Թնջուկ. անհավասար պայքար ԲՈՀ-ի ու ԱՆ-ի միջեւ

14/11/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 13-ի համարում

ՌԴ-ում երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտորի կոչում ստացած Արմեն Սաղաթելյանի պատմությունը վերջին շրջանի ամենաաղմկոտ գործերից է: Տարեսկզբին նա դիմել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովին՝ խնդրելով «ճանաչել ՌԴ-ում ստացած դոկտորական վկայագրի համարժեքությունը եւ հաստատել այն»: Ստանալով Ա.Սաղաթելյանի դիմումը՝ ԲՈՀ-ը փորձաքննություն է նշանակել եւ ատենախոսությունը հանձնել այդ բնագավառի մի խումբ գիտնականների: Ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսորներ Ս.Գրիգորյանը, Ռ.Մելքոնյանը, Պ.Ալոյանը, Ռ.Գեւորգյանը եւ Բ.Բեզիրգանովը տվել են մասնագիտական կարծիք, որով դեմ են արտահայտվել նրա դոկտորականի հաստատմանը եւ իրենց կարծիքը հիմնավորել են այսպես՝ Սաղաթելյանի ատենախոսության մեջ պահպանված չեն դոկտորականին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ նշված չեն այն սկզբնաղբյուրները եւ նյութերը, որոնցից օգտվել է հեղինակը:

Իսկ Բ.Բեզիրգանովը մասնավոր կարծիք է գրել, որտեղ նշել է. «Սաղաթելյանի կողմից առանց համապատասխան հղումների ներկայացվում են 14 նկարներ (գծագրեր), որոնք ամբողջությամբ փոխառնված են իմ նախորդ դարի 80-ականներին կատարած աշխատանքներից, ինչը փաստորեն հանդիսանում է պլագիատ» (գրագողություն): 1983-ին Բեզիրգանովը նույնաբովանդակ ատենախոսություն է պաշտպանել, իսկ 2002-ին մենագրություն տպագրել, որոնք հետագայում նույնությամբ տեղ են գտել Սաղաթելյանի՝ 2004-ին տպագրած գրքում եւ ատենախոսության մեջ: Այս եզրակացությունների հիման վրա էլ սեպտեմբերի 8-ին ԲՈՀ-ի խորհուրդը առաջարկել է չճանաչել Սաղաթելյանի դոկտորականը, եւ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը նույնաբովանդակ հրաման է արձակել:

Այս գործընթացից հետո սկիզբ է առել արդարադատության նախարարություն-ԲՈՀ անհավասար հակամարտությունը: Քանի որ Արմեն Սաղաթելյանը արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանի եղբայրն է, ԱՆ-ն սկսել է փորփրել այս գործընթացի փաստաթղթային հենքը եւ պարզել, որ այլ երկրներում պաշտպանած դիսերտացիաները ճանաչելու գործընթացը կարգավորող իրավական նորմատիվ ակտեր ընդունված չեն: Այդ փաստը հանկարծ, մի օրում հայտնաբերելով՝ ԱՆ-ն սկսել է պայքարը: Նախարարի ստորագրությամբ մի խիստ գրություն է հղվել ԲՈՀ-ի նախագահին, թե՝ համապատասխան նորմատիվ ակտ չկա, իսկ առանց այդ ակտի գործընթաց իրականացնելու համար պատասխանատվության կենթարկվեք:

Ա.Սաղաթելյանն էլ դիմել է դատարան: Երեկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը քննում էր Արմեն Սաղաթելյանի դիմումը, որով նա պահանջել էր դատարանից՝ ճանաչել իր դոկտորական վկայագրի համարժեքությունը: Դիմողը նշել էր, որ տվյալ դեպքում ԲՈՀ-ը պետք է «պարզեցված ընթացակարգով» առաջնորդվեր, այսինքն, առանց ատենախոսությունը փորձաքննության ենթարկելու, հաստատեր իր գիտական աստիճանը: ԲՈՀ-ը խախտել է օրենքը՝ չունենալով նման լիազորություն, ապօրինի փորձաքննություն է նշանակել, գաղտնի անցկացրել դա, ապա, ստանալով գիտնականների եզրակացությունները, մերժել իր պահանջը: Պարզվեց՝ գիտնականները ոչ միայն բացասական փորձագիտական եզրակացություն են տվել, այլեւ դատարանին են ուղարկել իրենց եզրակացությունը՝ չցանկանալով անանուն մնալ, ինչպես նախատեսում է ընթացակարգը:

Նաեւ, ինչպես տեղեկացանք, սպառնացել են՝ եթե դատարանը, ենթարկվելով ԱՆ-ի ճնշումներին, բավարարի Սաղաթելյանի պահանջը, այս անգամ իրենք են դատարան դիմելու՝ բողոքարկելով այդ անօրինական որոշումը: Ինչ վերաբերում է այս գործընթացի չկանոնակարգված լինելուն եւ համապատասխան իրավական փաստաթղթերի բացակայությանը, ապա ԲՈՀ-ի ներկայացուցիչ Կարինե Մուրադյանը դատարանում հայտարարեց, որ իրենք նման դեպքերում օգտվում են «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգից» եւ կառավարության որոշումից, որտեղ ասվում է, որ «օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ-ում գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնում է ԲՈՀ-ը»:

Նա նաեւ նշեց, որ ՌԴ-ում ստացած դոկտորականը ճանաչել-չճանաչելու մասին խոսք լինել չի կարող՝ դա ոչ ոք իրավունք չունի չճանաչել, խոսքը՝ «համարժեքությունը ճանաչելու մասին է»: Իսկ դա նշանակում է՝ Հայաստանի պետական արտոնություններից օգտվել, հավելավճարներ ստանալ, ասպիրանտներ ունենալ, մասնակցել մրցույթների եւ այլն: ԲՈՀ-ը նաեւ դատարանին էր ներկայացրել ՌԴ ԲՈՀ-ի նախագահ Վիսկուբի գրավոր պատասխանը, որտեղ նա նշել էր, որ գիտական աստիճանների համարժեքությունը որոշելիս՝ իրենք եւս առաջնորդվում են գիտական կոչումներ շնորհելու ընդհանուր կարգով: Ոչ դիմողը, ոչ իր ներկայացուցիչը չանդրադարձան ատենախոսության բովանդակային կողմին եւ գիտնականների մեղադրանքներին. նրանք փորձում էին իրենց պահանջը հիմնավորել այս գործընթացի չկարգավորված լինելու հանգամանքով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ա.Սաղաթելյանն ավելի կտրուկ հայտարարություններ արեց՝ ասելով, որ սա անձնական եւ ներխմբային շահերի բախման հետեւանք է, կոռուպցիայի դրսեւորում եւ այլն: Արաբկիրի դատավոր Սիմա Հովսեփյանը, փաստորեն, ծանր երկընտրանքի առաջ է՝ կատարել իր նախարարի կամքը եւ ա՞չք փակել այս դոկտորականի թերությունների վրա, թե՞ Դ.Հարությունյանի կամքին դեմ գնալ եւ հարգել գիտնականների կարծիքը: Իսկ գիտնական Սաղաթելյանի հեղինակությունը, թերեւս, ավելի շատ տուժեց այս աղմուկից եւ հրապարակավ հնչած մեղադրանքներից, քան կտուժեր՝ դոկտորականի համարժեքությունը չհաստատելուց: Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին:

Արմինե Օհանյան

Տպել
646 դիտում

Քննադատություններն ընդդիմությանը թույլ են տալիս քողարկել սեփական սխալները. Դավիթ Բաբայան

«Շիրակը» կողմ է, որ Արթուր Վանեցյանն ընտրվի ՀՖՖ նախագահ

Անձրեւները հեղեղել են Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանը

Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ հերթապահություն իրականացրածների զինգրքույկում նշում չկա

Հրեշատակի թեւերով մարդիկ չկան. ՊԵԿ նախագահը՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Պիտուլի մասին

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին

Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է

Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

Տերյան փողոցում ատրճանակ են հայտնաբերել. ոստիկանություն

«Կոնվերս բանկ»-ի ենթադրյալ թալանողները կան, թալանը՝ ոչ

Ռուս զինվորականների գործողությունները նաեւ Գյումրիում են խնդիրներ հարուցում

Սահմանն անցած քաղաքացու տունը սահմանից 500 մետր է հեռու. Վանեցյանը մանրամասներ է հաղորդում

ՀՀ-ում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց տոկոսներ են վճարվում. Փաշինյան

ՀՀԿ-ականների շրջանակներից նոր աղմկոտ բացահայտումներ են սպասվում. ԱԱԾ տնօրեն

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ քննչական վարչություն. Արթուր Վանեցյան

Ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ. Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու մասին

«Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. «Սելթիկին» պարտվեց ընդհանուր 0:6

Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին կոնկրետ բանկեր. նախարարի հայտարարությունը

Համարում եմ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասին

Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել. ԱՄՆ կոնգրեսական