Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

22:59- Գրեթե 3 ժամից ավելի տեւած հանրահավաքն ավարտված է: Այսօր այն ամենամարդաշատն էր:

22:35- Հանրահավաքին վերջին պահին միացել է դերասանուհի Լալա Մնացականյանը: Նա բարձրացավ հարթակ ու այնտեղից ասաց. «30 տարի առաջ մենք սկսեցինք պայքարը, 30 տարի շարունակեցինք, 30 տարի աննբ նորից սկսում ենք պայքար, բայց նայելով ձեզ՝ երիտասարդներին, ես հասկանում եմ, որ մենք մեր կյանքը իզուր չենք ապրել»:

22:32- Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են ավանդական դարձած երթին, այս անգամ կարճ երթուղիով, երթի մեկնարկը կտրվի Մաշտոցի կողմից:

22:29- Խոսելով վաղվա  գործողությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղվա մեկնարկը կտրվի ժամը 11-ին, ինքը կլինի 7-րդ մասիվի «Նոր տուն» խանութի տարածքում, ժամը 11-ից կսպասի նոր թափով մեկնարկող գործողություններին:

22:25- Հանրահավաքի կազմակերպիչներին է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքը 2 որդի ունի՝ մեկը ոստիկան է, մյուսը ցուցարար, շարժման ակտիվ մասնակիցներից: Նրա ոստիկան որդուն սպառնացել են, որ եթե եղբորը մի անգամ էլ տեսնեն ցուցարարների շարքերում, աշխատանքից կազատեն:

22:20- Նիկոլ Փաշինյանը մի քանի դրվագներ պատմեց այսօրվա ցույցերի մասին, պատմեց փոքրիկ պատմություններ՝ թաքուն պայքարող իշխանության ներկայացուցիչների ու իրենց աջակցող, բայց թաքուն մնացողների մասին:

22:07- Փարաքարում երիտասարդների ցույցը ցրելուն միջամտել են տեղի համատիրության ներկայացուցիչները, հարձակվել ցուցարարների վրա, այս ամենի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը դիմեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Տարոն, եթե չես ուզում մոտակա 1 ամիսը ընդհանրապես տնից դուրս գալ չկարողանաս, կարգի հավաքի տղեքիդ»:

Խոսելով գնդապետներից մեկի ճնշումների ու բռնությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե այսուհետ որեւէ գնդապետ, փոխգնդապետ, որեւէ մեկը բարձրաստիճան փորձի բռնություն գործել, ճնշել քաղաքացիներին, հակահարվածը կլինի անձամբ Տարոն Մարգարյանի ուղղությամբ: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ, Տարոն Մարգարյանն էլ, ինձ լավ գիտեն, ու գիտեն, որ ես օդում բառեր ասող չեմ, բռնություններ ու նման բաներ չհամարձակվեք կիրառել խաղաղ ժողովրդի նկատմամբ, չփորձեք խեղճացնել, ճնշել էս ժողովրդին»:

 21:58- «Ես ուզում եմ, որ իշխանությունը մի բան հասկանա, որ մենք շարունակում ենք ասել, որ սա խաղաղ պայքար է, մենք բռնություն չենք կիրառում, բայց մեզ բռնի ուժով բերման են ենթարկում, հարյուրավոր մեր մասնակիցներ բերման են ենթարկվում: Եթե երեկ բերման ենթարկվածների թիվը 125 էր, այսօր ադեն այդ թիվն անցնում է 300-ից: Ես ուզում եմ, որ իշխանությունը հասկանա, որ ահա տեսեք, որեւէ բռնություն ոչ միայն չի կասեցնում այս շարժումը, այլ ավելի է բորբոքում ժողովրդական ցասման ալիքը: Հիմա մեզ ահազանգում են, որ Փարաքարում լրացուցիչ ուժեր են բերվել, որ խաղաղ տոնախմբությունը դադարեցնեն:

Ես հիմա ուզում եմ հորդորով դիմել ոստիկանության պետին՝ Վլադիմիր Գասպարյանին, ինչա, Սերժ սարգսյանին դուր չի՞ գալիս, որ ժողովուրդը քեֆ է անում, ինչ է առավոտից իրիկուն լացելու՞ է էս ժողովուրդը, ոչ սրանից հետո էս ժողովուրդը մենակ քեֆ է անելու եւ նրա քեֆին քեֆ չի հասնելու: Ես կոչ եմ անում Փարաքար գնացած ոստիկաններին՝ միացեք տղաներին ու մի լավ քեֆ արեք:

Մեր հանրային թշնամանքի դարաշրջանն ավարտված է այլեւս: հայաստանում արդեն տիրում է փոխադարձ հարգանքի, սիրո եւ եղբայրության մթնոլորտ ու թող չփորձեն ոտնձգություն անել այդ մթնոլորտի վրա»:

21:48- Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին բավական զուսպ արձագանք էր տվել ՌԴ նախագահի ներկայացուցիչը, այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ասել է, որ բարեկամ Հայաստանում տեղի ունեցողը կկարգավորվի ժողովրդավար ճանապարհով՝ իրավական դաշտում: «Սա կարեւոր է չափազանց, սա նշանակում է, որ Ս. Սարգսյանը կորցրել է անգամ Ռուսաստանի աջակցությունը:

Այս ամենից հետո պարզապես ծիծաղելի է, որ Ս. Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում:

Մեզ իրենց աջակցությունն են հայտնում մարտի 1-ի զոհերի հարազատները, դեռ մի քանի օր առաջ մեզ իրենց աջակցությունն է հայտնել Գյումրիի ԳԱԼԱ կուսակցությունը:

Երկխոսության համար իհարկե, արդեն ուշ է, բայց մենք պատրաստ ենք քննարկում ունենալ, քննարկել Ս. Սարգսյանի հեռացման պահանջները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ: եվ ես պատրաստ եմ ասել, որ եթե Ս. Սարգսյանը օր առաջ հրաժարական տա, դա միայն ու միայն կօգնի Հայաստանի Հանրապետությանը:

Ուզում եմ ներկայացնել ապագայի տեսլականը.

1. Ս. Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2 Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին

3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն

4. Երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո օրենքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ահա այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել ՀՀԿ-ի հետ, որպես ապագայի իշխանության սահուն փոխանցումը ՀՀ ժողովրդին:

Այդ ընտրությունները ոչ մեկի կասկածի տեղ չեն թողնելու, դրանք պետք է լինեն 100 տոկոս արդար, ազատ ընտրություններ ու հաղթող պետք է լինի միշտ ժողովուրդը: Հիմա եւ սրանից հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ու միայն ՀՀ ժողովուրդը: Եվ ընտրությունների հաջորդ օրը ՀՀ քաղաքացին պետք է ասի՝ ես ձեւավորեցի իշխանություն, ես ընտրեցի, ես արդար Հայաստանի իշխանությունն եմ:

21:35- Շարունակելով իր ելույթը, Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այսօր բողոքի ցույցեր են եղել անգամ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում, Սան-Պաուլոյում, վաղը գործողություններ են լինելու Լոնդոնում, Բեռլինում, Աթենքում:

Հատուկ նամակով այս շարժմանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ու ցուցաբերել հանրաճանաչ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ՀՀ հավաքականի նախկին խաղացողներ Ռոբերտ Արզումանյանը, Լեւոն Պալչաջյանը, իրենց աջակցությամբ հանդես են եկել դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նշանյանը, Սարգիս Գրիգորյանը, ով այսօր Ս. Սարգսյանին հորդորել է հրաժարական տալ, հանրահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, դերասան Հոնհաննես Ազոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը, կիթառահար Գարո Մալաքյանը, սիրված դերասանուհներ Ալինա Մարտիրոսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, դերասաններ Սերգեյ Դանիելյանը, Սարգիս Հակոբյանը, եւ սա ամբողջական ցանկը չէ:

Փաշինյանը կոչով դիմեց Հենրիխ Մխիթարյանին. «Նայի էստեղ ինչ է կատարվում»,-ասաց նա:

Փարաքարում էլ, պարզվում է, ոչ թե ճանապարհը փակել են, այլ մայթի վրա 800 հոգանոց քեֆ է, մեր հաղթանակն են նշում:

21:25- Այսօր փողոցներ փակելու գործողությունները կրում էին զանգվածային բնույթ, տարբեր ժամանակահատվածներով փակ են եղել 15-րդ թաղամասը, Դավթաշենի կամուրջը, Կոմիտաս-Տիգրանյան, Կոմիտաս-Գյուլբենյան խաչմերուկը, Վաղարշյան խաչմերուկը, Վաղարշյան փողոցը, Հաղթանակ, Կիեւյան կամուրջները, Կիեւյան փողոցը՝ 3 տեղերից, Ազատության փողոցը, Սեբաստիա փողոցը, Արշակունյաց պողոտան՝ 3 տեղերից, մետրոյի Զ. Անդրանիկ կայարանը, Սարյան փողոցը, Մաշտոցի պողոտան, Իսահակյան փողոցը, Խանջյան փողոցը, Կորյուն-Տերյան խաչմերուկը, Բագրատունյաց փողոցը, Նժդեհի հրապարակը, Եղվարդի խճուղին, Շինարարների, Լենինգրադյան փողոցները, իսկ ընդամենը քիչ առաջ քաղաքացիները փակել են 4-րդ մասիվի կամուրջը, նաեւ Էջմիածնից Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը, Ուլնեցի-Դավիթ Անհաղթ խաչմերուկն է փակ եղել, Եղվարդ-Աբովյան ճանապարհը, գործողություններ են եղել Չարենցավանում, Գավառում, Նոր Հաճնում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Արշալույս գյուղում, Ողջաբերդում, Եղեգնաձորում, թատերական ինստիտուտը 100 տոկոսով դասադուլ է հայտարարել, Երեւանի տասնյակ դպրոցներում դասադուլ է հայտարարված եղել, իսկ որտեղ փակել են դռները, երեխաները նստել են միջանցքներում ու վանկարել՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Այս ամենը ցույց տալու համար է, որ Հայաստանում Ս. Սարգսյանի իշխանությունն անցյալ է, նա չի տիրապետում իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում: Ս. Սարգսյանի իշխանությունը մահացած է, ՀՀ-ում այո՛ մենք երկխոսում ենք իշխանության հետ, որովհետեւ մենք երկխոսում ենք ՀՀ ամենահզոր եւ հավերժական իշխանության հետ, որը ժողովուրդն է իր ձեռքը վերցրել: Կեցցե ՀՀ իշխանությունը, որը ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին»:

21:10- Ծափերի, վանկարկումների ու սրտաբուխ ողջույնների տակ հարթակում է Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ ջան, էսօր էս ի՞նչ արեցիք, ու արդեն մենք խփում ենք մեր իսկ սահմանած ռեկորդը՝ էս հրապարակը ծածկելով: Արդեն ողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով:

Էսօր մենք եւս մեկ նոր ռեկորդ ենք սահմանել՝ այսօրվա մեր երթը շարունակվել է ուղիղ 25 կմ 100 մետր՝ 37 հազար քայլ, հազարավոր քաղաքացիներ, պատշգամբներից կախված երջանիկ դեմքեր, մայթեզրերին, փողոցներում հաղթական կոչեր, հյուրասիրություններ, շամպայն...

Իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին, եւ ձեւակերպում են այսպես, թե իշխանությունը պատրաստ է երկխոսել: Այսօրվա մեր ակցիաները, որոնց մասին մենք կոչ էինք արել երեկ, կրել են զանգվածային բնույթ»:

20:59- Ելույթ է ունենում Լեւոն Բարսեղյանը: Նա նշում է, որ կազմակերպչական մասից տեղյակ չէ, բայց առաջարկ ունի՝ ավտոերթով գնալ Էջմիածին, Աբովյան եւ լինել այլ քաղաքներում:

«Մնացածի մասին՝ արդեն ամոթ է ոստիկանությունում չլինելը, ո՞նց կլինի այս շարժման մեջ լինել ու բերման չենթարկվել: Երբ ձեզ բռնում են, մի գոռացեք, մի հայհոյեք, մի վիրավորեք, բայց հեշտ էլ մի թողեք ձեզ բռնեն: Բայց ես մի քանի բան կասեմ, դուք պարտավոր չեք ներկայանալ, կուզեք կխոսեք, չեք ուզի՝ չեք խոսի, կարող եք չխոսել 2ժ 50 րոպե, վերջին 10 րոպեին, երբ պետք է ձեզ բաց թողնեն արդեն, կարող եք ասել՝ ես փաստաբան եմ ուզում: Ձեր մոտի եղածները ստուգելու համար պետք է առնվազն 2 ընթերական լինի, պարտադիր, հենց իրենք ներս մտան՝ գոռում եք «Քայլ արա, մերժիր Սերժին»: Սա արդեն փորձել ենք, ահա այսպես անդազահան կանեք ողջ համակարգը, թող տառապեն, թող քայքայվեն: Անկեղծ ասած, ահագին քայքայվել են, զզվել եւ հոգնել են, մեր մեջի ժողովուրդն են, երկնքից չեն իջել՝ մեկի հարեւանն է, մյուսի բաջանաղը, մտեք տները, հերթով ասեք՝ այ մարդ, էդ Սերժիկն ո՞վ է, որ դրա համար էլ դոշ եք տալիս, թարգը տվեք:

Էլի մի կարեւոր բան՝ սա նյարդերի ամրության պայքար է, ով երկար դիմացավ, նա էլ հաղթելու է: Դուք եւ բազմաթիվ մարդիկ, որոնք սփյուռքում հետեւում են, կարծում են, որ սա ստացվող շարժում է, պետք է լինել հնարամիտ, խորամանկ, համբերատար, այդպես կոչնչացնենք այս հակամարդկային ռեժիմը:

Երեկ ամենայն հայոց սուտասանը հարցազրույց է տվել ու լիքը բաներ խոսել՝ ամբաղ-զամբաղ, օրինակ՝ այն շարժումը, որը տրամաբանություն չունի, իմաստ չունի: Հլը խելքի աշեցեք, էս մարդը դեռ չի հասկացել , թե ինչի դեմ է պայքարում էս ժողովուրդը: Ամեն մեկի հետ կարելի է բանակցել, անգամ թշնամու, բայց պաթոլոգիական ստախոսի հետ ոչ մի երկխոսություն լինել չի կարող:

Հիմա ամենաբարդը՝ մենք բոլորս պարտավոր ենք շուտափույթ կազմել նոր Հայաստանի տեսլականը, գծագիրը, թե ինչ ենք անելու, ինչ է լինելու. սա պետք է լուծենք առաջիկա օրերին՝ հավաքական միտքը գումարելով, լավագույն լուծումներ գտնելով, ձեզ հետ միասին: Գլխավորը՝ Հայաստանում այսուհետ իշխանությունը պետք է լինի ժողովրդից, մնացած բլոր ձեւերը զավթումներ են, խուլիգանություն են, հանցագործություն են, ՀՀ-ն այլ ճանապարհով գնալ չի կարող, նահանջի տեղ չկա՛:

Ես 2 տող եմ գրել, աղոթքի նման է մի քիչ, եթե հավանեք, կրկնեք ինձ հետ՝  

Հայաստանը Ես եմ, ես եմ Հայաստանը, Ես Հայաստանն եմ, մենք Հայաստանն ենք, Հավիտյանս հավիտենից, Ամեն»:

20:45- Զառա Բաթոյանը խոսեց նաեւ երկրի մի շարք խնդիրների մասին, խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից, նա հարց ուղղեց՝ 18 հազար դրամ հաշմանդամության թոշակ ստացող մարդը առանց կրթության ու աշխատանքի հնարավորություն ունենալու, ինչպե՞ս կարող է ապրել այս երկրում:

«Այս երկրի քաղաքացին պետք է ապրի արդարության մթնոլորտում, հավասար պայմաններում, այս երկրում չպետք է լինեն երկրորդ կարգի քաղաքացիներ, մարդը պետք է առաջնային արժեք լինի՝ անկախ սեռից, կրոնական ու քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից ու առհասարակ ամեն ինչից, մարդը պետք է առաջնային արժեք լինի, պաշտպանված լինի, ոչ թե պաշտպանվի: Վերջին վտանգը, որ կա այս իշխանւթյունների մեջ այն է, որ նրանք իրենց արատավոր վարքով վատ օրինակ են, որովհետեւ եթե նրանք այս երկրում օրենք են խախտում, ոտնահարում մարդկանց իրավունքները, ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է լինել օրինավոր: Մենք ուզում ենք, որ մեր ղեկավարները օրինակ ծառայեն մեր երեխաների համար: Ուզում ենք, որ գոնե մեկ լավ քայլ անեն եւ ուրեմն՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»»:

20:38- Այսօր ելույթ ունենալու համար հարթակում էր նաեւ ՔՊ վարչության անդամ Զարուհի Բաթոյանը: «Երեկ ՀՀԿ-ականներից մեկը գրառում էր կատարել այն մասին, թե ի՞նչ անենք, որ փողոցներում թրեւ եկող անբաններին չհերոսացնենք, ես ուզում եմ պատասխանել, որ սա մեր քաղաքն է ու մենք կարող ենք այդտեղ քայլել որտեղ ուզում ենք: Մի վիրավորեք այս մարդկանց, քանի որ այստեղ գիտնականներ են, դասախոսներ են, էլեկտրիկներ են, մաքրուհիներ են, ուսուցիչներ են, շինարարներ են, աշակերտներ ու դասախոսներ են»:

20:30- «Հայաստանում գաղջը վերացել է». իր ելույթն այսպես սկսեց Արմեն Գրիգորյանը:

«Սա նշանակում է, որ այդ գաղջի պատճառը ոչ թե մի քանիսն են, այլ կոնկրետ 1 հոգի՝ Ս. Սարգսյանը: Չկա որեւիցե պետական ու ոստիկանական ուժ, որը կարողանա հաղթել այս կազմակերպված շարժմանը: Ես ուզում եմ կոչ անել, որ շարունակենք մեր պայքարը, մենք այստեղ գանք մեր ընկերների, գործընկերների, հարեւանների հետ, ու այս հրապարակում լինենք հարյուր հազարներով, որ դուրս գանք այս հրապարակից:

Ս. Սարգսյանը սկսել է նահանջել: Երեկ նա հրաժարվեց իառանձնատնից, այսօր առաջարկում է հարկեր իջեցնել ու հետո թոշակներ բարձրացնել, բայց նրան ոչ մեկը էլ չի հավատում: Նա կարծում է, որ կարող է չկատարել ոչ մի խոստում, իսկ հետո նորից խոստումներ տալ: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքականությունը եւս սկզբունքներ ունի, երբ դրանք խախտում են, պարտվում են»,-ասաց նա:

20:21- Ելույթ է ունենում Արայիկ Հովհաննիսյանը: «Այսօր մեր ինքնակազմակերպումը հրաշալի մակարդակի վրա է, դուք հրաշալի եք անում ձեր գործը: Դրսից եկող զանգերը, նամակները հարյուրապատկվում են, սա նշանակում է՝ Հայաստանն ու սփյուռքը մեկ բռունցք է: Վաղը Բրյուսելում, որը ԵՄ կենտրոնն է, մեր հայրենակիցները անակնկալ ակցիա են անելու, բողոքի ցույցեր են լինելու Մարսելում, Փարիզում, Մոսկվայում, Բեռլինում, ԱՄՆ-ում եւ տասնյակ այլ երկրներում:

Ես ներկայացրել եմ արդեն, թե ինչ եք անելու, երբ ձեզ բերման են ենթարկում: Այսօր բոլոր բերման ենթարկվածները այդ ամենը արել են հրաշալի

Նաեւ նշեմ, որ բուհերում, դպրոցներում դուռը փակելն ու ներսում սովորողներին արգելափակելը պատանդ պահել է համարվում: Հիմա առաջարկում եմ, երբ ձեր ուս. հաստատության դուռը փակվի, զանգեք 1-02 ու հայտնեք այդ մասին, հավատացեք, որոշ ժամանակ անց այլեւս ոչ մի դուռ չի փակվի»:

20:15- Ալինային շարունակեց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, նա խոսեց այն մասին, որ ցնցված է այս օրերին կատարվածով, հիացած ու հպարտ է մեր ունեցած տղամարդ, հզոր երիտասարդությամբ:

«Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ այս ազգի այս փոքրիկ մասն եմ, ու իհարկե ձեզ հետ եմ, կամ ու կմնամ, ես երջանիկ եմ այս երիտասարդությամբ: Նրանք ինձ համար այն սերմն են, որ ժայռի վրա էլ քցես, պտղատու ծառ կաճի, միշտ մնացեք այսքան քաջ, ես այս քանի օրերին այնքան հուզված եմ՝ այս բղավոցները, այս հառաչանքը, որ ես եմ լսում, ուզում եմ սիրտս բացել ու բոլորին առնել նրա մեջ: Միշտ եղեք այսպես քաջ ու այսքան ազնիվ»:

20:13- Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հարթակից ելույթ ունեցավ, նշեց, որ իրենք արդեն հաղթել են, նա կոչ արեց բոլոր դերասաններին, երգիչներին, շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին՝ մի կողմ նետել բոլոր մեդալներն ու գալ-միանալ այս շարժմանը: «Այդ մեդալները կախելով տանից օգուտ չեք տալու, սա սերիալ չի, որ տանից նստեք ու նայեք, վեր կացեք եկեք էստեղ, եկեք ու միացեք այս շարժմանը»:

20:10- Հարյուրից ավել դասախոսներ թողել են իրենց ստորագրությունը մի հայտարարության տակ, որով նշում են, որ երիտասարդների՝ դասերին չմասնակցելը չի խանգարում դասապրոցեսին, նրանք ազատ են իրենց կամարտահայտման մեջ:

19:58- Շարժմանն աջակցում են սփյուռքի տարբեր ծայրերից: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանում մեր հայրենակիցները՝ այս շարժմանը միանալու համար: Լոս-Անջելեսից եկած մի հայ ելույթ ունեցավ ու նշեց՝ «Հրաշք կա հավատացողի համար»:

«Երեկ, լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, ես եւ իմ ընկերը այլեւս չկարողացանք դիմանալ, մենք՝ ես ու իմ ընկեր Գագիկը, 2-ս էլ գյումրեցի ենք, 2-ս էլ ապրում ենք Միացյալ Նահանգներում արդեն 20 տարի: Մենք եկել ենք միանալու այս համաժողովրդական ուժգին շարժմանը: Յաս երկիրն այնքան մարդ է լքել, որովհետեւ զգացել են, որ պայքարն այլեւս դրսի աշխարհի հետ չէ, այլ սեփական երկրում՝ սեփական ժողովրդի հետ ու նրա համար: Այս շարժումը փոփոխություն է ռաբիզ վաստակավոր արտիստներից ու դեգրադացնող սերիալներից դեպի թումանյանական հեքիաթ:

Դուք ճիշտ եք, պարոն Սարգսյան, սա հրաբուխ է, բայց ոչ թե հանգած, այլ նոր ժայթքող, սակայն նաեւ իմացեք, որ հրաբուխների ժայթքմանը ոչինչ աշխարհում չի կարող խանգարել: Այն չի կանգնելու մեկ փռշտոցով: Խփեք ինչքան կուզեք, լուծումներ հարթեք մարզպետներով ու միլպետներով, բայց դաստիարակության ու բարոյականության մասին խրատներ մի տվեք»:

19:55- Ոստիկանների մասին խոսելիս, Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ վահաններն ու սաղավարտներն իզուր են, որովհետեւ իրենք ոստիկաններին մատով չեն կպնելու: «Ամենակարեւորը ոստիկաններին՝ հանեք կարմիր բերետավորներն ու սեւ դիմակավորներին փողոցներից, հանեք ու վերջ»,-ասաց նա:

Խոսելով հաղթանակի մասին, նա նշեց, որ հաղթանակը աներկբա է. «Հիմա Ս. Սարգսյանն ինչ անում է, իր դեմ է գործում, արդեն 2 օր մեզ երկխոսության առաջարկ էին անում, ասում են՝ այդպես չի լինում՝ ամեն ինչ կամ ոչինչ, ես ասում եմ լինու՛մ է: Ես վախենում էի այսքան օր հնչեցնել այս բառը, բայց հիմա կասեմ՝ «Հաղթանա՛կ»:

19:47- Արարատ Միրզոյանը տվեց ելույթների մեկնարկը: Նա նշեց, որ այս շարժումը տոտալ աջակցություն ունի հայ ժողովրդի կողմից, իրենց սիրում ու աջակցում են Աշոցքից մինչեւ Գյումրի: «ՀՀ տասնյակ բնակավայրերում անհնազանդության գործողություններ են արվում, մեր շարժումը ներառում է դպրոցներ, բուհեր, կոլեկտիվներ ու կազմակերպություններ: Այսօր որոշ դպրոցներում հենց տնօրեններն են հանել Ս. Սարգսյանի նկարը, որպեսզի դա չարվի աշակերտների ձեռքերով: Մեզ հասած տեղեկություններով, այսօր դասերի չեն մասնակցել բուհերի հազարավոր ուսանողներ, բուհերը դատարկ են, այնտեղ են միայն ուսխորհրդիկներն ու ղեկավարները:

Տասնյակներով են այն հիմնարկները, որոնք մեզ աջակցում են գործադուլով կամ այլ բանով: Մենք երեկ շրջափակել էին կառավարության երորդ մասնաշենքը, աշխատողներից շաըերը հրաժարվում էին մտնել, որովհետեւ գիտեին, որ մեզ քաշքշելու են, իսկ ներսերում չէին աշխատում, նայում էին մեզ, կառույցի ներսից ու դրսից լսվում էր իշխանության ծեր ձայնը:

Մենք այստեղ կդնենք աղբարկղ, որտեղ կարող եք բերել ու շպրտել այդ աղբը՝ ՀՀԿ անդամատոմսերը:

Սփյուռքում եւս տոտալ մեզ հետ են, ամենուր տոտալ հաղթահարված է վախը»:

19:45- Կարդացվեց Տիգրան Մազմանյանի նամակը, որը նա գրել ու ուղարկել էր ոստիկանության ՁՊՎ-ից: Նա գրել էր, որ իր ազատությունն իր մեջ չեն կարող սպանել, ու հաղթանակ անկասկած լինելու է:

19:38- Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այսօրվա հանրահավաքին կխոսվի հետագա գործողությունների մասին, թե ինչ է լինելու, երբ իրենք հասնեն Սերժ սարգսյանի պաշտոնանկմանը:

19:20- Քիչ հետո կմեկնարկի ցույցերի ամփոփիչ հանրահավաքների ութերորդ օրվա, արդեն ավանդուևյթ դարձած գլխավոր հանրահավաքը՝ դարձյալ Երեւանի ամենամեծ՝ Հանրապետության հրապարակում:

Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա, բազմությունը տասնյակ հազարների է հասնում: Ցույցի կազմակերպիչները հորդորում են դադարեցնել դեռ ընթացող ավտոերթը՝ հանրահավաքը սկսելու համար:

Տպել
6702 դիտում

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել