Ով է լոբինգ արել, որ Վրաստանից Հայաստան ցամաքային ճանապարհով հացահատիկ չներկրվի

Բազմաթիվ տնտեսվարողներ վերջին օրերին ահազանգում են այս տարվա սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում ցորենի ալյուրի եւ եգիպտացորենի թանկանալու հեռանկարի մասին: Խնդիրը Վրաստանում ընդունված մի նորմատիվային ակտ է:

Խոսքը Վրաստանի ֆինանսների նախարարության թիվ 313 հրամանի մասին է, որը արձակվել է մի քանի օր առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 21-ին: Այն վերնագրված է այսպես. «Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների փոխադրման եւ ձեւակերպման վերաբերյալ հրահանգի հաստատման մասին Վրաստանի ֆինանսների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 290 հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին»

Հրամանի մեջ գրված է բառացիորեն հետեւյալը.

««Նորմատիվ ակտերի մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հրամայում եմ՝

Հոդված 1. «Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների փոխադրման եւ ձեւակերպման վերաբերյալ հրահանգի հաստատման մասին» Վրաստանի ֆինանսների նախարարի 2012 թ. հուլիսի 26-ի n290 հրամանով հաստատված հրահանգի առաջին հոդվածի 6-րդ կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1 կետը:

«Արտաքին տնտեսական գործունեության ազգային ապրանքային անվանացուցակի 1001 (ցորեն եւ մեսլին) եւ 1005 (եգիպտացորեն) ապրանքային ենթադիրքորոշումներով եւ 110100 (ցորենի կամ ցորենաշորայի ալյուր) ապրանքային ենթադիրքորոշմամբ նախատեսված ապրանքի ներմուծումը Վրաստանի մաքսային տարածք արտահանումը Վրաստանի մաքսային տարածքից հնարավոր է միայն երկաթուղային եւ ծովային տրանսպորտով՝ համապատասխան մաքսային անցակետերն անցնելով: Առանձին դեպքերում Եկամուտների ծառայության համաձայնությամբ սույն կետում նշված ապրանքների ներմուծումը/արտահանումը հնարավոր է իրականացնել ավտոտրանսպորտային միջոցներով»:

Հոդված 2. Հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 15-ից»:

Այլ կերպ ասած, վերը նշված ապրանքները սեպտեմբերի 15-ից սկսած Հայաստան կարելի է ներմուծել միայն նավային եւ երկաթուղային տրանսպորտով: Այստեղ, ըստ գործարարների, ծագում է միանգամից երկու խնդիր:

Նախ, ըստ գործարարների, ընտրվել է շատ վատ պահ: Խնդիրն այն է, որ հիմա ընթանում է հացահատիկի բերքահավաքը, եւ ներմուծողները իրենց պահեստային մնացորդները հասցրել են նվազագույնի այն հաշվարկով, որ պետք է նոր խմբաքանակներ գնեն եւ ներմուծեն: Այն տնտեսվարողները, որոնք իրենց ներմուծումները Հայաստան իրականացնում են բեռնատարներով, Ֆիզիկապես չեն կարող ընդամենը 20-25 օրվա ընթացքում վերակազմակերպել իրենց լոգիստիկ ամբողջ շղթան: Գործարարների հաշվարկներով, դրա համար կպահանջվի 1.5-2 ամիս առնվազն: Այս երկու հանգամանքների համադրումը տխուր պատկեր է ուրվագծում: Ստացվում է հացահատիկային պահուստները այս սեզոնին հասնում են նվազագույնին, եւ հանկարծ այդ պահին կտրուկ փոխվում են այդ ապրանքների ներկրման կանոնները:

Եվ եթե գործարարների կանխատեսումները իրականանան, ապա մի քանի շաբաթ կարող են դժվարություններ առաջանալ վերը նշված ապրանքների ներմուծման անընդհատության հետ:

Բացի այդ, գործարարների պնդմամբ՝ նավային եւ երկաթուղային տրանսպորտով տվյալ ապրանքների ներկրումը Հայաստան լինելու է զգալիորեն ավելի թանկ: Ըստ որոշ հաշվարկների, մեկ տոննա հացահատիկի տեղափոխման գինը այս տարբերակով առնվազն 40-50 դոլարով ավելի թանկ կլինի: Իսկ դա նշանակում է, որ նշված ապրանքատեսակների յուրաքանչյուր կիլոգրամի վերջնական գինը պետք է բարձրանա 20-25 դրամով:

Սա ուղղակիորեն ազդելու է ոչ միայն հացի եւ ալյուրից պատրաստվող այլ ապրանքների գնի վրա: Ըստ գործարարների, դրա հետեւանքով կթանկանան նաեւ միսը, ձուն, կաթնամթերքը: Խնդիրն այն է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության հրամանը տարածվում է նաեւ եգիպտացորենի եւ ֆուրաժային ցորենի վրա, որը անասնակերի եւ թռչնակերի հիմնական բաղկացուցիչներից է, եւ դա բերելու է նաեւ անասնակերի թանկացմանը:

Գործարարների ուշադրությունից չի վրիպել նաեւ հրամանում առկա հետեւյալ դրույթը: «Առանձին դեպքերում Եկամուտների ծառայության համաձայնությամբ սույն կետում նշված ապրանքների ներմուծումը/արտահանումը հնարավոր է իրականացնել ավտոտրանսպորտային միջոցներով»: Որեւէ կերպ սահմանված չէ, թե որոնք են այդ «առանձին դեպքերը», ովքեր կարող են ստանալ ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք եւ հնարավորություն, ինչպես է դա կանոնակարգվելու: Այս դրույթը հնարավորություն է տալիս որոշ գործարարների ինչ-ինչ միջոցներով ստանալ Վրաստանի Եկամուտների ծառայության հատուկ թույլտվություն, ինչից չեն կարող օգտվել այլ գործարարներ: 

Նշենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության այս հրամանի շուրջ դժգոհություն կա նաեւ Վրաստանում, որտեղ բողոքի ալիք է բարձրանում ավտոտրանսպորտային փոխադրումներով զբաղվող ընկերություններում: Նրանք էլ ունեն նույն մտավախությունները, ինչ հայ գործարարները: Ուշագրավ է որ վրաստանցի գործարարները պնդում են, թե ֆինանսների նախարարության այս հրամանի ակտիվ լոբբիստներից ու նույնիսկ կարելի է ասել՝ համահեղինակներից է հայաստանցի խոշոր գործարարներից մեկը, որը ցանկանում է նշված ապրանքների խոշոր ներմուծող դառնալ: Վերը նշված հրամանը կյանքի կոչվելու դեպքում համեմատաբար փոքր ներկրողները դուրս կմղվեն շուկայից: Որքանով են այս պնդումները իրական՝ դեռ անհայտ է:

Գործարարները առաջարկում են ՀՀ կառավարությանը իրենց վրաց գործընկերներին միջնորդել Հայաստան տեղափոխվող հացահատիկի համար սահմանել նոր վերջնաժամկետ գոնե մինչեւ այս տարվա վերջ: Գործարարների կարծիքով, դա թույլ կտա վերակազմակերպել այդ ապրանքների ներմուծման լոգիստիկ շղթան եւ անցնցում կերպով ավտոտրանսպորտից անցնել նավային եւ երկաթուղային տրանսպորտին: 

Տպել
5780 դիտում

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային

Մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը. նախարարի համար սա ուժեղ Հայաստան ու Սփյուռք ունենալու առաջին քայլն է

Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար առաջին տեղում Հայաստանն է. Ն. Փաշինյանի կարծիքով՝ տուրիստական բում կլինի

Երևանում՝ Արգիշտի փողոցում, բախվել են մեքենան ու թիվ 74 երթուղու «Գազելը». կա 7 վիրավոր

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է