Արցախյան հակամարտության հարցը չի քննարկվել. Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը հունվարի 12-17-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար գործուղվել էր Փարիզ: Այս ամսվա 24-ին Սերժ Սարգսյանն էլ պատրաստվում է ելույթով հանդես գալ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները: 

ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի և ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի մասին մեր հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

- Տիկին Հովհաննիսյան, ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովը կարծես նոր է. ե՞րբ է կազմվել եւ ո՞ր երկրների նախաձեռնությամբ:

- Ենթահանձնաժողովը ստեղծվել է ոչ թե երկրների նախաձեռնությամբ, այլ մոնիտորինգային հանձնաժողովի որոշմամբ: Մասնավորապես՝ 2015 թվականի ապրիլի 10-ին որոշում է կայացվել՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման հարցերով, և 2016 թվականին այդ նույն ժամանակավոր հանձնաժողովը դարձել է մոնիտորինգային հանձնաժողովի ենթահանձնաժողով: Ի դեպ, սա մոնիտորինգային հանձնաժողովի միակ ենթահանձնաժողովն է:

- Իսկ ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի ժամանակ Արցախյան հակամարտության վերաբերյալ եւ այլ կարեւորագույն հարցեր քննարկվե՞լ են: 

- Արցախի հակամարտության հարցն այս նիստի ընթացքում չի քննարկվել: Պետք է նշեմ, որ ենթահանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է խորհրդապահական հիմունքներով, ինչը նշանակում է, որ ենթահանձնաժողովի ինչպես օրակարգը, այնպես էլ նիստին քննարկված հարցերը գաղտնի են եւ չեն կարող բարձրաձայնվել կամ հրապարակայնացվել: Միայն կարող եմ ասել, որ այս նիստի ընթացքում Արցախյան հակամարտության հարց չի քննարկվել:

- Տիկին Հովհաննիսյան, հունվարի 24-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Նստաշրջանում անդրադարձ է կատարվելու Ուկրաինայում պատերազմի հումանիտար բնույթի հետեւանքներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը եւ դրանում Եվրոպայի խորհրդի դերին, նաեւ Եվրոպայում հակասեմականության, իսլամատյացության եւ այլատյացության աճին: Քննարկվելու է իրավիճակն Էստոնիայում, Հունաստանում, Հունգարիայում եւ Իռլանդիայում: Այս անգամ Արցախի հարցը քննարկվելո՞ւ է: Եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ:

- Անկեղծ ասած` որևէ ուղղակի կապ չեմ տեսնում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման, ուկրաինական պատերազմի հումանիտար բնույթի հետևանքների և Արցախյան հակամարտության միջև: Այսինքն, եթե այս հարցերը կան, ապա ինչու չկա արցախյան հակամարտության հարցը ճիշտ չէ: Եթե ձեր հարցը, ըստ էության, վերաբերում է մոնիտորինգի հանձնաժողովի սահմանափակ երկրներին վերաբերող զեկույցին, ապա հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ ընտրում է կոնկրետ երկրներ և անդրադառնում վերջիններիս կողմից իրենց մոնիտորինգային պարտավորությունների կատարմանը։ Այս անգամ դա վերաբերում է Էստոնիային, Հունաստանին, Հունգարիային և Իռլանդիային։ Կարող է որոշ ժամանակ անց անդրադարձ կատարվի Հայաստանին։ Հայաստանի Հանրապետության մոնիտորինգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցը դեռևս սպասվում է: Դրա վերաբերյալ բանավոր հաղորդում Հայաստանի համազեկուցողների կողմից եղել է նոյեմբերին` մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Հունվարյան կամ ապրիլյան նստաշրջանին կքննարկվի այդ զեկույցի դեռևս նախնական տարբերակը, բայց, կրկին, այս զեկույցը արցախյան հակամարտության հետ ուղղակի առնչություն չունի:

- Իսկ իր ելույթում Սերժ Սարգսյանը ի՞նչ հարցերի վրա է շեշտադրում անելու:

-Կարծում եմ` ճիշտ կլինի սպասել ելույթին և տեսնել, թե ինչպիսի օրակարգային հարցեր կկարևորի Հանրապետության նախագահը։

- ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալից հետո ի՞նչ զարգացումներ են եղել: ԵԽԽՎ նոր նախագահի վրա ճնշումներ հայտնի՞ են: Ադրբեջանը որևէ բան ձեռնարկե՞լ է նախագահին, այսպես ասած, իր կողմը քաշելու համար:

-Նախ պետք է նշեմ, որ ձեր նշած սկանդալը դեռևս իր հանգուցալուծմանը չի հասել: Թվում է, թե այն ավարտվել է, բայց այդ նպատակի համար ստեղծված կոռուպցիոն հանձնաժողովն իր զեկույցը դեռ չի ներկայացրել: Այդ զեկույցի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի ապրիլ, և ապրիլին սպասվում է, որ հանձնաժողովը կհրապարկի որոշակի տվյալներ: Այս ընթացքում հանձնաժողովը, կրկին խորհրդապահական հիմունքներով, իրականացնում է իր աշխատանքները` հարցազրույցներ, նյութերի հավաքագրում և այլն, բայց դա բացարձակապես գաղտնի է: 
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նորընտիր նախագահին, ապա որեւէ հիմք չկա դատողություններ անելու, թե Ադրբեջանը նրան իր կողմն է ներգրավել, իսկ ճնշումներ ԵԽԽՎ նախագահի վրա եղել են դեռևս իր ընտրության փուլում, որի մասին բազմիցս խոսվել է և արծարծվել մամուլում:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
2325 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը