Ով է կրակում եւ ով՝ պարզապես բռնում փամփշտակալը. խմբագրական

Երեկ Վիգեն Սարգսյանը հաստատեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվում է աշխատանքից: Պաշտպանության նախարարն ասաց, որ Բաղմանյանը աշխատանքից ազատման մասին զեկուցագիր է գրել՝ իր հորդորով: Որպեսզի գեներալ Բաղմանյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվեն, անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որն էլ երկար չսպասեցրեց: Երեկ օրվա վերջում հրապարակվեց նաեւ հրամանագիրը: Հայկազ Բաղմանյանի ազատման մասին լուրերն անցյալ շաբաթվանից էին շրջանառվում, սակայն պաշտոնապես չէին հաստատվում: Ոչ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ոչ առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չտվեցին՝ չհերքելով, բայց եւ չհաստատելով Բաղմանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը:

Պարզում է, այդ հանդիսավոր պահը Վիգեն Սարգսյանը իր համար էր պահպանում: Երեկ Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո Սարգսյանը չարհամարհեց լրագրողերին եւ սիրահոժար պատասխանեց հարցերին: Բնականաբար, առաջին եւ միակ հարցը պետք է վերաբերեր Բաղմանյանի եւ մյուս բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությանը: Եվ ահա այստեղ Պաշտպանության նախարարը սենսացիոն հայտարարություն արեց: Նա ասաց, որ Բաղմանյանն իր հորդորով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է գրել, հարցին էլ, թե որն է այդ հորդորի պատճառը, պատասխանեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»:

Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի, մեղմ ասած, ամենավարկաբեկված կադրերից է, նրա անունը մշտապես շոշափվել է ինչ-որ սկանդալների, չարաշահումների համատեքստում: Բաղմանյանին աշխատանքից ազատելու պատճառներ վերջին տարիներին, թերեւս շատ են եղել, բայց որեւէ մեկը մոտ էլ չի գնացել այդ թեմային: Եվ հիմա Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Բաղմանյանը լավ չի աշխատել, իր հանձնարարությունները չի կատարել, ինչի արդյունքում իրենց համատեղ ծառայությունն անհնար է դարձել:

Վերլուծաբանները երեկ արդեն այս իրադարձությունը գնահատում էին որպես Վիգեն Սարգսյանի դիրքերն ուժեղացնող կարեւոր հանգամանք: Նույնիսկ շատ հեռու էին գնում վերլուծություններում, նշելով, որ այս քայլով  նախարարը դառնում է  2018-ից հետո ռեալ վարչապետացու:

Վիգեն Սարգսյանը, սակայն, նոր չէ, որ վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում: Երեւի արդեն մի քանի տարի նրա անունը չի իջնում այս ցանկից: Վիգեն Սարգսյանը վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար կոմբինացիայի մասին էլ գրվել է դեռ ամիսներ առաջ: Երկրի առաջին դեմք դառնալու համար, սակայն պետական կառավարման ոլորտում կուտակած փորձն ու առավել եւս առաջին դեմքերի օգնականը լինելը բավարար չէին կարող լինել: Անհրաժեշտ է լուրջ մկրտություն, որը Հայաստանի պարագայում առաջին հերթին հնարավոր էր ստանալ Պաշտպանության նախարարությունը ղեկավարելով:

Վիգեն Սարգսյանի՝ այս ընթացքում արած քայլերը՝ սկսած 1000 դրամների նախագծից մինչեւ ազգ-բանակ գաղափարի ներդրում եւ տարկետման իրավունքի սահմանափակում, կարող են հենց այդպիսի իմաստ ստանալ. մեր հասարակության եւ միջազգային հանրության աչքում նրան ազդեցիկ ֆիգուրի կերպար հաղորդելու համար: Հայկազ Բաղմանյանին, թերեւս, կհաջորդի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը: Ի դեպ, երեկ լրագրողները հնչեցնում են նաեւ Հակոբյանի անունը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին հարցում, սակայն Վիգեն Սարգսյանը չլսելու էր տալիս այն: Անհրաժեշտ էֆեկտին հասնելու համար պետք է, որ ժամանակ անցնի, հանրությունը մարսի Բաղմանյանին հեռացնելու մասին լուրը, մտմտա՝ իսկ կարող է իսկապես Վիգեն Սարգսյանն ուժեղ տղա է, փորձի նրան պատկերացնել ղեկավարի դերում: Հունվարից հետո կհնչի հաջորդ կրակոցը՝ կհայտարարվի Մովսես Հակոբյանի ազատման մասին, ու գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ:

Սերժ Սարգսյանի տեսանկյունից, թերեւս Վիգեն Սարգսյանը վարչապետի, ինքը՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում ամենալավ տարբերակն է: Ինքը չի մնա երրորդ ժամկետ եւ չի խայտառակի ռեսպուբլիկան, երկրի ղեկը կհանձնի իր ամենավստահելի կադրին, ինքն էլ երկրի անվտանգության երաշխավորը կլինի, ինչը բխում է բոլոր ՀՀԿ-ականների սրտերից:

Փայլուն մտահղացում է, ի սկզբանե հիանալի մշակված, որի իրականացման համար առաջին իսկ օրերից ՊՆ-ից հեռացվեց ՀՀ ԶՈՒ այն ժամանակ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինի ներկայության պարագայում Վիգեն Սարգսյանն, իհարկե, մինչեւ այսօրվա օրը չէր հասնի: Միակ հանգամանքը, որ կարող է տապալել այս ամբողջ մտահղացումը, Վիգեն Սարգսյանի իրական կերպարն է, որը վերը նկարագրված բոլոր թիրախային կրակոցների արդյունքում անգամ ոչ մի կերպ չի ընկալվում որպես մարդ, որն իր ձեռքում է պահում կրակող զենքը: Միեւնույն է, հանրության համար կրակողը Սերժ Սարգսյանն է, իսկ Վիգեն Սարգսյանն ընդամենը փամփշտակալ բռնողն է: Վիգեն Սարգսյանը դեռ 4 ամիս ունի զենքն իր ձեռքը վերցնելու համար, ով գիտե, գուցե դեռ ստացվի, թեեւ ավելի հավանական է, որ առաջին իսկ փորձից կգցի ոտքին:

Տպել
4628 դիտում

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում դատավորների նոր կազմ է նշանակվել

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի ընտանիքում եռյակ է ծնվել՝ Գոհարը, Աշոտը եւ Ալենը

Facebook-ը ԵՄ-ի երկրներում 3 կենտրոն կբացի ու արհեստական ինտելեկտի մշակումներով կզբաղվի

Արմեն Սարգսյան մարդը, դիվանագետը բարձր տպավորություն է թողել մեզ վրա. Դավիթ Բաբայան

Կարտոֆիլը կառավարությունը չի թանկացրել, գյուղացին է թանկացրել. Աղվան Վարդանյան

ԵԼՔ-ը կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. Արարատ Միրզոյան

Մենք քեզ երբեք չենք մոռանա. ՄՅՈՒ-ի երկրպագուները շնորհավորել են Մխիթարյանի ծննդյան օրը

Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով

ՍԱՊԾ-ն թույլատրել է Շիրակում եւ Սյունիքում երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը

Չգիտեմ՝ առավելությու՞ն է, թե՞ թերություն, Արմեն Սարգսյանի Հայաստանում չապրելը. Վարդանյան

Ամուլսարի ոդիսականը. ովքե՞ր են Լիդիանի «անկախ» փորձագետները․ ՀԲՃ

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել. թարմացվող

Ինչպե՞ս կպատասխանի ՌԴ-ն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին. խոսել է Լավրովը

Իրանն ու Ադրբեջանը 500-ական միլիոն դոլար կներդնեն երկաթուղու կառուցման համար

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել (լուսանկարներ)