Ի՞նչ սկզբունքով են կոլեգիալ ենթակայությունից հանվում ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն

Երեկ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին Հանրային խորհրդի մասին, Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին, Ներման մասին եւ այլ օրենքների նախագծերը:

Իսկ առաջին ընթերցմամբ քննարկվեցին մեծ հետաքրքրություն առաջացնող պետական կառավարման համակարգի մարմիններին եւ կառավարության կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող օրինագծերի երկու փաթեթների միասնական փաթեթը:

Օրենքների նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես միշտ, նմանօրինակ նախագծերի քննարկմանը բովանդակային լուրջ հարցերի մասին բարձրաձայնեցին ոչ իշխանական պատգամավորները: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները կա՛մ հանդես եկան աջակցական ելույթով, կա՛մ աննշան եւ տեխնիկական հարցեր բարձրացրին:

Անդրադառնալով փաթեթի միասնական լինելու փաստին, ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ «արդյո՞ք սրա փաստական կամ հետապնդվող նպատակը այն է, որ կարճ ժամանակում այս բոլորը միանգամից անցնեն»: Ի պատասխան՝ Հարությունյանը հղում կատարեց կառավարության իրավունքին, ասելով. «Քանի որ 2 փաթեթներն էլ ուղարկել էինք ԱԺ, իրավունք ունեինք նաեւ արտահերթ նիստի օրակարգում ներկայացնել օրակարգը ինչպես մենք ենք պատկերացնում»,- ապա հավելեց, որ այս քննարկումը կոծկելու նպատակ չունի:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրեց, թե ո՞րն է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշման նպատակը. «Մի ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է, որովհետեւ այդ տրամաբանությամբ ավելի ժողովրդավար ու բանավիճող ԱԺ ունենալու համար եկեք փակենք նաեւ ԱԺ նիստերը»: Հարությունյանը բացատրեց, որ ԱԺ-ի եւ կառավարության միջեւ էական տարբերություն կա. «Օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է»:

ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ անդրադարձավ նախարարների՝ կառավարությունից տարբերվող դիրքորոշման արտահայտմանը. «…Կոալիցիոն կառավարության պարագայում որոշ հարցերում չե՞ն կարող կոնկրետ օրենքների կամ նախաձեռնությունների վերաբերյալ կուսակցությունները կամ համապատասխան նախարարները ունենալ տարբեր դիրքորոշումներ»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ենթակա են լինելու վարչապետին, եւ ի հայտ գա վարչապետի անհամատեղելիության հարց, ո՞ր կառույցն է, որ պետք է քննի այդ հարցը: Հարությունյանը շարունակեց կոլեգիալ պատասխանատվության տրամաբանությամբ: Նա նշեց, որ հարցը վերաբերվում է նախարարների այն դիրքորոշումներին, որոնք հակասում են կառավարության ամրագրված դիրքորոշմանը: «Որեւէ մեկը չի ամրագրել օրենքում, որ նախարարը չի կարող ունենալ իր դիրքորոշումը, բայց երբ խոսքը վերաբերում է կառավարության որդեգրած դիրքորոշմանը, դրան հակառակ դիրքորոշում չի կարող արտահայտել»,-  նշեց նա: Նրա խոսքով, եթե նախարարը արտահայտում է այլ դիրքորոշում, պարտավոր է հրաժարական տալ, որովհետեւ այլեւս այդ թիմի անդամ չէ: 

Ինչ վերաբերվում է վարչապետի անհամատեղելիությանը, նախարարը նշեց, որ հենց դրանով է պայմանավորված ԱԱԾ-ի եւ ոստիկանության ծառայություն լինելը: «Նրանք քաղաքական որոշումների կատարմանը չեն մասնակցում», - ասաց նա: Ապա նշեց, որ գործընթացի պատշաճ իրականացման համար կա «համապատասխան հսկողություն իրականացնող կառույց՝ դատախազությունը»:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցրեց, թե ի՞նչ սկզբունքով են կոլեգիալ ենթակայությունից հանվում ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն եւ դրվում միայն մեկ անձի ենթակայության տակ, «չե՞ք կարծում, որ սրանով սուպերվարչապետական միահեծան կառավարման համակարգ է ստեղծվում»: Հարությունյանը պատասխանեց, որ պատճառը այդ մարմնի գործունեության համար ավելի արտահայտված եւ ընգդծված քաղաքական պատասխանատվություն ունենալն է: «Ավելին, ես արդեն նշեցի, որ ըստ իս, մեր քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ, բացառությամբ տեսչությունների, որոնք չեն կարող լինել կոնկրետ անձի քաղաքական պատասխանատվության ներքո, ի վերջո բոլոր մարմինները ռեֆորմների արդյունքում պետք է ենթակա լինեն այս կամ այն անձի անհատական պատասխանատվության ներքո», - նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորները շարունակեցին նախագծի հետ կապված իրենց մտահոգությունները հայտնել: Մասնավորապես Գ. Գորգիսյանը նշեց, որ այս օրենքով բոլոր կարեւորագույն օղակները դրվում են վարչապետի ենթակայության տակ: «Ամեն ինչ կախված է լինում մեկ անձի որոշումներից, ի վերջո, ունենում ենք վարչապետ, որը վեր է բոլոր տեսակի վերահսկողություններից»:

Ա. Միրզոյանը լուրջ վտանգներ է տեսնում ուժային կառույցների՝ միայն վարչապետի ենթակայությանը փոխանցելու մեջ:

«Վերցնում եք չորս էական կառույցներ ԱԱԾ, ոստիկանություն, վերահսկողություն եւ պետական պահպանություն, հանում եք կոլեգիալ պատասխանատվությունից եւ դնում եք միայն վարչապետին ենթակա մարմին: Ասում եք, որ սա ուժեղացնում է պատասխանատվությունը…», - նշեց նա:

Նրա կարծիքով, ստացվում է, որ կառավարության կոլեգիալ պատասխանատվության տակ թողնված մարմիններն անկարեւոր են եւ ուղիղ պատասխանատվության անհրաժեշտություն չունեն:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ուժային կառույցների «սեփական անձի շահերին ծառայեցնելու, ուզուրպացման եւ ենթակայացման հավանականությունը ավելի փոքր է, երբ դրա վերաբերյալ որոշումները կայացնում է կոլեգիալ մարմինը, քան երբ որոշումները կայացնում է մեկ անձ»:

Իր խոսքը նա եզրափակեց հետեւյալ կերպ. «Մեխն էլ է ձեր ձեռքը, մուրճն էլ, խփե՛ք, բայց մի օր կա՛մ մեխը կկոտրվի, կա՛մ մուրճը»:

Իշխանական ուժի շատ ներկայացուցիչներ նիստի ընթացքում բերեցին Մեծ Բրիտանիայի օրինակը, ինչը խորհրդանշական է՝ այն թեեւ սահմանադրական, սակայն միապետություն է: Բացի այդ, ստեղծվում է տպավորություն, որ նրանք զբաղված են «այլ երկրների» ուսումնասիրությամբ եւ կտրված են իրականությունից: Ինչեւէ, այս նիստից եւ զեկուցողի պատասխաններից կարող ենք ենթադրել, որ անգամ կառավարությունը դեռ չի կողմնորոշվել, որն է, ի վերջո, ավելի հարմար տարբերակ՝ կոլեգիալ քաղաքական պատասխանատվությունը, թե «ռեֆորմների արդյունքում այս կամ այն անձի անհատական պատասխանատվության ներքո» պետական մարմինները տեղավորելը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
1633 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել