Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը Իրանի շուկային մոտ լինելն է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ներկայացնելով Սյունիքի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, մանրածախ ապրանքաշրջանառությանը՝ 19.4 մլրդ դրամ, վճարովի ծառայություններինը՝ 35.5 մլրդ դրամ:

Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում իրականացվել է 40.2 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 573 հիմնական աշխատատեղ: 2018թ. նախատեսվում է 52.2 մլրդ դրամի ներդրում և 1077 ոչ գյուղատնտեսական աշխատատեղի ստեղծում: Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի շրջանակում Կապանում «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ-ի ջանքերով արդեն գործում է իտալական պիցցայի արտադրության ձեռնարկություն, ստեղծված է 10 աշխատատեղ, 2018 թ. նախատեսվում է ունենալ մոտ 70 աշխատատեղ: Ներդրվել է 500 հազ ԱՄՆ դոլար, սարքավորումները ներկրվել են Իտալիայից: Ձեռնարկությունը ստացել է «Հալալ»-ի սերտիֆիկատ, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Իրան: Կապանում բացվել է մուլտի բրենդ աութլեթ խանութ. ներդրվել է 20 մլն դրամ, ստեղծվել է 10 աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ արդեն դիմել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարություն, որպեսզի մրցույթ հայտարարվի Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղու համար, որի նպատակը Իրանի Արազ ազատ տնտեսական գոտու ներկայացուցչության հետ համագործակցության զարգացումն է:

Սկսվել է Կապանի օդանավակայանի ուղևորային համալիրի շինարարությունը. նախատեսվում է շուրջ 4.5 մլրդ դրամի ներդրում, 15-25 աշխատատեղի ստեղծում: Մարտի 15-ին Կապանում կբացվի գերմանական արտադրության կինոտեխնիկայով հագեցած կինոթատրոն. ներդրումների ծավալը կազմում է 140 մլն դրամ, կստեղծվի 10-15 աշխատատեղ: 2018 թ. Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում կսկսի աշխատել մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան (100 աշխատատեղ, արտահանման շուկան՝ Ուկրաինա): 

Զբոսաշրջության ծրագրերի շրջանակում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2018-2025 թթ. «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը՝ 25-26 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով. 2018թ. ներդրումների ծավալը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, ստեղծվելիք աշխատատեղերի թիվը՝ 100: Տաթև համայնքում նախատեսվում է սկսել էքստրիմ կենտրոնի շինարարություն, որը ներառելու է նաև զիփլայն համալիր: Ներդրումային ծրագրի արժեքը 1,7 մլն ԱՄՆ դոլար է. այն կիրականացվի 3 փուլով, յուրաքանչյուրի տևողությունը՝ 1 տարի, կստեղծվի 130 աշխատատեղ. 2018 թ. ներդրումները կկազմեն 1 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ 40: Ընդհանուր առմամբ մասնավոր ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում 2018 թ. ակնկալվում է բիզնես ոլորտի աճ 15 տոկոսով:

Զեկուցվել է, որ 2017 թ. համայնքային ցուցանիշները հետևյալն են. մարզի 8 համայնքի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,685,7 մլն դրամ՝ 2016թ. համեմատ 21,2 տոկոս ավելի: Այս տարի նախատեսվում է հավաքագրել 1902.9 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է այլ մարզերի ցուցանիշների հետ համեմատական վերլուծություն անցկացնել՝ բազաները ճշգրտելու և սեփական եկամուտների կատարողականի բարձր մակարդակ ապահովելու համար:

Աղբահանության գումարների հավաքագրման ծավալը 2017 թ. կազմել է 229.4 մլն դրամ, ծախսը՝ 310.4 մլն դրամ. հավաքագրումն ընդհանուր ծախսի նկատմամբ կազմել է 74 տոկոս: 2018 թ. նախատեսվում է հավաքագրել շուրջ 284.6 մլն դրամ, ծախսը՝ 357,2 մլն դրամ. հավաքագրումն ընդհանուր ծախսի նկատմամբ՝ 80 տոկոս: 2017 թ. աղբահանության ծառայություն է մատուցվել մարզի 15 բնակավայրում, բնակչության թիվը՝ 104300 մարդ: 2018 թ. նախատեսվում է  բնակավայրերի թիվը հասցնել 33-ի, բնակչության թիվը՝ 117200-ի (մարզի բնակչության 84,5 տոկոսը): Տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1862 պայմանագիր, մինչև 2018 թ. մարտի վերջ նախատեսվում է ավարտին հասցնել պայմանագրերի կնքման գործընթացը՝ այդ ցուցանիշը հասցնելով 2000-ի։ Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների և խնդիրների ձևակերպման կոնկրետության կապակցությամբ՝ հորդորելով շարունակել նույն տեմպով:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբերյալ զեկուցվել է, որ մարզում առկա է 1113 հա պտղատու այգի, որից 25 հա-ն ինտենսիվ այգիներ են, մնացած 1028 հա-ն՝ ավանդական, որոնց շուրջ 60 տոկոսը ենթակա է թարմացման: 2018 թ. նախատեսվում է ինտենսիվ այգիների մակերեսն ավելացնել ևս 45 հա-ով՝ դարձնելով 70 հա: Մարզում գործում է 5 սպանդանոց, 2018թ. նախատեսվում է կառուցել ևս 3-ը, 1-ի շինաշխատանքներն սկսվել են: 2017 թ. տարբեր ծրագրերով ձեռք է բերվել 48 միավոր գյուղտեխնիկա. ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող լիզինգի ծրագրով ձեռք է բերվել 3 տրակտոր և 6 գյուղգործիք, 2018 թ. նախատեսվում է լիզինգով ձեռք բերել ևս 9 միավոր տեխնիկա, ներկայացվել է 7 հայտ: 2018 թ. նախատեսվում է 1.2 մլրդ դրամի ներդրում, 500 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է 5 տոկոս աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018 թ. համար պետք է ավելի բարձր նշաձող դնել՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում առկա հնարավորությունները և հանձնարարել ակտիվ աշխատել ֆերմերների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ ինտենսիվ այգիների, կաթիլային համակարգի, լիզինգի ծրագրերի համանմանությամբ նույնպիսի ծրագիր է պատրաստվել նաև անասնապահության ոլորտի համար. այն կներկայացվի մարտի 15-ին, և ֆերմերներին պետք է տեղյակ պահել այդ մասին: «Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետև  Իրանի շուկան շատ մեծ է: Իրանի հետ մենք ունեցել ենք բավական արդյունավետ խոսակցություն: Մենք Իրան արտահանում ենք ընդամենը 25 մլն ԱՄՆ դոլար ապրանք առանց էներգետիկայի՝ այն պարագայում, երբ Իրանը ներմուծում է 41.5 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք: Պայմանավորվել ենք արտահանող-ներմուծող ընկերություն ստեղծել և աշխատել ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը հենց այդ շուկային սահմանակից լինելու հանգամանքը պետք է լինի», - ասել է Կարեն Կարապետյանը: 

Սյունիքի մարզում ոռոգելի հողատարածքների ծավալը 8.2 հազ. հա է, փաստացի ոռոգվում է 4700 հա. չոռոգման հիմնական պատճառը ներքին ցանցերի բացակայությունն է: Մարզպետի խոսքով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկվել է Մեղրու տարածաշրջանում ջրամբարի կառուցման հարցը: Այժմ ուսումնասիրության փուլում են նախագծային փաստաթղթերը, ծրագրի նախնական արժեքը մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար է: Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է. «Ջրամատակարարման ապահովման հարցը մեզ համար թիվ մեկ թեման է լինելու, այսինքն՝ մենք հիմա ինչքան գումար խնայողություն անենք և ինչքան ավելի հավաքենք, հիմնական մասն ուղղելու ենք ջրամատակարարմանը: Մեր ջրային ռազմավարության մի մասը հետևյալն է. խոշոր ջրամբարներից անցում կատարել փոքր ու միջին ջրամբարաշինությանը՝ ներգրավելով մասնավոր բիզնեսին: Ծրագրով 11 ջրամբար է ընտրված՝ բիզնես տրամաբանությամբ: Մենք կսուբսիդավորենք ջրամբարի ծրագիրը՝ կամ գնելու, կամ կառուցելու ժամանակ: Եթե, ասենք, պայմանականորեն 10 միլիոնանոց ծրագիր է, և բիզնեսը ֆինանսավորում է 7 մլն-ը, ապա պետությունը կսուբսիդավորի 3 մլն-ը: Արդյունքում կունենանք 10 միլիոնանոց ջրամբարի բանաձև և ոչ բարձր սակագին: Ես ջրամբարների ծրագրին հավատում եմ և պետություն-մասնավոր համագործակցության ամենաարագ արդյունք տվող ծրագրերից մեկն եմ համարում», - նշել է կառավարության ղեկավարը՝ առաջարկելով Սյունիքի մարզի բիզնես կառույցների հետ քննարկել և կառավարություն ներկայացնել բիզնես ծրագիր:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ վճարովի ծառայություններից 2016թ. մուտքագրվել է 151,2 մլն դրամ, 2017թ.՝ 402.4 մլն դրամ. աճը կազմել է 2.6 անգամ: 2018 թ. վճարովի ծառայություններից կանխատեսվում է մուտքագրել 482.0 մլն դրամ, պլանավորված աճը՝ 19.7 տոկոս: 2018 թ. Գորիսի բժշկական կենտրոնը կհամալրվի անգիոգրաֆով, կբացվի ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունքը: Իսկ կրթության վերաբերյալ զեկուցվել է, որ Սյունիքի մարզում կա 118 դպրոց, բոլորում դասավանդվում է ֆիզկուլտուրա, օտար լեզուների դասավանդման մակարդակը նույնպես լավ է: Որոշ դպրոցներում 3 օտար լեզու է դասավանդվում, առաջարկվում է քննարկել նաև պարսկերենի դասավանդման հարցը: 40 դպրոցում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան: Ճանապարհի խնդիր չունեցող գյուղական համայնքների դպրոցներում, որոնք կազմում են 30-40 տոկոս, գործում են երեխաների զբաղվածությունն ապահովող տարբեր խմբակներ: Վարչապետն արդյունավետ է գնահատել թե′ առողջապահության, թե′ կրթության ոլորտներում կատարված աշխատանքը՝ հորդորելով շարունակել աշխատանքներն էլ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանին ներկայացվել է նաև «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ նախատեսվում է Գորիսում իրականացնել 54 մշակութային միջոցառում, որոնք  կմեկնարկեն հուլիսի 7-8-ին և կշարունակվեն մինչև ուշ աշուն: ԱՊՀ երկրներից ներկա կլինեն շուրջ 250 արտիստներ, նախատեսվում է պաշտոնական նախարարական պատվիրակությունների մասնակցություն: Հյուրեր կլինեն նաև հարևան, ինչպես նաև այլ երկրներից:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ծրագրում ներառված են նաև մնայուն միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների երիտասարդ քանդակագործների սիմպոզիումը, որի շրջանակում ստեղծվելու է 22 քանդակ, որոնք մնալու են Գորիսում, Սերո Խանզադյանի թանգարանի բացումը, գրախանութ-սրճարանի բացումը և այլն: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, ընդգծել է, որ միջոցառումները պետք է համահունչ լինեն Գորիս քաղաքի կոլորիտին և միջավայրին: «Գորիսը տուրիստական մեծ ներուժ ունի. սիրուն, ճիշտ կազմակերպված քաղաք է, և հիմնական նպատակը պետք է լինի, որպեսզի իրականացվելիք միջոցառումները ոչ թե մեկանգամյա կամ մի քանի օրվա էֆեկտ ունենան, այլ հետագայում էլ ապահովեն Գորիսի զբոսաշրջային գրավչությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:

Տպել
779 դիտում

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար

2019 թվականի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու Հայաստանում չի լինելու (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումները չեն ավարտվել

Օր 10-րդ. այսօր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորի ծնունդն է, նա կհանդիպի Մակունցին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար