գումարները, չնայած դրանց հիմնավորվածությունը կասկածելի էր: Տուժողների պահանջները քննարկելուց հետո դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը: Ջանյանը հայտարարեց, որ ընդունում է իր մեղքը՝ ինքը վստահել է վարպետին ու մյուս աշխատակիցներին:

Վարպետը ճոպանը նորոգող Արտյոմ Գաբուզյանն է, որը տարիներ շարունակ նորոգել ու սպասարկել է ճոպանուղին: Սակայն, քանի որ դեպքի նախօրյակին ճոպանուղու տնօրինությունը, գումար չունենալու պատճառով, նրա հետ գրավոր պայմանագիր չի կնքել, ուստի նա, որպես վկա ներկայանալով դատարան, ցուցմունք է տվել, որ Ջանյանը դեպքի նախորդ օրն իրեն ընկերական է խնդրել՝ ինքն էլ օգնել է նրան ճոպանի վթարը վերացնելու գործում: Հենց այդ սխալ նորոգումն էլ, ըստ փորձագիտական եզրակացության, դարձել է վթարի պատճառ: Փորձաքննությունը պարզել է նաեւ, որ ճոպանուղին եղել է անսարք, վթարային վիճակում, եւ նրա շահագործումն անթույլատրելի էր:

Նախաքննությունը պետք է պարզեր՝ ո՞վ է մեղավոր, որ ճոպանուղին անսարք վիճակում շահագործվել է՝ արդյո՞ք միայն գործադիր տնօրենը: Արդյո՞ք ճոպանուղուն առնչված մյուս անձինք (սեփականատերը, աշխատակիցները, նորոգող ու սպասարկող կազմակեպություններն ու անձինք) մեղք չունեն, որ ճոպանուղին նորմալ չի սպասարկվել, չի նորոգվել, մաշված մասերը ժամանակին չեն փոխվել: Ճոպանուղին մշտապես սպասարկվել եւ ստուգվել է վերելակների հսկողությունն իրականացնող մի կազմակերպության կողմից, որը տարին մեկ անգամ պարտադիր ստուգել է այն: Բնականաբար, գործին կցված է այս կազմակերպության տված վերջին ակտը, որտեղ արձանագրված է, որ ճոպանուղին սարքին է ու շահագործման ենթակա: Հաջորդ նիստում դատարանը կանցնի դատական վիճաբանություններին, ապա կհրապարակի դատավճիռը:

Արմինե Օհանյան

Տպել
1336 դիտում

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում