Հանուն արդարության, թե՞ ընդդեմ թուրքերի. Քնեսեթը կքննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը

Մայիսի 14-ին Գազայի հատվածի և Հրեական պետության սահմանին բազմահազար պաղեստինցի ցուցարարների նկատմամբ Իսրայելի Պաշտպանության բանակը օգտագործեց հատուկ միջոցներ, այդ թվում՝ հրազեն, ինչի հետեւանքով զոհվեցին 60-ից ավելի պաղեստինցի, հազարավորները ստացան վիրավորումներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքելով այդ դեպքին, մեղադրել է Իսրայելին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ, ինչը սկիզբ է դրել թուրք-իսրայելական փոխադարձ մեղադրանքների շարքին: Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter- ում հերթական «լեզվակռվի» են բռնվել:

Սոցիալական ցանցերում փոխադարձ մեղադրանքներին է միացել նաև Նեթանյահուի որդին՝ Յաիրը: Նա ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ ուղղակիորեն մեղադրել է Թուրքիային «Հայոց Ցեղասպանության եւ հույն ու քուրդ ժողովուրդների տանջանքներում» եւ հիշեցրել թուրքերին, որ «նրանք եկել են Կենտրոնական Ասիայից»:

Թուրք-իսրայելական այս լարված հարաբերությունների ֆոնին Իսրայելի Քնեսեթի «Սիոնիստական միություն» խմբակցության պատգամավոր Իցիկ Շմուլին և իշխանական «Լիկուդ» խմբակցության պատգամավոր Ամիր Օհանան հանդես են եկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը միացել են 50-ից ավելի պատգամավոր, ինչպես նաև Իսրայելի կառավարության անդամներ, այդ թվում՝ նախարարներ: Օրինագծի հանդեպ վերաբերմունքը մի շարք պետական գործիչների կողմից դրական է:

Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ այս տարվա փետրվարին Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ արդեն քննարկվել է Քնեսեթում և մերժվել՝ 41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ: Դա նշանակում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը չի կարող վերադառնալ Քնեսեթի օրակարգ մինչև օգոստոս, իսկ թե ինչպիսի էմոցիոնալ և քաղաքական ֆոն կլինի օգոստոսին թուրք-իսրայելական հարաբերություններում՝ այս պահին բարդ է կանխատեսել:

Արդեն այսօր իսրայելական տարբեր լրատվամիջոցներով կարծիքներ են հնչում, որ Ցեղասպանության ճանաչումը Քնեսեթի կողմից լինելու է Նեթանյահուի որոշումը: Տուրիզմի նախարար Յարև Լևինը, որը Նեթանյահուի մտերիմներից է, Kann bet ռադիոյի հետ զրույցում հայտնել է, որ վստահ չէ, թե օրինագիծը կընդունվի:

«Չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհն է: Եթե մենք ցանկանում ենք նման որոշում կայացնել, ապա պետք է կայացնենք այն կոնկրետ հարցի վերաբերյալ: Թուրքերին ի պատիժ դա անելով՝ խնդրո առարկան անարգվում է»,- հայտարարել է Լեւինը:

Այն, որ Իսրայելում պաշտոնական մակարդակով հիշում են Ցեղասպանության մասին միայն Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու անհրաժեշտության դեպքերում՝ վաղուցվանից հայտնի փաստ է, որի հետ Հայաստանը, կարծես թե, մերվել է: Խնդիրը նրանում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն Իսրայելն է՝ բանակի կիրառած անհամաչափ ուժը, որի հետևանքով տուժեցին հազարավոր պաղեստինցիներ: Այն, որ Թել-Ավիվը ոչ մի հետաքննություն չանցկացրեց դրանից հետո և անգամ չփորձեց պատժել մեղավորներին, հաստատում է, որ նմանատիպ ակցիաները պետական քաղաքականություն են:

Այդ ֆոնի վրա պետական մակարդակով շահարկել Հայոց Ցեղասպանության հարցը, առնվազն ցինիզմ է, որը, ինչ-որ առումով նաև վիրավորական է մեր համար: Իսրայելի կողմից նման պայմաններում Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կարող է ավելի շատ վնասներ բերել, քան օգուտ տալ՝ հետագայում Թուրքիայի վրա միջազգային ճնշում գործադրելու տեսանկյունից:

Այս միջադեպի հետ կապված, ըստ էության, ոչ ոք բացի ԱՄՆ-ից իր աջակցությունը չի հայտնել Իսրայելին: Իսկ ճանաչումը, եթե այն տեղի ունենա այս իրադարձությունների ֆոնին, մշտապես կապվելու է պաղեստինցիների սպանդի հետ և շահարկվելու ի վնաս Հայաստանի դիրքորոշման:

Ինչ վերաբերվում է «շարքային» իսրայելցիներին, ապա նրանք ևս դատապարտում են պաղեստինցիների սպանությունը Գազայի հատվածում: Նրանք տեղյակ են նաև Հայոց Ցեղասպաությունից, տարբեր մակարդակներում պարբերաբար իրենց զորակցությունն ու համերաշխությունն են հայտնում հայերին: Իսրայելի հասարակության շրջանում տարածված է նաև Ադոլֆ Հիտլերի հայտնի արտահայտությունը, որտեղ նա հիշում է «հայերի կոտորածները»: Իսրայելցիները գիտակցում են կապը Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի միջև:

Բրուքլինի քոլեջի դասախոս հրեա Լուիս Ֆիշմանը թվիթերյան իր էջի միջոցով անդրադաձել է Ցեղասպանության ճանաչման օրինագծին:

«Իսրայելի դպրոցներում սովորեցնում են Հայոց Ցեղասպանության մասին, իսկ եբրայերենում սովորաբար օգտագործվում է նույն՝ Հոլոքոստ բառը: Սակայն օգտագործել այն (Ցեղասպանությունը) որպես քաղաքական գործիք, պարզապես տգեղ է»,- գրել է Ֆիշմանը:

Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում անհերքելի փաստ է, և դրա եղելությունը որևէ կերպ կախված չէ այս կամ այն պետության կողմից դրա ճանաչման հետ: Իսկ պաշտոնական Թել-Ավիվի, կամ Քնեսեթի կողմից այդ հարցի շահարկումը սեփական խնդիրները լուծելու նպատակով՝ առնվազն տհաճ է և անթույլատրելի:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:

Տպել
1298 դիտում

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը