Կադրային կրճատումներ. հիվանդը սպասում է վիրահատության, բուժաշխատողները «բունտ» են անում

Աբովյանում գտնվող տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում (տուբդիսպանսերում) հայտարարվել է զանգվածային կադրային կրճատումների մասին, ինչի առիթով այսօր՝ նոյեմբերի 1-ին, իրենց բողոքն էին հայտնում թե՛ գործազուրկ դարձող աշխատակիցները, թե՛ հիվանդներն ու նրանց խնամող հարազատները:

Օպտիմալացման ճանապարհին որոշվել է միավորել կենտրոնի թոքային վիրաբուժության եւ արտաթոքային բաժանմունքները: Արտաթոքային բաժանմունքում կրճատման ենթակա է համարվել 15-20 աշխատակից՝ միջին եւ կրտսեր բուժանձնակազմից: Նրանք ասում էին, որ աշխատանքը կորցնելու դեպքում կանգնելու են սոցիալական բարդագույն խնդիրների առաջ ու հայտնվելու են անելանելի վիճակում:

Հիվանդների հարազատներն էլ մտահոգություն էին հայտնում, որ համատեղությամբ աշխատողները մյուս բաժանմունքից կարող են վարակ փոխանցել արդեն վարակից զերծ իրենց հարազատին: Որոշները նույնիսկ ասում էին, թե այդ մտավախությամբ այսօր հրաժարվել են սննդից:

Այսօր նաեւ չի կատարվել նշանակված վիրահատությունը: Արտաթոքային բաժանմունքի ղեկավար Լեւոն Խալաթյանը հրաժարվել է վիրահատարան մտնել:

«Եղբորս նախապատրաստել են վիրահատության, այսօր՝ ժամը 11-ին պետք է վիրահատեին, ու ոչ ոք տիրություն չի անում: Հիմա պատկերացրեք մեր հիվանդի հոգեկան վիճակը: Մարդիկ շրջաններից եկել են, որ սատար կանգնեն նրան, ու՝ անտերություն՝ տնօրենի ու փոխտնօրենի ամբիցիաների ու քմահաճույքի պատճառով: Բժիշկ Խալաթյանն ասում է՝ ես չունեմ անձնակազմ, որոնց հետ կանգնեմ, վիրահատություն անեմ, ողնաշարային բժիշկների անձնակազմին բոլորին կրճատել են: Աշխատողները բունտ են արել: Բժիշկն էլ ասում է՝ էս վիճակով ոնց վիրահատություն անեմ, որովհետեւ իմ ճնշումը բարձրացել է 180-ի: Ու ես չգիտեմ՝ տվյալ դեպքում ինչ կլինի մեր հիվանդի կարգավիճակը, որովհետեւ ինքը (բաժանմունքի վարիչը,-խմբ.) սպառնում է՝ եթե իմ աշխատակազմի գոնե մեծամասնությանը չվերականգնեն իրենց աշխատանքին, ես դիմում կգրեմ, կազատվեմ: Դուք հիմա պատկերացրեք այս հիվանդների վիճակը եւ այսօրվա վիճակը, որ բերեն նոր մասնագետ, որը նոր պիտի ծանոթանա հիվանդի կարգավիճակի հետ, որի հետ մեկ ամիս տառապել է, չարչարվել է բժիշկը, որ հասցնի վիրահատության վիճակին: Էլ չեմ ասում մեր մասին»,- ներկայացրեց Անդրանիկ Ավետյանը:

Արտաթոքային բաժանմունքի ղեկավար Լեւոն Խալաթյանն armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ վստահեցրեց, որ ստեղծված իրավիճակի հետեւանքով ճնշումը բարձրացել էր եւ վատ ինքնազգացողության պատճառով է, որ ի վիճակի չի եղել բարդ վիրահատություն կատարել: Ամեն դեպքում նա որոշել է կանգնել աշխատակիցների կողքին եւ պայքարել: Ասաց, որ կենտրոնի տնօրենի հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի կրճատումից խուսափեն գոնե բուժաշխատողների մի մասը:  

«Թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքն այսօր նախարարությունում է եղել, ամեն ինչը կվերանայվի: Ինձ թվում է՝ վաղը՝ մինչեւ օրվա վերջ ամեն ինչ պարզ կլինի»,- հույս հայտնեց Խալաթյանը: Հարցին, թե տրամաբանակա՞ն է համարում, որ մեկ այլ բաժանմունքի աշխատակիցները միեւնույն ժամանակ աշխատեն կրճատվողների բաժանմունքում, նա պատասխանեց. «Բայց ո՞վ է մեզ հարցնում»: Ապա ավելացրեց. «Իմ կարծիքն է, որ բաժանմունքն անհրաժեշտություն է երկրի, ժողովրդի համար, պետք է պահպանվի եւ աշխատի իր ծավալով: Սա միակ այսպիսի բաժանմունքն է հանրապետությունում, ու այստեղ ծայրահեղ ծանր հիվանդներ են՝ բոլորը ողնաշարային խնդիրներով, անկողնային եւ կարիք ունեն թե՛ վիրահատության, թե՛ խնամքի, թե՛ ամեն ինչի»:

Բուժհաստատությունում խոսվում էր, որ այս օպտիմալացումը կառավարության որդեգրած համապատասխան քաղաքականության արձագանքն է: armtimes.com-ի հարցին՝ զուտ դա՞ է կրճատումների պատճառը, թե կա՞ օբյեկտիվ անհրաժեշտություն, Լեւոն Խալաթյանը պատասխանեց. «Դե հիմա եթե դա մեր կառավարության որոշումն է, որ պետք է օպտիմիզացիա արվի... Ես մեկ «օպտիմիզացիա», մեկ էլ «բարեփոխում» բառերը  որ լսում եմ, սարսափում եմ, որովհետեւ դրանից ոչ մի լավ բան չի սպասվում»:

Թե՛ Խալաթյանը եւ թե՛ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը հերքեցին պնդումները, որ վարակը կարող է բուժաշխատողների միջոցով մի բաժանմունքից մյուսը տեղափոխվել:  

Տնօրենը, նաեւ խոսելով կրճատումների մասին, հայտարարեց, թե օպտիմալացումն ինքնանպատակ չէ, դա բխում է ինչպես ծառայությունների որակը բարելավելու նպատակից, այնպես էլ այն հանգամանքից, որ տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը նվազում են, ու պետք է աշխատել ծախսարդյունավետության սկզբունքով: Նա նշեց, որ օպտիմալացումը շարունակական պրոցես է, եւ տարբեր բաժանմունքներ միավորվել են նաեւ 2014 թվականին:

Հաստատությունում, ըստ Հայրապետյանի, այսօր բուժում է ստանում 90-100 հիվանդ, այնինչ աշխատակիցների թիվը 360-ն է: Նրանցից մոտ 80-ը երկու ամիս առաջ ծանուցվել է նոյեմբերի 1-ին կրճատվելու մասին: Հիմա մտածում են այդ թիվը նվազեցնելու մասին:

armtimes.com-ի հարցին, թե քանի՞ հիվանդի դեպքում է, ըստ չափորոշիչների նախատեսվում ունենալ 360 աշխատակից, Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ այդ համեմատությունը տեղին չէ, չնայած ինքը բուժաշխատողների ու հիվանդների թվի անհամապատասխանությամբ էր փորձում հիմնավորել կրճատումների անհրաժեշտությունը: «Քանի հիվանդով չէ... 30 մահճակալը ունենում է 1 բուժքույրական պոստ, որտեղ 6 հոգի է: Մենք հիմա ունենք 170 մահճակալ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է այսօր նշանակված վիրահատությունը հետաձգվելուն, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավարը ասաց. «Մի քանի օրից կիրականացվի: Բժիշկն էլ կարող է հիվանդանալ»:

Տպել
4544 դիտում

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կապշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում