Հայ մարդը պետք է ազատվի․ Ղարաբաղյան շարժման չիրագործված բաժինը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասված է․ 

«Մեծարգո հայրենակիցնե´ր, բարեկամնե´ր, գործընկերնե´ր:

Փետրվարը մեր նորագույն պատմության մեջ հայ ժողովրդի զարթոնքի ամիսն է, հայոց կամքի ու տոկունության խորհրդանիշը: 1988-ի փետրվարին էր, որ ազգովի ոտքի ելանք` փշրելու օտարի լուծը, նվաճելու սեփական հողի վրա սեփական ապագան կերտելու, ազատ ու ինքնիշխան ապրելու մեր իրավունքը: Փետրվարին էր, որ Ստեփանակերտի եւ Երեւանի փողոցներն ու հրապարակները հեղեղած հարյուր հազարավոր մարդիկ հստակ գիտակցեցին սրբազան գոյապայքարի վաղուց հասունացած հրամայականը եւ դրանից հետքայլ կատարելու անկարելիությունը:

Ազգային-ազատագրական շարժման բոցը բռնկվեց փետրվարի 12-ի «կայծից»` Հադրութ ավանում մեկնարկած ինքնաբուխ հանրահավաքից, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: 

Իրադարձությունը բեկումնային էր ոչ միայն արցախցիների համար: Փաստորեն այն կանխորոշեց երրորդ հազարամյակում հայ ժողովրդի առաջընթացի հետագա ուղին: Եվ հատկապես` փետրվարի 20-ից հետո, երբ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու, եւ Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով: 

Անշուշտ, հեշտ չէր: Իրենց արդար դատը հետապնդող արցախցիների ամենաքաղաքակիրթ քայլին անգամ հետեւում էր Ադրբեջանի իշխանությունների բռնությունների ալիքը` հայազգի քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարման, ժողովրդագրական էքսպանսիայի, տնտեսական շրջափակման եւ այլ վայրագությունների ձեւով: ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Շամխոր քաղաքներում եւ հայաշատ մյուս բնակավայրերում վխտում էր ազերիների մոլեգնած խառնամբոխը: Այդ օրերի զանգվածային անկարգությունների զոհ դարձան հարյուրավոր հայ բնակիչներ, շուրջ 450 հազարը հարկադրաբար լքեց մշտական բնակության վայրերը: 

Արցախի ազատաբաղձ ձայնը լռեցնելու տմարդի ձեռնարկներում հակառակորդը հետագայում եւս` հատկապես իր սանձազերծած պատերազմի տարիներին, թիկունքում ուներ ոչ միայն Մոսկվայի ռազմական հովանավորությունը, այլեւ դիրքեր բերած թուրք մասնագետների, վարձկան թալիբների եւ չեչենների գործնական աջակցությունը: Չնայած դրան՝ Հայրենիքի նվիրյալների կամքը մինչեւ վերջ մնաց անկոտրում: Մնաց եւ հաղթանակեց: 

Արցախյան դյուցազներգության գլխավոր արդյունքը եղավ այն է, որ մեր ժողովուրդը բացճակատ դուրս եկավ արժանապատվության ու ազգային ինքնության դաժան քննությունից: Ինչպես նկատել է արցախցի բանաստեղծը, «փետրվարյան հերոսական օրերից հիշողություններն ավագներին են մնում, դասերը` նոր սերունդներին»: Այո, շատ կարեւոր է հիշել ու սերտել պատմության դասերը, այլ ոչ թե վիճարկել առաջինը լինելու պատիվը: Հարգանքի ու խոնարհումի են արժանի բոլոր նրանք, ովքեր իրենց լուման ներդրեցին ազգի մեծ գոյակռվի հաղթանակում: Փա~ռք Շարժման շարքային հերոսներին: 

88-ը խորին խորհուրդ ունի: Այն մեզ պատգամում է հավատարիմ մնալ իրենց կյանքը սերունդների ազատության ու բարօրության պայքարի զոհասեղանին դրած հայորդիների հիշատակին, լինել տերը սեփական ճակատագրի եւ պահապանը նախնյաց ժառանգության: Ասված խոսք կա` «հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց միայն կարելի է պառակտել»: 88-ի լիցքերը, ներշնչանքն ու կորովը պետք է պահել աչքի լույսի պես եւ նույն ոգեղեն ներուժով ուղղել ներսի կառավարողների որակի բարձրացմանը, հայոց նորանկախ պետության կայացմանն ու շենացմանը: 

Հիրավի՝ հույզից անդին հայրենասիրությունը ենթադրում է նաեւ սառը, ինքնաքննադատական հայացք: Այս գիտակցությամբ՝ հարկ է արձանագրել, որ եթե Շարժման հետեւողական ուժով մենք մեր Հայրենիքի արեւելյան եզերքն ազատագրեցինք, սակայն հայ մարդը սեփական հողում մնաց անազատ: Հակոտնյա երեւույթները՝ անարդարություն, անիրավություն, կեղծ ընտրություններ, քաղաքական հետապնդումներ, բռնություն, կոռուպցիա, ահագնացող արտագաղթ եւ աղքատություն, շարունակեցին ուղեկցել ազատ, անկախ հռչակված մեր երկրում ապրող քաղաքացիներին: 

Սերունդների համար փրկված տարածական արժեքը կա, բայց հայորդու եւ ազգի արժանապատվության որակական հատվածը մնում է բաց, ուստիեւ հանդիսանում է Շարժման չիրագործված բաժինը: Պակասորդը վերականգնելու, ասել է թե՝ Շարժման խորհուրդն ամբողջացնելու համար հույժ անհրաժեշտություն է, որ հայ մարդն ազատագրվի, լիաթոք շնչի իր իսկ հողի վրա: Սա է Հայրենիքի բուն իմաստը, որից էլ ծնունդ է առնում իրական հայրենասիրությունը: 

Առջեւում մեզ դժվարին ճանապարհ է սպասվում` պատերազմի ու խաղաղության արանքում մենք ունենք տակավին չլուծված համազգային խնդիրներ, արտաքին եւ ներքին էական մարտահրավերներ: 88-ի վերազարթոնքն առավել եւս հրամայական պահանջ է այսօր: Միասին մենք ի զորու ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, հավաքական կամքով հասնել ամբողջական հաղթանակի եւ կերտել մեր երազանքի ե՛ւ իրավունքի Հայաստանը: 

Ամենավերջում` դարձյալ դիմենք իմաստուն Լոռեցու «Ուխտ»-ին. 

Մենք անցել ենք արյան ծովեր, սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել մըրրիկներին հակառակ։ 

Բայց գընում ենք մենք անվեհեր զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ դեպի լույսը մեր ուխտի։ 

Ուրեմն` առա´ջ, դեպի լույսը: 

24 փետրվարի, 2018

Երեւան»

Տպել
2178 դիտում

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի

Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն

Գրիգորյանին մանդատից զրկելու հարցը կարող է ընդգրկվել վաղվա արտահերթ նիստի օրակարգ