Սարգսյանն ու Ալիևը մեկնում են Սոչի. բանակցությունների վերսկսո՞ւմ, թե՞ միայն նախապատրաստում

10/10/2017 schedule13:48

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 11-ին կժամանեն Սոչի, որտեղ կանցկացվի ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովները: Նշվում է, որ Սոչիում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա այլ պետությունների ղեկավարների հետ, սակայն ոչինչ չի ասվում ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման մասին:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ Սոչիում Վլադիմիր Պուտինը կանցկացնի նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, ընդ որում, ընդգծել է, որ Պուտինը հանդիպելու է Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ, հավելելով. «Չեմ բացառում, որ լինեն նաև ուրիշ հանդիպումներ, ես թվարկեցի նրանք, որ արդեն համաձայնեցված են: Հնարավոր է, որ առանձին քննարկումներ էլ լինեն` օրինակ, ոտքի վրա, կամ այլ հանդիպումներ ևս անցկացվեն»,- ասել է նա:

Այժմ պարզ չէ ու տեղեկատվություն չկա՝ կլինի որևէ ձևաչափով հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, թե՝ ոչ: Պաշտոնական հայտարարություն այս պահին դեռ չկա: Բացառված չէ, որ Սոչիի քննարկումների ժամանակ կարող է նախապատրաստական աշխատանք տարվել Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման ու օրակարգի ճշգրտումների համար:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ 2016 թ-ի ապրիլյան ռազմական գործողություններին հաջորդած Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները պետությունների ղեկավարների մակարդակում փաստացի դադարեցվել էին:

Հայաստանը պնդում է Սերժ Սարսգյանի ու Իլհամ Ալիևի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների կատարման պարագայում վերսկսել բանակցություններ, ինչ Ալիեւն իր վերնոշյալ խոսքում անվանում է «նախապայմաններ»: Իսկ նախագահները պայմանավորվել էին հետեւել զինադադարի ռեժիմին, մեծացնել շփման գծում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թիվը և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել առաջնագծում:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումներից գրեթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:

Հիմա արդեն, ըստ հոկտեմբերի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, կողմերը համաձայնեցին, այնուամենայնիվ, վերսկսել բանակցությունները: Համանախագահների տարածած հաղորդագրության մեջ, որում նրանք ամփոփեցին իրենց այցը տարածաշրջան, ասված է. «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»:

Թե երբ, որտեղ և ինչ ձևաչափով կկայանա այդ հանդիպումը, համանախագահները չեն հայտնել:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իր ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով մեր հացին՝ եթե Բաքուն, այնուամենայնիվ, չկատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, ասաց. «Ամեն դեպքում բանակցություններն այլընտրանք չունեն»:

Արդեն գրել ենք, որ այժմ համանախագահ երկրները, հատկապես Ռուսաստանը շեշտը դնում են ԼՂ հակամարտության համալիր կարգավորման վրա: Այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների վերսկսման համար նախ եւ առաջ նորմալ մթնոլորտ ստեղծելու նախապայմանների ապահովումը (չկրակել սահմանին, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ շփման գծում եւ ավելացնել Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների քանակն ու տեղավորել նրանց շփման գծում), որի վրա շեշտ է դնում հայկական կողմը, կամաց-կամաց դառնում է ոչ ակտուալ:

Վերադառնում ենք ի շրջանս յուր՝ առանց որեւէ երաշխիքների կողմերին ցանկանում են վերադարձնել բանակցությունների սեղան, ինչը, համաձայն բազմաթիվ հայտարարությունների՝ հայկական կողմի համար ընդունելի չէ: ՌԴ դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները հայտնել էին, որ այժմ քննարկումները գնում են միայն Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման շուրջ, ինչը եւս դժվար իրագործելի խնդիր է:

Դեռեւս անցյալ տարի դեկտեմբերին ՌԴ դիվանագիտական շրջանակներում մեր աղբյուրները հայտնել էին, որ այժմ խնդիր է դրված հետ կանգնել հանրային կտրուկ հայտարարություններից, մեղադրանքներից եւ փորձել վերադառնալ խնդրի կարգավորման բանակցություններին:

«Խնդիրը լուծվում է ոչ թե հայտարարություններով, այլ հանգիստ եւ լռության պայմաններում: Պետք է նստել եւ խոսել, պայմանավորվել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ»,- նշել էր ՌԴ բարձրաստիճան դիվանագետը: Այն է՝ հայկական կողմին հստակ մեսիջ էր հղվում, որ բողոքել Ադրբեջանից Վիեննայի պայմանավորվածություններն արհամարհելու համար՝ պետք չէ, կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից արդյունավետ չէ, եւ այդ հռետորաբանությանը պետք է վերջ դնել:

Երեւանը կարծես ականջալուր է եղել այս կոչերին: Հատկանշական է, որ վերջին ամիսներին հռետորաբանությունն էլ հակամարտող կողմերի մեջ փափկել է, իսկ զոհերի քանակը սահմանին նվազել:

Տպել
3022 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է