«Լույս» հիմնադրամի գործունեությունը դադարեցվում է

10/05/2018 schedule18:44

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը այսօր հրապարակած հայտարարության մեջ տեղեկացրել է հիմնադրամի գործունեությունը դադարեցվելու մասին: Նա, միեւնույն ժամանակ, վստահեցրել է «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։

Ժաքլին Կարաասլանյանի հայտարարության մեջ նշված է.

«Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ եւ մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար եւ քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։

Լավագույն կրթություն ստանալով՝ այս երիտասարդները ձեռք են բերել առաջնակարգ գիտելիք ու հմտություններ, վերլուծական կարողություններ, զարգացրել առաջնորդության ջիղը․ այս ամենի նպատակն էր պատրաստել երկրում դրական փոփոխության առաջամարտիկներ։

«Լույսի» կայքը գործարկվեց հենց 2009-ի մայիսի 9-ին, եւ Հիմնադրամն սկսեց կրթաթոշակ շնորհել աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին։

«Լույսը» մասնագիտական կյանքիս ամենամեծ արկածներից է՝ սկսած այն օրվանից, երբ սկսեցի աշխատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հիմնած «Ինֆորմատիկայի եւ մարդկային ռեսուրսների համաշխարհային կենտրոնում»։ Այնուհետ ես միացա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի «Մեդիա լաբորատորիայի» (MIT Media Lab) հիմնադիր թիմին, որի անդամներն էին համաշխարհային ճանաչում ունեցող 12 գիտնականներ, այդ թվում՝ Սեյմուր Փափերթը եւ Մարվին Մինսկին՝ արհեստական ինտելեկտի հիմնադիր հայրերը։ «Մեդիա լաբորատորիայում» աշխատող գիտնականներին հաճախ անվանում են ապագան կերտողներ, որոնց մեծագույն նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել։

Սովորելու եւ գործելու համակցումը «Մեդիա լաբորատորիայի» սկզբունքային գործելակերպն է, որն էլ ինձ հետ բերեցի «Լույս»։ Ինձ համար մեծ պատիվ ու երջանկություն էր աշխատել խելացի, համարձակ ու եռանդուն շուրջ 550 երիտասարդների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում։

Այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Լույսի» հիմնադիրներին, կրթաթոշակառուներին, «Լույսի» գիտակ ու նվիրված աշխատակազմին, արժեքավոր խորհրդականներին եւ Հիմնադրամի բարեկամներին, ողջ լույսական համայնքին, որ կառուցել ենք բոլորս միասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ եւ շարունակաբար սովորել ձեզնից։

Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա, որտեղ ծավալվող աննախադեպ իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության՝ պահպանելով խաղաղ բնույթն ու փոխըմբռնման մթնոլորտը։ Այս ձեռքբերումը բոլորի հաղթանակն է, որը թույլ է տալիս, որ միասին կերտենք Հայաստանի ապագան։

«Հայաստանը պարգեւատրում է խիզախներին»։ Սա տեղի ունեցածի լավագույն նկարագիրն է, որ գալիս է մտքիս, եւ որը ես փոխառել եմ GK Brand Armenia-ից։

Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին եւ ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։

Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության եւ ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ եւ ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույսի» կարգախոսում՝ Սովորել, Գործել, Համաստեղծել։ «Լույսը» կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։

Եկենք հիշենք, որ գիտելիքն ուժ է եւ դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության եւ փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։

Գիտելիքի եւ երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջեւ ծառացած ներկա եւ ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։

Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս եւ ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»:

Տպել
3868 դիտում

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»