Ակտաուի կոնվենցիան՝ արտաքին քաղաքականության ցուցիչ

Ղազախստանի Ակտաու քաղաքում օգոստոսի 12-ին Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Այս փաստաթուղթը միայն իր գոյության փաստով արդեն իսկ մեծ ձեռքբերում է մերձկասպյան երկրների համար: Բանն այն է, որ Կասպից ծովի կարգավիճակի, հետեւաբար նաեւ դրա ռեսուրսների բաշխման շուրջ երկրները բանակցում էին 1996 թվականից: Կասպից ծովի նոր բաժանման անհրաժեշտություն էր առաջացել ԽՍՀՄ փլուզումից եւ դրա տարածքում միջազգային իրավունքի նոր սուբյեկտների առաջացումից հետո:

Կողմերն, ըստ էության, չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ Կասպից ծովի, որը զուտ աշխարհագրական առումով լիճ է՝ չունի ելք դեպի համաշխարհային օվկիանոս, կարգավիճակի վերաբերյալ: Սակայն դա խոչընդոտ չէր Կասպից ծովը իրավաբանորեն ծով ճանաչելու համար: Դրա համար բավարար կլիներ, որ բոլոր կողմերը համաձայնության գային դրա շուրջ: Այդ տարբերակը, սակայն, չէր բխում Իրանի շահերից եւ, միգուցե, հենց այդ պատճառով էլ կոնվենցիայում Կասպից ծովը բնութագրվում է որպես «կողմերի ցամաքային տարածքներով շրջապատված ջրավազան»՝ առանց կոնկրետ սահմանում տալու:  

Կոնվենցիայի ստորագրումից հետո Հայաստանում մտավախություններ առաջացան, որ այն թույլ կտա հարեւան Ադրբեջանին հետագայում ավելի շատ էներգակիրներ արտահանել: Սակայն, կոնվենցիայով հստակորեն ամրագրվում է Կասպից ծովի միայն մակերեսի բաժանումը՝ տարածքային ջրեր՝ մինչեւ 15 ծովային մղոն, ձկնորսական գոտի՝ մինչեւ 10 ծովային մղոն եւ ընդհանուր ջրային տարածության: Այս սկզբունքով Իրանը, որը ձգտում էր հավասարապես բաժանել ծովը երկրների միջեւ եւ ստանալ դրա 20 տոկոսից օգտվելու իրավունք, ստիպված է լինելու աստիճանաբար մոռանալ իր նկրտումների մասին՝ հընթացս փորձելով իր այս զիջումը քաղաքական դիվիդենտների վերածել մերձկասպյան երկրների հետ իրականացվելիք այլ նախագծերում:

Ինչ վերաբերվում է ծովի հատակի եւ ընդերքի հարցին, ապա այն շարունակում է չկարգավորված մնալ: Կոնվենցիայում ամրագրված է, որ ծովի հատակն ու ստորջրյա հատվածը բաժանվում են սեկտորների, իսկ սահմանազատումը նախատեսվում է իրականացնել միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու սկզբունքների համաձայն։ Այլ կերպ ասած՝ հատակի եւ ընդերքի բաժանումը իրականացվելու է առանձին համաձայնագրերի միջոցով։

Կոնվենցիայի մեկ այլ կարեւոր դրույթով ենթադրվում է, որ Կասպից ծովում չեն կարող գտնվել երրորդ երկրների զինված ուժեր: Այս դրույթը միանշանակ բխում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամական Իրանի շահերից: Իրանի նախագահ Հասան Ռոհանին անգամ նշել է, որ տվյալ կոնվենցիայով կանխվել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունն ընդդեմ Իրանի:

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը միտված էր այն բանին, որ Կասպից ծովի ափին հայտնվեն իրենց զինվորները, այստեղ գան ամերիկյան նավերը, ուղղաթիռներն ու ռազմաբազաները: Սակայն կոնվենցիան արգելեց ռազմաբազաների ստեղծումը եւ օտարերկրյա նավերի ներկայությունը Կասպից ծովում»,- նշել է Ռոհանին:

Որքան էլ զարմանալի է, այս հայտարարությունն ուղղված է նախ եւ առաջ ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքմենստանին, այլ ՀԱՊԿ անդամ Ղազախստանին: Բանն այն է, որ Ակտաու քաղաքի, որտեղ եւ ստորագրվեց կոնվենցիան, նավահանգիստը օգտագործվում է ՆԱՏՕ-ի կողմից, որպես Աֆղանստան ուղարկվող ռազմական բեռների տարանցիկ կետ:

Ըստ կոնվենցիայի՝ կողմերն իրավունք ունեն Կասպից ծովում ստորջրյա խողովակաշարեր կառուցել՝ համաձայնեցնելով դա միայն այն երկրների հետ, որոնց սեկտորներով անցնելու է խողովակաշարը: Դա նախ եւ առաջ վերաբերվում է այսպես կոչված Տրանսկասպյան գազատարի նախագծին, որով նախատեսվում է թուրքմենական էներգակիրները Ադրբեջանի տարածքով հասցնել Եվրոպա: Սակայն այս նախագծին խոչընդոտում էին ոչ այնքան Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրները, որքան Բաքվի եւ Աշխաբադի միջեւ առկա վիճելի հարցերը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի բացասական վերաբերմունքը, ըստ էության, մրցակից նախագծի նկատմամբ: Հնարավոր է, իհարկե, որ այդ մրցակցության վրա Մոսկվան եւ Թեհրանը աչք փակեն, եթե «Հյուսիս-Հարավ» առեւտրային միջանցքի նախագիծը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով, կյանքի կոչելու համար Բաքվից որոշակի արտոնություններ ստանան: Ամեն դեպքում, դա երկարատեւ ու բարդ գործընթաց է եւ առայժմ վաղ է այն կապել այլ գործընթացների հետ:

Ակտաուի կոնվենցիային անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Ակտաուի կոնվենցիայի վերաբերյալ հարցին, նշել է, որ մեկնաբանելու շատ բան արտաքին գերատեսչությունն այստեղ չունի:

«Կասպյան տարածաշրջանի հետ կապված նշեմ, որ դա վերաբերում է Կասպյան ափամերձ 5 պետություններին եւ դրանց վերաբերող համաձայնագիր է: Այստեղ մենք մեկնաբանելու շատ բան չունենք»,- նշել է Նաղդալյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն հետեւում է բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

Կոնվենցիան եւ դրա հետ կապված հետագա զարգացումները, բնականաբար, պետք է մնան մեր ուշադրության կենտրոնում: Այն ստորագրած հինգ երկրներից չորսը բավական մեծ դեր են խաղում հայկական արտաքին քաղաքականության վրա: Այդպիսով, Կասպից ծովի շուրջ ծավալվելիք գործընթացները կարող են ցուցիչ հանդիսանալ Հայաստանը դաշնակիցների, բարեկամ պետության եւ ակնհայտ հակառակորդի հարաբերությունները ստուգելու համար:

Տպել
5313 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին