Ռուսական եթերից վերջին օրերին դուրս հորդող նեգատիվը՝ ընդդեմ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի, ակնհայտ է դարձնում, որ ՌԴ քաղաքական շրջանակներում բացասական վերաբերմունք կա այս փաստաթղթի վերաբերյալ։ Այնպես, ինչպես Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի վերաբերյալ, որի ստորագրումից Սերժ Սարգսյանը վերջին պահին հրաժարվեց։ Հետեւաբար հարց է ծագում, ինչու՞ այն ժամանակ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը Սերժ Սարգսյանին ետ պահեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, իսկ հիմա՝ ոչ։

Հարցի պատասխանը մի քանի շերտ ունի։ Առաջինն այն է, որ այս համաձայնագիրը էականորեն թեթեւ բովանդակություն ունի, այսինքն՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների այնպիսի մերձեցում չի նախատեսում, որքան Ասոցացման համաձայնագիրը։ Եվ, իհարկե, այս փաթեթը չի ներառում ԵՄ-ի հետ ազատ առեւտրի բաղադրիչը։ Բայց կարծում ենք, ամենակարեւոր գործոնը, որ Սերժ Սարգսյանին ստիպեց գնալ այս համաձայնագրի ստորագրմանը, իրավիճակի վերլուծությունն է՝ սեփական իշխանության հետագա վերարտադրության տեսակետից։

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող էր ուղիղ սպառնալիք ստեղծել Սերժ Սարգսյանի իշխանության համար, որովհետեւ Ռուսաստանը ուներ կոնկրետ լծակներ՝ իշխանության ներսում անկայունության հասնելու եւ ընդհուպ Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու համար։ Եվ դա հնարավոր էր անել երկու մարդկանց գործոնով՝ Հովիկ Աբրահամյան եւ Սեյրան Օհանյան։ 2013-ին լինելով ԱԺ նախագահ եւ Պաշտպանության նախարար, այս մարդիկ ունեին հնարավորություն 1998 թվականի իշխանափոխության նմանությամբ արձանագրել, որ իրենք եւ Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքական հարցերում ունեն անհաղթահարելի տարաձայնություններ, իրենց շուրջ համախմբել խորհրդարանական մեծամասնությունը, գուցե նաեւ ԲՀԿ-ի օգնությամբ եւ Սերժ Սարգսյանին զրկել իշխանությունից։

Կարծում ենք, այն ժամանակ սա հիմնական գործոններից մեկն էր, որ Սարգսյանին ետ պահեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց։ Նա զգաց, որ իշխանության ներսում մռթմռթոցներ կան, որոնք բխում են Մոսկվայից կամ առնվազն քաջալերվում են այնտեղից։ Սերժ Սարգսյանը ըստ էության ուրիշ ճանապարհով գնաց: Զոհաբերեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին նշանակեց վարչապետ, վերջինիս նաեւ հույսեր տվեց, թե փոփոխված Սահմանադրությունից հետո հենց նա է լինելու վարչապետ։ Ապա հարմար պահի՝ թե Աբրահամյանին, եւ թե Օհանյանին պաշտոնանկ արեց, Պաշտպանության նախարարի, դրանից առաջ նաեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակեց իր ռեֆերենտներին, բայց որպեսզի Ռուսաստանը շատ չլարվի՝ վարչապետի պաշտոնում նշանակեց Մոսկվայի վստահությունը վայելող Կարեն Կարապետյանին։

Հիմա արդեն այսպես ասած ռուսամետ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք համաձայնություն է ստորագրում ԵՄ-ի հետ։ Սա իշխանության վերարտադրության տեսակետից երեք բան է նշանակում։ Նախ՝ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին ցույց է տալիս, որ նեղացած է նրանից, որ նրանք 2018-ից հետո Կարեն Կարապետյանին են ուզում վարչապետ դարձնել։ Նույն համատեքստում՝ ցույց է տալիս, որ Կարեն Կարապետյանը այն մարդը չէ, որի վրա կարելի է հույն դնել, որովհետեւ նրա վարչապետության օրոք է այս համաձայնագիրը ստորագրվել, ու վարչապետ Կարապետյանը դրան ոչնչով չկարողացավ խոչընդոտել։ Հովիկ Աբրահամյանի ինտրիգները որեւէ արդյունք գոնե տվեցին։

Եվ ամենավերջինը՝ 2018 թվականին իշխանությունը գրոհելուց առաջ Սերժ Սարգսյանը ԵՄ-ին եւ ընդհանրապես Արեւմուտքին ցույց է տալիս, որ ինքը բաց է նրանց հետ համագործակցության առաջ, եւ եթե Արեւմուտքը փորձի խոչընդոտել 2018-ի իր վերարտադրությանը՝ կմնա ռուսամետ Կարեն Կարապետյանի հույսին։ Իսկ եթե Ռուսաստանը փորձի խոչընդոտել իր վերարտադրությանը, դա պիտի անի Կարեն Կարապետյանի ձեռքով, ու վերջին այս զարգացումները ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանը այնքան կշիռ չունի, որ, օրինակ, կարողանար խոչընդոտել Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը եւ ուրեմն պիտանի չէ ՀՀ-ում Մոսկվայի շահերի պաշտպանի դերին։

Եթե Ռուսաստանը փորձի հետագայում էլ հույս դնել Կարեն Կարապետյանի վրա, արդյունքի չի հասնի, փոխարենը իրեն, այսինքն՝ Սերժ Սարգսյանին ավելի կմղի դեպի արեւմուտք, որի հետ կամուրջները արդեն իսկ հաստատվել են ուրբաթ օրը ստորագրված համաձայնագրով։

Իհարկե, Սերժ Սարգսյանը չի կարող չգիտակցել, որ Ռուսաստանն այստեղ մի լծակ եւս ունի. դա Իլհամ Ալիեւն է։ Բայց վերջինիս ընթացիկ իրավիճակում օգտագործելու համար կան մի քանի խոչընդոտներ։ Նախ՝ Քառօրյա պատերազմում Ալիեւը չստացավ այն, ինչի խոստումը ենթադրաբար ստացել էր Ռուսաստանից։ Ու հիմա նա չի կարող նույն գետը երկրորդ անգամ մտնելու փորձ անել, չափազանց ռիսկային է, մանավանդ որ գարնանը Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, եւ պիտի որ Ալիեւը մտածի ընտրություններին հանգիստ նախապատրաստվելու մասին, որովհետեւ պատերազմ սկսվելու դեպքում 800 հեկտարի կորուստը կարող է ուղիղ հարվածի տակ դնել իր կլանի իշխանությունը։ Պատերազմն ամեն դեպքում դժվար կանխատեսելի երեւույթ է, ինչում Ալիեւը համոզվելու առիթ ունեցավ 2016-ի ապրիլին։

Էլ չենք ասում, որ եթե 2016-ին ընդառաջ եվրոպական կառույցները մեկը մյուսի ետեւից պրոադրբեջանական բանաձեւեր էին շրջանառության մեջ դնում եւ ընդունում, ադրբեջանական լվացքատան բացահայտումից հետո ոչ միայն նոր բանաձեւերի ընդունումն է բարդացել, այլեւ հները մի տեսակ կորցրել են իրենց լեգիտիմությունը։ Կարճ ասած, Ալիեւի գործոնն էլ տվյալ պարագայում դժվար խաղարկելի է, չնայած այս իմաստով զգոնությունը չի կարելի կորցնել։

Վերը նշված գործոնները թվարկեցինք՝ ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանի համար արտաքին քաղաքական հարցերը կապ ունեն բացառապես մի հարցի հետ. որքանո՞վ է այս կամ այն որոշումը նպաստում իր իշխանության վերարտադրությանը։ Նոյեմբերի 24-ի համաձայնագիրը 2018 թվականին իշխանությունը գրոհելու կոնտեքստում է տեղավորվում։ Իհարկե, համաձայնագրի ստորագրումը օգտակար է նաեւ Հայաստանին։ Բայց իրավիճակը ամբողջապես հասկանալու համար բերենք հետեւյալ օրինակը. երբ Սաշիկը Հայաստան շատ թանկարժեք մեքենա է ներմուծում, Հայաստանում ի հայտ են գալիս այդ մակարդակի մեքենան սպասարկելու ընդունակ բարձր որակավորման մասնագետներ, ինչը ինքնին դրական է։ Բայց սա չի նշանակում, որ թանկարժեք մեքենան ներմուծելիս Սաշիկը մտածել է Հայաստանի սպասարկման ոլորտի զարգացման եւ աշխատուժի որակավորման բարձրացման մասին։ Նրա, ինչպես եւ կրտսեր եղբոր շարժառիթը սեփական հարմարավետությունն է։

Հ.Գ. ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում արդեն որոշակի փոփոխություններ նկատվում են։ Էլ ավելի են ուժեղացվել պետական հիմնարկների անվտանգության միջոցառումները։

 

Տպել
5990 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է