Էներգետիկ գաղութարարություն կամ ռուսական դագանակը Հայաստանի գլխին

30/08/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 30-ի համարում

ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականության հիմնական փաստարկը  միջուկային մահակն էր, որով նա վախեցնում էր կապիտալիստական աշխարհին եւ որին հենված նա տանկային արշավների էր դուրս գալիս դեպի բարեկամ երկրների մայրաքաղաքներ(Բուդապեշտ, Պրահա, Քաբուլ): Ներկա Ռուսաստանի արտաքին քաղաքականության այդ գլխավոր փաստարկի կողքին աստիճանաբար կարեւոր գործոն է դառնում էներգետիկ դագանակը: Այդ նոր գործիքը եւս  Ռուսաստանը ծառայեցնում է իր քաղաքական կամքը մյուս պետություններին, այդ թվում իր ռազմավարական գործընկերներին,  թելադրելու նպատակին: Ներկայումս Ռուսաստանը ուղղակիորեն եւ անուղղակիորեն  տնօրինում ու տիրապետում է Հայաստանի էներգետիկ ձեռնարկություններին, որոնք արտադրում են Հայաստանի էլեկտրաէներգիայի համարյա 80 տոկոսը:

Իր ձեռքն առնելով Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերը՝ Ռուսաստանը  Հայաստանի էներգետիկ համակարգում ձեւավորում է կոշտ ուղղահայացությամբ ինտեգրված հրեշի եւ դրանով խաչ է դնում Հայաստանի էներգետիկ անկախության եւ անվտանգության վրա: Որպեսզի վերջնականպես ՀՀ-ին զրկի լուրջ էներգետիկ նախագծերում (Իրան-Արեւմտյան Եվրոպա գազատար) մասնակցությունից, Ռուսաստանը դեմ է արտահայտվում այդ նախագծում Հայաստանի մասնակցությանը: Այսինքն, Ռուսաստանը զրկում է Հայաստանին ո՛չ միայն այլընտրանքային էներգակիրների աղբյուրից, այլեւ զրկում է ՀՀ-ի  բյուջեն մի քանի տասնյակ միլիոն դոլարից,  որը նա կարող է ստանալ գազի տարանցման դիմաց:

Բանն այն է, որ չնայած Ռուսաստանի բոլոր հակադրություններին, Իրան-Արեւմտյան Եվրոպա գազատարն անպայման կառուցվելու է: Դրանում կասկած չկա: Բանն այն է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել, որի համաձայն Եվրամիության անդամ-երկրները պարտադիր կերպով պետք է ունենան գազմատակարարման այլընտրանքային աղբյուրներ: Այսինքն, նրանք պետք է նստած չլինեն միայն ռուսական գազային ասեղի վրա: Այդ իսկ պատճառով Եվրամիության անդամ-երկրները պետք է գազ ստանան նաեւ այլ տարածաշրջանների երկրներից (Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Ասիա): Դա իհարկե ձեռնտու չէ Ռուսաստանին, որը Եվրամիության երկրներում հանդես է գալիս որպես գազի մենաշնորհ ունեցող, բայց ձեռնտու է Հայաստանին, որը կարող է վերջապես որեւէ միջազգային ծրագրի մասնակցելով՝  տարանցիկ կոմունիկացիոն հարաբերությունների մեջ մտնել այլ երկրների հետ:

Միջուկային զենք կամ հարուստ էներգետիկ ռեսուրսներ ունենալը գերտերություն դառնալու պայման չեն: Միջուկային զենք ունեն Անգլիան, Ֆրանսիան ու Չինաստանը, բայց գերտերություններ էին միայն ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը: Հիմա միջուկային զենք ունեն նաեւ այլ երկրներ (Հնդկաստան, Պակիստան եւ այլն), իսկ գերհարուստ էներգետիկ ռեսուրսներ ունեն Սաուդյան Արաբիան, Իրանը եւ այլոք: Բայց նրանք, ինչպես եւ Ռուսաստանը,   գերտերություններ չեն: Որպեսզի որեւէ երկիր դառնա գերտերություն, նա պիտի լինի գաղափարների եւ առաքելության կրող, որը կարող է ընդունվել մյուս երկրների կողմից: ԽՍՀՄ-ը գերտերություն էր, քանի որ նա սոցիալիզմի եւ կոմունիզմի գաղափարների կրողն էր (մի կողմ թողնենք այդ գաղափարների էությունը):

ԱՄՆ-ը եղել է եւ մնում է գերտերություն, քանի որ նա ազատության գաղափարների կրողն է ամբողջ աշխարհում: Իսկ ի՞նչ գաղափարների եւ առաքելության կրող է Ռուսաստանը: Վերցնելով որպես հիմնական զենք «լիբերալ-իմպերիալիզմի» սկզբունքները՝ Ռուսաստանը մտադիր է էներգետիկ նեոգաղութատիրության ենթարկել մյուս երկրներին, այդ թվում իր ռազմավարական գործընկերներին: Մի՞թե Ռուսաստանը լուրջ է համարում, որ իր կողմից իրականացվող էներգետիկ նեոգաղութատիրական քաղաքականությունը հենց այն առաքելությունն է, որի շնորհիվ նա կկարողանա դառնալ գերտերություն: Մի՞թե ռուսաստանյան արտաքին քաղաքականության զինանոցը զուրկ է այլ գաղափարներից: Մի՞թե պարզ չէ, որ այդպիսի քաղաքականությունը կարող է հանգեցնել լրիվ հակառակ արդյունքի՝ հակառուսական տրամադրությունների աճի, որոնք նկատվում են նույնիսկ ռուսամետության ճահճի մեջ թաղված Հայաստանում:

Մի՞թե պարզ չէ, որ քսանմեկերորդ դարում չի կարելի օգտագործել 20-րդ դարի հիսունական թվականներին ներդրված եւ, ըստ էության, ձախողված նեոգաղութարարական մեթոդները: Անկախ Հայաստանի գոյության առաջին օրվանից մինչեւ մեր օրերը Միացյալ Նահանգների կողմից մեր երկրին անհատույց տրամադրված մարդասիրական եւ տեխնիկական օգնության ծավալները կազմել են մոտ 1,5 մլրդ դոլար: Այդ օգնության դիմաց ԱՄՆ-ը Հայաստանից չի պահանջել փոխանցել իրեն որեւէ ռազմավարական օբյեկտ: Միակ բանը, որը պահանջում է ԱՄՆ-ը մեր իշխանություններից,  ժողովրդավարական սկզբունքների պահպանումն է, այսինքն՝ պահանջում է այն, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է հենց մեզ:

Իսկ ինչպե՞ս վարվեց Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջ հանդեպ, որն իրեն պարտք էր  ընդամենը 97 մլն դոլար: Նա պահանջեց Հայաստանից, որպեսզի մարի այդ պարտքը ո՛չ թե «կենդանի փողով», որն, ի դեպ, Հայաստանն ի վիճակի էր իրականացնել, այլ մեր ռազմավարական օբյեկտներով: Եվ սա այն դեպքում, երբ  մյուս երկրներին (Վրաստան, Մոլդավա, Ուկրաինա) թույլ տրվեց վերակառուցել Ռուսատանին իրենց պարտքերը, իսկ մի շարք երկրների էլ ընդհանրապես զիջեց տասնյակ միլիարդների հասնող պարտքերը (Եթովպիա, Սիրիա, Իրաք եւ այլն): Հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող է այս, մեղմ ասած, ո՛չ բարեկամական հարաբերություններից հետո Հայաստանի հասարակ ժողովուրդը դրական վերաբերմունք պահպանի Ռուսաստանի հանդեպ:

Էդուարդ  Աղաջանով 

Խմբ. կողմից - Ի ԴԵՊ - Ռուսաստանի հանդեպ  հայ ժողովրդի դրական վերաբերմունքը արդեն սկսում է տեղի տալ նույնիսկ կենցաղային մակարդակով: Ռուսաստանի հայերն աստիճանաբար վերածվում են երկրորդ կարգի մարդկանց, որոնց քաղաքացիական իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի: Համարյա ամեն օր այդ երկրից Երեւան ժամանող ինքնաթիռները դիակներ կամ անդամալույծ դարձրած մարդկանց են բերում: Հայերին սպանում են միայն հայ լինելու, նրանց սպանությունը նկարահանելու եւ վաճառելու, սեփական կենսական անկարողությունը սփոփելու եւ այս կարգի այլ «արդարացուցիչ պատճառաբանություններով»:

Ժամանակ առ ժամանակ պղծվում են հայկական գերեզմանատները, ջարդոտվում եւ աղտոտվում գերեզմանաքարերը: Մեծ թվով հայաստանցի հայեր մերձմոսկովյան բնակավայրերում եւ այլուր ներքաշված են ստրկական աշխատանքի մեջ, որի չնչին արդյունքը տունդարձի ճանապարհին, մոսկովյան օդանավակայանների մերձակայքում խլում են նրանց ձեռքից կա՛մ միլիցիոներները, կա՛մ տեղական հանցագործ խմբերը: Եւ այլն, եւ այլն: Ակնհայտ է, որ ռուսահայերը անտերության են մատնված: Ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը երբեւէ ոչ մի պաշտոնական հուշագիր կամ բողոք չեն հղել ռուսական իշխանություններին այս կարգի խայտառակ փաստերի առիթով:

Տպել
425 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին