Համաշխարհային մամուլի արձագանքը վարչապետի Սոչի կատարած այցին

Մայիսի 14-ին Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը լայն արձագանք է ստացել ոչ միայն ռուսալեզու լրատվամիջոցներում, որոնցից գրեթե բոլորը առնվազն հաղորդագրության տեսքով անդրադարձել են դրան, այլեւ արեւմտյան լրատվականներում: Անդրադարձներում մեծ տեղ է զբաղեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ինչպես նաեւ Փաշինյանի ջերմ ընդունելությունը հայկական համայնքի կողմից:

REGNUM տեղեկատվական գործակալությունը, անդրադառնալով հայ համայնքի հետ վարչապետի հանդիպմանը, նշել է, որ վերջինիս դիմավորեցին «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով: Կայքը գրել է, որ վարչապետը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին՝ հայկական համայքնի բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու համար, նշել է, որ հայերի նպատակը պետք է հայրենադարձությունը լինի:

«Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է եւ նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերել REGNUM-ը:

Ուկրաինական gordonua.com կայքը, անդրադառնալով հանդիպմանը, գրել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը շարունակելու են սերտորեն համագործակցել:

«Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանն ու Հայաստանը մնում են մտերիմ գործընկերներ»,- լավ քողարկված ափսոսանքով գրել է կայքը:

Dailystorm.ru անկախ լրատվական կայքն անդրադարձել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ հատուկ նշելով, որ զրուցակիցները շփվել են ռուսերեն: Dailystorm-ը նույնպես անդրադարձել է Հայաստանի արտաքին վեկտորի պահպանմանը՝ նշելով, որ վարչապետը հատուկ ուշադրության է արժանացրել այդ վեկտորի անփոխարինելիությունը:

«Ոչ ոք կասկածի տակ չի դնում, եւ կարծում եմ՝ չի դնի հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությունը: Մենք ունենք էներգիա՝ նոր իմպուլս հաղորդել երկու երկրների համագործակցությանը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում»,- վարչապետի խոսքերն է մեջբերում Dailystorm-ը:

Փաշինյան-Պուտին հանդիպման փակ մասին անդրադառնալով՝ կայքը հղում է կատարել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին, ում կարծիքով «համագործակցության բոլոր ոլորտների խորքային քննարկում սպասել չարժե»՝ հանդիպումը նախ եւ առաջ ճանաչողական բնույթի է:

Հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը եւս խոսել է Փաշինյանի՝ Սոչի կատարած այցի մասին: Իր վերլուծությունում նա առանձնացրել է երկու հիմնական առանձնահատկություն: Նախ եւ առաջ դա Փաշինյանի հնչեցրած հայրենադարձության կոչն էր ռուսաստանաբնակ հայությանը:

Երկրորդը Փաշինյան-Պուտին հանդիպումն էր, որի ընթացքում երկու ղեկավարներն, ըստ էության, ծանոթացան: Փորձագետի կարծիքով, սակայն «միամտություն կլիներ ենթադրել, որ դիվանագիտական քաղաքավարությունը ամուր հիմք է հետագա հարաբերությունների համար»: 

Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող փախչել առկա խնդիրներից, որոնց թվում՝ մասնավորապես, նշել էր տարբեր պատկերացումները հայ-վրացական եւ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական ու առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Մարկեդոնովը անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնուրույնության վերաբերյալ Փաշինյանի մոտեցումներին:

«Փաշինյանը բազմիցս է խոսել Երեւանի «հատուկ կարծիքը» հարգելու անհրաժեշտության մասին: Փաշինյանի կողմնակիցներն իր գործունեության հետ են կապում երկրի ազգային շահերի ամրապնդումը, Մոսկվայի եւ ԵԱՏՄ-ում նրա գործընկերների հետ հավասար երկխոսություն ստեղծումը»,- գրել է Մարկեդոնովը:

Ամերիկյան eurasianet.org լրատվական կայքը նույնպես անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք «կասկածի տակ էին հայտնվել Փաշինյանի վերելքի հետեւանքով»: Կայքը հիշել է, որ Փաշինյանի ղեկավարած ԵԼՔ դաշինքը խորհրդարանում բազմիցս քննադատել է ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը:

«Այդուհանդերձ, Փաշինյանը չի պատրաստվում որեւէ դրամատիկ աշխարհաքաղաքական տեղաշարժեր կատարել»,- գրել է eurasianet.org-ը:

Կայքը նշել է, որ թեեւ շատերը Ռուսաստանում շարունակում են թերահավատորեն մոտենալ Հայաստանի նոր իշխանություններին, «Կրեմլը փորձում է ճնշել Փաշինյանի հանդեպ ցանկացած քննադատություն»`որպես ասվածի ապացույց բերելով «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ ու մամուլի քարտուղար Լեոնտեւի ներողությունը:

Բրիտանական Reuters գործակալությունը, անդրադառնալով Փաշինյանի՝ Սոչի կատարած այցին, նախքան Փաշինյան-Պուտին հանդիպման մասին խոսելը, թռուցիկ անդրադարձ է կատարել Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ սեփական տեսանկյունից: 

«Արեւմտյան որոշ լրատվամիջոցների մոտ կասկածներ կան առ այն՝ արդյո՞ք կհաջողվի Փաշինյանին, ով իշխանության է եկել փողոցային պայքարի միջոցով, ղեկավարել մի երկիր, որը չունի ելք դեպի ծով, սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, որն էլ իր հերթին ունի ռազմաբազա Հայաստանում եւ այդ երկրին զենք վաճառելու երկար փորձ»,- գրել է Reuters-ը:

Խոսելով Փաշինյան-Պուտին հանդիպման մասին՝ Reuters-ը գրել է, որ վարչապետը հավաստիացրել է Պուտինին, որ Հայաստանը շարունակելու է քաղաքական, ռազմական եւ տնտեսական սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ընդհանուր առմամբ՝ զգալի տարբերություն կա արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցների արձագանքներում: Ռուսական արձագանքներում նկատվում է բավարարվածություն ստեղծված իրավիճակով, ինչպես նաեւ որոշ չափի թերահավատություն՝ կապված նախկինում ունեցած դառը փորձի հետ:

Արեւմուտքում, որը հիացած էր ժողովրդական պայքարի ընթացքով եւ արդյունքով, որոշակի հիասթափություն է նկատվում արտաքին վեկտորի անփոփոխությունից, ինչը նույնպես հիմնված է նախորդ, Արեւմուտքի համար քիչ թե շատ դրական փորձի վրա:

Տպել
2985 դիտում

Ընտրողներին օգնելու կարգի խախտում և վիճաբանություն «Իմ Քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի վստահված անձանց միջեւ

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ-ն իրազեկում է

Ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ 15 հազարով քիչ

Ալիևը քննադատել է Երեւանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից մեկ օր շուտ

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ