Թուրքիան արձանագրություններից առաջ էլ, հետո էլ անտարբեր է Հայաստանի նկատմամբ․ թուրքագետ

Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունները բավական սրվել են վերջին ամիսներին։ Պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան Հունաստանին չի վերադարձնում այդ երկրի սահմանը պատահաբար հատած երկու հույն զինվորներին։ Գրեթե ամեն օր երկու երկրների ղեկավարները միմյանց զգուշացնում ու ռազմատենչ հայտարարություններ են անում։ Հույն զինվորականներն էլ կրակ էին բացել թուրքական զինված ուժերին պատկանող ուղղաթիռի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է CNNTurk-ը՝ հղելով Ekatimer թերթին, ուղղաթիռը թռչել է Քարա կղզու վրայով, որը գտնվում է Քըզըլհիսար կղզու արեւմտյան ափին։ Այդ ժամանակ էլ հույն զինվորականները նախազգուշական կրակ են բացել թուրքական ուղղաթիռի ուղղությամբ։ Հունաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները դեռ չեն մեկնաբանել այս միջադեպը։ Օրերս էլ Հունաստանի պաշտպանության նախարարը Էրդողանին խելագար էր անվանել, իսկ Թուրքիայի վարչապետն ի պատասխան ասել, որ եթե Հունաստանը իր տեղում մնա, բան չեն ասի։ Հույն-թուրքական լարվածության ու մեր տարածաշրջանում ՝ հատկապես Հայաստանի վրա դրա հնարավոր հետեւանքների ազդեցության մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

- Պարոն Իսպիրյան, վերջին ամսում բավական սրվել են Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները։ Հունաստանը 7000 զինվորական է տեղակայելու Էգեյան ծովի՝ թուրք-հունական սահմանին։ Ինչո՞վ է պայմանավորված հարաբերությունների նման սրումը։

- Թուրք-հունական լարվածությունը երկար պատմություն ունի։ Կարելի է ասել՝ Թուրքիայի Հանրապետությունից առաջ, դրանից հետո էլ։ Կղզիների շուրջ են լարվածության դեպքերն արձանագրվում։ Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ինչու այս աստիճան լարվեցին հարաբերությունները, պիկը Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, ուղղաթիռով թուրք զինվորականների փախուստն էր Հունաստան եւ նրանց նկատմամբ հունական կողմի ջերմ ընդունելությունը։ Թուրքիան բավական ծանր տարավ այս հանգամանքը, ի դեմս Էրդողանի։ Այս համատեքստում Թուրքիան մի քանի անգամ պահանջեց զինվորականներին, սակայն հունական դատարանները մերժեցին։ Ընթացքում հույներից երկու զինվոր պատահաբար անցան սահմանը ընդամենը 10 մետր եւ Թուրքիան նրանց լրտեսության մեղադրանքով ձերբակալել եւ պահում է։ Եվ, բնականաբար այս երկու իրադարձությունների ֆոնին լարվածությունը մեծանում է։ Հիմնական առճակատումները տեղի են ունենում թուրք-հունական ծովային սահմանի միջեւ, որտեղ կան հունական եւ թուրքական կղզիներ, ջրային սահմանը հարաբերական է եւ մշտապես նավերը փորձում են մեկը մյուսի նկատմամբ առավելություն ունենալ։ Լարվածություն միշտ է եղել, իսկ վերջին շրջանում Հունաստանի վարչապետի հայտարարություններն ու թուրքական կողմի ազդեցիկ պատասխանները լարվածությունն ավելի են բարձրացնում։

- Այս լարվածությունը ռազմական գործողությունների պատճառ կարո՞ղ է դառնալ։

- Ինչ վերաբերվում է պատերազմին, իհարկե՝ ոչ։ Պատերազմի չի հանգեցնի։ Թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են։ Այս համատեքստում Թուրքիան ներկա իրավիճակում Հունաստանի դեմ պատերազմի չի գնա։ Նույնն էլ Հունաստանը, որը Թուրքիայի դեմ պատերազմելու որեւէ հիմնավոր պատճառ էլ չունի։

- Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ Հունաստանը Թուրքիայի մի նահանգի չափ երկիր է, նույնիսկ Ստամբուլից փոքր։ Այս ծավալապաշտական քաղաքականությունը կարելի՞ է սպառնալիք դիտարկել Թուրքիայի բոլոր հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Սա ինչ-որ մեսի՞ջ է հարեւան երկրներին։

- Ներկայիս Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ միշտ էլ իր հարեւանների նկատմամբ սպառնալիք է ներկայացնում տեսականորեն, քանի որ Էրդողանի քաղաքականությունը անկանխատեսելի է։ Հայաստանի պարագայում զսպող գործոն կա։ Սակայն ամեն դեպքում Թուրքիայի նկատմամբ ունենալ հատուկ քաղաքականություն ազգային անվտանգության հայեցակարգի շրջանակներում պարտադիր է։

- Թուրքիան որեւէ ձեւով չարձագանքեց հայ-թուրքական հարաբերությունների չեղարկմանը՝ սա ինչի՞ մասին է խոսում, որ իրենք չափազանց անտարբե՞ր են, թե դեռ Հայաստանով զբաղվելու պատեհ պահը չի եկել։

- Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ էլ, դրանից հետո էլ անտարբեր է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Դա ընդամենը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մոտենալուն զուգահեռ իր վախերն էր արտահայտում եւ փորձում էր իմիտացիոն քայլերով միջազգային հանրությանը կանգնեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացից։ Երբ 100-րդ տարելիցն անցավ, վտանգն անցավ: Թուրքիան որեւէ մտադրություն չունի կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները։

Հունաստանի պաշտպանության նախարարն այս լարվածության ֆոնին այցելել էր Հայաստան։ Առաջին օտարերկրյա նախարարն էր, որ այցելեց Եռաբլուր, սա ինչ-որ մեսի՞ջ էր՝ ուղղված Թուրքիային կամ Ադրբեջանին, թե՞ պարզապես բարեկամական ժեստ էր։

- Հունաստանն ու Հայաստանը ռազմավարական բարեկամներ են, ունեն նույն խնդիրները տարածաշրջանում, դարերի բարեկամական պատմություն, նույն թշնամին, հակառակորդը, շահերը։ Սա հատուկ քայլ չէր, զուտ բարեկամական քայլ էր։

- ԵՄ առաջնորդները կոչ արեցին, որ պետք է ազատ արձակել հույն զինծառայողներին։ Սրա ֆոնին Արեւմուտքի եւ Թուրքիայի հարաբերությունները լարվում են։ Թուրքիան գնում է դեպի Ռուսաստան։ Ռուս-թուրքական այս մերձեցումը որեւէ վտանգ կարո՞ղ է ունենալ Հայաստանի համար։

- Երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, բոլորն անհանգստանում են, որ Հայաստանի համար ինչ-որ վտանգ կա, երբ ռուս-թուրքական հարաբերությունները բարելավվում են, բոլորն անհանգիստ են։ Այդ դեպքում, ո՞րն է մեզ ձեռնտու։ Մեզ ընդամենը պետք է ճիշտ քաղաքականություն, որ մենք ոչ թե ազդվենք գործընթացներից, այլ կարողանանք հակազդել։ Ռուս-թուրքական բարեկամությունը ժամանակավոր շահերի վրա է հիմնված, այն ամեն պահի կարող է խարխլվել։

- Հունաստանը դիմել էր ՆԱՏՕ-ին՝ աջակցություն ստանալու համար, բայց վերջինս պասիվ է: Ինչո՞վ է պայմանավորված, որ Թուրքիայի դեմ կտրուկ քայլերի չեն դիմում։

- Նույն ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսվեցին Թուրքիայի լարված հարաբերությունները Եվրոպայի, Ամերիկայի հետ։ էրդողանը հույս ուներ, որ Թրամփի ընտրվելուց հետո կբարելավի հարաբերությունները, սակայն դա թվացյալ էր։ Լարվածությունը նույն կերպ շարունակվեց, նույնիսկ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ձերբակալությունները Թուրքիայում, գերմանացի թղթակցի ձերբակալությունը, Եվրոպայում հայտնի դեպքերը, Հոլանդիայից Թուրքիայի սոցիալական ապահովության կին նախարարի վտարումը... այս ամենը տարավ դեպի լարվածություն եւ մտածել, որ ավելի կլարվի, մի քիչ տեղին չէ: Ուղղակի ՆԱՏՕ-ն, Եվրոպան փորձում են իրենց վերահսկողության տակ պահել Թուրքիային՝ չփորձելով ավելին անել, այսպես ասած «փաղաքշական» որոշ քայլեր են անում, որ պահեն Թուրքիային՝ թույլ չտալով ամբողջովին սեւեռվել դեպի Ռուսաստանը։

Իսկ Արեւմուտքին հաջողվու՞մ է Թուրքիային պահել վերահսկողության տակ։

- Ամբողջովին ՆԱՏՕ-ից կտրվելը Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում։

Էմմա Չոբանյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
1718 դիտում

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Ծաղկաձորում ամանորյա հանգիստը կարող է արժենալ մինչեւ 2 մլն դրամ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալելը վաղ է. նոր իրավիճակի լույսն ու ստվերը

Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Սկսում ենք երկարատեւ պայքար. պահանջում են Քոչարյանին ազատ արձակել

«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Կրկին նախապայմաններ. Էրդողանի աշխատակազմը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն․ CCAF-ը շնորհավորել է Փաշինյանին

Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

Ջավախքում հայ երիտասարդի սպանության պատճառով հրկիզումները շարունակվում են. այրվել է եւս երկու տուն