Պատմության դասերը հայկական քաղաքական բանավեճում. Միհրան Հակոբյանի հոդվածը

18/10/2017 schedule11:30

Հայտնի ասացվածք կա. պատմությունը միշտ աշակերտներ է փնտրում, բայց երբեք չի գտնում, որովհետեւ պատմությունը միշտ կրկնվում է: Պետությունների եւ ժողովուրդների պատմությունն իմանալն այնքանով է կարեւորվում, որ պատմությունը ցիկլիկ բնույթ ունի, այլ կերպ ասած` կրկնվելու բնավորություն ունի: Դա կապված է ժողովուրդների հավաքական հիշողության եւ  էթնոհոգեբանության հետ: Ինչպես մարդն է իր կյանքի ընթացքում կրկնում անցյալի սխալները կամ դրանից դասեր քաղելով` այլեւս չի կրկնում նախկին սխալները, այդպես էլ պետություններն ու ժողովուրդներն են կրկնում կամ չեն կրկնում անցյալի սխալները:

Հայ ժողովուրդն ու պետականությունն, անշուշտ, բարդ պատմական անցյալ են ունեցել: Դժվարությունները, քաղաքական աղետներն ու դժբախտությունները մշտապես մեր պատմության ուղեկիցներն են եղել նախորդ 6.000 տարիների ընթացքում: Ցավալի է, բայց փաստ` մեր հասարակագիտական ու քաղաքական շրջանակները ցայսօր խորքային վերլուծության չեն ենթարկել մեր պատմության ողբերգական էջերը` ոչ քաղական, ոչ քաղաքագիտական, ոչ էլ պոլիէկոնոմիայի (չխառնել մարքսիզմ-լենինիզմի հետ) տեսանկյուններից: Գոնե վերջին 150-200 տարվա պատմությունը պետք է որ այս քննությանը ենթարկվեր, տրված լինեին հստակ գնահատականներ` առանց ամաչելու եւ բարդույթավորվելու: Սա թույլ կտար ներկայիս եւ ապագա քաղաքական-պետական գործիչներին ավելի ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհում եւ զերծ մնալ անցյալի սխալները կրկնելուց:

Բայց, ինչպես ասում են` ունենք այն, ինչ ունենք: Վերջերս Ազգային ժողովի քննարկումների մի զգալի հատվածը ուղիղ կամ քողարկված կերպով «նվիրվեց» Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներին: Իհարկե, սա հասարակագիտական բանավեճ չէ, որտեղ գերակշռողը ռացիոնալ գործոնը լիներ, ճիշտ հակառակը` քաղաքական բանավեճում հուզական բաղադրիչն է գերակշռում, եւ հատկապես, երբ գործարկվում են պատմական «փաստարկները»: Եվ, անշուշտ, դժվար է հակադարձել այն պնդմանը, թե թուրքերն էլ չեն փոխվել, ռուսներն էլ չեն փոխվել, եվրոպացիներն էլ, ամերիկացիներն էլ։

Այո, ոչ մեկն էլ չի փոխվել, քանզի էթնոհոգեբանությունն ու պետությունների քաղաքական ձեռագիրը պահպանողական երեւույթներ են եւ դրանց փոփոխությունը շատ երկար ժամանակ է պահանջում, իսկ 100 տարին չափազանց կարճ ժամանակ է, որպեսզի դրանք արմատական փոփոխությունների ենթարկվեն: Ավելին` չի փոխվել նաեւ միջազգային մրցակցության բովանդակությունը, դեպքերի մեծամասնությունում` նաեւ ձեւը: Ի դեպ, հետսառըպատերազմյան աշխարհի իրողություններն ապացուցեցին, որ սոցիալիզմ-կապիտալիզմ գաղափարախոսական առճակատումը պայքարի ձեւն էր միայն, իսկ բովանդակությունը նույնն է` Ռ. Կիպլինգի դիպուկ բնորոշմանն արժանացած «Մեծ խաղը»:

Այս համատեքստում է, որ չունենք հստակ հասարակագիտական ու կոնսենսուսային քաղաքական գնահատական այն հարցին, թե ե՞րբ եւ ո՞ր դրվագում մեր ժողովրդի հավակնությունների ու մրցունակության դիսբալանսը բերեց այնպիսի դիսոնանսի, որը հանգեցրեց մեր պատմության ամենամեծ աղետին` ցեղասպանությանն ու հայրենազրկմանը: Դրանում կարող ենք շատերին մեղադրել` սկսած թուրքերից` իրենց վայրագություններում, վերջացրած ռուսներով, որ ապստամբությանն օժանդակելու սին հույսեր տվեցին, բայց վճռական պահին ռազմաճակատը լքեցին, ինչպես նաեւ բրիտանացիներին, որոնց «նավերը չկարողացան մեր լեռները բարձրանալ»: Ցավալի է, բայց մինչ օրս մենք ոչ միայն անցյալի այդ շրջանի մեր գործողությունների հստակ գնահատականը չենք տվել, այլեւ` ուրիշների գործողությունների տրամաբանությունը լավ չենք հասկացել:

Այնուամենայնիվ, փաստ է, որ հայկական պետականությունը հնարավոր եղավ վերականգնել միայն նախկին Ռուսական կայսրության տարածքներում: Այո, այդ տերմինից պետք չէ խուսափել, 1918-ին մենք անկախություն են հռչակել հայկական հողում, Հայկական բարձրավանդակի այս փոքրիկ անկյունում, որը Ռուսական կայսրության տարածքն էր` դրանից 100 տարի առաջ նվաճված ռուս զինվորի ձեռամբ: Ի տարբերություն Վրաստանի, որ իրավաքաղաքական դաշնագրով դարձավ Ռուսական կայսրության մաս, հայկական տարածքները ռուսները գրավեցին Իրանից: Իսկ ի՞նչ արեցին հետո. Իրանի խորքերից հատուկ ծրագրով հայերին վերադարձրին Հայրենիք, Օսմանյան կայսրության տարածքներից էլ հայերին հրավիրեցին այսօրվա Հայաստանի տարածք` լուծելով վերաբնակեցման խնդիրները: Ինչու՞ արեցին, ինչու՞ էին փոխում տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, մեր սիրուն աչքերի համա՞ր: Իհարկե ոչ: Կայսրությունն իր սահմաններն ամրացնելու համար օգտագործում էր կազակներին` քրիստոնյա ռազմականացված համայնքներին, որոնք հարկերից ու տուրքերից ազատվելու դիմաց պարտավոր էին զինված խմբեր ունենալ եւ հարձակումներից պաշտպանել իրենց վստահված սահմանային հատվածները: Դարեր շարունակ նույն տրամաբանությամբ է գործել նաեւ Իրանական կայսրությունը` ռազմականացված եւ ագրեսիվ ավշար ցեղախմբին տեղաբաշխելով պետության հյուսիսային սահմաններում եւ նրանց վերապահելով նույն գործառույթն, ինչ Ռուսաստանում իրականացնում էին կազակները: Եվ, քանի որ կազակների քանակը բավարար չէր, ուստի Ռուսական գահին դաշնակից ժողովուրդ էր պետք տարածաշրջանում, իսկ դա միայն հայերը կարող էին լինել: Այս հարցում չեն եղել ու չկան էմոցիաներ, կան շահեր, ավելի կոնկրետ` շահերի համընկնում:

Հենց այս տրամաբանության ներքո է տեղավորվում փաստը, որ 1918-ին Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, բայց եւ անմիջապես Բաթումում պարտադրեց 10.000 ք/կմ պետություն, որին Լեոն դիպուկ գնահատական է տվել` «ապրելու համար փոքր է, որպես գերեզման` մեծ»: Նույն տրամաբանության համատեքստում է, որ Թուրքիան երկրորդ պետությունն էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց ցայսօր հրաժարվում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից` հավանաբար իր բանակի գլխավոր շտաբի արխիվներում պահպանելով 10.000ք/կմ Հայաստանի քարտեզն ու հույս ունենալով, որ մի օր նորից ռուսական բանակը կհեռանա տարածաշրջանից: Համոզվածությամբ կարելի է նշել, որ եթե մենք ժամանակակից տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների սկիզբը չենք ցանկանում դիտարկել նախորդ 100-200 տարվա պատմության տրամաբանության համատեքստում (հատկապես, երբ խաղի իմաստն ու դերակատարները չեն փոխվել), ապա լրջագույն խնդիր ենք ստեղծում ինքներս մեզ համար` թե ժամանակակից գործընթացներում ճիշտ կողմնորոշվելու, եւ թե ապագա գործընթացները կանխատեսելու, ինչու չէ նաեւ` մոդելավորելու տեսանկյունից:

Կա տարածված կարծիք, թե Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսական կայսրությունն Արեւմտյան Հայաստանը գրավելուց հետո այն բնակեցնելու էր կազակներով, իսկ հայերին վտարելու էր: Թեեւ այդ շրջանի պետերբուրգյան էլիտայում կային նման մտածողություն ունեցողներ, այնուամենայնիվ` չկա որեւէ փաստ, որ այդ «կարծիքը» պետական քաղաքականության է վերածվել կամ կարող էր վերածվել: Տվյալ շրջանի իրողությունների եւ ժողովրդագրական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ ցանկության դեպքում էլ «Հայաստանն առանց հայերի» կամ «հայերին վտարենք, կազակներին բնակեցնենք» մոտեցումը չէր կարող աշխատել մի պարզ պատճառով. կազակների քանակը չէր հերիքում: Միեւնույն ժամանակ, լրջագույն քննարկման ու բանավեճի առարկա է «Արեւելյան հարցում» կամ այլ կերպ ասած` մեր տարածաշրջանում ռուսական քաղաքականության գորչակովյան եւ լոբանովյան մոտեցումները: Սրանք հակոտնյա մտածելակերպի օրինակներ են, որոնք ժամանակ առ ժամանակ մերօրյա լեզվով ասած` քաղաքական տրենդի են վերածվում: 150-200 տարի առաջ ստեղծված այդ հակասական մոտեցումներն այսօր էլ կան ռուսական էլիտայի ընկալումներում, եւ մինչեւ մենք չկարողանանք օբյեկտիվորեն վերլուծել անցյալը, մինչեւ չկարողանանք այս կարեւորագույն հարցում իրերն իրենց անվանումներով կոչել, խնդիրներ ենք ունենալու թե ներկայիս, եւ թե ապագայի տարածաշրջանային քաղաքականության մոդելավորման ու մեր պետության անվտանգության ապահովման գործում:

Իհարկե, քաղաքական բանավեճում առաջ քաշվող տեսակետը հիմնավարելու համար հաճախ օգտագործվում են նաեւ հուզականություն առաջացնող հնարքներ, բայց պետք է հաշվի առնել, որ պատմությանն այդքան էլ ոչ քաջածանոթ հանրույթից զատ կա նաեւ բավականին տեղեկացված եւ վերլուծական ընդունակություններ ունեցող լսարան: Ուստի շատ կարեւոր է բարձրացնել բանավեճի մակարդակն ու ի վերջո փորձել քննարկել մեր պատմության ոչ վաղ անցյալի դասերը: Սա խելք սովորեցնելու կամ լիկբեզի փորձ չէ, որից արժե բարդույթավորվել: Սա բանավեճի եւ քննարկումների հասարակություն կերտելու փորձ է, որի պատասխանատուն պետությունն է` իշխանությամբ եւ ընդդիմությամբ, քաղաքական գործընթացի մասնակիցների կողմից խնդիրներին ռացիոնալ տեսակետից մոտենալու գիտակցությամբ:

Արեւելյան առածն ասում է, որ երջանիկ է նա, ով ուրիշների սխալների վրա է սովորել, իսկ իմաստուն է նա, ով սովորել է սեփական սխալների վրա: Մենք երջանիկ լինելու հնարավորություն, թերեւս, չունենք, բայց իմաստուն լինել պարտավոր ենք։

Միհրան Հակոբյան
ԱԺ պատգամավոր
16.10.2017

Տպել
20598 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի