Ինչո՞ւ է Ռուսաստանը վախենում գունավոր հեղափոխություններից

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Նախկին խորհրդային երկրներում քաղաքացիական ցանկացած նախաձեռնություն Մոսկվայից ստանում է «գունավոր հեղափոխության փորձ» որակումը: Ռուսական մեդիադաշտը մեծ մասամբ հետևում է պաշտոնական Կրեմլի տարած գծին: Այս գնահատակին է արժանանում նաև Հայաստանում ընթացող շարժումը: Ռուսական մամուլին բորբոքում է նաև արևմտյան գործընկերների կողմից՝ տեղի ունեցող գործընթացների անաչառ լուսաբանումը, իսկ ուկրաինացի լրագրողների անդրադարձերը բողոքի ցույցերին նրանց ընդհանրապես հունից հանում են:

Այդուհանդերձ, ի՞նչ է նշանակում «գունավոր հեղափոխություն»: Ակադեմիական դաշտում եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 2005 թ. Մայքլ Մաքֆոլի «Անցումը հետկոմունիզմից» հոդվածում: Այստեղ եզրույթն օգտագործվում է որպես Հարավսլավիայում, Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի բնորոշում: Ի սկզբանե այս եզրույթն օգտագործվում էր «էլեկտորալ հեղափոխություն» եզրույթի հետ զուգահեռ, սակայն, քանի որ վերջինս նշում էր «հեղափոխության» միայն մեկ պատճառ՝ կեղծված ընտրությունները, մինչդեռ դրանք կարող են տարբեր լինել՝ «գունավոր հեղափոխություն»-ը ավելի կենսունակ գտնվեց:

«Գունավոր հեղափոխություն» ասվածը ենթադրում է քաղաքացիական հասարակության բողոքի խաղաղ արտահայտման (հանրահավաքներ, ցույցեր, դասադուլներ, գործադուլներ) միջոցով ստիպել իշխանություններին կատարել քաղաքացիների պահանջները, ընդհուպ մինչև իշխանափոխություն:

Սա, ըստ էության, նաև բազում երկրների սահմանադրությունների և ՄԱԿ-ի կողմից դեռևս 1948 թ. ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» հիշատակվող ապստամբության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Սակայն, եթե ապստամբության իրավունքը ենթադրում է նաև զինված միջոցներ, ապա գունավոր հեղափոխության գործիքակազմը բացառապես խաղաղ բողոքի ակցիաներն են՝ այդ թվում քաղաքացիական անհնազանդությունը:

Այս տեսանկյունից՝ այո՛, Հայաստանում գունավոր հեղափոխություն է: Սակայն ռուսական իրականությունում գունավոր հեղափոխության վերոնշյալ սահմանումը չի ընդունվում: Ռուսաստանում, երկրի բազմամյա ղեկավար Վլադիմիր Պուտինի օրինակով, «անկախ» փորձագետները պնդում են, որ հետխորհրդային տարածքում ծնվող քաղաքացիական բողոքի ակցիաները պլանավորվում, ֆինանսավորվում և ընթացք են ստանում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի կողմից: Բացի այդ, քանի որ փորձագետները մեծապես կենտրոնացած են Ուկրաինայի և 2013-14 թթ. դեպքերի վրա՝ նրանց հիմնական փաստարկն այն է, որ գունավոր հեղափոխությունը քաղաքացիական պատերազմի սկիզբ է:

Որպես գունավոր հեղափոխության հատկանիշներ ռուսական փորձագետները և անգամ քաղաքագետները նշում են գաղափարախոսության բացակայությունը և արտաքին հովանավորությունը: Գաղափարախոսության բացակայություն ասելիս փորձագետները նկատի ունեն խորքային համակարգային փոփոխություններ անցկացնելու պահանջների բացակայությունը:

Թերևս կարելի է խորհուրդ տալ «անկախ» փորձագետներին հայկական քաղաքականության խորքային վերլուծություն կատարել, ինչը թույլ կտա գալ եզրակացության, որ Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարման համակարգի հեռացումը իշխանությունից ինքնին կնշանակի համակարգային փոփոխություն:

Ինչ վերաբերվում է արտաքին հովանավորությանը, ապա հարկ է նշել, որ ներկայիս իշխանությունների հեռացումը կնշանակի նաև իշխանությունների ռուսական հովանավորության վերացում: Կարելի է ենթադրել, որ հենց այս տեսակետն է թույլ տալիս ռուս փորձագետներին եզրակացնել, թե իբր Հայաստանում հակառուսական տրամադրություններ են:

Ինչևէ, վերադառնանք գունավոր հեղափոխության ռուսական պատկերացմանը: Դրանց դեմոնիզացումը կատարվում է զինված հեղաշրջումները գունավոր հեղափոխություն անվանելու միջոցով: Ռուս փորձագետներից շատերը Լիբիայի և Սիրիայի հեղաշրջումներն ու զինված պայքարը ևս գունավոր հեղափոխություն են անվանում: Ռուսական մեդիադաշտում հանդիպում են նաև գունավոր հեղափոխությունների վերաբերյալ բացահայտ անհեթեթ թեզեր:

Դրանցից մեկն այն է, որ գունավոր հեղափոխությունները բրգաձև են: Ամենավերևում չերևացող կազմկերպիչներն են՝ տերերը: Ընդ որում, տերեր ասելիս հոդվածների հեղինակներն անցնում են բանականության սահմանը՝ անցնելով մասոններին և իլյումինատներին ու հասնելով ընդհուպ մինչև այլմոլորակայիններ: Սա մեկնաբանության կարիք չունի:

Ռուսական մեդիադաշտում գրեթե բոլոր հոդվածներն այս թեմայով ունեն մեկ ընդհանրություն. դրանցում նշվում է, որ խաղաղ շարժման աջակցությունը արտաքին ուժերի (միջազգային հասարակական կազմակերպություններ, ՄԱԿ, Եվրամիություն, Արաբական պետությունների լիգա) կողմից «ապալեգիտիմացնում է իշխանությունների ինքնապաշտպանությանն ուղղված գործողությունները»: Կարելի է մտածել, որ քաղաքացիական խաղաղ և արդարացի բողոքի դեմ, անկախ աջակիցների քանակից, կամ առհասարակ առկայությունից, իշխանությունն իրավունք ունի պաշտպանվելու: Ոչ թե բավարարելու, կամ պատասխանելու բողոքին, այլ պաշտպանվելու դրանից:

Ինչևէ, ի հեճուկս ռուսական մտավախությունների՝ հակառուսական կոչեր հայաստանյան ակցիաներում, առնվազն առայժմ, չեն հնչել, իսկ դրանց տրամաբանությունը հեռու է աշխարհաքաղաքական վեկտոր փոխելուց: Ռուսական վախը գունավոր հեղափոխություններից բնազդային է և հիմնվում է նախորդ դառը փորձերի վրա: Բացի այդ, Կրեմլում, թերևս, վախենում են, որ «պլաստիլինե» հարմար գործընկերոջը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կարող է փոխարինել սեփական երկրի շահերից գործող որևէ մեկը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 19-ի համարում:

Տպել
2020 դիտում

110 մլրդ դրամ. 2019 թ.-ի պետական բյուջեն ներկայացվել է Արցախի խորհրդարանին

Օսիպյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանին հայտնի անեկտոդ հիշեցրեց

Մոտ 460 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու 44 բնակելի տան շինարարությունն ավարտելու համար

«Այո»-ն պոլիտեխնիկում. ձայնս գաղտնի թող մնա

Գործ. որդեգրել է շահադիտական նպատակով

Փակուղիներ. գժի կանխավարկա՞ծ, թե՞ անորակ փաստաթուղթ

Նախկին նախարարը 102 հազար դոլար եւ 45 հազար ֆունտ ստերլինգ ունի

Արամ MP3-ը միայն ձմռան վերջին կհասցնի նոր տեսահոլովակ ներկայացնել

Հանգիստ չեմ լինի մինչեւ ժապավենը չկտրենք. Մնջախաղի թատրոնին Մակունցը նոր տարածք է խոստացել

«Դուռ-լուսամուտ կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին». խնդիրներ Կումայրի պատմական միջուկում

Փաշինյանը Սեւանի հետ կապված Ավինյանին հատուկ հանձնարարական տվեց

Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

Վրաստանի նախագահն ափսոսում է, որ կառավարությունը չի ստեղծել Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց

Նույնիսկ նրանք, որ քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ին չեն ընտրելու․ որ ուժերը կանցնեն խորհրդարան. քաղաքագետ

Գերմանիան Հայաստանին 13 միլիարդ դրամի դրամաշնորհ կտա. քննարկում կառավարությունում

Ինտերպոլն ունի նոր նախագահ, իսկ Կրեմլը մտահոգված է ընտրության մթնոլորտով

«Արարենք միասին». այսօր մեկնարկում է Համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը

Հայաստանի առեւտրային քաղաքականությունը վերաքննվում է ԱՀԿ-ում

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին ընտրությունների օրերին լինել ՀՀ-ում եւ աջակցել իրենց