Հայաստանը միասնական է. հայ խորհրդարանականները եվրոպական հարթակներում

Վերջին մի քանի օրերը բավական արդյունավետ էին խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից: Հայաստանցի խորհրդարանականները եվրոպական հարթակներում հակադարձել են ադրբեջանական քարոզչության հերթական ալիքին, ինչպես նաեւ անդրադարձել հայ-եվրոպական եւ անգամ ռուս-եվրոպական հարաբերություններին:

Արեւելյան գործընկերության ծրագրի մաս կազմող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստում ընդունվեց այդ կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձեւը: Այն վերաբերվում էր ԵՄ անդամ պետությունների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Դրանում կոչ էր արվում ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին «առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը»: Կարեւորվում է համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թ. մայիսին կայանալիք ընտրությունները: Համաձայնագիրը արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանների կողմից:

Արեւելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաեւ եվրոպական այլ կառույցներում բազմիցս նշվել է, որ ԵՄ եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին չի խանգարում վերջինիս անդամակցությունը ԵԱՏՄ-ում: Սակայն եվրոպական ամբիոններից առայժմ չէր հնչել Հայաստանի՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ կամուրջ հանդիսանալու գործնական առաջարկ: Այդպիսի առաջարկով հանդես եկավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալու անհրաժեշտության մասին:

«Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը կարող է կատարել իր համեստ առաքելությունը՝ այս վեհաժողովը հարթակ դարձնելու ինկլյուզիվ քաղաքական երկխոսության համար: Ռուսաստանը պետք է վերադառնա այս վեհաժողով», - ասել է Ֆարմանյանը:

Դեռեւս 2015 թ., կապված ուկրաինական ճգնաժամի եւ Ղրիմի հարցի հետ, ՌԴ-ն զրկվել էր ԵԽԽՎ-ում մի շարք լիազորություններից: Ֆարմանյանը նշել է, որ Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում մեծ ազդեցություն ունեցող երկիր է, ուստի անարդյունավետ է ԵԽԽՎ-ում քննարկումներ ունենալ Ռուսաստանի վերաբերյալ, առանց նրա կարծիքը լսելու եւ մասնակցության:

ԵԽԽՎ-ում հնչել է մեկ այլ, ավելի առարկայական ելույթ: Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում կոշտ պատասխանի էր արժանացրել ադրբեջանցի գործընկերոջ նախօրեին արված հայտարարությունները: Ադրբեջանցի խորհրդարանական Սեւինի Ֆաթալիեւան, խոսելով Ադրբեջանի ընտրությունների մասին, անդրադարձել էր նաեւ Հայաստանի 2017 թ. խորհրդարանական ընտրություններին եւ նշել, որ թեեւ դրանք գնահատվել են թափանցիկ եւ ժողովրդավարական` «որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ»։ Ֆաթալիեւան, զուգահեռներ տանելով հայկական եւ ադրբեջանական ընտրությունների միջեւ, կարծիք էր հայտնել, որ «ժողովրդավարական ընտրությունները կարող են ավարտվել ցույցերով, զանգվածային ձերբակալություններով եւ հակամարտությամբ»:

Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը մշտապես փորձել է սեփական խնդիրներից ուշադրությունը շեղել՝ թիրախավորելով Հայաստանին: Անդրադառնալով հայկական ընտրություններին, Հովհաննիսյանը նշել է, որ դրանք իրոք թափանցիկ եւ ժողովրդավարական էին՝ հավելելով, որ նման գնահատականներ են տրվել բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին է խոսում այն փաստը, որ իշխանության փոխանցումը տեղի է ունեցել ոչ բռնի եւ խաղաղ եղանակով:

Հայաստանի պատվիրակության ղեկավարն անդրադարձավ նաեւ արժեքային համակարգերի տարբերությանը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցածը խորթ է ժողովրդավարության «ալիեւյան» ընկալման համար: Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին:

«Դուք բացառիկ երկիր եք ոչ միայն նրա համար, որ ներքաշված եք տարբեր միջազգային սկանդալներում, այլեւ նրանով, որ հաջողեցիք ձեր «արժեքները» բերել նույնիսկ այս Վեհաժողով, հաջողեցիք ստվեր գցել, թունավորել այս կազմակերպության արժեքային համակարգը։ Սրանք իմ գնահատականները չեն, սրանք արդեն փաստեր են», - ասել է Հովհաննիսյանը:

Վերջում նա ընդգծել է, որ, չնայած ներքաղաքական հակասություններին՝ Հայաստանը միասնական է:

«Հույս մի՛ դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»,- ասել է Հովհաննիսյանը:

Այսպիսով, եվրոպական հարթակները հնարավորինս արդյունավետ են օգտագործվել վերջին մի քանի օրերի ընթացքում: Եվրանեսթում ընդունված բանաձեւը թույլ է տալիս մոտավոր հաշվարկներ կատարել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետների վերաբերյալ: Մոտ մեկ տարի անց այդ գործընթացը մոտեցած կլինի իր ավարտին՝ նոր փուլ նախանշելով հայ-եվրոպական հարաբերություններում:

Ռուս-եվրոպական հարաբերությունների սուր հարցերից մեկն այն է, որ Ռուսաստանը հրաժարվում է ամբողջությամբ մուծել ԵԽԽՎ անդամավճարը եւ օժանդակել Եվրոպայի Խորհրդի ծրագրերին, քանի դեռ «հատուկ» հարաբերությունների մեջ է Ստրասբուրգի հետ: Խոսքը տասնյակ միլիոնավոր եվրոների մասին է: ԵԽԽՎ-ին պետք են այդ գումարները եւ Ռուսաստանի աջակցությունը ԵԽ ծրագրերին: Եվրոպայում նաեւ գիտակցում են, որ Ռուսաստանը չի նվիրելու Ղրիմը Ուկրաինային, բայց չեն կարող հենց այնպես վերադարձնել Ռուսաստանին իր իրավունքները ԵԽԽՎ-ում: Անհրաժեշտ է մեկը, ով կհարթի առկա սուր անկյունները: Հայաստանը՝ միջնորդի դերում հանդես գալու ցանկության շարունակականության պարագայում, կարող է դառնալ այդ մեկը:

Ցավոք, Ադրբեջանի հետ հարաբերություններում նման պայծառ ապագա չի սպասվում: Որքան էլ ադեկվատ եւ դիպուկ լինեն մեր խորհրդարանականների պատասխանները, ադրբեջանական կողմը շարունակելու է իր՝ ներքին լսարանին ուղղված քարոզչությունը:

Տպել
1496 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին