Խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում, ելույթ ունենալով «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ամենակարեւոր հարցերից մեկը, որ պետք է բարձրացնեին, այն է, թե ինչպես է համատարած գնաճի պայմաններում ԱՎԾ-ն եկել այն եզրակացության, որ գնաճն ընդամենը 2․6 տոկոս է։ Նա նաեւ նշեց, որ հարց տալու հնարավորություն չեղավ, բայց ինչքան կարելի էր կռահել գների համար պատասխանատու մյուս մարմնի՝ ԿԲ ղեկավարի պատասխաններից, ստեղծվել է պատկերավոր կշեռք. մի նժարին դրվել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները, այդ թվերից ինչ-որ կշիռներ են ձեւավորվել, որից հետո 2․6 տոկոս է ստացվել գնաճը։

«Ի՞նչ է ստացվել, ստացվել է, որ պաշտոնական թվերով, եթե սերուցքային կարագը թանկացել է 41 տոկոսով, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացումը։ Եթե գառան միսն է 28․9 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է կանաչ սոխի 18․2 տոկոս էժանացումը, եւ ստացվում է այն փիլիսոփայությունը, որի վրա հիմնվելով՝ կառավարությունն իշխանությանը ասում է՝ գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Օրինակ՝ կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ։ ԿԲ նախագահն ասաց, թե գիտությունը պարզել է, որ կարագը օգտակար է, բա գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը։ Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է կանաչ սոխը։ Լուրջ եմ ասում՝ առանց կատակի, որեւէ մեկը կասկածո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությանը։ Կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար։ Բենզինը թանկացել է, մենք այն օրը ցույց տվեցինք` բրդեք ձեր մեքենան, ի՞նչ է, ձեւռներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիտնես է, լավ ծառայություն է։

Նորմալ է ամեն ինչ, ասում են կարագը թանկացել է, միջազգային գները թանկացել են, հարց ՀՀ քաղաքացիներին` բա ինչո՞ւ ՀՀ-ում գյուղացիներից մթերվող կաթի գինը չի բարձրացել, կարող ե՞ք դա բացատրել։ Իմիջայլոց ասեմ, որ կարագը պատրաստում են կաթից, եւ դա գիտությունը ընդամենը մի շաբաթ առաջ է պարզել։ Բայց ինչո՞ւ մեր գյուղացիներից մթերվող կաթը չի թանկանում, դրա մասին ոչ մեկ չգիտի։ Հիմա այս թանկացումների ցուցակը նայենք, ամեն ապրանքի կողքը գրված է՝ տեսակարար կշիռ, թե այդ ընդհանուր զամբյուղի մեջ այդ ապրանքը ինչքան կշիռ ունի։ Կարագի տեսակարար կշիռը 1․1082 է, խառը կանաչունը` ընդամենը 0․195։ Եվ, եթե այսպես ենք դնում, թանկացած ապրանքները իրենց տեսակարար կշռով կրկնակի անգամ ավելի ծանր են, քան էժանացած ապրանքները։

Եվ, երբ լսում եմ իշխանության, կառավարության ներկայացուցիչներին, լսում-լսում-լսում եմ, ասում եմ` ոնց որ թե հայերեն են խոսում, ընդ որում, գրական բառերով, բայց ոնց որ թե իրականության մասին չեն խոսում, այս ի՞նչ պատմություն է։ Հետո հասկացա, մեր իշխանության ներկայացուցիչները իրականությունը վերցնում են, գցում են գուգլ translate-ի մեջ, translate կնոպկան սեղմում են, այդ մյուս տեքստից կարդում են։ Այսինքն՝ նրանք ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց translate-ով են ասում, որն իրականության հետ կապ չունի, այստեղ է ամբողջ խնդիրը։

ՊԵԿ նախագահը ասում է՝ գազի թանկացումը ինչո՞ւ եք պատմություն սարքել, վերադարձել ենք 2015թ․-ին։ 2000թ․-ին էլ, ասենք, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 500-ից անցել է, ուրեմն, կարող ենք չանհագստանալ։ 2015թ․ գնաճի մակարդակը մեր երազանքների գնաճի մակարդա՞կն է։ Ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն, այսօր ասում է՝ 2011թ․-ին 7 տոկոս գնաճ է եղել, մարդ ա՞ մեռել։ Փակեք լսումները, իջնենք գնանք տներով, ժողովուրդ ջան, այսինքն՝ մեր չափանիշը այն է՝ մարդ մեռել է, թե՝ չի մեռել։ Չի մեռել, Հայաստանում այնքան բանից մարդ չի մեռնում, որ ամբողջ օրը ասում են՝ տնտեսության չզարգացվածությունից մարդ մեռնո՞ւմ է, թե՞ չէ։ Սա՞ է մեր չափանիշը։ Ու ընդհանուր առմամբ՝ այս լսումները ինչի՞ համար է կազմակերպել, որպեսզի ասի, որ գնաճ ՀՀ-ում չկա։ Ու, եթե ուշադիր լինեք, դա ի սկզբանե էլ այդպես էր, վերնագիրը նայեք՝ «առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները» ՝ առանձին ապրանքների, ո՞վ է վերնագիրը դրել, հաստատ Սովետական միությունում քաղբյուրոյի հետ կապ է ունեցել։ Այն ժամանակ հիշում եք չէ, Սովետական միությունում ամեն ինչ իդեալական էր, բայց առանձին կոլեկտիվներում, առանձին աշխատակիցների կողմից, թույլ էին տալիս առանձին բացթողումներ, որոնք առանձին փոքր խնդիրներ էին ստեղծում երկրի համար։

Իսկ ընդհանուր առմամբ կյանքը ուրախ՝ ապրուստը ձրի։ Եւ քանի որ կյանքը ուրախ է, եւ ապրուստը՝ ձրի, ԵԼՔ խմբակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 5-ին՝ ժամը 18։00-ին, հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ տոնակատարության, որպեսզի նշենք միասին բարձր տրամադրությամբ, ուրախ եւ ձրի կյանքի այս խրախճանքը տոնենք եւ մեր շնորհակալությունը հայտնենք ՀՀԿ-ին, որ այսպիսի անհոգ եւ երջանիկ իրականություն է նվիրել բոլորիս»,- այսպես եզրափակեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը։

Տպել
3348 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով