Ոստիկանների անձնական բջջային հեռախոսների եւ մեքենաների ծախսը կփոխհատուցվի

Կառավարությունը երեկ փոփոխություններ կատարեց նախկին որոշումներից մեկի մեջ, որը վերաբերվում էր կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը: Որոշման նախագիծը գործադրի հավանությանը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը: Մասնավորապես, սահմանվել է 2018 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության թիրախային ուղղությունների մասով կատարվելիք աշխատանքների ժամանակացույցը: Հստակեցվել են կոնկրետ անելիքները, որտեղ նշված է նաեւ անհրաժեշտ նյութատեխնիկական բազան:

2018 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի 4 գերակա ճյուղերն են՝ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, առողջապահության եւ կրթության ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու վերացումը: Բազմապիսի ծրագրերից զատ ոլորտ առ ոլորտ նշվել է, թե ինչեր պետք է ձեռքբերվեն այդ ոլորտներում կոռուպցիան նվազեցնելու համար: Ստորեւ կներկայացնենք ոստիկանության համար ձեռք բերվելիք նյութատեխնիկական միջոցների քանակն ու արժեքները:

2018 թվականին ոստիկանության 480 ծառայողի հետ դասընթացների կանցկացվեն: Դասընթացների ընդհանուր արժեքը կազմում է 6 միլիոն 240 հազար դրամ:

Կներդրվի օպերլիազորների, հետաքննիչների, համայնքային եւ անչափահասների գործերով տեսուչների ծառայությանն առնչվող ծախսերի՝ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների, բջջային հեռախոսակապի ծախսերի մասնակի փոխհատուցման համակարգ:

Ոստիկանության նշված ծառայողների թվաքանակը գաղտնի է պահվում, սակայն ամեն մեկի մասով նախատեսվել է որոշակի գումար: Օպերլիազորների տրանսպորտային ծախսի փոխհատուցման չափը կազմում է մեկ տարվա համար 372 հազար 600 դրամ, մյուսներինը՝ 248 հազար 400 դրամ: Օպերլիազորների բջջային հեռախոսի վճարից կփոխհատուցվի տարեկան 42 հազար դրամի չափով, մյուսներինը՝ 30 հազար դրամ: Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 684 միլիոն 943 հազար դրամ:

Վարորդական իրավունքի գործնական քննության ողջ ընթացը տեսանկարահանելու եւ հեռարձակելու համար նախատեսվում է քննության համար նախատեսված մեքենաներ գնել, որոնք ապահովված կլինեն տեսախցիկներով: Ոստիկանության համար ձեռք կբերվի 2.5 միլիոն դրամ արժեքով 1 մոպեդ, 8 միլիոն դրամ արժողությամբ 1 տրիցիկլ, 5 միլիոն դրամ արժեքով 1 թեթեւ երկանիվ մոտոցիկլ, 6.5 միլիոն դրամ արժեքով՝ երկանիվ մոտոցիկլ, 7.5 միլիոն դրամով ավտոմատ փոխանցման տուփով թեթեւ մարդատար ավտոմեքենա, 6 միլիոն դրամով՝ տեխնիկական փոխանցման տուփ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենա: Ձեռք կբերվի նաեւ 40 միլիոն ընդհանուր արժեք ունեցող երկու բեռնատար ավտոմեքենա, նույն գնով՝ երկու ավտոբուս: Բոլոր մեքենաների մեջ տեսախցիկներ կտեղադրվեն, յուրաքանչյուր տեսախցիկի համար նախատեսված է 500 հազար դրամ: Նշված գնումներն ու որոշակի ծառայություններ ձեռք բերելու ընդհանուր արժեքը կազմել է 256 միլիոն դրամ:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության սպասարկման կենտրոններում քաղաքացիների հերթը կազմակերպելու համար սարքավորումներ ձեռք կբերվեն: Հերթի կանոնակարգման տերմինալների քանակը 35 է: Տերմինալների մեկ հատի միջին շուկայական արժեքը կազմում է 450 հազար դրամ, իսկ բոլորի համար ծրագրային ապահովումը 250 հազար դրամ արժի: Այս ծրագիրն իրականացնելու համար նախատեսվել է 16 միլիոն դրամ: Անձնագրային եւ վիզաների վարչության վեբ կայքը կվերազինվի, որի համար կհատկացվի 1.5 միլիոն դրամ:

Երեւան քաղաքի Կենտրոն, Արաբկիր եւ Նոր Նորք վարչական շրջանների անձնագրային եւ վիզաների վարչության գրասենյակներում թղթադրամ եւ մանրադրամ ընդունող տերմինալներ կտեղադրվեն: Ընդհանուր առմամբ 4 նմանատիպ սարք է պետք գնել, որոնցից ամեն մեկն արժե 1.5 միլիոն դրամ:

Ճանապարհային ոստիկանության մեքենաների մեջ նախատեսվում է տեղադրել GPRS համակարգեր: Մեկ տարվա համար սարքը տեղադրելն ու սպասարկելը կարժենա 25 միլիոն 704 հազար դրամ՝ ամեն մեքենայի համար 72 հազար դրամի չափով: Այս թվերի օգնությամբ կարողանում ենք պարզել, որ ճանապարհային ոստիկանությունն ունի առնվազն 357 հատ ավտոմեքենա ունի:

Տավուշի մարզում կստեղծվի ավտոմեքենաների հաշվառման եւ հաշվառումից հանելու համար գրասենյակ՝ ինչպես որ կա Երեւանում: Շինարարական եւ կահավորման ծախսերը ընդհանուր վերցրած կազմում են մոտ 200 միլիոն դրամ:

Հակակոռուպցիոն ռազմավարության 2018 թվականի ծրագրերն իրականացնելու համար կառավարության որոշմամբ արձանագրվել է, որ անհրաժեշտ է 1 միլիարդ 384 միլիոն դրամ: Կառավարության աշխատակազմից չեն շտապում ասել, թե  որտեղից է այդ գումարը հատկացվելու ռազմավարությունն իրականացնելու համար: Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան հարցին պատասխանել եկող շաբաթվա սկզբին:

Նշենք, որ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատվել է 2015 թվականին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ: Ռազմավարության ծրագիրը հաստատելու որոշման մեջ ֆինանսների նախարարությանը հանձնարարված էր ուսումնասիրել ծրագիրը պետական բյուջեի հաշվին իրականացնելու հնարավորությունը:

Տպել
4552 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը