Նախարարին սխա՞լ են զեկուցել. Արխիվի աշխատակիցներն ատամներով պահում են Ամատունի Վիրաբյանին

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ազգային արխիվի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նաեւ նշել, որ իր պաշտոնավարման սկզբնական օրերին քաղաքացիներից բաց նամակ էր ստացել` արխիվում կատարվող չարաշահումների հետ կապված մտահոգությամբ: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատանքային խումբը շուրջ մեկ ամիս աշխատել էր արխիվում, չարաշահումներ արձանագրել, ինչի արդյունքում էլ հարուցվել է վարչական վարույթ:

Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ երեկ՝ հունիսի 20-ին, արխիվի աշխատակիցները դիմել են իրեն եւ հանդիպում պահանջել` նշելով, որ վարույթ հարուցելն ու դատախազին դիմելը ճիշտ չէ, եւ որ արխիվի ղեկավարը՝ Ամատունի Վիրաբյանը, լավ մարդ, լավ ղեկավար է:

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից երեկ մեզ հայտնել էին, որ նախարարը «Հայաստանի ազգային արխիվ»-ի տնօրենից հրաժարականի դիմում չի պահանջել, եւ որ դա իրականությանը չի համապատասխանում: Մինչդեռ արխիվի տնօրենը մեզ վստահեցնում է, որ նախարարն իրենից հրաժարական է պահանջել, ավելին՝ հորդորել սեփական կամքով հրաժարականի դիմումը ներկայացնել, այլապես ավելի վատ կլինի:

Լրագրողների հետ զրույցում Սուրեն Պապիկյանը նրանց ուշադրությունն էր հրավիրել եւս մի հանգամանքի վրա. «Օրինակ, աշխատակիցները գիտե՞ն, որ հաշվապահը կարող է ստանալ 650 հազար դրամ հավելավճար այն պարագայում, երբ իրենք ստանում են 60-80 հազար դրամ աշխատավարձ: Սա ինձ մոտ խնդիր է առաջացնում: Ես պարտավոր եմ հայտնել իրավապահներին եւ նրանք կորոշեն՝ արդյո՞ք դա իրենից ենթադրում է քրեական պատասխանատվություն, թե՞ ոչ»:

Հաշվապահին տրվող 650 հազար դրամ հավելավճարի եւ երեկվա չեղարկված հրաժարականի դիմումի մասին ՀԺ-ն զրուցեց Ամատունի Վիրաբյանի հետ:

- Պարոն Վիրաբյան, երեկ մեր զրույցում ասացիք, որ նախարար Սուրեն Պապիկյանը ձեզնից պահանջել է մինչեւ երեկո հրաժարականի դիմում ներկայացնել, կարծես թե, հրաժարականի մասին լուրեր դեռ չկան, եւ իրենք էլ երեկ գրավոր կերպով ժխտեցին ձեր հրաժարականի լուրը:

- Երեկ ես հրավիրեցի ղեկավար աշխատողներին, այսինքն՝ տեղակալներին, բաժնի վարիչներին, գլխավոր հաշվապահին: Տեղեկացրեցի եղելությունը: Երեկ նախարարի հետ բազմաթիվ հարցեր են քննարկվել՝ կապված վարչական վարույթի եւ իմ կողմից արված իրենց համար անընդունելի արարքների հետ, որոնք ես ձեզ արդեն ներկայացրել եմ: Ես նախարարին ասացի, որ հնարավոր է՝ որոշ սխալներ եղել են, բայց դրանք կարելի է շտկել ու այնպես չէ, որ ես իրավախախտում եմ արել: Նախարարն ինձ ասաց, որ խորհուրդ եմ տալիս մինչեւ երեկո հրաժարականի դիմում գրել: Չնայած որ, հետո իր հայտարարության մեջ շեշտել էր, որ այդպիսի բան չի եղել: Իհարկե, եղել է, եւ ոչ միայն ինձնից են հրաժարականի դիմում պահանջել: Երեկ Սուրեն Պապիկյանը թվարկեց տարածքային ստորաբաժանումների մի խումբ ղեկավարների անուններ, պահանջեց՝ նրանց հրահանգ տամ, որ իրենք էլ դիմում գրեն:

- Խոսքը Երեւանում գործող արխիվի աշխատակիցների մասի՞ն է:

- Ոչ: Սուրեն Պապիկյանի թվարկածը մոտ 10 տարբեր մարզերի աշխատակիցների անուններ էին: Նախկին մարզպետների, նախկին նախարարների առաջարկությամբ նշանակված աշխատողներ են: Ես հրավիրեցի ժողով: Աշխատողներս ինձ ասացին՝ դիմում չես գրում, եւ մենք բոլորս միասին պահանջելու ենք նախարարի հետ հանդիպում:

- Այսօր նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ դուք 650 հազար դրամ հավելավճար եք տվել ձեր հաշվապահին, այն դեպքում, երբ մնացած աշխատակիցների աշխատավարձը 80 հազարից էլ չի անցնում:

- Նա այսօր իմ կողմից կատարված մի քանի, այսպես ասած, խախտումներ է մատնանշել, դրանցից մեկն է հաշվապահին 650 հազար դրամ հավելավճար տալը: Իհարկե, աշխատողներն ավելի շատ են ստանում, քան նախարարն է նշել, 110-120 հազար դրամ է: Նույնն էլ հաշվապահը: Ցավում եմ, որ նախարարին չստուգված տեղեկություն են հաղորդել, որովհետեւ ես եկա եւ ստուգեցի 2013 -17 թթ. հաշվապահական փաստաթղթերը եւ երբեք նա այդքան պարգեւավճար չի ստացել. ստացել է՝ 300 հազար, 400 հազար, բայց ոչ՝ 600: 2015 թվականից մեկ անգամ է տրվել պարգեւավճար, մինչ այդ երկու անգամ էր՝ տալիս էինք կիսամյակի եւ տարվա արդյունքներով: Խնդիրը նրանում է, որ բոլորն են այդ պարգեւավճարները ստացել, չկա այնպիսի մի հրաման, որ առանձին հաշվապահին լինի, տրվում է ամբողջ կոլեկտիվին ,եւ բոլորը ստանում են իրենց աշխատավարձին համարժեք գումար:

Տարածքային կառավարման եւ զարգացման խնդիրներից մեկն է 5-ամյա ծրագիր չներկայացնելը:

- Խնդիրներ է եղել 2015 թվականին, հետագայում թյուրիմացության պատճառով չի ներկայացվել, բայց մենք ունեցել ենք այդ ծրագիրը, որը հաստատվել է նաեւ գիտխորհրդի նիստում: Բացի դրանից, մենք ամեն տարի կազմել ենք ամենամյա ծրագրեր:

- Իսկ գնացուցակի հետ կապված անճշտություննե՞րը:

- Նրանք նշում են, որ մենք գնացուցակը կամայական ձեւով ենք կազմել, բայց իրականում այդպես չէ, մենք ուսումնասիրել ենք Կառավարության որոշումը, թե ինչպիսի պետական տուրք է նախատեսված ծննդյան վկայական հանձնելու համար, ինչպիսի այլ պետական տուրքեր են: Մենք արխիվային ծառայությունների գնացուցակները միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ենք կազմել: Օդից թվեր չի գրվել, ուսումնասիրվել են բոլոր բնագավառների եղած պետական տուրքերի չափերը:

- Եթե աշխատակիցները նախարարի հետ հանդիպեն եւ քննարկման արդյունքում ձեր օգտին ոչ մի դրական փոփոխություն չլինի, ապա այդ դեպքում պատրա՞ստ եք հրաժարականի դիմում գրել:

- Եթե իրենց հետ հանդիպելուց եւ լսելուց հետո նա իր դիրքը չփոխի, միգուցե ես հրաժարական տամ: Ես 40 տարի է՝ աշխատում եմ «Հայաստանի ազգային արխիվում» եւ 20 տարի է՝ տնօրինում եմ այն: Ամբողջ կյանքս նվիրել եմ արխիվային ծառայությանը: Եթե հիմա տեսնում եք բավականին նորմալ աշխատասենյակ եւ պայմաններ, ապա դա արվել է իմ ջանքերի շնորհիվ, առանց որեւէ պետական աջակցության ու բյուջեի: Մեր կատարած աշխատանքների արդյունքն է սա. բարերարների, ձեռնարկատիրական գործունեության միջոցների, արտաբյուջետային միջոցների, օրենքով չարգելված եկամուտների շնորհիվ է կատարվել այս ամենը: Եթե դուք գայիք 20 տարի առաջ եւ տեսնեիք, սա մի քանդած կազմակերպություն էր, որի լուսամուտների փեղկերի արանքից կարելի էր մատը մտցնել, հանել: Էսօր մենք փայտից լուսամուտներ այլեւս չունենք, բոլորը փոխած են: Մարզերի արխիվների բոլոր շենքերի տանիքները փոխած են, շենքերը վերանորոգած: Կրկնում եմ՝ առանց բյուջեի աջակցության:

Հ.Գ. Արխիվի աշխատակիցները, փոխտնօրենը, հաշվապահը, բաժնի վարիչներն ու մնացած աշխատակիցները պատրաստակամ ցույց տվեցին բոլոր պահանջվող փաստաթղթերը: Ներկայացրեցին իրենց գործառույթի մեջ մտնող աշխատանքի մանրամասներն ու պարզաբանեցին ստեղծված իրավիճակը: Արխիվի ընթերցասրահի վարիչ Արմինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս բոլոր խոսակցություններն առաջացել են դեռեւս անցած տարվանից:

Վերջինս համացանցում տեսել է, որ նախարար Պապիկյանին ուղղված ստորագրահավաքին մասնակից ոմն Մայքլ Բաբայան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է, որ «Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերը փակ են, թույլ չեն տալիս արխիվից օգտվել:

Արմինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Մայքլ Բաբայանն արխիվից տարած նյութերն օգտագործել է առեւտրային նպատակներով.

Պատճենը «Հայաստանի ազգային արխիվ»-ի աշխատակիցներն արել են Մայքլ Ա. Բաբայանի ֆեյսբուքյան էջից

«Նա երեւի կանոնակարգ էր մշակել, որ արխիվից օգտվելու համար կարող են դիմել իրեն ու օգտվել, բայց ստորագրահավաքի մասնակիցներից երեք անձ՝ Անուշ Ամսեյանը, Մայքլ Բաբայանը եւ Վալոդյա Հարությունյանը 2013 թվականից պարբերաբար օգտվել են ազգային արխիվից, իսկ ինչ վերաբերում է մնացածին, իրենք ոչ մի անգամ չեն եկել»,-ասաց ընթերցասրահի վարիչը:

Տպել
20240 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում