Ե՞րբ կվերսկսեն բանակցությունները. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին ընդառաջ

Հունիսի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում տեղեկացրել է, որ հունիսի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երկօրյա այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպումներ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հարցազրույց ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ։ Զոհրաբ Մնացականյանը այցի շրջանակներում կանդրադառնա նաեւ Լարսի ճանապարհին այլընտրանք փնտրելու հարցին: Մամուլի խոսնակը նշել է նաեւ, որ ամփոփվելու են մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները։

Արտգործնախարարի ռուսաստանյան այցը հարկավոր է դիտարկել համանախագահների Հայաստան կատարելիք այցի համատեքստում: Այս առումով, Զոհրաբ Մնացականյանի ռուսաստանյան այցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շփումների շարունակությունն է: Բնականաբար, ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման օրակարգը չի սահմանափակվելու եւ անգամ չի կառուցվելու Արցախի հարցի շուրջ, սակայն հնարավոր է կատարվեն հստակեցումներ, որոնք կարեւոր են բանակցությունների շարունակության եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների առումով:

Ըստ էության, այս այցը վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ շփումների ակտիվացման շարունակությունն է: Մայիսի 8-ից սկսած Հայաստանի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, նրանց հանդիպումը Սոչիում, Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցները Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ, ինչպես նաեւ Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի այցելությունները Հայաստան, այլ նպատակներից զատ, հետապնդում էին նաեւ բանակցային գործընթացը շարունակելու եւ Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշումը հստակեցնելու նպատակը:

Իսկ Հայաստանի դիրքորոշման մեջ միակ տեսանելի փոփոխությունը Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունն է: Դրա վերաբերյալ խոսել է նաեւ Զոհրաբ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում:

«Լեռնային Ղարաբաղը հստակ միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով: Միավոր է, որը դժվար թե հնարավոր է արհամարհել: Եվ որոշիչ ձայնը ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում»,- ասել է նախարարը:

Հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում փոփոխություն չկա, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ՝ չի հայտարարվել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի բացակայության հետեւանքով նկատվող «նորամուծություն» է այն, որ արտաքին հարաբերություններում՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրվող ջանքերի եւ խաղաղությանը միտված մթնոլորտի անհրաժեշտության վրա։

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, ապա հարկ է նշել, որ հանդիպումների ժամանակացույցն առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե կա՞ն արդյոք համանախագահների կողմից նոր առաջարկություններ հակամարտության կարգավորման հարցով:

«Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երեւանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել», - նոր առաջարկությունների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է Տիգրան Բալայանը:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեռեւս մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ տեղեկացնելով, որ հունիսի ընթացքում նախատեսում են հանդիպել Հայաստանի նոր ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում Մամեդյարովը նշել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Թե որն է այդ «շուտափույթ կարգավորումը» հայտնի չէ: Անհասկանալի է նաեւ, թե ինչ նկատի ուներ Մամեդյարովը՝ «ինտենսիվ բանակցություններ» ասելով:

Ինչեւէ, նույն ուղղությամբ, թեեւ առանց ավելորդ շտապողականության, մտադիր է շարժվել նաեւ հայկական կողմը: Արտաքին գերատեսչության ղեկավարը «Ժամը» լրատվականի հետ զրույցում նշել էր, որ հայ-ադրբեջանական անմիջական շփումները տեղի կունենան այդ պահի հասունացումից հետո:

«Դուք գիտեք, որ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել խնդրի կարգավորմամբ զբաղվող պաշտոնյաների հետ, եւ դա շարունակական գործընթաց է։ Մենք հաշվարկված քայլերով առաջ ենք գնում։ Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին, ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին», - ասել է նախարարը։

Այս պահին կարեւորագույն խնդիրը բանակցային գործընթացի եւ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումների ձեւաչափի վերականգնումն է, որից հետո արդեն հնարավորություն կլինի լուծել գլխավոր խնդիրները:

Տպել
885 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին