Ախր ամեն ինչ չափ ու սահման ունի. նախկին նախարարը՝ իրեն վերագրվող չարաշահումների մասին

Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը կասկածվում է չարաշահումներ կատարելու մեջ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից այս գործի առնչությամբ տեղեկացրին հետեւյալը. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին վարչություն է հրավիրվել մի քաղաքացի, որը բանավոր հաղորդում է տվել այն մասին, որ Նորայր Դավիդյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թույլ է տվել մի շարք չարաշահումներ: Այս պահին հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր՝ հաղորդման հիման վրա»:

shamshyan.com-ը մանրամասնել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչություն հրավիրվածը Երեւանի բնակիչ, 62-ամյա Ա.Բ.-ն է եւ որ նա 10 տարուց ավելի ձեւակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար ամեն ամիս պետք է ստանար 57 հազար դրամ աշխատավարձ: Բայց տարիներ շարունակ չի ստացել, ինչը նույն կենտրոնի հաշվապահի միջոցով փոխանցվել է տնօրենին: Կուտակված գումարի չափը կազմել է 7 միլիոն դրամ: Կայքի փոխանցմամբ, 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նման եղանակով Նորայր Դավիդյանի կողմից յուրացվել են կենտրոնում ձեւակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը, ինչպես նաեւ կենտրոնում շինարարական աշխատանքների եւ բժշկական օգնության ծառայությունների համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից չմեկնաբանեցին վերոնշյալ տեղեկությունը:

Նորայր Դավիդյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրեն վերագրվող չարաշահումներին, ասաց, որ տվյալ աշխատակիցն առաջին անգամը չէ, որ նման բողոք է ներկայացնում, նախկինում էլ՝ մոտ 4 ամիս առաջ, դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ դատախազություն, բայց քննության արդյունքում չարաշահումներ չեն բացահայտվել:

«Հիմա էլ դիմել է 6-րդ վարչություն: Ես ինչ անեմ: Նա «ալկագոլիկ», «բեզդելնիկ» է, որ նման աշխատող մեզ պետք չէ: Անհնարին է արդեն, անհնարին: Չեմ էլ կարողանում աշխատանքից ազատել: Կոլեկտիվի որոշում կա, բան կա»,- ասաց Նորայր Դավիդյանը:

Անդրադառնալով ավտոմեխանիկի աշխատավարձը հաշվապահի միջոցով իրեն փոխանցվելու մասին պնդմանը, պատասխանեց. «Ի՜՞նձ: Դա պետք է ապացուցել: Գիտեք ինչ, մի քիչ հեքիաթային բաներ են, ես չեմ հասկանում: Նախ եւ առաջ, եթե ստացել է, հաշվապահին է տվել, որ բերի... Եթե ես փող վերցնող լինեի, իրենի՞ց պիտի վերցնեի: Լավ էլի: Ախր ամեն ինչ չափ ու սահման ունի: Ես չեմ հասկանում, այդպես կարելի՞ է մարդկանց վարկաբեկել: Ես նախարար եմ աշխատել, ոչինչ չեմ վերցրել, դուք ինձ հիմա ասում եք, որ նա ասել է՝ տվել է հաշվապահին, հաշվապահն էլ փոխանցել է: Լավ, էլի»:

Եւս 25 հոգու աշխատավարձի յուրացումը նույնպես, ըստ Նորայր Դավիդյանի, պետք է ապացուցել: «Ես 25 հոգու աշխատավարձ եմ յուրացրե՞լ: Ո՞ւր են այդ մարդիկ, անուն պիտի լինի, ազգանուն պիտի լինի: Թող մեկը գա, այդպիսի բան ասի: Ախր այդպես հո չէ՞»,- ասաց ճառագայթային բժշկության կենտրոնի տնօրենը:

Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի բաժանմունքներից երեքի ղեկավարները պատասխան տեքստ են կազմել, որտեղ, մասնավորապես նշում են, որ հաղորդում տված ավտոմեխանիկին իրենք ճանաչում են, սակայն վերջին 3-4 տարվա ընթացքում նրան սթափ վիճակում չեն տեսել: «Բոլորս տեղյակ ենք, որ մարտ ամսից սկսած կենտրոնի տնօրինությունն առաջարկել է նրան օրինականացնել իր ծավալած ապօրինի գործունեությունը հիվանդանոցի տարածքում, քանի որ նա զբաղված է դրսից եկած ավտոմեքենաների վերանորոգումով եւ վերականգնումով: Առաջարկվել է, որ նա դուրս գա աշխատանքից, ձեւակերպի իր գործունեությունը որպես անհատ ձեռներեց պետ-ռեգիստրում, գրանցվի հարկային մարմիններում, կենտրոնի հետ կնքի վարձակալության պայմանագիր եւ իր գործունեությունը իրականացնի օրենքի սահմաններում: Այդ առաջարկը նրա մոտ առաջացրեց ոչ ադեկվատ եւ ագրեսիվ ռեակցիա: Նման ագրեսիայի նոպաների ժամանակ բազմիցս մեր ներկայությամբ սպառնացել է բողոքել տարբեր իրավապահ մարմիններին այն մասին, որ նա իբր աշխատավարձ չի ստանում եւ հավելյալ գումար է տալիս կենտրոնի այն ժամանակվա տնտեսական գծով տնօրենի տեղակալին՝ ամեն անգամ նշելով տարբեր թվեր` 20 000-ից մինչեւ 50 000 դրամ ամսական»:

Նրանք նաեւ համոզմունք են հայտնում, որ այս ամենը հրահրում է կենտրոնի փոխտնօրեն Արտյոմ Թադեւոսյանը՝ ընդդեմ տնօրեն Նորայր Դավիդյանի: «Եզակի դեպքերում, որ սթափ տեսել ենք նրան, ասում էր՝ Արտյոմը ստիպեց, որ անեմ, ասաց՝ շուտով Նորայր Ռաֆայելովիչին կհանենք գործից, դու էլ կմնաս կաշխատես: Ոգեւորել էր, որ բողոքի: Երբ սթափվում էր, ուզում էր գնալ, բողոքը հետ վերցնել, Մաշտոցի բաժնում բողոքը հետ չտվեցին, հետաքննիչները լրիվ քննեցին, հետո գրեցին, որ հանցակազմ չեն գտել: Հիմա ձեռագիրը նույնն է»,- ասաց լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը, որը վերոնշյալ պատասխան տեքստի տակ ստորագրածներից մեկն է:

Տնօրենի դեմ ներկայացված առաջին բողոքից հետո, ըստ Դավիթ Գրիգորյանի, կենտրոնի բուժխորհրդի 125 անդամից 106-ը, բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել այդ օրվա նիստին, անվստահություն են հայտնել փոխտնօրեն Արտյոմ Թադեւոսյանին: «Երբ որ գործը փակվեց, ավարտվեց, նա կոնֆլիկտային լարված իրավիճակ ստեղծեց, բուժքույրերին էր կանչում ու սովորեցնում էր լրտեսել բժիշկներին, հետեւել՝ ինչ հիվանդ մտավ իրենց մոտ, ինչ հիվանդ դուրս եկավ: Հետո արձակուրդ է վերցնում, չի գալիս գործի, եւ միանգամից այս դեպքերն են սկսվում»,- հավելեց լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչը:

Նա անհեթեթություն որակեց 25 աշխատակցի աշխատավարձը յուրացվելու մասին տեղեկությունը: Ասաց, որ նման ենթադրության հիմք է տվել այն, որ այդ մարդիկ աշխատավարձը ստանում են ոչ թե բանկային փոխանցումներով, այլ բուժհաստատության դրամարկղից: Նրանցից մեկն էլ ինքն է: «Որովհետեւ այդ տուգանքների հետ կապված ԴԱՀԿ-ն անընդհատ արգելանքներ էր դնում իմ հաշվին, այնքան դրեցին, ես էլ հոգնած ասացի՝ ուզում եմ աշխատավարձս ստանալ դրամարկղից: Բոլոր 25 հոգին էլ բանկերի ու ԴԱՀԿ ծառայության հետ խնդիր ունեցող մարդիկ են, որ ուզեցել են մեր դրամարկղից ստանան: Այդտեղ ինչ-որ կոռուպցիոն ռիսկ տեսնելը ուղղակի անհեթեթություն է»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց, որ ցանկացած հիմնարկում համալիր ստուգումներ սկսելու դեպքում որոշակի խախտումներ, անպայման կգտնվեն՝ հաշվի առնելով, որ այդ կազմակերպությունները գործել են նախկին իշխանությունների կողմից ստեղծված պետական ռեկետի եւ կոռուպցիայի պայմաններում, որից ձերբազատվելու համար իրագործվեց թավշյա հեղափոխությունը: Բժիշկը կարծում է, որ նոր Հայաստանում հարաբերությունները պետք է սկսել նոր էջից:

Հ.Գ. Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն Արտյոմ Թադեւոսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Տպել
2287 դիտում

ԵՊՀ ուսանողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԲՀԿ-ն փորձելու է ԱԺ-ում առավել ներկայացվածություն ունենալ, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով ինչ ներգրավվածություն կունենա

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում ընդգրկած է 6 հարց

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Մարտունի գալիս սարսափեցի. Նիկոլ Փաշինյան

Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ

Իշխանություններն իսկապես ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններն աննախադեպ լավը լինեն․ Արմեն Ռուստամյան

ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ից (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում