ՆԱՏՕ-ն երկու Դոնալդների միջեւ. գագաթնաժողովի առաջին օրը

Հուլիսի 11-ին Բրյուսելում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Օրակարգում են հավաքական անվտանգության, դաշինքի անդամ երկրների պաշտպանական ծախսերի, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցերը: Հուլիսի 12-ին գագաթնաժողովին կմիանան գործընկեր երկրները, այդ թվում՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության երկրները, որոնց թվում նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Բացի դրանից, հինգշաբթի օրը նախատեսվում է հանդիպում Վրաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ, որի օրակարգում են լինելու տարածաշրջանային մարտահրավերները, պաշտպանական բարեփոխումները եւ ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությունը:

Գագաթնաժողովի առաջին օրվա գլխավոր ինտրիգը Թրամփ-դաշնակիցներ հարաբերություններն էին: Հակասությունների պատճառը, ինչպես դա հաճախ լինում է, ֆինանսական էր: Թրամփը մեկ անգամ չէ վրդովմունք հայտնել դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի բյուջե մուծվող գումարներից: Դեռեւս գագաթնաժողովի նախօրեին Թրամփը Թվիթերի միջոցով հերթական անգամ մեղադրել էր դաշնակիցներին նրանում, որ վերջիններս չեն ցանկանում իրենց ՀՆԱ-ի 2%-ը տրամադրել ՆԱՏՕ-ի բյուջեին:

Լարվածությունը զգացվեց նաեւ օդանավակայանում. Թրամփին դիմավորում էր Բելգիայի ԱԳՆ արարողակարգային ծառայության պետը: Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյաները եւ արքունիքը բացակայության հարգելի պատճառ էին նախապատրաստել՝ արտաքին գործերի նախարարը թագավորական ընտանիքի անդամների հետ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, որտեղ հետեւում էր աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ Ֆրանսիա–Բելգիա հանդիպմանը, իսկ վարչապետը դիտում էր նույն խաղը ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարի հայրենի գյուղում:

Գագաթնաժողովի բացմանը ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա իր խոսքում անուղղակիորեն պատասխանեց Թրամփին, նշելով, որ դաշնակիցների վճարները կազմակերպության բյուջե, ի վերջո սկսել են ավելանալ եւ մինչեւ 2024 թ. կհասնեն դեռեւս 2014 թ. սահմանված դրույքաչափին, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2%-ը:

«Մենք գնահատում ենք այն, որ եվրոպական դաշնակիցները եւ Կանադան կավելացնեն պաշտպանական ծախսերը լրացուցիչ 266 միլիարդ դոլարով մինչեւ 2024 թ.»,- ասաց նա:

Նա նշեց նաեւ, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից 8-ն արդեն կատարում են սահմանված վճարումները:

Ավելի թիրախավորված եւ կտրուկ պատասխան արդեն հնչել էր ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի կողմից:

«Սիրելի Դոնալդ Թրամփ: ԱՄՆ-ը չունի եւ չի ունենա ավելի լավ դաշնակից, քան ԵՄ-ն է: Մեր պաշտպանական ծախսերը գերազանցում են Ռուսաստանի եւ հավասար են Չինաստանի պաշտպանական ծախսերին: Կարծում եմ, Դուք չեք կասկածում, որ եվրոպական պաշտպանական ներդրումներն ուղղված են մեր ընդհանուր անվտանգությունը, ինչը չի կարելի վստահաբար ասել ռուսական եւ չինական ծախսերի մասին»,- գրել էր Տուսկը:

Դոնալդների թվիթերյան դիվանագիտությունն այդքանով սահմանափակվեց: Դրան հետեւեցին Յենս Ստոլտենբերգի հանդիպումները Թրամփի, Տուսկի եւ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն համատեղ հայտարարություն ստորագրեցին, որում հանձն առան համատեղ աշխատել գործող ծրագրերի շրջանակներում եւ խորացնել համագործակցությունը տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու նպատակով:

Ստորագրումից հետո ելույթ ունեցավ Դոնալդ Տուսկը եւ կրկնեց Թվիթերում արված իր գրառումը: Ընդհանրացնելով, նա երկու կետ առանձնացրեց: Նախ՝ ԱՄՆ-ին կոչ արեց գնահատել դաշնակիցներին, քանի որ այդպիսիք այնքան էլ շատ չեն: Բացի դրանից կոչ արեց եվրոպական երկրներին ավելի մեծ գումարներ հատկացնել պաշտպանությանը, որովհետեւ «բոլորն են հարգում լավ պատրաստված եւ սպառազինված դաշնակցին»:

Տուսկն այդպիսով կարծես հաշտության ձեռք էր մեկնում Թրամփին, որը վերջինս, սակայն չընդունեց: Թրամփը Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում շարունակեց թիրախավորել եվրոպական երկրների պահվածքը: Նրա համար, մասնավորապես, անընդունելի էր, որ Գերմանիան «միլիարդներ» է վճարում Ռուսաստանին, փոխանակ այդ գումարները ներդնի պաշտպանության մեջ: Խոսքը «Հյուսիսային հոսք-2» գազատարի մասին է, որի միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազ պետք է մատակարարվի:

Թրամփի խոսքով՝ արդարացի չէ, որ այդ պայմաններում ԱՄՆ-ն «դեռ մի բան էլ պետք է պաշտպանի Գերմանիային»:

Դրան Ստոլտենբերգը փորձել է հակադարձել, ասելով, որ «շատ դաշնակիցների տեսանկյուններում գազի հարցով տարաձայնություններ կան», սակայն դա ոչ թե ՆԱՏՕ-ի խնդիրն է, այլ տվյալ երկրի որոշելու հարցը:

Այդուհանդերձ, շատերի մտավախությունն առ այն, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքը սկսելու է վերջնականապես փլուզվել՝ չարդարացան: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեթ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ Թրամփը հավատարիմ է կանոնակարգի հինգերորդ հոդվածին՝ հավաքական անվտանգությանը:

Ըստ ամենայնի, հարաբերությունները եւ լարման մակարդակը կշարունակեն մնալ նույնը, թեեւ Եվրոպան առաջարկում է տարանջատել անվտանգային հարցերը տնտեսականից՝ մանավանդ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն տնտեսական կառույց չէ: Առայժմ, իհարկե, պարզ չէ, թե ինչպես է այդ ձեւաչափում տեղավորվելու Իրանի խնդիրը, քանի որ այդտեղ շատ սերտորեն համակցված են հարցի տնտեսական եւ անվտանգային բաղադրիչները: Պարզ չէ նաեւ, թե առհասարակ կհամաձայնվի՞ Թրամփը սպասել մինչեւ 2024 թ., երբ դաշնակից բոլոր երկրները, ըստ Ստոլտենբերգի հավաստիացումների կհասցնեն անդամավճարները ՀՆԱ-ի 2%-ին, թե՞ կշարունակի պնդել «հիմա եւ բոլորը» տարբերակը: Այս առումով շատ բան է կախված Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումից, որտեղ, հնարավոր է, որոշակի վերադասավորումներ տեղի ունենան ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերություններում:

Տպել
4798 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին