Նավթային տենդ. երկու երնեկ մի տեղո՞ւմ

13/03/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 11-ի համարում

Ուղիղ երեք շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը ավելի քան 150 մլն դրամ հատկացրեց Շիրակի ճկվածքում նավթագազաբերության երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական նախադրյալների պարզաբանման նպատակով: Ի՞նչ է սա նշանակում: Սա ամենեւին չի նշանակում, որ հորատանցքեր են փորվելու: ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության գլխավոր երկրաբան Էդուրադ  Խարազյանը բացատրեց, որ հատկացված այս գումարով իրականացվելու են «թեթեւ», մակերեսային ուսումնասիրություններ: «Նպատակը մեկն է՝ մի փոքր պարզեցնել հարցը՝ արժի՞ այդ ուղղությամբ մտածել, թե՞ ոչ»,- ասում է պրն  Խարազյանը: Այսինքն, պատկերավոր ասած, ներկայումս նույնիսկ հարց չի արծարծվում՝ նավթ ու գազ փնտրե՞լ, թե՞ ոչ: Հարցը ձեւակերպվում է այսպես՝ արժե՞ արդյոք սկսել նավթի ու գազի որոնման ուղղությամբ աշխատանքների մասին մտածել, թե՞ ոչ:

Իսկ նշված մակերեսային ուսումնասիրությունները կարող են որոշակի պատկերացումներ տալ նավթի գոյության հավանականության մասին:  Խնդիրն այն է, որ ստորգետնյա շերտերում «թաքնված» տարբեր նյութերը իրենց գոյության մասին ինչ-ինչ նշաններ են «ուղարկում» դեպի հողի մակերեւույթ, որոնց մանրազնին ուսումնուսիրությունը թույլ է տալիս որոշակի ճշտությամբ գուշակել դրանց, ասենք, ծավալների կամ խորության մասին: Այդուհանդերձ, կա՞ արդյոք հավանականություն, որ մեր երկրի ընդերքում նավթ ու գազ կհայտնաբերվի: «Մենք կապույտ երազներ չունենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց պրն  Խարազյանը: Ո՞րն է հանրապետության լավագույն մասնագետներից մեկի այսպիսի, մեղմ ասած, չափավոր լավատեսության պատճառը: Պարզվում է, որ սա բավական հիմնավոր է:

Որքան մեծ է Հայաստանում նավթ ու գազ գտնելու բոլորիս ցանկությունը, նույնքան, կարծես քիչ է հավանականությունը, որ կհայտնաբերվի: Եւ նման վատատեսական պնդումների համար կա առնվազն երկու նախադրյալ. «Եթե ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրում է գտնվում մոլիբդենի՝ աշխարհում ամենամեծ հանքավայրերից մեկը, ապա այդ երկրում նավթ լինելու հավանականությունը չափազանց փոքր է»,- ասում է պրն  Խարազյանը: Պարզաբանենք, սա ամենեւին էլ «երկու երնեկ մի տեղ չի լինում» ասացվածքի սնահավատական ընկալում չէ, այլ խիստ գիտական մոտեցում:  Խնդիրն այն է, որ նավթը, գազը, քարածուխը, ինչպես բացատրեց երկրաբանը, «սիրում են» հանդարտ, «ճահճային»  պայմաններ, որտեղ ժամանակին շատ ակտիվ երկրաբանական հրաբխային պրոցեսներ չեն եղել:

Եւ իրոք, եթե նայենք վիճակագրությանը, նավթի եւ գազի ամենամեծ հանքերը տեղավորված են մեծ հարթավայրային պլատֆորմների տակ: «Իսկ մոլիբդենը, ոսկին, պղինձը եւ ընդհանրապես մետաղական հանքավայրերը՝ ընդհակառակը՝  ավելի հաճախ գտնվում են ակտիվ ծալքավոր, հրաբխականության եւ մագմատիզմով ուղեկցվող գոտիներում»,- ասում է  Խարազյանը: Թարսի պես, Հայաստանում կա ե՛ւ մոլիբդեն, ե՛ւ պղինձ, ե՛ւ ոսկի: Այնպես որ, գիտական այս պնդումը նավթի կամ գազի՝ ուշադրության արժանի պաշարների բացակայության մասին բավական ծանրակշիռ հիմնավորում է: Իսկ երկրորդ նախադրյալն այն է, որ Հայաստանում արդեն իսկ նավթ փնտրվել է: Ըստ պրն  Խարազյանի, 50-ականներից ի վեր Հայաստանում փորվել են մոտ 300 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հորատանցքեր: Դրացից մի քանիսը՝ մոտ 5 կիլոմետր խորությամբ:

Է. Խարազյանի ասելով` նման աշխատանքների համար հիմք էին  ծառայել տեղեկություններն այն մասին, որ ստորգետնյա ջրերի մեջ կան նավթային նշաններ: «Եղել են նաեւ ժողովրդական զրույցներ, թե մարդիկ կարողացել են այդ ջրից շորերով հավաքել նավթը եւ օգտագործել տարբեր նպատակներով»,- ասում է երկրաբանը: Ըստ մասնագետների, Շիրակի ճկվացքի մոտակայքում ստորգետնյա ջրերի հետ դուրս է գալիս նաեւ մեթան ու ծծմբաջրածնային գազ: Դա մասնավորապես նկատվել է «Ախուրիկ-1» հորատանցքում: Սակայն 50-ականներին սկսված ուսումնասիրական աշխատանքները 70-ականներին ավարտվեցին` անհեռանկարային լինելու հիմնավորմամբ: Հայաստանի ընդերքում նավթ ու գազ հայտնաբերելու հույսերը մարեցին: Եւ պետական մակարդակով նման ուսումնասիորւթյուններ եւ որոնողական աշխատանքներ այլեւս չեն տարվել:

Ի՞նչը ստիպեց, որպեսզի կառավարությունը կրկին անդրադառնա նավթի որոնմանը: Ազդակը եղել է ոչ պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ սահմանից այն կողմ՝ Թուրքիայում, Շիրակի ճկվածքի շարունակության վրա փորված հորատանցքից նավթ է դուրս գալիս: Գիտնականները այդ տեղեկությունը ստուգելու ոչ մի հնարավություն չեն ունեցել եւ դիմել են կառավարությանը, որը ուներ նման հնարավորություն: Գիտնականները պնդել են, որ եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա միայն այդ դեպքում կարելի է շարունակել որոնողական աշխատանքները: Դատելով նրանից, որ կառավարությանը գումար է հատկացրել` պետք է ենթադրել, որ Թուրքիայում նշված հորատանցքից իրոք նավթ է դուրս գալիս: Ըստ որոշ տեղեկությունների, հորատանցքը ունի ավելի քան 3 կմ խորություն: Սակայն անկախ նրանից, թե սահմանի այս կողմում նավթ կհայտնաբերվի թե ոչ, մասնագետները գրեթե համոզված են, որ դրա պաշարները ուղղակի չնչին են լինելու:

Հայկ Գեւորգյան

Տպել
659 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել