Ալաս-փալաս, անունը տամ, չիմանաս. Ալիկ Սարգսյանը՝ իրեն շանտաժի ենթարկած պաշտոնյայի մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ով է այն նախկին պաշտոնյան, որը փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել: Մամուլում, սակայն երկու անուն է շրջանառվում՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ 2008-2010թթ. Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի: Նրանք այն անձինք են, որոնք գրեթե միշտ լարված հարաբերությունների մեջ են եղել նախկին ոստիկանապետ Սարգսյանի հետ:

Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդումը ներկայացրել է մի քանի օր առաջ եւ հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեւական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: 

Ալիկ Սարգսյանը երեկ մեր զրույցում ասաց, որ դեռ հարցաքննության չի հրավիրվել եւ հորդորեց մեկ-երկու օր համբերել: «Քննության շահերից ելնելով, ես որեւիցէ հայտարարություն չեմ ուզում անել: Խնդրում եմ, մի երեկու օր համբերեք: Իրականում հաղորդագրություն ներկայացրել եմ, իրականում շորթման վերաբերյալ, բայց առայժմ ոչինչ չեմ ասում.

- Պարոն Սարգսյան, մամուլում գրում են Հովիկ Աբրահամյանի մասին...

- Էդ մարդն ընդհանրապես էս պատմության հետ կապ չունի: Խնդրում եմ շտապ կարգով հերքեք, էդ մարդը կապ չունի էս պատմության հետ:

- Այդ դեպքում ո՞վ է, նախկինում ի՞նչ պաշտոն է զբաղեցրել:

- Եթե դա էլ ասեմ, նշանակում է՝ ալաս-փալաս, անունը տամ, չիմանաս պատմությունն է լինում: Մի օր չե՞ք կարա համբերեք:

- Պարոն Սարգսյան...

- Ասում եմ, մի օր համբերեք ինչի՞ եք տենց անում:

- Խնդրում եմ, պարզաբանեք, եթե Հովիկ Աբրահամյանը չի, ապա ո՞վ է:

- Ասում եմ՝ ինձ հարմար չի, մի բան որ հաստատ լսել եմ, որ իբր Հովիկ Աբրահամյանի անունն է շահարկվել, էդ մարդը ընդհանրապես կապ չունի էս ամեն ինչի հետ:

- Ակնկալիքներ կա՞ն, որ այդ անձը պատասխանատվության կենթարկվի:

- Ես ուզում եմ օրենքը պահպանվի, որեւիցե այլ քայլերի չեմ դիմելու բացի օրենքի հետ այդ հարցը ճշտելով, ինչի մասին է խոսքը, տեսնում եմ, որ շանտաժ կա էստեղ, սովորական զրպարտություն է, շորթման փորձ եւ այլն, թող մարդիկ քննություն կատարեն, ինքը ինչի մասին, որ փորձել է զրպարտի, թող ինքն էլ պատասխան տա, ինչի մասին է խոսքը:

- Հարցաքննվե՞լ եք արդեն:

- Առայժմ ոչ: Արդեն երկար հարցեր ես տալիս, որը իմաստ չունի, ասում եմ՝ առայժմ ոչ, համբերեք, մինչեւ ինձ կհրավիրեն:

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն էլ չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե հայտարարություն է տարածելու:

Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի: Վարդգես Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պաշտոնանկությունից հետո 2011 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ դեռեւս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը: Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց` Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ:

Վերջինս Ալիկ Սարգսյանին էր մեղադրում իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար: Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար, ավելի ուշ քրգործ էր հարուցվել, որտեղ մեղավոր էր հանդիսացել մարզպետի ծեծված որդին: Հետագայում նախկին մարզպետի որդին սույն գործով ի վերջո ճանաչվեց որպես տուժող: Նա ծեծի էր ենթարկվել Արարատի մարզպետարանի մոտ, հենց ոստիկանապետին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրից դուրս գալիս, իսկ հետո քրեական գործ էր հարուցվել:

Երեկ ավելի ուշ էլեկտրոնային լրատվամիջոցներով հրապարկվեց Վարդգես Հովակիմյանի նամակը, որը հունիսի 26-ին ուղարկել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ. նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի նախագահ, 2010թ. հուլիսի 14-ից հետո, երբ ինձ առաջարկվեց մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում գրել, Ձեր կողմից եղավ խոստում ինձ նոր աշխատանքով ապահովելու մասին (որը մինչեւ օրս չի կատարվել): Ահա այդ օրվանից 8 տարի շարունակ փորձում եմ արժանանալ Ձեր ընդունելությանը, բայց ապարդյուն: Իմ նկատմամբ դրսեւորված անարդարության պատճառը այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Ալիկ Սարգսյանն էր: Այդ կաշառակեր, ոստիկանի անունը արատավորող անձը իմ նկատմամբ շինծու մեղադրանք ներկայացրեց եւ քրեական գործ հարուցեց բացառապես իմ ունեցվածքին տիրանալու նպատակով, ինչը նրա համար սովորական վարքագիծ է: Հետագայում կարողացա դատարանում ապացուցել իմ անմեղությունը եւ վերականգնել բարի համբավը, բայց այդ ստահակը մինչեւ օրս չի արժանացել համարժեք պատժի: Ուզում եմ, որ իմանաք՝ 2011թ. հոկտեմբերի 19-ից մինչեւ 2013թ. մայիսի 3-ը ձգվող դատավարության ընթացքում մասնակցել եմ 54 դատական նիստերի, որը հոգեբանական եւ բարոյական մեծ ողբերգություն էր իմ եւ ընտանիքիս անդամների համար: Մինչդեռ այդ ընթացքում Ալիկ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը, այնուհետեւ նա հայտնվեց ԱԺ-ում՝ ղեկավարելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցը, խայտառակելով ինչպես օրինականության ապահովմանը կոչված ոստիկանությունը, այժմ էլ երկրի օրենսդիր իշխանությունը:

Պարոն նախագահ, ես Ալիկ Սարգսյանին խոստացել եմ, որ չեմ ներելու նրա կողմից ինձ պատճառած ոչ միայն բարոյական, այլ նաեւ նյութական վնասի համար, եւ պարտադրելու եմ, որ նա վերադարձնի այն, ինչ արդարացիորեն պատկանում է ինձ: Պարզաբանեմ, թե ինչի մասին է խոսքը: Որոշ անձինք տեղյակ լինելով իմ եւ Ալիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին՝ դիմել էին ինձ, որ միջնորդեմ իրենց ոստիկանական համակարգում աշխատանքի տեղավորման համար: Երկու դեպքում ես ընդառաջել եմ այդ խնդրանքներին: Քանի որ Ալիկ Սարգսյանը աշխատանքի տեղավորման որեւէ գործ չէր անում առանց կաշառքի, ես նրան եմ փոխանցել այն գումարները, որոնք նա պահանջել է աշխատանքի խնդրատուներից: Ավելին, կաշառքի չափը նշելիս նա հստակեցնում էր, թե գումարի որ մասն է տալու Ձեզ՝ որպես նախագահի բաժին, եւ որն է պահելու իրեն: Ի դեպ, եթե հավատալու լինենք այս թալանչի ոստիկանապետին, գումարի մեծ մասը նա հանձնում էր Ձեզ: Մի դեպքում էլ նա ինձանից գումար խնդրեց Ձեզ նվեր անելու համար: Նրա վարորդը եկել է իմ տուն եւ տարել գումարը: Պարոն նախագահ, անձնական զրույցի ժամանակ պատրաստ եմ նշել այն մարդկանց անունները, ում համար միջնորդել եմ Ալիկ Սարգսյանին, եւ այն գումարների չափը, որ նրանց կողմից փոխանցել եմ Ալիկ Սարգսյանին:

Լինելով էությամբ ստահակ եւ պատվազուրկ՝ Ալիկ Սարգսյանը նույնիսկ գումարը վերցնելուց հետո չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նա մեկ խոստանում էր աշխատանքի տեղավորման հրամանը տալ երկու օրից, սպասել եւս մեկ շաբաթ, եւ այդպես՝ մինչեւ նրան արդարացիորեն ազատեցիք զբաղեցրած պաշտոնից: Դրանից հետո գումար տվողները որպես միջնորդ սկսեցին անհանգստացնել ինձ, եւ ես, որպես արժանապատիվ մարդ, վերադարձրի այն գումարները, որոնք փոխանցել էի Ալիկ Սարգսյանին: Տարբեր մարդկանց միջոցով եւ նրան ուղղված նամակներով պահանջել եմ, որ վերադարձնի այդ գումարները, եւ միակ պատասխանը եղել է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ: Չնայած գումարը չի վերադարձրել, սակայն վերադարձրել է ինձնից ստացած նվերները եւ Արարատի մարզպետի ոսկե մեդալը: Մի քանի անգամ փորձել եմ անձամբ հանդիպել Ալիկ Սարգսյանի հետ: Զանգահարել եմ, sms-ներ եմ գրել, տարբեր մարդկանց միջոցով լուրեր եմ ուղարկել, առաջարկելով՝ արի նստենք դեմ առ դեմ, իրար աչքերի նայելով խոսենք, սակայն մերժում եմ ստացել: Միայն վերջերս նրա ազգականներից մեկը առաջարկում էր փոքր գումար վճարել՝ պայմանով, որ ես մոռանամ Ալիկ Սարգսյանի չարագործությունների մասին: Իմ պատասխանը եղել է շատ հստակ. ինքը պետք է վերադարձնի այն գումարը, որը ստացել է ինձանից:

Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբեւէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է, Արարատի մարզի ամենահարուստ մարդը: Նրա կուտակած հարստության եւ կարողության համեմատության մեջ ոչինչ է անգամ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը: Դժվար է գտնել մեկ այլ մարդու, ով այդքան սեփականության վկայական ունենա՝ շենքեր, շինություններ, գյուղնշանակության հողեր, ավազի, տրավերտինի եւ այլ հանքավայրեր, խանութներ ու հասարակական սննդի օբյեկտներ: ...

Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանի մարզպետ աշխատած ժամանակ պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել Արարատի մարզպետարանի շենքի հիմնանորոգման համար, սակայն այդ գումարից շենքի վրա փաստացի ծախսվել է 15 մլն-ը: Մնացած գումարով նա կառուցել է «Նոր Արտաշատ» ռեստորանը: Մարզպետարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվել իմ մարզպետ աշխատած ժամանակ, երբ կապիտալ վերանորոգվել են շենքի առաջին և երկրորդ հարկերը, ինչպես նաև բոլոր հինգ հարկերի սանհանգույցները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհիվ փոխվել են շենքի պատուհաններն ու ջեռուցման համակարգը, իսկ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մուտքի մոտ տեղադրել է արգելափակիչ:

Պարոն նախագահ, կրկին խնդրում եմ անձնական հանդիպում, որի ընթացքում պատրաստ եմ ներկայացնել Ալիկ Սարգսյանի հանցավոր կերպարը ամբողջացնող ավելի ընդգրկուն փաստեր»,- մասնավորապես ասված է Արարատի նախկին մարզպետի նամակում: Ըստ էության հենց այս նամակից հետո էլ Ալիկ Սարգսյանը Հովակիմյանի դեմ հաղորդում է ներկայացրել:

Տպել
10067 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել