Ֆուտբոլի աշխարհի առաջնության շունչը ՌԴ-ում չի զգացվում. հայտնի ԶԼՄ-ների լրագրողները՝ ՀԺ-ին

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընթացքում աշխատող արտասահմանցի լրագրողներն այնքան էլ չեն զգում մրցաշարի շունչը: Երկրի՝ քաղաքների տրամադրությունները, մարդկանց վերաբերմունքը մրցաշարին, ըստ նրանց, տարբերվում է այն ամենից, ինչ 4 տարի առաջ ԱԱ ընթացքում կատարվում էր Բրազիլիայում: «Հայկական ժամանակը», որն այս օրերին Սանկտ Պետերբուրգից լուսաբանում է մրցաշարը, այդ մասին զրուցել է համաշխարհային սպորտային ալիքների ցանց beIN Sports-ի՝ Ֆրանսիայի ռադիո եւ հեռուստալրագրող Ժուլյեն Բրունի եւ արաբական ամենաշատ այցելություններն ունեցող KOOORA կայքի խմբագիր Այման Էլմահդիի հետ:

Նրանք երկուսն էլ գրեթե ամբողջությամբ նույնը կարծիքին են, երբ համեմատում են Բրազիլիայի եւ Ռուսաստանի Մունդիալները կամ երբ խոսում են մարդկանցից ու մրցաշարի կազմակերպվածությունից: Ժուլյենն ընդգծում է, որ Բրազիլիայում բոլորն ապրում էին ֆուտբոլով: Մրցաշարը ոչ միայն մարզադաշտերում կամ ֆան գոտիներում էր, այլ հյուրընկալող քաղաքների բոլոր հատվածներում:

«Բրազիլիայում իսկապես այնպիսի զգացողություն էր, որ, ճիշտ է, չեմ կարող ասել, որ ֆուտբոլը գալիս էր տուն, բայց այդպիսի մի բան էր: Երբ գնում էիր նոր քաղաք, տեսնում էիր, որ ողջ քաղաքում մարդիկ մարզաշապիկներով են: Նրանք ամեն տեղ զվարճանում էին, փորձում էին վայելել պահը: Բոլորը ֆան գոտիներում էին: ՌԴ-ում այս պահին, ճիշտ է, դեռ մրցաշարը նոր է սկսվել, բայց դու չես զգում ֆուտբոլային մթնոլորտը: Նույն բանն էր 2 տարի առաջ Եվրոպայի առաջնությունում (խմբ. Ֆրանսիայում), բայց Բրազիլիայում իսկապես յուրահատուկ էր, եւ ես իսկապես երջանիկ եւ հաջողակ էի ինձ զգում, որ այնտեղ աշխարհի առաջնությունն ապրելու հնարավորություն ունեմ»,- ասում է նա:

Մարդկանց հետ շփման առումով էլ լրագրողը մեծ տարբերություններ է նկատում: Օրինակ բրազիլացիներին չի ընկճում արտասահմանցու լեզուն չհասկանալը: Նրանք պատրաստ են հաղորդակցվել այնպես, ինչպես կարող են: Նրանց հետ կարելի է զրուցել անգամ, եթե չգիտես լեզուն, իսկ ռուսները, ըստ Ժուլյենի, ավելի զսպված են:

«Ես պորտուգալերեն չեմ խոսում եւ ռուսերեն էլ չեմ խոսում, բայց, երբ Բրազիլիայում էի, կարծում եմ, ինձ համար ավելի հեշտ էր, որովհետեւ մարդիկ, իհարկե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը շատ բարեհամբույր էին: Տաքսիում դու կարող էիր խոսել վարորդի հետ առանց պորտուգալերեն իմանալու՝ «ձեռք-ոտքով», եւ բոլորն իսկապես շատ պարզ էին: Այստեղ՝ Ռուսաստանում, հաշվի առնելով այն, ինչ մինչեւ հիմա տեսել եմ, մի փոքր այլ է: Եթե դու ռուսերեն չես խոսում, իսկ այդ մարդն էլ անգլերեն չգիտի, չես կարող հաղորդակցվել, ու ընդամենը վճարում ես տաքսիի գումարը, եւ վերջ: Չեմ կարող ասել, որ բոլոր ռուսներն այդպիսի են, բայց սա ընդհանուր մթնոլորտն է, որը զգացել եմ»,- ասում է նա:

Մրցաշարի կազմակերպվածության առումով ֆրանսիացի լրագրողը, որը 1 անգամ չէ, որ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն է լուսաբանել, դժգոհություններ չունի: Ոչ էլ տարբերություններ է նկատում ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացրած մյուս մրցաշարերի հետ համեմատությամբ:

«Նման մեծ մրցաշարերի գլխավոր յուրահատկությունն այն է, որ մարզադաշտի մոտ, մեդիա կենտրոնում, մարզադաշտում ամբողջությամբ չեզոք է: Նկատի ունեմ, օրինակ, այս սենյակը՝ մեդիա կենտրոնը, որտեղ նստած ենք, նույնը կլիներ նաեւ Բրազիլիայում. սա ՖԻՖԱ-ի ստանդարտն է: Շատ լավ է, որ այդպես է. դու կարող ես աշխատել մարզադաշտի յուրաքանչյուր հատվածում, վայֆայն իսկապես շատ լավն է... երբ դու մարզադաշտի մոտ ես կամ դրա ներսում, դա ոչ թե Ռուսաստանն է կամ Բրազիլիան, այլ դա ՖԻՖԱ-ն է»,- ընդգծում է նա:

Այմանը եւս նկատում է, որ Ռուսաստանն այնքան չի ուրախանում ֆուտբոլով, ինչպես Բրազիլիան: Նշում է, որ երբեմն չի էլ զգում, որ այստեղ աշխարհի առաջնության նման մրցաշար է անցկացվում: Ռուսաստանում ֆուտբոլն ամեն տեղ չէ:

«Այստեղ դու կարող ես զգալ աշխարհի առաջնությունը մարզադաշտի շրջակայքում եւ ֆան գոտում, բայց հատկապես Մոսկվայում չես զգում, գուցե, որովհետեւ շատ մեծ քաղաք է: Նույնիսկ, երբ ժամանում ես օդանավակայան, ոչ մի նշան չկա, որ այս երկիրը հյուրընկալում է ԱԱ-ն: Բրազիլիայում մարդկանց հետաքրքրում էր մրցաշարը: Փողոցներում դրոշներ էին, շատ բաներ, որոնք ցույց էին տալիս, որ այս երկրում անցկացվում է ֆուտբոլի ԱԱ-ն»,- ասում է նա:

Մարդկանց հետ հաղորդակցվելու առումով Այմանն էլ դժվարություններ ունի: Զգացել է, որ շատերն անգլերեն չգիտեն եւ համարում է, որ դա է հիմնական պատճառը, որ ռուսների ու արտասահմանցիների համար շփվելու հարցում խնդիրներ են առաջանում:

«Ոմանք իսկապես բարեհամբույր են, պատրաստակամ են օգնելու, ոմանք էլ չեն խոսում: Երբեմն նույնիսկ խոսում ես նրանց հետ, բայց նրանք չեն խոսում: Կարծում եմ՝ մեծ խնդիր կա լեզվի առումով: Շատերն անգլերենին չեն տիրապետում, եւ մեր միջեւ ընդհանուր լեզու չկա»,- ասում է նա:

Կազմակերպվածության հետ կապված Այմանը թերություններ չի տեսնում: Միայն խանգարում է այն, որ շատ ժամանակ է վատնում ճանապարհների վրա, մի վայրից մյուսը հասնելու համար ստիպված է տրանսպորտային մի քանի միջոց փոխել ու երկար քայլել:

«Մեծ խնդիրներ չկան, շատ լավ է: Միայն անհարմար է, որ շատ ենք քայլում, օրինակ, գնացքից իջնելուց հետո, տաքսիով հասնում ենք այստեղ... մարզադաշտ հասնելը երկար ժամանակ է խլում»,- ասում է նա:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 14-ին: Ավարտվելու է հուլիսի 15-ին: Անցկացվում է երկրի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Այսօր՝ հունիսի 19-ին, ավարտվում է խմբային փուլի առաջին տուրը եւ սկսվում 2-րդը:

Տպել
1268 դիտում

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

Հ. Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է ևս մեկ ինքնակամ շինություն, այս անգամ՝ Գյուրջյան փողոցում

Լոռու ներկայիս մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական մարզպետի հետ ընտրապայքարի մասին

Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Սերժ Սարգսյանից երկու տարի պահանջվեց, որ Խաչատուրովը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինության մասին

Համաներման շրջանակներում մինչ այժմ ազատ է արձակվել 451 դատապարտյալ

Շիրակի մարզպետն իր հաշվին արձակուրդ կգնա, նա էլ է ՔՊ թեկնածու

Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա