Ուսանողական խորհուրդը չպետք է կուսակցականացված լինի. ՈՒԽ նախագահների կարծիքները

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար Միլենա Բալդրյանը թավշյա հեղափոխության ընթացքում հայտարարել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին:

«Օրեր առաջ ես դադարեցրի անդամակցությունս ՀՀԿ-ին՝ Իմ քայլով անկուսակցականացնելով նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը։ Ես վերջնականապես համոզվեցի, որ արվեստի բուհի ՈՒԽ նախագահը չպետք է լինի կաշկադված իր կուսակցական պատկանելիությամբ: Առաջնահերթ եմ համարում նախ լինել ուսանողի կողքին»,- հայտարարել էր նա: Նշել էր նաեւ, որ ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել տարեսկզբին եւ անդամակցել նաեւ Հանրապետական կուսակցությանը։ «Ձեռք բերեցի հրաշալի ընկերներ, յուրաքանչյուր անհատի շատ սիրում եւ հարգում եմ: Լավ հասկանալով քայլիս կարեւորությունը՝ խորհուրդ եմ տալիս ուսանողական խորհուրդը ղեկավարող հաջորդ նախագահներին զերծ պահել այս կառույցը կուսակցականացվելուց։ Իսկ ուսանողներին, որոնք պայքարում են իրենց հպարտ ապագայի համար, մաղթում եմ ուժ, կամք եւ սեր»,- արձանագրել էր Միլենա Բալդրյանը։

Թեմային առնչվող մանրամասների շուրջ զրուցել նա առայժմ չցանկացավ, ուստի բաց են մնում վերոնշյալ հայտարարությունից բխող այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ՝ արդյո՞ք փոխկապակցված են ուսխորհրդի նախագահի կարգավիճակն ու ՀՀԿ անդամ լինելը եւ արդյո՞ք առաջինը չի կարող լինել առանց երկրորդի: Կամ հատկապես ինչ վտանգներ է իր մեջ պարունակում ուսանողական խորհրդի ու բուհի կուսակցականացվածությունն ու քաղաքականացվածությունը:

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանից նույնպես փորձեցինք պարզել, թե ինչպիսին է կուսակցականացվածության պատկերը Մայր բուհի ուսանողական խորհրդում եւ հնարավո՞ր է ինքը նույնպես հետեւի Թատերական ինստիտուտի ուսխորհրդի նախագահի օրինակին, եթե կուսակցական է:

«Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը քաղաքականացված չէ եւ ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում: Դա փաստ է ու դա մեկ անգամ չէ, որ ապացուցել է մեր ուսխորհուրդը: Ես կուսակցական չեմ եւ կարող եմ ասել ավելին՝ մեր ուսանողական խորհրդի ղեկավար կազմից առհասարակ ոչ մեկը որեւէ կուսակցական պատկանելություն չունի»,- նշեց Դավիթ Ափոյանը: Հավելեց, որ արդեն բավական ժամանակ է, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ամրագրված է, որ ուսանողական խորհուրդն իրավունք չունի քաղաքական որեւէ գործունեությամբ զբաղվելու:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը համամիտ է այն մարդկանց հետ, որոնք կարծում են, թե կրթական կառույցի քաղաքականացվածությունը վնասաբեր է. «Բնականաբար ես կիսում եմ այդ կարծիքը, քանի որ քաղաքականցումը կարող է բացասական անդրադարձ ունենալ ուսանողի ուսումնական պրոցեսի վրա, մենք մի քանի անգամ քննարկել ենք այդ հարցը եւ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել բուհի ապաքաղաքականացմանը: Եթե անկեղծ ասեմ, շատ քիչ եմ տեսել որեւէ քայլ, որը ուղղված է ուսանողին եւ դա պարունակում է  քաղաքական որեւէ շահ: Ես կարող եմ ասել, որ նման քայլեր չեմ տեսել գրեթե»:

Սերժ Սարգսյանն արդեն տարիներ շարունակ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի նախագահն է: Դավիթ Ափոյանը կարծում է, որ բուհում նրա այդ ներկայացվածությունը բացասական ազդեցություն չի ունեցել: «Ես կարող եմ նշել, որ իմ ուսանողության տարիներին դա չի հանգեցրել բուհի քաղաքականացվածության: Ես հանդիսանում եմ հոգաբարձուների խորհրդի անդամ, եւ մասնակցել եմ երկու նիստերի, որոնք ղեկավարել է հենց Սերժ Սարգսյանը եւ կարող եմ ասել, որ որեւէ քայլ չեմ նկատել, որ նա կամ կուսակցությունը քաղաքական ազդեցություն ունենան բուհի կրթական պրոցեսի վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ այն, որ ռեկտորներին ու մասնավորապես ԵՊՀ ռեկտորին, ըստ էության նշանակում էին իշխանությունները, չնայած պաշտոնն ընտրովի է, ու ոչ ոք չէր էլ փորձում մրցակցել կանխորոշված թեկնածուի հետ, ու այդ երեւույթը տարածվել էր նաեւ բուհի ստորաբաժանումներում, ուսխորհրդի նախագահը չմեկնաբանեց. «Ենթադրությունների վրա հիմնվելով չեմ ուզենա ինչ-որ տեսակետ հայտնել, առավել եւս որ վեց ամիս է, ինչ ուսանողական խորհրդի նախագահ եմ եւ այդքան մանրամասն տեղեկացված չեմ նախորդ ժամանակաշրջանի իրադարձությունների մանրամասներին: Դրա համար այդ հարցին իմ պատասխանը ոչ այնքան հիմնավորված կլինի»:

#Իմքայլը շարժմանը Դավիթ Ափոյանը չի մասնակցել: «Բնականաբար, մեր ուսանողներից մասնակիցներ եղել են, եւ ինչու չէ ուսանողական խորհրդից էլ են անդամներ եղել, որոնք մասնակցել են: Նման սահմանափակումներ առհասարակ չենք դնում ուսանողների առաջ: Ուսանողներն ազատ են իրենց կամարտահայտման հարցում եւ ես կարծում եմ, որ սխալ է որեւէ սահմանափակումը՝ անկախ նրանից, թե ուսանողը որ կառույցի մաս է կազմում, կամ ինչ պատասխանատվություն է իր վրա կրում որպես ուսանող: Իսկ շարժմանը իմ չմասնակցելը մի քիչ այլ բնույթի է. ուսանողական խորհրդում կա տարակարծություն, այդ պատճառով ես հնարավորինս փորձել եմ զերծ մնալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց, որպեսզի բախումներ կամ որեւէ ուղղորդող քայլեր չլինեն»,- ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը:

#Իմքայլը շարժմանն ու այդ ընթացքում կազմակերպված դասադուլներին մասնակցել են ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ: Արդեն տեղեկացրել ենք, որ չի բացառվում բուհում քննաշրջանը հետաձգվի: Անդրադառնալով այդ հավանականությանը, մեր զրուցակիցը նշեց, որ ֆեյսբուքում անցկացվող համապատասխան հարցումը կավարտվի առաջիկա օրերին: «Մենք պետք է նախ սպասենք այդ հարցումը վերջանա, այնուհետեւ պետք է ընդհանուր ուսանողության մեջ տեսակետներ լսենք, որովհետեւ մի բան է, երբ դու սոցկայքերով ես հարցում անցկացնում, մեկ այլ բան է, երբ արդեն իսկ կուրսերում անմիջական ուսանողի հետ ես հարցում անցկացնում ուղղակի կերպով: Ֆեյսբուքյան հարցումը (որի ընթացքում, ի դեպ, ուսանողների մեծ մասը արտահայտվում են քննաշրջանը հետաձգելու օգտին-խմբ.) փոքր հիմք կարող է հանդիսանալ, որովհետեւ սոցհարցումներ անցկացվելու համար ավելի մանրամասն պրոֆեսիոնալ կետեր կան: Ադ պատճառով մենք փորձել ենք երկու միջոցներն էլ կիրառել, այնուհետեւ կկատարենք մեր եզրակացությունը եւ ըստ եզրակացության էլ կնեկայացնենք առաջարկ-պահանջ համալսարանի ղեկավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը:  

Թե երբ կարող է լինել այդ եզրակացությունը, նա դժվարացավ նշել՝ նկատելով, որ դրան խանգարարում են նաեւ ուսանողների բացակայությունները: Ամեն դեպքում, հերթական քննաշրջանը մայիսի վերջին է: Դա հետաձգվելու դեպքում կտեղափոխվի նաեւ ավարտական քննությունների ժամանակահատվածը:

Տպել
3373 դիտում

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. նախկին վարչապետ

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին