«Ծնկաչոք ես մոտս գալու». Գրիգորյանը՝ Չեխիայում ՀՀ դեսպանին

Չեխիա-Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան «ռազմական տրանզիտի» թեման նոր թափով սկսվեց շրջանառվել մամուլում այս տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց այդ գործարքի որոշ մանրամասներ: ԵՀՄՖ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ ՀՀ նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ժամանակին չի արձագանքել գործարքի վերաբերյալ լուրերին, իսկ «Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը չի ցուցաբերել անհրաժեշտ արհեստավարժություն, բացարձակապես հետամուտ չի եղել կատարված գործարքին»:

Չեխիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների խնդրին պաշտոնական մակարդակով անդրադարձել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հունիսի 5-ին կայացած ճեպազրույցում: Նա նշել է, որ դեռեւս անցյալ տարվանից այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նրա խոսքով՝ Չեխիան եւ Սլովակիան մեր դեսպանությանը հավաստիացրել են, որ մատակարարումների հարցով քննություն է ընթանում։

ԵՀՄՖ հայտարարությունների եւ «ռազմական տրանզիտի» վերաբերյալ ՀԺ-ի հարցերին է պատասխանել Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

- Պարոն Սեյրանյան, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) հայտարարություն է տարածել, որում մեղադրում է Ձեզ պաշտոնական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքերում: Դրանում ասվում է, որ Դուք օգնել եք ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ Հայաստանից մեծ գումարներ դուրս բերելու եւ Չեխիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում, Չեխիայի մուտքի արտոնագրեր, ըստ էության, «վաճառելու» մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մեղադրանքները:

– Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ միայն նախկին իշխանության ներկայացուցիչներին, այլեւ որեւէ մեկին չեմ օգնել անշարժ գույք ձեռք բերել Չեխիայում, առավելեւս՝ Ավստրիայում։ Փաստեր չկան եւ չեն էլ կարող լինել, միայն դատարկ հերյուրանքներ են։ Ժամանակի ընթացքում նա տարբեր անուններ է հնչեցրել, ասեմ, որ մի քանիսի հետ անձնապես ծանոթ էլ չեմ։ Եթե ինչ-որ մեկն էլ գույք ունի Չեխիայում, ապա դա ձեռք է բերել կամ իմ՝ Պրահա ժամանելուց շուտ, կամ այլ անձանց միջոցով։ Տրամաբանական հարց. ինչու՞ է պետք «գործ բռնել» միայն պաշտոնական հարաբերության մեջ գտնվող դեսպանի հետ, եթե դա կարելի է առանց աղմուկի անել՝ մասնավոր անձանց միջոցով։

Ինչ վերաբերում է վիզաներին, ապա նշեմ, որ դրանք նույնպես պարոն Գրիգորյանին բնորոշ դատարկաբանության բնագավառից են։ Այո, եղել են դեպքեր, որ Չեխիա եմ հրավիրել ազգականներիս, ընկերներիս կամ դեսպանության, նաեւ Չեխիայի հայ համայնքի հետ համատեղ կազմակերպած մշակութային ձեռնարկների մասնակիցներին։

Անբարոյական է արատավորել Հայաստանում Չեխիայի հայազգի փոխդեսպան եւ հյուպատոսի անունը, որին, համոզված եմ, Գրիգորյանը չի էլ ճանաչում։ Իսկ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցն օտար երկրում կարողացել է դիվանագիտական աշխատանքի բարձունքների հասնել։ Ծիծաղելի է նույնիսկ ենթադրել, որ ես ազդել եմ նրա՝ Հայաստանում նշանակվելու գործընթացին։ Չեխիայի արտաքին գերատեսչությունը նպատակահարմար է գտել նշանակել մի դիվանագետի, որ գիտի քաջածանոթ է Հայաստանին եւ տիրապետում է հայերեն լեզվին։ Դա տարբեր երկրներում տարածված պրակտիկա է։

Մեղադրանքներից մեկն էլ, որ կոմերցիայով եմ զբաղվում։ Բանը հասել էր նրան, որ կեղծ լուրեր էր տարածում, թե 400 հատ «Տատրա» բեռնատար եմ վաճառել։ Ու՞ր, ե՞րբ, ու՞մ։ «Տատրան» տարեկան ընդամենը 1000-1300 ավտոմեքենա է արտադրում, ստացվում է, որ ես ամենախոշոր դիստրիբյուտո՞րն եմ։ Մի օր ընկերության տնօրեններից մեկի հետ պատահական ծանոթացա եւ ասեցի դրա մասին, ծիծաղեց։ Մշտապես աշխատել եմ պայմաններ ստեղծել, որպեսզի հայաստանյան արտադրողները մուտք գործեն չեխական շուկա եւ ներդրողներ գնան Հայաստան։ Ասեմ, որ ընթացիկ տարում Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ նախորդ տարվա համեմատ։

Ինչ վերաբերում է իր մեկ այլ մեղադրանքի, թե ես փորձել եմ Սլովակիայի հայ համայնքում «հեղաշրջում» անել եւ «գահից գցել» իրեն, դա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Այո, հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել ենք համայնքի ինստիտուցիոնալ գրանցման մասին՝ կամ որպես ազգային փոքրամասնություն, ինչպիսին, օրինակ Հունգարիայում է, կամ որպես կրոնական համայնք, ինչպիսին այս պահին Չեխիայում է։ Սլովակիայում այսօր կա գրանցված «Սլովակիայի հայ համայնք» հասարակական կազմակերպություն, որ ղեկավարում է Գրիգորյանը, եւ, հավաստիացնում եմ, սլովակահայերից շատ քչերն են դրա մեջ մտնում։ Այդ տեսակ կազմակերպության գրանցումն էլ մեծ «հերոսություն» չէ, ինչպես ներկայացվում է, մի քանի ստորագրություն բավարար է, միայն թե անվանումը չկրկնվի։

Որպեսզի պատկերացնեք կեղծիքի մասշտաբը, բոլորովին նոր փաստ բերեմ։ Վերջին անգամ Հայաստան գալուց առաջ Գրիգորյանը նամակ էր ուղարկել Հայաստան, որի մեջ էր նաեւ իր ղեկավարած պատվիրակության ցանկը։ Դրանում էր նաեւ Սլովակիայի ֆինանսների պետական քարտուղարը (փոխնախարար): Սլովակ գործընկերներից մեկը կապվել էր այդ տիկնոջ հետ եւ հետաքրքրվել Երեւան գնալու մասին։ Պետքարտուղարը պատասխանել էր, թե առաջին անգամ է լսում այդ այցի մասին։ Պատվիրակության նախնական կազմի մեջ նաեւ պատգամավորներ են եղել նշված ու պարոն Գրիգորյանն այդ պատրվակով հանդիպում էր կորզել ԱԺ փոխնախագահից։ Արդյունքում, 12 հայտագրված անձանցից Երեւան էին ժամանել 4-ը՝ Գրիգորյանը ներառյալ։

Գրիգորյանին կյանքում մեկ անգամ եմ հանդիպել այն էլ պատահական, 2015թ. ապրիլի 20-ին Բրատիսլավայում։ Ձեռք մեկնեցի եւ ասեցի, որ հիշաչար մարդ չեմ, ներում եմ այն, ինչ մինչ այդ պահը նա արել է իմ դեմ։ Ինձ պատասխանեց. «Իսկ ես չար եմ, շատ, ծնկաչոք ես մոտս գալու»։ Կարծում եմ բավականին խոսուն է:

- ԵՀՄՖ-ն անդրադարձել է նաեւ Չեխիայից եւ Սլովակիայից, Իսրայելի միջոցով Ադրբեջանին զենք վաճառելուն: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, թե Դուք գործարքի ավարտից հետո միայն սկսեցիք զբաղվել այդ խնդրով՝ հարցազրույց տալով սլովակյան ԶԼՄ-ի: Արդյո՞ք մինչ այդ գործողություններ չեն կատարվել գործարքը կանխելու նպատակով եւ ինչո՞ւ են դրանք ձախողվել:

– Այս հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է ծանոթանալ սլովակյան Dennik N հանդեսի հոդվածին, որը թարգմանաբար լայնորեն տարածվեց նաեւ հայկական մամուլում։ Ուղղակի կարդալ է պետք՝ ինչ հնարավոր էր հանրայնացնել, արել եմ դրանում պարունակվող հարցազրույցի միջոցով։ Գրիգորյանը պնդում է, թե ինքն է ահազանգել գործարքի մասին։ Ակնհայտ է, որ նա հենց չեխական, սլովակյան կամ, նույնիսկ, հայկական մամուլից է դրա մասին իմացել։ Դեսպանությունն իր գործողությունների համար հաշվետու է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ոչ՝ Գրիգորյանին։ Եվ եթե ինքը տեղյակ չի եղել մեր գործողություններից, չի նշանակում, որ դրանք չեն եղել։ Դրա մասին նշեց նաեւ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ինչ վերաբերում է Չեխիային, ապա այս գործարքի հետ այն կապ ունի այնքանով, որ չեխո-սլովակյան «Czechoslovak Group»-ի գլխավոր սեփականատերը չեխ է եւ գլխավոր գրասենյակը գտնվում է Պրահայում։ Այդ զինատեսակների «Տատրա» քարշակները եւս նորոգվել են Չեխիայի տարածքում։ Սակայն Չեխիայի կառավարությունն արտահանման լիցենզիա չի ձեւակերպել, ավելին, փորձեր եղել են, բայց մերժել է։ Չեխիայից ընդամենը մի քանի քարշակ է արտահանվել Իսրայել։ Մենք ունենք դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ։

Գրիգորյանի դիրքորոշումներն այս հարցի շուրջ կայծակնային արագությամբ են փոփոխվում։ Դեռ ս.թ. հուլիսի 11-ին «ԵՀՄՖ»-ն հայտարարություն տարածեց, որում նա անուղղակի գովում է դեսպանության գործողությունները։ Ցիտում եմ. «Ի պատիվ ՀՀ ԱԳ նոր նախարարի՝ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ կատարվեց ճիշտ քայլ եւ արձագանք ստացավ ԵՀՄՖ-ի տեղեկատվությունն առ այն, որ Չեխիան եւ Սլովակիան կատարել են խայտառակ գործարք՝ զինելով Ադրբեջանին Հայաստանի դեմ նախատեսված խիստ մահաբեր ռազմական տեխնիկայով: Օրերս սլովակյան ԶԼՄ-ներում հայտնվեց Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպանի հետ հարցազրույց, որը ծառայեց իր նպատակին…»: Տասն օր չանցած նա սկսում է վերջին խոսքերով փնովել ԱԳՆ-ին եւ ինձ։ Ինչպե՞ս հասկանալ։ Ես, իհարկե, բացատրությունն ունեմ, բայց չխոսենք դրա մասին, այն չափազանց ճղճիմ է։

Ինչ վերաբերում է նման գործարքների կանխելուն, դա չափազանց բարդ խնդիր է, եթե ոչ անհնարին, քանի որ դրանք, որպես կանոն, կնքվում են ծայրահեղ գաղտնիության պայմաններում։ Այո, ես դրա մասին տեղեկություններ եմ ստացել, երբ այն արդեն ընթացքում էր, հնարավոր միջոցները ձեռնարկվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացված է եւ մենք առաջնորդվում ենք Երեւանից ուղարկվող ցուցումներով։ Սլովակիայի արտաքին գերատեսչությունը խոստացել էր պարզել եղելությունը, քանի որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է եղել՝ դրանք ձեւակերպվել են այլ երկիր արտահանվելու համար։ Իմ տպավորությամբ, Սլովակիայի ԱԳՆ համապատասխան պաշտոնյաները եւս անզոր են եղել, քանզի ռազմարդյունաբերական լոբբին չափազանց հզոր է։ Այդ մարդիկ գումարը գերադասել են սեփական երկրի վարկանիշին։ Պարոն Գրիգորյանը մշտապես խոսում է իր «հզորագույն լոբբիստական հնարավորությունների» մասին։ Դա փաստորեն արտահայտվում է միայն հայաստանյան որոշ լրատվամիջոցներով հերյուրանքներ տարածելու տեսքով։

- Հայտնի է, որ դուք այս հարցով պաշտոնական հայտագիր եք ուղարկել Բրատիսլավա: Սլովակիայի ԱԳՆ խոսնակ Պետեր Սուսկոն էլ հայտնել է, որ հայտագրին կպատասխանեն հետաքննության ամբողջական ավարտից հետո: Հայտնի՞ է, թե որ փուլում է այժմ գտնվում հետաքննությունը եւ մոտավորապես ե՞րբ հայկական կողմը պաշտոնական պատասխան կստանա:

- Ճիշտ եք։ Այն հանձնել եմ անձամբ արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղարին: Գրավոր պատասխան դեռ չունենք, բայց այս հարցով նախորդ շաբաթ Բրատիսլավայում էի, արտաքին քաղաքական գերատեսչությունում հանդիպեցի երեք վարչության պետերի։ Առայժմ չեմ կարող հանրայնացնել հանդիպման բովանդակությունը, քանի որ աշխատանքը շարունակվում է, ոչ միայն  Բրատիսլավայում, այլեւ կարեւոր այլ հարթակներում։ Հատկապես կարեւոր եւ արդյունավետ է աշխատանքը ԵԱՀԿ-ում, որի նախագահությունը Սլովակիան ստանձնում է 2019 թվականին։

- Ըստ Ձեզ, արդյո՞ք հնարավոր է որեւէ նոր դիվանագիտական մեխանիզմ ներդնել, որը կկանխի նմանատիպ գործարքները հետագայում, քանի որ ակնհայտ է, որ գործող մեխանիզմը հեշտությամբ հնարավոր է շրջանցել:

- Այստեղ ես երկու խնդիր եմ տեսնում։ Նախ, պետք է, որ զենքեր արտահանող պետությունները խստորեն հետեւեն գործող մեխանիզմներին, բացառելով կոռուպցիոն բաղադրիչը եւ հնարավորինս ապահովելով թափանցիկությունը։ Նշեմ, որ գործող միջազգային փաստաթղթերի մի մասը ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական բնույթ են կրում։

Ըստ իս, դրանք պետք է իմպերատիվ բնույթ ստանան միջազգային կազմակերպություններին անդամակցող պետությունների համար։ Այս ուղղությամբ բարեփոխումների կարիք կա։ Ինչեւէ, իմ կարծիքով, այս միջադեպի հնարավորինս հանրայնացումը եւ՜ մեր, եւ՜ տեղի ԶԼՄ-ների կողմից, ընթացող համակարգված աշխատանքը նույնպես իր դրական ազդեցությունը կունենա ապագայում։ Դրական ազդակներ ունենք։

Տպել
7973 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը