Ինչո՞ւ է Արդվի համայնքը դուրս բերվել զբոսաշրջության զարգացման ծրագրերից. ահազանգ

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Արդվի համայնքը զբոսաշրջության զարգացման ծրագրերից դուրս է բերվել: Արդվին հանվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրից:

Բանն այն է, որ «Միռամ» ՍՊԸ-ն Արդվի գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում՝ 2017-2020թթ. նախատեսում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ եւ հայտ էր ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

Նշենք, որ ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանի շուրջ 60 գյուղական համայնքի՝ գյուղաբնակների համար ստեղծելու այընտրանքային եկամտի աղբյուրներ, զբոսաշրջության զարգացման միջոցով: Դեռևս 2017 թվականին Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները Շեկաղբյուրի ծրագրի դեմ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ գյուղի տուրիստական, ինչպես նաև տնտեսական եւ սոցիալական զարգացման խոչընդոտները վերացնելու խնդրանքով: 

Բնակիչների նամակում ասվում էր, որ գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով ՄԱԿ-ի տուրիզմի զարգացման ծրագրի նախնական ընտրված 20 համայնքների թվում է նաև Արդվի գյուղը: Պարզեցինք, որ գյուղն իսկապես հանվել է ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման ծրագրից: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանի փոխանցմամբ՝ 2016 թվից մեկնարկած ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում արդեն ընտրված 60 գյուղերի թվում Արդվին չկա:

Նշենք, որ Արդվիի բնակիչների նամակ- խնդրանքի կրկնօրինակն ուղարկվել էր նաև ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, սակայն Կարինե Մանգասարյանը դա ժխտեց: Արդվի գյուղի բնակիչների մտահոգության պատճառը «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագիրն էր, որը իրականացվելու էր Արդվիից ընդամենը 2 կմ հեռու: Այդ տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու եւ ոռոգման ջրի ակունքը:

Բնակիչները դեմ էին Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը: Նրանք բողոքում էին, որ բազմամետաղների որոնման արդյունքում ջրերը կաղտոտվեն հանքաքարում առկա տարրերով`ոսկով, արծաթով, պղնձով, բիսմուտով, արսենիումով (մկնդեղ), ծարիրով, կապարով եւ այլ տարրերով, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար: Անկառավարելի կդարձնեն ջրերի եւ հողերի աղտոտումը, եւ այս պայմաններում գյուղական եւ զբոսաշրջային գործունեությունը հնարավոր չի լինի զարգացնել:

«Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը եւ ապրելը կդառնա ոչ նպատակահարմար»- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արդվի գյուղի ակտիվիստներից մեկը՝ Սուրեն Կիրակոսյանը, որը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ արդվեցիները տեղյակ չեն, որ գյուղը տուրիզմի զարգացման ծրագրից հանվել է եւ եթե դա իսկապես այդպես է, սա մեծ բողոքի ալիք կբարձրացնի եւ բնակիչներին անկառաավարելի քայլերի կդրդի:

Նա նշեց, որ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրի քննարկման 2-րդ հանրային լսումները նշանակված էին դեկտեմբերին`սակայն այդպես էլ չիրականացան, քանի որ բնակիչները չհամաձայնվեցին, դեմ էին եւ հայտարարել են, որ հարցը քննարկման ենթակա չէ: «Մեր գյուղը մեծ ու փոքրով 250 բնակիչ ունի, այսօր էլ գյուղացիները մի մարդու նման կանգնած են եւ թույլ չեն տա ոչ մի հանքարդյունաբերական աշխատանք, իսկ ինչ վերաբերում է Արդվին գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրից հանելուն՝ դա անթույլատրելի է»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Կիրակոսյանը:

Նշենք, որ Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունեցող «Միռամ» ՍՊԸ-ն պատրաստվում էր հանրային լսումներ անցկացնել Շեկաղբյոււրի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: Ընկերությունը հանրային քննարկումները նախատեսել էր կազմակերպել Օձունի համայնքապետարանում, քանի որ Արդվին խոշորացել է Օձունի կազմում: Նախատեսված հանրային քննարկումները չիրականացան Արդվիի բնակիչների անհամաձայնության պատճառով:

«Միռամ» ՍՊԸ-ն Արդվի գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում՝ 2017-2020թթ. նախատեսում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ եւ հայտ էր ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

«Միռամ» ՍՊԸ-ն կարճ պատմություն ունի. գրանցվել է 1017 թվականի մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է:

Գյուղացիների մոտ այժմ մտահոգություն կա, որ Արդվին դիտավորյալ է հանվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, որպեսզի «Միռամ» ՍՊԸ-ն առանց խոչընդոտների կարողանա աշխատանքներ իրականացնել:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ չափանիշներով են ընտրվել 60 գյուղերը: Նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանն ասաց, որ գյուղերը տուրիզմի տեսանկյունից, ինչ-որ հետաքրքիր մշակութային կոթողներ պիտի ունենան:

Նշենք, որ բազմաթիվ տեղերում ասվում է, որ Արդվի համայնքը մեծ հավակնություն ունի` դառնալու տուրիստական կենտրոն Լոռու մարզում։ Այստեղ են գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ, որոնցից են` 10-12 րդ դարի խաչքարեր, վաղ միջնադարի եկեղեցի, 8-րդ դարի կառույց Սուրբ Օձնեցի վանքը, Սուրբ Օձի պորտ եւ այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։

Օձապորտ - բնության հուշարձան, գտնվում է Լոռվա Արդվի գյուղի շրջակայքում, աղբյուր է

Այս գյուղում են նկարահանվել մի շարք հայտնի ֆիլմեր` «Մենք ենք մեր սարերը», Փարաջանովի «Նռան գույնը», «Այս կարմիր կանաչ աշխարհը» և այլն: Նշենք, որ ՄԱԶԾ –ի 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսվում էր Արդվու գյուղական եւ պատմամշակութային տուրիզմի զարգացում, «Սուրբ Հովնան Օձնեցի» վանքի հարևանությամբ իջևանատան կառուցում, ինչպես նաև ամառային հյուրանոցային քոթեջների, հյուրատների, տաղավարների եւ սննդի կետերի կառուցում, կաթի վերամշակման արտադրության ստեղծում:

Հանքարդյունաբերության զարգացումը ոչ մի կերպ ներառված չէ գյուղի զարգացման ուղղություններում, ինչը նաև հաստատված է ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված Արդվի համայնքի վերաբերյալ տեղեկատվությամբ. «Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն»:

Արդվի համայնքի վարչական ղեկավար Սամվել Վահրամյանի եւ համայնքի բնակիչների վստահեցմամբ՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացման արդյունքում, գյուղի զարգացման ծրագիրը կհավասարվի զրոյի: Նշենք, որ Արդվի համայնքը որպես տուրիստական վայր ներառված  է «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային զարգացման հիմնադրամի մեջ:

Հիմնադրամի տնօրեն Քրիստինե Երիցյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը երեք տարի է ինչ գործում է, ոչ մի տիպի գումարային գործարք չունի Արդվի գյուղի հետ: Մեր հարցին՝ այդ դեպքում իրենց դերակատարումը ո՞րն է եւ ի՞նչ գործունեություն են իրենք իրականացնում Արդվիում կամ Լոռվա այլ համայնքներում՝ ի նպաստ տուրիզմի զարգացմանը՝ Քրիստինե Երիցյանը չցանկացավ պատասխանել:

Արդյունքում ստացվում է, որ Լոռու մարզի Արդվի համայնքը «անհայտ» նպատակներով ներառվել է «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային հիմնադարամի մեջ: Դուրս է հանվել  ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրից եւ զրկվել՝ զբոսաշրջության զարգացման միջոցով այլընտրանքային եկամտի աղբյուրներից:

Իսկ ինչ վերաբերում է «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրին՝ դեռ հայտնի չէ, թե ընկերության բաժնետերերն ինչ նպատակներ ունեն եւ ինչ քայլեր են ձեռնարկելու հանքարդյունաբերական գործունեության արդյունքում: Չնայած գյուղացիների ջանքերով հանքարդյունաբերական գործողությունների ժամանակավոր կասեցմանը, նրանք դեռ կանգնած են վտանգի առաջ, որ ամեն պահի կարող է իրենց բնակավայրը դառնալ անբարենպաստ, վտանգավոր՝ առողջության եւ կյանքի համար:

                                                                                                                 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:

Տպել
3619 դիտում

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով մտել է Հայաստան, հետո լքել այն (տեսանյութ)

«Արարատյան ավտոկայան»-ի նախկին, ներկա տնօրենները իրենց յուրացումներից վճարել են 30մլն դրամ

Երեւանի Մուշավան թաղամասում այրվում են տնակներ. հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ